18 11 2021

«Կարճ ասած»․ Ո՞ւր են գերիների հարազատները



 

Երեկ Հայաստանում մթնոլորտը ալեկոծված էր Նիկոլ Փաշինյանի հերթական ոչ ադեկվատ հայտարարությունների պատճառով։ Երբ Ազգային ժողովում հարցնում են՝ ունենք 24 անհետ կորած, 13 գերի, սպանվածներ, ո՞վ է պատասխանատուն, պատասխանեց՝ պետք է հատ-հատ քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում, որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Կամ, ասում է, ի՞նչ է նշանակում, թե չկրակելու հրաման է եղել, չկրակելու հրաման տալը կոչվում է պետական դավաճանություն։ Առաջին հերթին մենք մի բան հասկացանք՝ էս մարդը իր ապիկար քաղաքականության պատճառով գերիների թիվն ավելացնում է, մի տարի առաջ իր կիրթ գործընկերոջը «ի պահ տված» մեր տղերքին չի կարողանում հետ բերել ու պատասխանատվությունից խուսափելու համար, փաստորեն, ասում է՝ ոնց գերի են ընկել, թող նենց էլ հետ գան, հլը մենք էլ պետքա քննենք՝ կարող ա իրենք սխալ բան են արել, որ գերության մեջ են հայտնվել։

Ես էլ իրեն եմ ուզում հարց տամ, իսկ կարող ա՞ վերջը քննենք, հասկանանք, էդ՝ կորուստների, գերիների պատճառն արդյո՞ք Նիկոլը չէ․ Դու՝ գերագույն գլխավոր պատասխանատուդ,  զինվորին չես տալիս մնալու պայմաններ, քնելու պայմաններ, դիրքերը չես կահավորում ու ասում ես՝ ինչի՞ են գերի ընկել։ Քո կարծիքով էդ զինվորը, որ սահմանին կանգնած է, չի կարդո՞ւմ քո ասածները, որ մեկ է՝ ստորագրելու եմ, որ սահմանագծում անեմ ու՝ որ տարածքը սովետական Ադրբեջանի կազմում է՝ տամ։ Մարդը հասկանում է, չէ՞, որ դու բանակցում ես, բայց ձեռի հետ էլ իրեն տանում ես մսաղացի բերան։ Զինվորը չի՞ լսում քո խոսքերը, որ տարար մեր տղերքին սպանել տվեցիր, որ քեզ չասեն դավաճան։ Մարդը, քեզ թվում ա, չի՞ հասկանում, որ ինքը գերի է քո քաղաքական հաշվարկներին ու նպատակներին։ Էդ տղեն տեսնում է, չէ՞, որ էն պահին, երբ թշնամին հարձակվել է, ինքը պետք է պաշտպանի պոստը, Հայաստանի երկնքով անցնում է ինքնաթիռ, որը, ասենք, Սիրիայից ահաբեկիչ է տանում Նախիջևան, որ Հայաստանի դեմ կռվի՝ հայկական երկնքով։ Դու մարդուն ուղարկում ես ծառայելու ու ասում ես՝ այդտեղ, որտեղ դու կանգնած ես, սովետական Ադրբեջանի տարածք է։ Դու դավաճանում ես զինվորին էն գլխից արդեն, դու իրեն ասում ես՝ դու գնացել-կանգնել ես՝ Սովետական Ադրբեջանի սահմանն ես պահում, հետո ասում ես՝ ինչի՞ ես գերի ընկել։

Նիկոլ, էդ զինվորներին դու խոստացել ես խաղաղ պայմաններում ծառայություն, կարո՞ղ ես բացատրել, թե ոնց է լինում, որ թշնամին 41 քառակուսի կիլոմետր մտնում է մեր սահմանի մեջ ու երկրի մեջտեղում մեր տղերքը գերի են ընկնում։ Դու ինչի՞ չես բացատրում, ասում, խոստովանում, որ բանավոր կերպով երկիր ես հանձնել, ու Ադրբեջանը եկել է դա փաստաթղթավորելու։ Նիկոլ, քո պահած երկրի մայրաքաղաքում անգամ մարդ կարող է գերի ընկնել։

Սա ասում է՝ հրաման եմ տվել, որ Սյունիքից զորքը հետ քաշեն։ Դրանից հետո թշնամին գալիս է, Սյունիքում հաստատվում է, Սև Լիճը վերցնում է, ու սա ասում է՝ մեր հողի մեջ են մտել ադրբեջանցիները, բայց Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չեմ անի, սարերը, որոնց վրա ձյուն կա, մեր ինչի՞ն են պետք։ Էս ամենից հետո ասում է՝ չկրակելու հրաման տվողը հանցագործ է՞։ Ինքդ քեզ ե՞ս մեղադրում։ Աո՜ւ, դատախազ Արթուր Դավթյան, մարդը ինքնախոստովանական ցուցմունքով դուռդ է եկել, կարող ա՞ մի կանդալ խփես դրա թևերին։ Թե՞ եթե պետության ղեկավարն է ասում եկեք մեր հողերը վերցրեք, ուրեմն ինքը հանցագործ չէ։ Դե հիմա ինձ ասեք, եթե Նիկոլը կարող է զորքին հետ քաշել իր երկրի սահմաններից՝ «որ պատերազմ չլինի» տրամաբանությամբ, զինվորը ինչի՞ չպետք է հանձնվի նույն տրամաբանությամբ, բա ի՞նչ անի, ինքն իրեն պայթացնի՞։ Հանուն ինչի՞։ Հայրենիքի՝ այո, բայց հանուն Ադրբեջանին զիջվող դիրքի՝ այդպես չի լինում։

Դու՝ ղեկավարդ, պետք է օրինակ լինես, բայց դու ի՞նչ օրինակ ես քո ամեն քաղաքացու համար։ Պետք է քո քաղաքացին, զինվորը տեսնի քո անձնազոհությունը ու ինքը դառնա այդպիսին։ Ինձ համար սարսափելի էին այդ կադրերը, որ մեր գերիներին ճնշում էին, նվաստացնում էին։ Ամոթալի էր։ Բայց ես ուզում եմ հասկանալ, գերիներին, զինվորներին ո՞ւմ օրինակով են նվաստացնում։ Կապիտուլյացիայի առաջին օրից սկսած՝ Ալիևը Նիկոլի հետ ո՞նց է խոսում ու ո՞նց է խոսում Նիկոլի մասին։ Նիկոլը գոնե հակադարձո՞ւմ է։ Մի անգամ պատասխանած կա՞։ Մեր երկրի ղեկավարին ասում է՝ հիմար հարբեցող, ծաղրածու, ամենավերջին բառերով է դիմում, էն կարգի, որ անգամ Աննայի ընկերուհի Մեհրիբանն է ասում՝ հերիք է․ ո՛չ Նիկոլն է պատասխանում, ո՛չ իր ուսապարկերը։ Ալիևը քեզ 350 կիլոմետր հեռվից նվաստացնում է, դու չես պատասխանում, ասում ես՝ գերիների վրա որ զենք են պահել ճակատներին, ինչի՞ հերոսություն չեն արել։ Դու ի՞նչ հերոսության օրինակ ես ցույց տվել, սաղ կյանքումդ փախել ես, է՛լի։

Նիկոլ, զինվորը կարդում է, որ իր երկրի ղեկավարը բանակից թռել է, պատերազմի ժամանակ թռել է, ապրիլյան պատերազմի ժամանակ պատերազմի փոխարեն վարժանքների է գնացել իր քաղաքական վաշտով, 44-օրյա պատերազմի ժամանակ բունկերից դուրս չի եկել, դրանից հետո բունկերից դուրս չի եկել, զուգարան մինչ օրս գնում է թիկնապահներով, քեզանից ի՞նչ հերոսություն պետք է սովորի։ Զինվորը տեսնում է, որ իր պետության ղեկավարը ԱԺ ամբիոնից հպարտանում է, որ 4 հատ բանտախուց է փոխել, արդարադատությունից թռել է, օտարերկրացու պոդվալներում է պախկվել ու կարա մտածի, չէ՞, որ Նիկոլը հպարտանում է պառլամենտի ամբիոնից, որ 4 հատ բանտ է նստել ու իրեն լավ է զգացել, ե՞ս ինչի վատ զգամ, որ Բաքվի բանտ եմ նստելու։ Ներողություն եմ խնդրում մեր գերիներից, նրանք էդպես հաստատ չեն մտածում, բայց ուզում եմ ասել՝ Նիկոլն ինքը ի՞նչ օրինակ է իր ժողովրդի համար։

Զինվորը, որ տեսնում է դու հերոս գեներալի վրա գործ ես հարուցում, որ նստացնես, իսկ պագոնները պոկած գեներալին նշանակում ես պաշտպանության նախարար, հետո նրան փոխարինում ես գործ տվող գեներալով, ի՞նչ պիտի սովորի։

Ու հիմա գերիներին է մեղադրում, գերի ընկնողներին է մեղադրում։ Էն ժամանակ, երբ ընտրություններ էին ու ամեն մի ձայն Նիկոլին պետք էր, ու գերիների ծնողներինը՝ առավել ևս, որ ասեր՝ տեսեք, ինձ են ընտրել, ասում էր՝ ի՞նչ կարևոր ա ինչ հանգամանքում են գերի ընկել, բոլորը մեր եղբայրներն են, իմ սիրտը մղկտում է․ հերոսացնում էիր, մեդալներ էիր տալիս, ասում էիր՝ առեք, տարեք իմ Աշոտիկին, թողեք էդ տղերքին։ Հիմա էլ ընտրություն չկա, գերիները դարձան հանցագո՞րծ։ Տղեդ ամեն օր փարթիների մեջ ա, Նիկոլ, իսկ մեր տղերքին տանջում են Բաքվի բանտերում, սառցապատ խցերում են պահում, գետնին են քնեցնում, ջեռուցիչներից են կապում, սովահար են անում։ Իսկ դու ասում ես՝ մեր եղբայրները կներեն մեզ․ մի նիկոլական դեպուտատ էլ կար, ասում էր՝ մեր գերիներին Բաքվում լավ են նայում։ ՔՊ-ական ԱԺ նախագահն էլ ասում էր՝ գերիներին չեն տանջում, հորինում եք։ Այսինքն, քեզ որ պահին զինվորը ձեռք ա տալիս, որ քո նպատակների համար պիտի մեռնի կամ գերի ընկնի, հերոս ա, որ պահին ուզում ես թռնես պատասխանատվությունից, դավաճան ա՞։ Բա ասում էիր Բաքվի բանտերում Հայաստանի անկախության համար են պայքարում, մեզ կներեն, որ մեկ-երկու ամիս էլ մնան։ Նի՛կոլ, անցել է 6 ամիս, ինչքա՞ն ներեն։ Բա բեր, քա՞նի ամիս պիտի ներեն գերիները քեզ, քա՞նի տարի։ Հերիք չէ՞ աջ ու ձախից ներողություն խնդրելով ապրես։ Ինչո՞ւ ներեն, եթե նրանց վիճակի պատասխանատուն էլ, մեղավորն էլ դու ես։ 

Կարճ ասած՝ Նիկոլը էլի փաստաթղթեր է ստորագրում, որոնց բովանդակությունը գաղտնի է։ Ու ես չգիտեմ, թե էդ փաստաթղթերի արդյունքում քանի հոգի է գերի ընկնելու։ Մեր տղերքը գերի են ոչ թե Ալիևի, այլ Նիկոլի ձեռքին։ Նի՛կոլ, հստակ ասա՝ քո ո՛ր նպատակի համար ժողովուրդը ինչ պտի լինի։ Նիկոլը մեզ կերակրում է հիմա գերիների մասին կտերով, շեղում է մեզ, որ էդ ընթացքում սահմանազատման փաստաթուղթ ստորագրի։

Ես հիմա անկեղծորեն չեմ հասկանում տանը նստած մարդկանց, առաջին հերթին՝ գերի ընկածների, անհետ կորածների ծնողներին, հարազատներին, ընկերներին ու բարեկամներին․ դուք պետք է կառավարության կոկորդից բռնեիք, պետք է քարշ տայիք դրան հրապարակ, կանգնեցնեիք էն բեմին, որտեղից ձեզ խոստումներ էր տալիս ու ասեիք՝ արա, դե պատասխան տուր։ Հիմա պետք է Նիկոլն ու իր ամբողջ թիմը ձեր ձեռքում լիներ էն կարգավիճակում, ինչ վիճակում ձեր տղերքն են Ադրբեջանում։ Ու էս հարցում չմեղադրեք ո՛չ ընդդիմությանը, ո՛չ հասարակությանը։ Դուք ո՞ւր եք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ