Մեկ տարի առաջ այս օրը Արցախի նախագահը Շուշիից եթեր մտավ ու հայտարարեց, որ շտապենք, թշնամին Շուշիից հեռու է ընդամենը 5 կիլոմետր։ Զարմացանք՝ էդ ո՞նց եղավ, բա դուք ասում եք՝ հաղթում ենք, հաջողությամբ հետ ենք շպրտում, թշնամու մեջքը կոտրել ենք։ Բայց դե ստի վարպետները անգամ Արցախի նախագահի հայտարարությունը հերքեցին․ Արծրունն էլի գնաց թշնամուն ջախջախելու դաշտ, ասաց՝ Արայիկ Հարությունյանն ընդամենը մարտակոչ է հնչեցրել, մենք հակառակորդի բոլոր խոշոր զորախմբերի մեջքը կոտրել ենք։ Մարդիկ, որոնք Արծրունին դրդում էին ստել, մինչև վերջ սկավառակը չփոխեցին, մինչև այն պահը, երբ ամեն ինչ կորսված էր, ու նա եթեր չերևաց, հայտարարվեց, որ հիվանդանոցում է։
Հարցերը անպատասխան են․ ինչպե՞ս թշնամին հասավ Շուշի։ Ինչո՞ւ Ջաբրայիլից մինչև Շուշի ոչ մի բնագիծ չկառուցվեց։ Երկրորդ նախագահն ասում ՝ կա՛մ եղել է ապուշության գագաթնակետը, կա՛մ դավաճանություն։ Ու կասկածներ է հայտնում, որոնք կան շատերիս մոտ՝ թշնամու առաջ մաքրում էին մինչև Շուշի ճանապարհը։ Պետք է պարզել՝ ինչ է կատարվել, պետք է հասկանալ՝ ինչպես և ինչու է ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվածը հայտնվել Շուշիում, ինչ առաքելություն ուներ։ Ընդհանրապես, պետք է հասկանալ՝ պատերազմի ամբողջ ընթացքում նաև բունկերում, Արցախի հրամանատարական շտաբում գտնվող բոլորի առաքելությունները։
Էս բոլոր հարցերի պատասխանը պետք է տա իրավապահ համակարգը, քննությունը, դատաքննությունը։ Պատասխանողներից գլխավորը Նիկոլն է։ Բայց հո մենք գիտենք, որ Արթուր դավթյանը կամ Խաչատրյան Սասունը Նիոլի ձեռքերին կանդալ չեն խփելու։ Պետք է էս մարդը գնա, որ կարողանան քննել։ Նիկոլ Փաշինյանը որերորդ անգամ խոստովանում է իր սխալները։ Ասում է՝ անձամբ եմ հրաման տվել զորքերը դուրս բերել Սյունիքի մարզից։ Դրանից հետո, հիշեցնեմ, թշնամին ահագին առաջ եկավ Սյունիքում։ Նիկոլի էս հայտարարությունը նրան անմիջապես կալանավորելու պատճառ էր։ Նիկոլն ասում է՝ այս որոշման և Սյունիքում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն անձամբ ես եմ կրում։ Բայց էդ պատասխանատվությունը ո՞նց ես կրում։ Ասում է՝ ժողովուրդը ինձ մանդատ է տվել․ դա ի՞նչ կապ ունի պատասխանատվության հետ․ ժողովուրդը դատարան չէ, ժողովուրդը քննություն չի իրականացնում։ Ժողովուրդը չէ պարզողը, թե Արայիկ Հարությունյանին՝ ԿԳՄՍ նախկին նախարար, ինչի՞ էիր գործուղել Սյունիք, նա ի՞նչ անող էր ու ո՞նց թշնամին Սյունիքում առաջ եկավ։ Ժողովուրդը չէ պարզողը, թե Էրատո ջոկատը՝ քո կնոջ գլխավորությամբ, ինչ էր անում Սյունիքում։
Թող մի ընդդիմադիր ասի՝ ես կոչ եմ արել զորքերը հետ քաշել Սյունիքում, Նիկոլն անձամբ կսարքի ազգի դավաճան, ու կկալանավորեն։ Նիկոլը դա խոստովանում է, բան չեն ասում, երևի Արթուր Դավթյանը ասում ա՝ դե Նիկոլն ա, էլի, բն ա՝ ասել ա։
1 տարի անցել է պատերազմից, ոչ մի հարց պատասխանը չի ստացել, կասկածները խորանում են ամեն հարցում։ Ու հիմա նա եկել է, թե՝ գնանք փակ սենյակում քննարկենք։ Քո հետ ի՞նչ քննարկեն։ Ընդդիմադիր խմբակցությունները շատ ճիշտ պատասխանեցին, որ քննարկելու բան չունեն քեզ հետ։ Պատերազմի օրերին մի քանի անգամ հանդիպել են, ամեն անգամ հանդիպումից կտորներ ես հրապարակում՝ ֆռացնելով, կոնտեքստից կտրելով, ու ասում ես՝ եկեք հանդիպենք։ Նիկոլի հետ փակ հանդիպումների դասեր կան․ սա ստի հետ խնդիր չունի, կարող է փակ հանդիպում անել, հետո հելնել հայտարարել, որ՝ ես իմ համար նստել էի, մոդերատորություն էի անում, ինձ ընդդիմությունն ասեց՝ Շուշին ու Հադրութը պիտի տաս, տվեցի։
Իմ համոզումն է, որ ոչ մի քննիչ հանձնաժողով, ոչ մի քննություն չի տալու ճիշտ պատասխանը, քանի դեռ Նիկոլը իշխանության ղեկին է, արդարադատությունը տեսնում ենք՝ ինչպես է աչք փակում Նիկոլի խոստովանական ցուցմունքների վրա։ Բայց մյուս կողմից վտանգը մոտ է, մենք գնում ենք նոր զիջումների։ Քննությանն այլընտրանքային ճանապարհ էլ կա ու ոչ մի հատ։ Դրանցից մեկն այն է, որ բոլոր այն քաղաքական գործիչները, հանրային դեմքերը, պատերազմի մասկանկիցները, թիկունքում, գտնվողները, գեներալները, գործարարները, բոլոր-բոլորը, ովքեր հանդիպել են Նիկոլին, ովքեր մասնակցել են պատերազմին, ովքեր եղել են հրամանատարական շտաբում, բունկերում, գումար են փոխանցել, ինչ-որ ձևով պատերազմի ժամանակ կամ դրանից առաջ ու հետո կապ են ունեցել և ունեն կարևոր ինֆորմացիա, պետք է հրապարակային հայտնեն։
Պատերազմի դաշտում փամփուշտ չկար, տանկի մեջ վառելիք չկար, օդը փակ չէր, պահանջում էին նահանջել, ուղարկած օգնությունը մարզպետի նկուղում էր կամ աէրոպորտում էր մնում և ամեն ինչի մասին պետք է գրել։ Բոլոր նրանք, ովքեր Նիոլի հետ երբևէ գործ են ունեցել, հետը աշխատել են որպես լրագրող, խմբագիր, ովքեր տեսել են Նիկոլի կեղծ գործարքները, որոնք այսօր օդում կախվծ ինֆորմացիներ են, ովքեր 100 դոլար են տվել մի բան գրելու համար կամ տվել են այդ բանը չգրելու համար, պետք է հրապարակ գան ու խոսեն։
Պետք է լինի համաժողովրդական դատավարություն և մեղադրանք․ միայն այս հրապարակային համաժողովրդական դատավարության արդյունքում է, որ Նիկոլի ընտրազանգվածի աչքերը կբացվեն, միայն դրա արդյունքում է, որ մարդիկ պատրաստ կլինեն մերժելու սուտը, դավաճանությունը, կապիտուլյացիան ու կապիտուլյանտնտերին։
Իշխան Սաղաթելյանը խոստացել է մանրամասներ հայտնել Նիկոլի և քաղաքական ուժերի հետ պատերազմի օրերին ունեցած մի քանի հանդիպումներից։ Էդուարդ Շարմազանովը այսօր որոշ փաստեր է հայտնել։ Վստահ եմ, որ Փաշինյանը չի կարող հերքել, որովհետև դրա համար պետք է ունենա այլևս ձայնագրություն, ոչ թե խոսք։ Ուրեմն կոչ եմ անում Նիկոլի հետ հանդիպումների բոլոր մասնակիցներին հրապարակել այն ամենը, ինչ տեղի է ունեցել։ Թշնամին մտել է Սյունիք, գեղարքունիք, մեզ սպառնում են փաստաթղթերով, որի արդյունքում մի քանի մարզերից տարածքներ ենք տալու։ Արդեն Նիկոլի դեպուտատ Անդրանիկ Քոչարյանն է ասում՝ մեր իշխանությունը պետք է դրական ազդակներ փոխանցի Ադրբեջանին։ Էսքանից հետո։
Էսօր քննարկում էր, հավաքվում են լուրջ փորձագետներ ու սկսում են վերլուծել։ Նիկոլի ընտրազանգվածը դա չի հասկանում, նրան փոխելու մեկ ձև կա՝ խոսել ինչ գիտես։ Ոչ մեկիդ թող չթվա, թե Նիկոլի հետ մտնելու եք բանավեճի դաշտ, քննարկումների դաշտ ու հաղթեք, նա չգերազանցված գլուխգործոց է։ Նույնիսկ պոպուլիզմի հայրը եթե բանավիճի Նիկոլի հետ, կարող է ինչ-որ պահի կանգ առնել, հասկանալ, որ սահման կա, որը չպետք է անցնի․ իսկ Նիկոլը չունի էդ սահմանը, նրա համար բարոյական սահման չկա։ Եվ ուրեմն, պետք է դուրս գալ նրա հետ երկխոսելու, բանվիճելու, անգամ հարցեր ուղղելու դաշտից։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանից միշտ վտանգ կա, որ կարող է նոր կապիտուլյացիա ստորագրել։ Ուրեմն պետք է չմտածել՝ սա եթե ասեմ՝ խայտառակ կլինենք, թուրքն էլ ա լսում ուրախանում և այլն։ Ոչ, ժողովուրդ, այս իշխանության ցանկացած մութ գործարք, բացասական քայլ, կոռուպցիա, թալան, ցանկացած քայլ, որը մեր հայրենիքի հերն անիծել է, պետք է բացահայտվի։
Պետք է բացել մարդկանց աչքերը։ Միայն չոր փաստեր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը