18 10 2021

«Կարճ ասած»․ Իշխանությունը այլևս «պարտված է» նշանի տակ է



Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ընտրություններ տեղի ունեցան 6 համայնքներում։ Ուշագրավ է, որ նրանցից ամենախոշոր երեքում իշխանությունը պարտություն կրեց։ Չնայած պարտություն գրանցվեց նաև Գյումրիում, սակայն ամենաուշագրավն ու ամենավտանգավոր գոտին Սյունիքն է, Գորիս քաղաքը։ Գորիսը վտանգավոր է, որովհետև թշնամին նստած է հենց քթների տակ։ Իշխանության համար էլ կարևոր էր, որովհետև ուզում էին վերահսկողության առավել մեծ մակարդակ ստանալ այս խոշորացված համայնքի վրա։

Այստեղ հաղթելը այնքան էր կարևորել Փաշինյանը, որ մի ամիս շարունակ սյունեցի ՔՊ-ական դեպուտատներն այնտեղից դուրս չէին գալիս։ Ընտրության օրը և նախորդ օրերին հազարավոր ոստիկաններ էին Գորիս տարվել։ Միայն շուրջ 25 հազար դոլար, ըստ մամուլի, ծախսվել էր ոստիկաններին տեղափոխելու համար։

Էլ ոստիկանական տեռոր, էլ բերման ենթարկումներ, խուզարկություններ, Նիկոլ դավաճան գոռալու համար սփյուռքահայ կնոջը քաշելով բերման էին ենթարկում։ Նիկոլին հայհոյելու համար տղամարդուն փռել էին ասֆալտին։ Ոստիկանները վախի մթնոլորտ էին տարածում և ուզում էին իրենց ներկայությամբ ճնշել մարդկանց՝ ընտրելու համար Նիկոլի թեկնածուին։ Մի քանի օր առաջ ընտրություններ էին Իրաքում և կարող եմ ասել, որ այնտեղ շատ ավելի քիչ էին անվտանգության միջոցներ գործադրել, քան Գորիսում։

Ու այդքանից հետո իշխանությունը պարտվեց, պարտվեց անգամ այն դեպքում, որ արդեն քանի ամիս է՝ Գորիսի քաղաքապետը կալանքի տակ է։ Գորիսեցիները ճիշտ գնահատեցին վիճակը՝ այս իշխանությունը նրանցից խլել է անվտանգությունը, ազատությունը, հողը, ապրուստի միջոցը։

Իսկ իշխանությունը ի՞նչ արեց, որ չմերժեն։ Եկեք սա նայենք։

Իշխանական ամբողջ թիմը նախկին փոխվարչապետ Ավինյանի, մարզպետ Մելիքսեթի հետ միասին էնտեղ գիշեր ցերեկ աշխատում էին, բեմին գնացել-կանգնել էր պատգամավորական կորպուսը․ իսկ այդ ընթացքում ի՞նչ հարց լուծեցին։ Չէ՞ որ գորիսեցին տեսավ, որ սրանք Գորիս հասնելու համար հաղթահարեցին Երասխի ճանապարհը, որտեղ այդ պահին թշնամու կրակոցից մարդու ապրուստն էր հրդեհվել, ի՞նչ արեցին։ Նրանք գնացել էին ու ասում էին՝ մեզ ընտրեք, ապագա կա։

Քաղաքացին ասում էր հիմա ասեք՝ վախով ենք քնում, այդ հարցը ո՞նց եք լուծելու, պատասխանում են՝ դա տենց պիտի լինի, սովետի քարտեզով իրենց հողն է։ Երկրորդը հարց է տալիս, ասում է 3,5 տարի ի՞նչ լավ բան ես արել ինձ համար, բացի վատից, իմ անվտանգությունը, արժանապատվությունը խլելուց։ Պատասխանում են՝ բա նախկինների ժամանակ․․․ արա, նախկինների ժամանակ երբեք ու երբեք էս խնդիրները չեն եղել։ Մարդը հարց է տալիս, ասում է՝ դու եկել ես, ասում ես ապագա կա, ինձ թուրքի գայիշնիկը տուգանել ա, ո՞րն է ապագան։ Պատերազմին մասնակցած երիտասարդը, որը եղբայր է կորցրել ու ասում է, որ բարդակ էր բանակում, ասում է դուք ասում եք թշնամու հետ ապագա կա, պետք է համատեղ ապրենք, ես եղբայր եմ կորցրել, ո՞նց ապրեմ։ Մարդը, որ իր մեծ ընտանիքով երկար տարիներ ապրում է Ներքին Խնձորեսկում, ասում է՝ 500 հատ անասուն ունեի, խոտհարքերը տվել եք թուրքերին, կես միլիոնանոց անասունը վաճառել եմ 150 հազար դրամով, վեշերս կապում եմ գնամ երկրից։

Եվ այլն, հազարավոր բնակիչներ կան, ուրեմն հազարավոր խնդիրներ կան․ հիմա հարց․ ՔՊ անդամներ, որևէ մեկդ, որ մի ամիս Գորիսը բռնել-կանգնել եք, որ ընդդիմությունը չհաղթի, ի՞նչ հարց կարողացաք լուծել, որ ձեզ ընտրեն։ Ո՞ր մեկի հարցը լուծեցիք։ Մարդիկ տեսան, չէ՞, որ դուք չեք կարող որևէ խնդիր լուծել, նորմալ ապագա բերել։

Դուք գնացել եք Սյունիք, ձեր քթի տակից մարդու կովերը թուրքը գողանում է, դու բան չեք կարողանում անել՝ լինելով իր ընտրյալ պատգամավորը ու ասում եք՝ ժողովուրդ, բան չենք կարողանում անել, մեխի գլուխ ենք, բայց արի մեզ ընտրի։

Ասենք վերցրնում էիք Գորիսը, ի՞նչ էիք անելու։ Իշխանության ցանկություը էդքան մեծ ա՞, ավելի կարևոր ա՞, քան մարդկանց կյանքը։ Դուք չեք կարողանում ղեկավարել, ուրիշներին էլ թույլ չեք տալիս, բա հետո՞։

Աբսուրդ է, Արմեն Խաչատրյան անունով ՔՊ պատգամավորը ասում է՝ անվտանգ ա, Սյունիքի մարզպետն ասում է՝ անվտանգ ա, մենք ամեն ինչ կարգավորում ենք, նույն պահին Կապանի Փելա սարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Էն սարերից է, որ Նիկոլն ասում է՝ սարը, գլխին էլ ձյուն, մեր ինչի՞ն է պետք, հո կռիվ չե՞նք անի դրա համար։ Վաղը Կապանում ընտրություններ են, էդ մարդիկ ինչի՞ պետք է ձեզ ընտրեն։

Հարց են տալիս, ինչո՞ւ ընդդիմությունը չհաղթեց Սյունիքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մի քանի քաղաքական գաճաճներ էլ թեմա են առաջ բերում, թե՝ եթե չմասնակցեին նախկին նախագահները, կհաղթեին։ Ես դա մոլորություն եմ համարում։ Արտահերթ ընտրությունների ժամանակ էլ, հիմա էլ մարդիկ ասում էին՝ ձեն ենք տվել ընդդիմությանը, ուղղակի զինվորներին բերել են մեր տեղամասերում քվեարկելու։ Էս անգամ զինվորները իրավունք չունեին մասնակցելու ընտրություններին ու տեսաք, թե ինչ եղավ։

Իշխանությանը այս մերժումը պետք է դաս լինի։ Պետք է հետևություն անեն, բոլոր էն գլուխգովանները, որ ընտրություն կեղծելուց հետո ասում էին՝ ժողովուրդը մեզ է ընտրել, Սյունեցին ցույց տվեց, ում հետ է, թող այս ընտրությունների արդյունքը հաշվի առնեն ու տեսնեն, որ չունեն ժողովրդկան աջակցություն։ Չնայած դա նրանք տեսնում էին դեռ խորհրդարանականի քարոզարշավի ժամանակ։ Խորհրդարանական ընտրություններում գործեց մեխանիզմ, որը թույլ չէր տալիս իմանալ իրենց իրական ընտրազանգվածի չափը։ Այ հիմա տեսնում ենք՝ 20-30 տոկոս։

Իհարկե՝ ուշագրավ էր նաև ՀՀ երկրորդ քաղաքում ընտրությունների արդյունքը․ մարզպետարանը գումար էր բաժանում ընտրողներին՝ սոցիալական աջակցության անվան տակ, էլ վարչական ռեսուրս, բայց իշխանության թեկնածուն մերժվեց։ Ի դեպ, Գորիսի համայնքապետարանը սոցիալական օգնություն է տվել անապահովներին, Փաշինյանը դա համարել է կաշառք ու կալանավորել է Առուշ Առուշանյանին։ ՔՊ-ական մարզպետը ընտրություններից առաջ բաժանում է, ասում են՝ սա օգնություն է, մերն ուրիշ է։ բա դե կալանավորեք։

Կարճ ասած՝ անհնար է մեր երկրում լինի քիչ թե շատ արդար ընտրություն ու հաղթի Նիկոլ Փաշինյանը։ Այո, այս ընտրությունները ցույց տվեցին իշխանության մերժված լինելը։ Նիկոլին մերժում են գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք։ Գորիսը, Գյումրին, Մեղրին, որտեղ անգամ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամի ցուցակը, որը որևէ շանս չուներ, ավելի շատ հավաքեց՝ ապացուցեցին, որ Նիկոլի ապագային չեն վստահում։ Նոյեմբերին ու դեկտեմբերին էլ ունենք ընտրություններ․ հերթը մեր մյուս հայրենակիցներին է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ