12 10 2021

«Կարճ ասած»․ ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն խոշոր հարկատուներ․ Նիկո՛լ, բա ո՞ւր է քո ժողովուրդը։



 

Վերջերս հրապարակվեց 2021 թվականի առաջին 6 ամիսների խոշոր հարկատուների ցանկը, որն իրոք ապշելու է։ Պետական կառավարման մարմիններն են այդ ցանկում ու՝ շատ առաջ։ Օրինակ՝ մեր երկրի ամենախոշոր 40-րդ հարկատուն ԱԱԾ-ն է, հաջորդը պետեկամուտների կոմիտեն է, դատական դեպարտամենտ, վարչապետի աշխատակազմ, ոստիկանությունն ու դատախազությունը, ՊՊԾ-ն․․․ Հասկանում ե՞ք։

Այս մարմինների գումարը ձևավորվում է մեր՝ հարկատուներիս փողերից, մենք վճարում ենք, հլը մեր վճարներից այնքան են եկամուտ ստանում, որ մի հատ էլ դառնում են խոշոր հարկատու։ 6 ամսում ԱԱԾ-ում ստացել են 21 մլն դոլար աշխատավարձ։ Նախկինում՝ նույն Սերժի վախտ, էդ ցանկին սկի մոտ էլ չէին։ Այնքան են հաստիքները շատացրել, աշխատավարձ ու հեվելումները բարձրացրել, որ շրջանցել են հազարավոր հարկատուների։

Մարդն ասում է՝ թոշակառու, խոսալու տեղ չունես, 2100 դրամով բարձրացնելու եմ քո թոշակը, բայց նախարարին տալիս է 1,5 միլիոն։ Ասում ես ինչու՞ էդքան շատ, պատասխանում են, դե որպեսզի նորմալ մասնագետ կարողանանք մինիստր նշանակենք, իրենց պետք է լավ վարձատրել։ Ասում ես, բայց այդ ո՞ր մինիստրն է, որ լավ մասնագետ է, ցույց է տալիս իր ՔՊ-կան ընկերոջը։ Չէ, բայց իսկականից, Արարատ Միրզոյանն է՞ լավ մասնագետ, որ ԱԳ նախարար է, թե՞ Անահիտ Ավանեսյանը։ Բայց իրենք այսօր շատ բարձր են վարձատրվում, տասնյակ անգամ բարձր, քան Հայաստանի միջին վարձատրվողն է։

Նիկոլը որ գալիս էր իշխանության, ասում էր՝ տեսեք, ժողովուրդ, կառավարությունը փողերը մեջ-մեջ է անում իրենց շրջապատում․ բայց պարզվում է՝ այն ժամանակ մարդիկ էնքան չէին ստանում, որ գոնե խոշոր հարկատուների ցանկում 1000-երորդը լինեին։ Իսկ հիմա 40-րդն են։ Բայց երբ գալիս էին իշխանության, հո չէի՞ն ասում՝ գալիս ենք, որ դզվենք․ ասում էին՝ մենք նվիրյալներ ենք, մենք գալիս ենք, որ մեր կյանքը փռենք ձեր ցեխոտ ոտքերի տակ։ Բա էդ ո՞նց եղավ, որ բոլորը մնացին իրենց կոտրած տաշտակի առաջ, դուք դարձաք ամենամեծ եկամուտ ունեցողները։

Քաղաքացի ջան, դու քեզ հպարտ համարում ե՞ս, քեզ խաբված չես համարո՞ւմ։ Չհասկացա՞ր, որ էս մարդը պետության փողերը, քո փողերը ցփնում է իր մտերիմ շրջապատի մեջ, իսկ քեզ թողել է Աստծո հույսին։ Նա իր ատամները չի սարքելու, որ դու հիմարի պես մտածես, թե՝ ո՞ւր ա, որ ուտեր, հենա իր ատամներն էլ կսարքեր, աշխատավարձով է մարդը ապրում, չի հերիքում։ Քեզ խաբելու է, ինչպես տարիներ շարունակ է խաբում։ Ու մարսում են։

Նա քեզ երբեք այնքան չի վճարելու, որ քեզ մարդ զգաս, հույս չունենաս, նա քո հետ իր հաշիվները մաքրել է, քեզ մի հատ մուրճի կոթ է ցույց տվել, գնացել ես անկապ ընտրել ես․ դու արդեն իրեն պետք չես, մինչև հաջորդ ընտրություններ՝ հերթական կամ արտահերթ։ Նիկոլին արդեն ոչ թե դու ես պետք, այլ ուղիղ հակառակը՝ պետք է պաշտպանվի քեզնից, որ հանկարծ ոտքի չելնես։ Այ դրա համար է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին այնքան փող տալիս, որ դարձել են խոշոր եկամտահարկ մուծող։ Թոշակ չի բարձրացնում, բայց ոստիկանի փող է բարձրացնում, որ թոշակառուին ծեծի։ Դու Նիկոլի հենարանն էիր 2018 թվականի ապրիլ ամսին, որ նստարաններով, աղբամաններով, երեխուդ կալյասկաներով փողոց փակեիր, ինքը գար նստեր քո գլխին, ու ոստիկանին ուղարկեր վրադ, որ չպատվաստվես՝ ձերբակալի։

Մենք հո Նիկոլի առաջին իսկ կադրային նշանակումից հասկացանք, չէ՞, որ էս մարդը բանի պետք չէ, որ էն նպատակները, որ քո հաշվով հայտարարել են, չեն իրականանալու։ Մարդիկ երկու տարի շարունակ թրև եկան, մատը մատին չխփեցին, անցյալից մնացածը լափեցին, հասկացան որտեղից ինչ կարելի է քերել ու երբ տեսան, որ չեն կարողանալու աշխատել, արդյունք ստեղծել, արժեք ստեղծել, իսկ իշխանություն ունենալը բոլոր կողմից հաճելի էր, սկսեցին մտածել միայն այդ իշխանությունը երկարացնելու մասին։ Ոչ թե ասացին՝ աշխատենք ու քաղաքացու կյանքը բարելավվի, վստահություն ստանանք, այլ սկսեցին հույսը դնել թիկնապահների վրա, որ իրենց չծեծեն։ Ոչ թե ասացին արի մեր խոստացած բալոնների, բամբակի, շաքարի, տեխնիկայի գործարանները բացենք, այլ էդ չարչարվելու փոխարեն ասին՝ արի ընկերոջս դնեմ ոստիկանապետ, էն մեկելին ՊՊծ պետ, ԱԱԾ պետ, ԲԴԽ նախագահ, մի քիչ էլ փողը ավելացնեմ, կընտրվեմ էլի։ Ով էլ ընդդիմանա, գործ սարքեք, ջարդեք, կալանավորեք, մի բան մոգոնեք, սարքեք գլխին․ բա իզո՞ւր եմ աշխատավարձերդ բարձրացնում։

Սրանց թվում էր, թե էն Քոչարյանի ժամանակ, որ հոգնում էին կարմիր լենտերը կտրելուց, հիմնարկներ էին բացում, տենց հանգիստ էր լինում։ Չէ, չարչարվում էին։ Դուք չեք կարող։ Անկեղծ ես զարմանում եմ․ օրինակ՝ նույն Քոչարյանը ինչի՞ էր մտածում Գյումրու շենքերը սարքեմ, Սպիտակը վերականգնեմ, աէրոպորտ ու գործարան բացեմ, ինչի՞ համար, է կարող էր ոչ մի բան չաներ էլի, թիկնապահների թիվը շատացներ, ոստիկանների թիվը շատացներ, ինչի՞ էր չարչարվում, արդյունք ապահովում, որ ի՞նչ։ Ոնց երևում է, ժողովուրդը ավելի շատ գնահատում է պոպուլիզմը, ոչ թե աշխատանքը։

Նիկոլն էր, չէ՞, ասում, պետական հիմնարկներում շարիկ են գլորում, գործից կհանեմ, մեր թոշակառուները, մեր հայրերն ու մայրեը, տատիկներն ու պապիկները արժանապատիվ թոշակ կստանան։ Հիմա հարց, Նիկոլ, որ դու եկար իշխանության, հերդ արժանապատիվ թոշակ սկսեց ստանա՞լ, հա՞։ Բա էդ ո՞նց եղավ, որ քո կաբինետը դարձավ խոշոր եկամտահարկ վճարող, բայց ուսուցիչը մնաց իր փոքր աշխատավարձի հույսին։ Քո հույսը, կրկնում եմ, ոստիկանն է, ԱԱԾ-ն է, դրա համար էլ հաճախ ենք լսում, որ թոշակն ուշացնում են, բայց մի անգամ չենք լսում, որ պարեկների աշխատավարձն ուշացրել են։

Նիկոլի թիմը ստանում է բարձրացված աշխատավարձ, հավելավճար, պարգևավճար, բենզինի չեկ, պադավատ, տան փող, իսկ դու միայն տուգանքի մատերիալ ես, ավտոմեքենադ մի քիչ ծուռ քշեցիր, տուգանք է, չպատվաստվեցիր, տուգանք է, դիմակ չդրեցիր տուգանք է, ներվայնացած ժամանակ մի հատ Նիկոլ հայհոյեցիր տուգանք է։ Դու ոտքով ու գլխով տուգանքի մատերիալ ես։

Դրա համար էլ դու ստանում ես 40 հազար դրամ ու տանում ես տալիս ես ճմնշման դեղի, սրտի դեղի, կոմունալի, տուգանքի ու տակը մնում է էնքան փող, որ կարողանաս առնել 30 հատ չոր հաց՝ հաջորդ 30 օրերի համար, իսկ իրենք տժում են հունաստաններում, տներ ու ավտոներ են փոխում։ Չեն էլ մտածում, որովհետև վաղը կգա էլի քեզ կխաբի, դու էլ կգնաս-կընտրես։

Կարճ ասած՝ բոլորդ ձեզ հարց տվեք՝ ինչ է ձեր կյանքում փոխվել Նիկոլի գալուց հետո։ Հարց տվեք՝ ավելի լա՞վ եք ապրում, խնդիրներդ պակասե՞լ են։ Ում դեմ-դիմաց հարցնում եմ, եթե Նիկոլական է, ասում է՝ լիքը բան է փոխվել, երբ մեկ օրինակ ես ուզում, մի օրինակ բեր, չի կարողանում ասել, ասում է՝ իմ մոտ բան չի փոխվել, բայց մարդիկ կան, որ փոխվել է։ Կամ ասում են՝ չեն թողնում աշխատի։ Ժողովուրդ, օդերից իջի ներքև, իրենք երբևէ չեն մտածել աշխատելու մասին, որ ինչ-որ մեկն էլ խանգարի։ Քո կյանքում ոչինչ չի փոխվելու դեպի լավը, միայն դեպի վատն է գնալու։ Նրանց կյանքն է փոխվում, որոնք դարձան խոշոր եկամտահարկ վճարող։ Բայց նրանց գործառույթը քո վզին նստած մնալն է։

Այդ ամենի պաատասխանատուն Նիկոլի խմբակն է, բայց այ մեղավորը դու ես։ 2018-ին գուցե մեղավոր չէիր, բայց հիմա արդեն հաստատ մեղավոր ես։

Փաշինյանն իր թիմով նստած է պետբյուջեի վրա, որ պադյեզդներում չծեծեն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ