Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հնչեցին պատերազմի վերաբերյալ բազմաթիվ դիտարկումներ, որ արժեքավոր են և իրականության բացահայտման, իշխանության դավադիր քայլերի ողջամիտ կասկածներ են հարուցում։
Անդրադառնամ մի քանիսին․ անխուսափելի՞ էր պատերազմը։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ այո, որովհետև այս իշխանությունն արել էր ամեն ինչ պատերազմ լինելու համար։ Ադրբեջանը հաշվարկեց իր զինված ուժերի հնարավորությունը, հաշվարկեց այն, որ Հայաստանի ներքաղաքական վիճակը լարված է, հանրությանը իշխանությունը պառակտել է ուժերի ներածին չափով, որ իշխանությունը չունի էդքան ուղեղ պատերազմ վարելու համար, հարաբերությունները վատացրել է դաշնակիցների հետ և անգամ սատարող հայտարարություն չի լինելու։ Ադրբեջանը տեսավ, որ այս մարդիկ իր համար ուղղակի նվեր էին, որոնք 2018 թվականից ի վեր օգնում են իրեն։ Ռոբերտ Քոչարյանը շեշտում է՝ եթե Հայաստանի իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, կանեին նույնը՝ նույն հերթականությամբ։ Իսկ արդյո՞ք Հայաստանի իշխանությունների մեջ թուրքի գործակալներ չկան։
Հաջորդը՝ ինչո՞ւ մարդկային և նյութական ռեսուրսները կառավարությունը չմոբիլիզացրեց, ինչո՞ւ բանակը մի կողմ թողեց և հույսը դրեց ֆիդայինների վրա։ Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք հանցավոր քայլ չի արել՝ հայտարարելով՝ ստեղծեք ջոկատներ, զրահաբաճկոնները հետներդ վերցրեք եկեք պատերազմ, մարդը ցույց էր տալիս, որ Ադրբեջա՛ն, ռեզեռվի պակաս ունենք, նայի, զենքի պակաս ունենք։ Սա, ըստ նախագահ Քոչարյանի, հանցագործություն է։
Պատերազմը կանգնեցվելու հնարավորություն կար հոկտեմբերի 7-ին և 19-ին, վարչապետը չի կանգնեցրել, որպեսզի իրեն չասեն դավաճան։ Քոչարյանը իրավացիորեն շեշտում է․ հոկտեմբեր 7-ից հետո բոլոր կորուստների՝ զինվոր թե տարածք, մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Ուղիղ։ Նա կարող էր կանգնեցնել, ուներ առաջարկ, բայց չի արել։ Նա զարմանք է հայտնում, թե ինչու Ջեբրայիլից մինչև Շուշի մեկ խրամատ չի փորվել, բնագիծ չի կառուցվել։ Կա՛մ ապուշության գագաթնակետն է կամ դավաճանություն․ մենք ունենք նորմալ զինվորականներ, կհասկանային այդքանը, ուրեմն դավաճանություն է, Ալիևի մուտքը մինչև Շուշի բաց է պահվել։
Ամենակարևոր հարցերից է 5 մլրդ դոլարի առաջարկը Ղարաբաղի համար, մինչ օրս չի հերքվել։ Այդ հարցը դեռ երկար կմնա, մինչ այս իշխանության վախճանը։ Պարտությունը տգիտությա՞ն արդյունք, թե դավաճանության։ Պլանավորված պարտության մասին հիմնավոր կասկածներ կան։ Երկրորդ նախագահն ասում է՝ շատ հավանական է, որ պատերազմը սկսել է տգիտության, ապիկարության պատճառով, ավարտվել է ըստ պայմանավորվածության։ Սրանք երկուսն էլ, առերևույթ հանցագործություններ են։
Ի՞նչ կլինի 3․5 տարի հետո, երբ խաղաղապահների՝ Արցախում տեղակայվելու մանդատը վերջանա, իսկ Ադրբեջանը հրաժարվի։ Իսկ որպեսզի խաղաղապահները մնան դրա համաձայնությունը պետք է տան թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը։ Հիմա, երկրորդ նախագահը հարց է տալիս․ իսկ եթե դեմ լինի Ադրբեջանը և ռուսները հեռանան, ի՞նչ է լինելու։ Պատասխանն անհայտ է։ Հայաստանի իշխանությունները ձեռքերը քաշե՞լ են Արցախից․ այո, չեն խոսում Արցախից, չեն այցելում Արցախ, ինչ լինում է՝ հղում են անում ռուսական կողմին։ Սրանք երաշխավորված ձախողման են գնում, բայց ձեռքերը լվացել են, որ ինչ վատ բան լինի, մեղադրեն Ռուսաստանին։
Աշխարհաքաղաքական իրավիճակը ևս շատ բարդ է, բայց Հայաստանը որպես գործոն դադարել է դեր ունենալ։ Հայաստանի գործոնը վերանալու հաշվին, դերակատարումը մեծացրել են Թուրքիան ու Ադրբեջանը, ինչի հետ ստիպված է Ռուսաստանը հաշվի նստել։ Հայաստանը կարո՞ղ է խաղաղության դարաշրջան բացել․ ոչ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրենից ոչինչ չի ներկայացնում և այդտեղ է մղում նաև Հայաստանին․ Հայաստանն անգամ բանակցային սեղանի շուրջ չէ, այլ՝ սեղանի վրա է, ու Հայաստանին են քննարկում։ Սա՛ էր Ապագան Նիկոլի, սա՛ էին քարոզում ամբողջ քարոզարշավի ընթացքում, սրա՛ խաթեր էին իրեն ձայն տալիս մոլորված մեր քաղաքացիները։
Փաշինյանը բանակցում է ծնկների վրա կանգնած, իսկ դա ոչ միայն նվսատացուցիչ է, այլ նաև անհարմար։ Եթե Նիկոլը մի մարդու հետ է բանակցելու, որն իրեն անվանում է հարբեցող, ծաղրածու, այդ հանդիպման բովանդակությունը ի՞նչ պետք է լինի։ Ինչպե՞ս ենք մենք, քաղաքացիներս հանդուրժում որ մեզ ներկայացնելու է այդ «հարբած ծաղրածուն», դրան էի՞նք արժանի, դրա համար էր մեր հազարավոր եղբայրների արյունը հոսում, պոստ ու խրամատ էին պահում, որ վերջում սա գնա ու շարունակի զիջել ինչ հանարավոր է՞, մի նպատակով, որ իր իշխանոթյունը պահի։ Ինչու Փաշինյանը չի պատասխանում Ալիևի՝ իրեն ամենօրյա ռեժիմով ծաղրանքին, նվաստացումներին։ Չի պատասխանում, որովհետև կոմպլեքսավորված է, պարտվել է, բացի այդ՝ բաներ կարող են լինել, որոնց մասին չգիտենք, օրինակ՝ 5 միլիարդը։ Ցավոք, Նիկոլի ծաղրվելը միայն իրեն չի վերաբերում, այլև ժողովրդին ու կապ չունի՝ իրեն ընտրել են, թե ոչ։
Ռոբերտ Քոչարյանին հարց տրվեց՝ հնարավո՞ր է հետ բերել Հադրութն ու Շուշին․ չէ՞ որ նա նախընտրական շրջանում ասում էր, որ հնարավոր է։ Երկրորդ նախագահը պատասխանում է՝ եթե այսպես շարունակվի, ոչինչ հնաավոր չի լինի անել, քանի որ ամեն օրը կորսված է։ Նիկոլը, բայց կասեր՝ Ապագա կա, կա Ապագա։ Իշխանությունը փորձում է բանակի վրա գցել պարտության մեղքը։ Հենց թեկուզ սրա համար պետք է խոսեն գեներալները, սկսած նրանցից, ովքեր կալանավորված են։ Պետք է իրականությունը ասեն։ Այս իշխանության գերնպատակը իշխանությոնը պահելն է, եթե դրա համար անհրաժեշտ լինի համագործակցել Թուրքիայի կամ Պակիստանի հետ, սրանք պատրաստ են գնալ այդ քայլին։ Իսկ ո՞վ է կասկածում։
Դավադրության կասկածի մասին է այն փաստը, որ Արցախի նախագահական նստավայրը և ամբողջ տարածքը՝ 300 մետր շառավիղով, չի տեսել և ոչ մի արկ, այն դեպքում, երբ ամբողջ Ստեփանակերտը հարվածների տակ էր։ Ինչո՞ւ, ո՞ւմ էին խնայում։ Արայիկ Հարությունյանին չէին խնայի, այդ շտաբում ո՞ւմ էին խնայում։ Չէ՞ որ Ադրբեջանը հիմա գերճշգրիտ զենքեր ունի, իսկ 90-ականների պատերազմի ժամանակ երբ չուներ նման զենք, նույն տեղում ոչ մի պատուհան չէր մնացել։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ լուրջ առաջարկներ է ունեցել՝ հենց առաջին օրերին, թե ինչպես բեկում մտցնել պատերազմում, գնալ հաղթանակի։ Արցախի իշխանությունը չի լսել, չի ընդունել։
Այս իշխանությունը կարո՞ղ է սահմանագծում ու սահմանազատում անել ի շահ Հայաստանի․ Ռոբերտ Քոչարյանը փաստում է, որ ի շահ Հայաստանի՝ սրանք ոչինչ չեն կարող անել, գուցե չեն էլ ուզում։ Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը արդյունավետ չեղավ, այս հարցը շատ հաճախ են տալիս․ նախագահը պատասխանում է՝ որովհետև անդամ երկրների կեսից ավելին Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություն ունեն։ Միակ չեզոքը Ռուսաստանն էր։ Ռուսաստանն էլ հիմա է ստիպված Ադրբեջանի աճող դերի հետ հաշվի նստել։ Կարո՞ղ է մեր երկրում ճգնաժամը հաղթահարվել, առանց այս բոլոր հարցերի պատասխանը ստանալու, պարզաբանվելու, առանց հիմնական հարցը լուծելու։ Ոչ ու ոչ։
Կարճ ասած՝ այս իշխանություններն արել են ամեն ինչ պատերազմ լինելու համար, արել են ամեն ինչ պարտվելու համար։ Նրանց նպատակն ու ծրագիրն իրականացել է։ Պատասխան տվող այս ամենին լինելո՞ւ է՝ այո, դրա ժամանակը կգա։ Պատասխան տալու քայլերից մեկը քննիչ հանձնաժողովի ստեղծումն է ընդդիմության մասնակցությամբ։ Բայց ամենահիմնականը դա չէ, այն է, թե երբ ժողովուրդը կհասկանա այս ամենը ու ոտքի կկանգնի։ Մեր խնդիրների լուծման միակ լուծումը սրանց գնալու մեջ է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը