21 07 2021

«Կարճ ասած»․ Սևը, սպիտակը, զոմբին, ժեխը, դավաճանը, հայրենասերը՝ նույն նավակի մեջ



Մեր երկրում կատարվող ամբողջ այս բացասական պրոցեսների գլխավոր պատճառներից մեկը քաղաքացու անտարբերությունն է։ ՀՀ քաղաքացին խորապես անտարբեր է իր ճակատագրի նկատմամբ, և քանի որ իր նկատմամբ անտարբեր է, բնական է, որ անտարբեր կլինի նաև հարզատի նկատմամբ, հարևանի նկատմամբ, ընկերոջ նկատմամբ, երկրի նկատմամբ։ Անգամ սեփական շահը չի կարողանում հասկանալ որն է, որտեղից է սկսում և ինչի է հասնելու։ Ասելիքս վերաբերում է ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությանը։

Հայաստանում կային հեղինակություններ, մարդիկ, որոնք հարգանք էին վայելում, որոնց հետևից գնացող կար։ Տարիների ընթացքում ու հատկապես վերջին երեք տարիներին մենք հասանք նրան, որ մարդիկ նրանց լսելով, հավանելով հանդերձ՝ անտարբեր դարձան որևէ քայլ անելու հարցում։ Որովհետև այս իշխանությունը առաջին հերթին ընկավ հեղինակությունների հետևից ու փորձեց նրանց անունների հետ խաղալ։ Մեր երկրին հեղինակություններ պետք չեն։

Հայաստանում ինչքա՜ն հայտնի մարդ կար, հարգված մարդ կար, երկրի ուղեղը, էլիտան, ազդեցիկ դեմքերը այս իշխանությանը հայհոյում էին։ Գեներալները, կաթողիկոսները, նախագահը, փաստաբանները, դերասանները, համալսարանները, գրողների միությունը, ակադեմիան, բազմաթիվ դասախոսներ, Սփյուռքի բազմաթիվ կառույնցներ, խմբագիրներ, բոլորը այս իշխանությանը հակառակորդ են։ Բայց խոսակցություններն ավարտվում են հենց այնտեղ, երբ ասվում է՝ կաթողիկոսն ունի մեկ ձայն, 2,5 մլն ընտրողից մեկն է․ ու այսպես անմակարդակ քննարկման մեջ ես ընկնում։ Իսկ մակարդակ լինելու պարագայում պետք է գեներալի հետևում զորք լիներ, բժիշկի հետևում՝ կոլեգաներն ու պացիենտները, կաթողիկոսի հետևում՝ հավատացյալ ժողովուրդ։ Մենք ապրում ենք արժեքների ճգնաժամ, հեղինակությունների ճգնաժամ։ Կարող ենք ասել՝ 30 տարվա կրթվածություն, եթեր, գռեհիկ սերիալներ, ատելության քարոզ, աղքատի հոգեբանություն։ Բայց իրականությունը սա՛ է ու շատ է տհաճ։ Խելացի ժողովուրդը չէր ասի՝ վարչապետին եմ ընտրում, որովհետև խեղճ է։

Տաղանդավոր Տիգրան Մուկուչյանը մեզ թիվ է ցույց տվել, որ Նիկոլ Փաշինյանն ունի 53 տոկոս քվե։ Ասենք թե ճիշտ է։ Չտեսնելու տանք անձնագրային խնդիրները, կրկնակի քվեարկությունները, բացակա անձանց փոխարեն քվեարկությունները, զինվորների ուղորդված քվեարկությունները, վարչական ռեսուրսը, փողը։ Այս բոլորը՝ 300 հազար ձայն, աչքաթող անենք ու հաշվենք, որ Նիկոլը տարել է 53 տոկոս ձայն։ Հիմա թող իմաստունները հավաքվեն ու փորձեն հասկանալ, թե այդ ո՞նց է լինում, որ մարդը էյֆորիայի փուլում ու համընդհանուր ատելության փուլում գրեթե նույնքան ձայն է հավաքում։

Մարդը ասում է Արցախը Հայաստան է ու վերջ, ընտրվում է առաջին փուլով․ նույն մարդն Արցախը տալիս է, Հայաստանից էլ լիքը հողեր է տալիս ու էլի մտադիր է տալ, էլի ընտրվում է առաջին փուլով։

Ասում է՝ ինձ ընտրեք, սեր ու համերաշխություն կլինի, ընտրվում է առաջին փուլով։ Ասում է՝ ինձ ընտրեք, որպեսզի վենդետա լինի, էլի ընտրվում է առաջին փուլով։ Ասում է՝ ինձ ընտրեք, որ բացեմ այսքան աշխատատեղ, բոլորիդ ապահովեմ աշխատանքով, ընտրվում է․ որևէ խոստացած աշխատատեղ չի բացում, էլի ընտրվում է։ Ասում է՝ ժողովուրդ, ոչ մի ծանոթ-բարեկամ, միայն արժանավորներն աշխատանքի կանցնեն պետական հիմնարկներում, ընտրվում է առաջին փուլով․ բոլոր ազգուտակին, ընկերներին ապահովում է աշխատանքով, հիմնականում՝ անգրագետներին, էլի ընտրվում է առաջին փուլով։

Ասում է բիզնեսը ազատ կլինի, մենաշնորհներ չեն լինի, ընտրվում է․ ասում է՝ չագուչով ընկնելու եմ գործարանների հետևից, էլի ընտրվում է։ Ասում է՝ թալանածը ձեզ եմ բաժանելու, ընտրվում է, սկսում է անխնա թալանել, էլի ընտրվում է։ Սա առողջ հասարակության արած քայլ չէ։ Մեր հանրությունը չի կարող էդքան հակասական լինել։ Չի կարող մարդ ասել՝ կադրային ջարդ չենք անի ու ընտրվի, հետո ասի կադրային անխնա ջարդ ենք անելու, ուղղակի կադրային կոտորած, էլի ընտրվի։ Սա առողջ հանրություն չէ, առողջ հանրության տրամաբանությունը այսպիսին չի լինում։ Ուրեմն, 2018 թվականի ժողովուրդը, նախկին իշխանությունների ժամանակ ժշողովուրդը ավելի շատ սիրո ու համերաշխության մկեջ էր, 2021 թվականի ժողովուրդը, արդեն ատելության առաջամարտիկ էր։

Այլ տարբերակ չկա՝ կամ հանրությունը հիվանդ է, կամ ընտրությունները խայտառակ կեղծվել են։ Անգամ կեղծիքները եթե հաշվի ենք առնում, մեկ է՝ Նիկոլը ձայն տարել է։ Նա մի 20 տոկոս ձայն, այնուամենայնիվ, ունի։

Հանրության անտարբերությունը շատ վատ սահմանների է հասնում, մենք կարողանում ենք թեթև տանել հայտնի ու լավ համբավ ունեցող անձանց ձերբակալումները, արտագաղթը։ Տպավորություն է, թե մեզ պետք չեն խելացի, նորմալ, գրագետ, հայնտնի մարդիկ, իրենց ոլորտում հերոսներ պետք չեն։ Քար անտարբերություն է, չհասկացվածություն։ Բայց պետք է, չէ՞, խնդիրները դարձնել ոչ թե էդ մարդունը, այլ վերցնել ընդհանուրի վրա՝ թեկուզ հեշտ լուծելու համար։

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանքը Արմեն Չարչյանի խնդիրը չէր միայն, դա առողջ մտածող մարդկանց խնդիրն էր, բժիշկների խնդիրն էր, նրա ձեռքով առողջացածների խնդիրն էր։ Կառավարությունը ոռոգման ջուր չի տալսի, գյուղացին գլխահակ կանգնել է, ակցիա է անում․ դա միայն իր խնդիրը չէ, դա նաև իմ խնդիրն է, որ Երևանում նստած եմ․ վաղը էդ մարդուց ապրանք եմ առնելու, որ ես էլ ապրեմ։ Թշնամին կրակում է մեր գյուղերի ուղղությամբ, ասում են՝ մենք Գյումրիում ենք ապրում, հեռու է։ Մենք ասում ենք՝ Նիկոլը Ղարաբաղը ծախե՞լ է, թող ղարաբաղցիները մտածեն, արոտավայր չկա՞, անասնատերերը մտածեն, հիվանդանո՞ց է փակվում, բժիշկները մտածեն, Սյունիքի համայնքապետերին հերթով դատո՞ւմ են, թող «Հայաստան» դաշինքը մտածի։ Չէ, ժողովուրդ, դա ընդհանուր խնդիրներ են։ Առաջ մեկը մրցույթ էր շահում, ուրախանում էինք, հիմա շահում է, ասում ենք՝ ինձ ինչ, մրցանակը իրենն է։ Սա աղքատի, անգրագետի հոգեբանություն է։ Ու ամեն մեկն անտարբեր է իր չափով՝ սովորական քաղաքացին իր չափով, ավել հնարավորություններ ունեցողն իր չափով, երկրի ղեկավարն իր չափով։

Դրա համար էլ Նիկոլն անտարբեր էր, որ 44 օր շարունակ պատերազմը չկանգնացնելու արդյունքում 5 հազար հոգի զոհվում էին, կարևորը, որ իր տղան պաշտպանված լիներ։ Իրեն չէր մտահոգում, որ 5,5 հազար հոգի կորոնավիրուսից մահացավ, կարևորը՝ ինքը երբ ասիմպտոմ պացիենտ էր, Սևանի ամառանոցում լավ պայմաններում մեկուսացած էր։ Իրեն հետաքրքիր չէ, որ ձեթի գինը եռակի թանկացել է, ինքը պետության հաշվին է ապրում։ Սա մահկանացուն արդեն մտավոր կնքածի տրամաբանություն է։

Կարճ ասախծ՝ մենք ապրում ենք համատարած ամոթալի իրավիճակում։ Մեծամասնությունը չի զգում, փոքրամասնությունն էլ չի կարող փոխել։ Այո, հասկացանք, մեր քույրերն ու եղբայրներ են, բայց մեր հերը անիծում են հենց մեր քույրերն ու եղբայրները։ Պետք է ժողովրդի հետ աշխատել, որոշներին կրթել, որոշներին դաստիարակել, որոշներին վերադարձնել կյանք, մարդկանց մեջ հարգանք սերմանել դիմացինի, քաղաքացու, իր նկատմամբ։ Այսպիսի պահվածքով մեր այս նավը հեռու չի լողա, ուղղակի խորտակվելու է։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ