08 11 2024

Ճշմարտություն vs Նիկոլ․ ո՞վ որն է ընտրում․ «Կարճ ասած»



 

«Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ իրական Հայաստանի գաղափարախոսության հետ կապված։ Պարոն վարչապետի այդ գաղափարներն, այո՛, ամբողջությամբ կիսում եմ»,- ասել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը։ Գալյանը գլխավոր դատախազի տեղակալն էր, ինչպես պարզվեց` ՔՊ թիմի մաս. արդեն՝ արդարադատության նախարարն է, բայց ոչ թե ինքը արդարության ու արդարադատության կողմն է, ճշմարտության կողմը, այլ՝ Նիկոլ Փաշինյանի։ Կա ճշմարտությոuն և կա Նիկոլ, և դրաք ծայրահեղ հակադիր են։ Հեսա բացատրեմ։

Պարզ է, չէ՞, որ ճշմարտությունն այն է, որ հայ ժողովուրդն ունի ազգային շահեր, որը ոչ թե հանձնումների մեջ է, այլ ունեցածը պահելու, զարգացնելու, հնարավորության դեպքում՝ ավելացնելու։ Ճշմարտությունը մեր հազարամյակների պատմությունն է, արժեքներն են, ազգայինն է, մեր խորհրդանիշներն են։ Հիմա եկել է Նիկոլն ու փորձում է հերքել անհերքելին, ասում է՝ մեր թվարկությունից առաջ եսիմոր հազարամյակից մինչև 2018 թվականը ինչ ունեցել ենք, սուտ է կամ սխալ, ճիշտը ես եմ, իմ ասածն է։ Ու գոռում է, իր խմբակն էլ իր հետ։

Վերջին օրինակից սկսեմ, կառավարության նիստում համոզում էին, որ պետք է մեր կոնյակի անունը փոխենք, որովհետև դա մերը չէ։ Նախ նա չգիտի կամ գուցե գիտի բայց վեջը չէ, որ Հայկական կոնյակը հենց կոնյակ անունով եղել է դեռ մինչ ֆրանսիականը գրանցվել է որպես իրենցը․ դա մեկ, երկրոդ՝ մեր կոնյակն արտահանվում է համարյա ամբողջությամբ ԽՍՀՄ նախկին տարածքի երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան․ նրանք ընդունում են, որ հայկական կոնյակը թիվ 1-ն է։ Մենք երկրից դուրս գալիս մեր ծանոթներին, մանավանդ արտասահմանցի, տանում ենք հենց կոնյակ, նրանք դրան են սպասում, սիրում ու գնահատում՝ այն անվանելով հենց կոնյակ։ Հայկական կոնյակը մեր բրենդն է, ճշմարտությունը դա է, իսկ որ դու առաջարկում ես «բրենդի»-ն, այ դա նիկոլություն է։

Ճշմարտությունն այն է, որ մենք ապրում ենք մեր պատմական, հայրենի հողի ընդամենը մի մասի վրա, որովհետև տարբեր սխալների, պատմական անարդարությունների արդյունքում հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետրները փոքրացել են։ Բայց էն, որ սրանք եկել են ու ասում են Կիրանցից սկսած Ադրբեջան է, Տիգրանաշենից սկսած Ադրբեջան է, Սյունիքի կեսը Ադրբեջան է, այ դա Նիկոլություն է։

Այն, որ Արցախը մերն է, դա ճշմարտությունն է, այն, որ Արցախում ամեն մետր փորելիս հայկական հազարամյակների հուշարձան է հայտնաբերվում, որ էնտեղ հայտնաբերվել է Տիգրան Մեծի կառուցած 5 Տիգրանակերտներից մեկը, դա ճշմարտությունն է։ Ու էդ ճշմարտությունը ընդունում էր նաև աշխարհը, անկախ իրենց քաղաքական հաշվարկներից։ Իսկ այն, որ մեր Արցախը հանձնվեց, դա Նիկոլություն է, ճշմարտության հակառակը։

Ճշմարտությունը բոլորիս համար այն է, որ Արարատը մեր սիմվոլն է։ Հայաստանի 5 մարզից ու Երևանից Արարատը երևում է, Թուրքիայից, այնպես ինչպես մեր սիմվոլն է՝ չի երևում, նաև որովհետև Արարատից հետո ոչ թե Թուրքիան է, այլ Արևմտյան Հայաստանը։ Ու արդարութան վերականգնումը մեր ազգային իղձերի մեջ է, իղձեր, որ պարտավոր է ունենալ ամեն ազգ։ Արարատով են ոգեշնչվել մեր գրողները, մեր գեղանկարիչները, մեր տների պատերին Ստամբուլի նկարը չէ, Արարատն է ու միշտ է լինելու։ Դա է ճշմարտությունը։ Ու որ մեզ ասում են չէ, դա ինչ-որ պատմական էր, իրականը չէ, Արարատին մի նայեք, Արագածին նայեք, դա Նիկոլությունն է։ Արարատին էլ կնայենք, Արագածին էլ կնայենք, Արալեռանն էլ կնայենք, Աժդահակին էլ կնայենք, դրանք մի հակադրի, բոլորն էլ մերն են։

Հպարտանում ենք, չէ՞, որ առաջին քրիստոնեությունն ընդունած երկիրն ենք ու աշխարում մեզ նաև դրանով են ճանաչում։ Դա քրիստոնեական հավատքի ու հավատքին նվիրվածության խորհրդանիշ է։ Մեր ժողովրդից տասնյակ հազարները իրենց բակում ունեն մատուռներ, իրենց տանը ունեն աղոթքի անկյուն։ Եկեղեցին հայապահպանության կարևոր օջախն է Սփյուռքում։ Ճշմարտությունը դա է։  Իսկ որ սրանք պետությունը Առաքելական եկեղեցուն են հակադրում, հայտարարում են, թե եկեղեցին սպառվելու է, 1700-ամյա առասպելը քանդվելու է, պետք է եկեղեցին ու աղանդները հավասար իրավունքներ ունենան, դա նիկոլություն է։

Ճշմարտություն է այն, որ մենք ունեինք հզոր, տարածաշրջանում խոսք թելադրող բանակ։ Այն, որ բանակից մնացել է բ տառը, դա նիկոլությունն է։

Ալեն Սիմոնյանն ու ևս երկու ՔՊ-ական առաջարկել են ջնջել հիմնի վերջին քառատողը։ Այս տողերն են․

«Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի»։

Ինչո՞ւ են ուզում փոխել․ դարերից եկած ավանդությունն այն է, ճշմարտությունն այն է, որ ոչ թե հայրենիքն են զոհում անձի փրկության համար, այլ անձը զոհվում է հայրենիքի փրկության համար։ Հիմա սրանք ասում են չէ, ո՞նց կարող է հանուն հայրենիքի ազատության զոհվել։ Նիկոլը տարավ զոհեց հազարներին ու ասաց՝ հանուն ոչնչի էր։ Այսինքն, ըստ ՔՊ-ի, հանուն ոչնչի կարելի է զոհվել, հանուն հայրենիքի՝ ոչ։ Ու ըստ երևույթին, հիմա, երբ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության տակ են ուզում մտցնել, լծի տակ, նրանց ձեռք չի տալիս հանուն ազատության զոհվելու կոչեր։ Ամբողջ համաշխարհային պատմությունը կռիվ ու զոհեր են հայրենիքի համար։ 3500 տարեկան Երուսաղեմի համար քա՞նի զոհ է եղել, ու մինչև հիմա կռվախնձոր է Իսրայելի ու Պաղեստինի միջև, ոչ մեկ չի զիջում, ամենքը իր ճշմարտության համար է պայքարում, իր պատմության, ավանդույթի, արժեքի, Նիկոլություն չի անում։

Վստահ եմ, որ հիմնից որ քառատողն էլ ուզենա ՔՊ-ն, այսօր կարող է հանել, Հ1-ը այդպես սիրով կհեռարձակի, բայց ճշմարտությունը դրանից չի վերանա, չէ՞։ Ալենը, որ առաջարկում է էդ փոփոխությունը, դա խիստ ժամանակավոր է, առավելագույնը իրեն մնացել է մեկուկես տարի, բայց դրանից հետո վերականգնվելու է, չէ՞, հիմնը, որը նա ստիպված է լինելու երգել այնտեղ, որտեղ, ամենայն հավանականությամբ, հայտնվելու է իշխանափոխությունից հետո, շարքով ճաշարան գնալիս։

Մենք, ժողովուրդ ջան, ճնշող մեծամասնությունը, ընտրում ենք ճշմարտությունը։ Եվ դա բնական է։ Որքան էլ մոլորված ազգակիցներ լինեն, միևնույն է՝ ճշմարտոթյունը մնում է, իսկ կեղծը, արհեստականը, վերջ ի վերջո գցում են աղբանոց․ դա ևս ճշմարություն է։ Ու այս ակնհայտ ճշմարտությունների մեջ, սակայն կան մարդիկ, որ ինչոր պատճառներով ընտրում են ոչ թե ճշմարտությունը, այլ նիկոլությունը։ Օրինակ՝ նույն Սրբուհի Գալյանը․ նոր-նոր 3 տասնամյակ ապրած այդ կինը, որը խիստ ժամանակավոր է մնալու իր պաշտոնական դիրքում, ընտրել է ոչ թե ճշմարտությունը, այլ Նիկոլին։ Նա կարող է ընդամենը մեկ ամիս պաշտոնավարել, անկախ Նիկոլին հավատարմության երդումից, երկու ամիս պաշտոնվարել կամ առավելագույնը՝ մեկուկես տարի, մինչև իշխանափոխությունը, բայց էդ կարճատև պաշտոնավարմանը նա ստորադասում է ճշմարտությանը։ Ու ՔՊ-ի մոտ աշխատածները կամ աշխատողները՝ Գալյանը, Քերոբյանը, Գրիգոր Մինասյանն ու այլք, որ մտել են նիկոլության մեջ, այդ բոլորի հեռանալուց հետո նրանց ճակատին մնալու է Նիկոլը։ Դուք համարվելու եք աղետալի, արյունալի, մեր պատմության մեջ ամենից սխալ գնացած ժամանակահատվածի մասնակիցը։

Մենք պարտական ենք մեր հերոսներին, մեր ազգային հերոսներին։ Նրանց նկարներն ունենք, արձաններն ունենք բազմաթիվ վայրերում, նրանց նկարներով ցուցանակներ ունենք մարզային տարբեր ճանապարհներին։ Դպրոցներից, ասացին, հանվել են, զորամասերից հանվել են, ճանապարհներից-պուրակներից հանվել են։ Հանելու իմաստը ո՞րն է, ի՞նչ է, հերոսներ չե՞ն, ո՞վ է որոշել, դու՞ք․ թե՞ հերոսներ չեք ուզում ունենանք․ սխա՞լ բանի համար են կռվել․ ախր ո՞վ է ասում։ Երբ Գալյանն ասում է՝ ես ոչ թե պատմական Հայաստանն եմ ընտրում, այլ Նիկոլի ասած իրական Հայաստանը, դա ի՞նչ է նշանակում, պետք է Անդրանիկի նկարը հանել, դնել Ալենի նկա՞րը, Աղբյուր Սերոբի և Սոսե մայրիկի նկարը հանել, դնել Լենա Նազարյանի ու իր ամուսնու նկա՞րը,  Դրոյի նկարը հանել, դնել Վահագն Ալեքանյանի նկարը՞։ Գևորգ Չաուշի նկարը փոխել Գևորգ Պապոյանի նկարո՞վ․ դա է, չէ՞, իրական Հայաստանը։ ՔՊ-ականները անանուն վերուծություն էին հրապարակել, որը սովորաբար անում է Փաշինյանը ու Նիկոլին արդարացնում էին՝ համեմատելով Չեմբեռլենի հետ ու արդարացնելով նրան։ 3 տարի՝ 1937-40 թվականներին, եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, իբր խաղաղության հասնելու համար ստորագրել է «Մյունխենյան համաձայնագիրը»՝ Հիտլերի, Մուսոլինիի և Դալադիեի հետ։ Թափահարում էր, ասում էր խաղաղության պայմանագիր եմ ստորագրել։ Ու սկսեց երկրորդ համաշխարհային պատերազմը, նրան էլ վտարեցին պաշտոնից։ Հիմա Նիկոլը համեմատվում է Չեմբեռլենի հետ, սա էլ է ընտրել է նվաստացումը։ Սա էլ հպարտանում է իր պարտութամբ՝ անտեսելով ճշմարտությունը։

Հիմա կարող եք հերոսների փոխարեն Նիկոլի նկարը դնել, արդեն թվարկեցի ում նկարները ու առավելագույնը մեկուկես տարի էլ հպարտանաք էդ դեմքերով, բայց այդքան ժամանակից հետո դրանք պոկվելու են ամեն տեղից, որպես խայտառակություն։ Ու դա կլինի ճշմարտության վերականգնումը։

Բավարարվեմ այսքանով, որովհետև որքան ճշմարտություն կա, այնքն էլ կա Նիկոլ։ Մինչ իշխանության գալը նրա ելույթները, քննադատությունները նիկոլություն էր, հեղափոխական խոստումները նիկոլություն էին ու ինչ անում է հիմա, լրիվ, մաքուր նիկոլություն է։

Կարճ ասած՝ ուզում եք 5166 մետրանոց պատ շարեք, որ Արարատի դեմը փակեք, ուզում եք Հիմնը փոխեք, դրեք Նիկոլի մանկական ոտանավորներից կամ ընտրեք թուրքական տարբերակը, ուզում եք արգելեք կոնյակի արտադրությունը, սեղաններին էլ թուրական չայ դրեք, Ուզում եք Արարատի փոխարեն Ադրբեջանի Բաբայոլ լեռով հպարտացեք, բայց մեկ է՝ առավելագույնը մեկուկես տարի անց դուք պատմության աղբանոցն եք ձեզ հետ տանելու այդ ամենը, որպես ամոթի ժամանակաշրջան մեր ամբողջ պատմության մեջ, ու Նիկոլությունը գնալու է, ու վերականգնվելու է ճշմարտությունը։

Դուք միայն ֆիզիկապես ու հատկապես մտովի առողջ եղեք, սա էլ կանցնի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ