Ի՞նչ է կատարվում այսօր հետընտրական Հայաստանում։
Հայաստանի արտաքին գործերի նախարար է նշանակվում մի մարդ՝ Արմեն Գրիգորյանը, որը հայտնի է որպես Հայաստանի գրեթե միակ բարեկամը մնացած Ռուսաստանի դեմ հայացքներով։ Սա հակառուսական ցույցերի ակտիվ մասնակից էր։ Եվ ընդհակառակը՝ նա հայտարարում էր, որ պետք է փոխել ազգային անվտանգության ռազմավարությունը և թուրքերին ուղղակի հանել թշնամիների ցանկից։ Հիշո՞ւմ եք, Ղարաբաղն արտաքին գործերի նախարար ուներ, որին ՌԴ-ում դեպորտ էին արել, 5 տարով։ Նման նախարար ունենալը ամոթ է ուղղակի, բայց մենք հեսա կունենանք։ Պատերազմից հետո պետք է ունենաս գերպրոֆեսիոնալներ, բայց մենք ընտրում ենք թույլիկներին։
Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի սրտի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ամեն օր համաձայնություններ է տալիս, որ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրեական հետապնդումներ սկսեն, Նիկոլն էլ ուժերի ներածին չափով հետապնդում է։
ՀՀ սովորական քաղաքացին՝ Նիկոլի միջին վիճակագրական ընտրողը, կարող է ասել՝ ի՞նձ ինչ։ Քեզ ոչ մի բան, այ երկրի համար լավ չէ։
Այս պահին Հայաստանում կան լիքը ադրբեջանցիներ, տուրիստ են եկել, Իրանի Իսլամական Հանրապետությունից, ֆռֆռում են, Հյուսիսային պողոտայում քնում, պատվաստվում են անվճար։ Իսկ ինչ է տեղի ունենում Բաքվում․ դատում են հայերին որպես լրտես, դիվերսանտ, ծանր հանցագործ։ Սա էլ կարող է չմտահոգել Նիկոլի՝ միջին վիճակագրական ընտրողին։ Ի՞նձ ինչ, ես ինձ համար տանը նստած եմ։ Կարող է մարդ, որն ընտրել է ՆԻկոլին կամ էլ չի գնացել ընտրության, այսինքն՝ այնուամենայնիվ ընտրել է Նիկոլին, ասել՝ մեկ է՝ ես գնում եմ երկրից, ինչ ուզում է՝ լինի։ Նրանց համար մեկ է՝ Ղարաբաղ կտաս, Սյունիք կտաս, արտաքին գործերի նախարարը կլինի աներձագ Հրաչը, թե Սորոսն անձամբ։ Մենք տեսնում ենք, որ հայրենիքի նկատմամբ թքած ունեցողների թիվը գերակշռում է սրտացավ մարդկանց թվին։
Իսկ գուցե նրանց հետաքրքրի, որ այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան Երասխի հատվածում ուզեցել է թշնամին առաջ գալ և ունենք զո՞հ։ Սարսափելի է սա, մանավանդ որ Նիկոլն ասում էր, թե խաղաղություն է բերել։ Կամ գուցե մտահոգի այն, որ Շուշիից կրակել են մեզ վրա՞։ Կամ այն, որ երկու զինվորի հետ կապը Սև լճի հատվածում, որտեղ լիքը ադրբեջանցիներ կան, կորել է։ Ի դեպ, աբսուրդ է, որ ՊՆ-ն առավելություն է դիտարկում այն, որ զինվորը առանց զենքի է ծառայություն իրականացրել, այն էլ՝ թշնամիներով լեցուն տարածքում։ Իսկ մտահոգո՞ւմ է, որ Ալիևը սպառնում է նոր պատերազմով, որպեսզի տիրանան Սյունիքին, Սևանին, Երևանին։ Իհարկե՝ Նիկոլի սովորական ընտրողը կասի՝ հետո՞ ինչ, միջադեպ է, կարող է և այդպես լինել, զոհն էլ է նորմալ, անհետանալն էլ, պատերազմն էլ, նաև այն, որ հայկական Շուշիից կրակել են հայերի վրա։ Կարևորը՝ իրենց զավակը բանակում չէ, ողջ առողջ է ու Աբովյանի դիահերձարանում լցված են ուրիշների դիերը։ Նիկոլը սովորեցրեց, որ ամեն մեկը միայն իր մասին մտածի, բայց խոսի ժողովրդի անունից։
Հայաստանում զորահավաք է, ու մարդիկ կային, որ մինչ այս ուրախացել էին, թե՝ էլ մեր տղերքը Ղարաբաղ չեն գնա, իսկ հիմա ասում են՝ տղաս գնաց Վարդենիսի սահման, Ղափանի սահման, արդեն տեսավ, որ որ կողմ էլ տանեն՝ սահման է։ Էն ժամանակ, այսինքն՝ ամիսներ առաջ, սահմանը 350 կիլոմետր էր հեռու նրանցից, հիմա՝ 100 մետր։ Էլ չեն գնում պաշտպանելու Արցախը, դրա կարիքը այլևս չկա, հիմա պաշտպանում ենք Արարատը, Ջերմուկը, Մարտունին, Սիսիանը։
Սա վերաբերում է բոլոր-բոլորին, բայց չհասկացողները, միայն փորի մասին մտածողները կարող են էլի անտարբեր լինել։ Ասեմ, որ սա էլ վերջը չէ։
ԱԱԾ-ն մտել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ու այնտեղից մարդկայնց է տանում։ Արդեն երկու շաբաթ է՝ իշխանությունը թույլ չի տալիս կոմբինատի խտանյութի արտահանումը։ Հայաստան չի մտնում միլիոնավոր դոլարներ։ Դու տնտեսական ծանր վիճակում ես, պարտքեր ես կուտակում, որ մարդկանց թոշակ տաս ապրեն ու ընկել ես հետապնդումներ հետևից։ Սա հենց այդ փորի մասին մտածողների համար է, որովհետև ոչ մի իրեն հարգող երկիր, իրեն հարգող բիզնեսմեն Հայաստանում ներդրում չի անելու, աշխատատեղ չի բացելու, որովհետև այ էսպես կարող են գալ ու խուզարկել, փակել, կալանավորել։ Էլ չեմ ասում, որ ներդրողը չի իմանա որտեղ էդ գործարանը բացի, որովհետև բոլոր տարածքների վրա Ալիևն աչք ունի, ու սա չի արձագանքում։
Կառավարությունը հաստատում է ներդրումային պլանը, որտեղ նշած է, թե տարեկան 270 մլրդ դրամի կարգի ներդրում են բերելու, ու հենց երկու օր անց իր քայլերով հայտարարում, թե այ ներդրող, հո խելքդ հացի հետ չես կերել, էս ո՞ւր ես գալիս։ Այս իշխանությունը ներդրումն երի թիվ 1 թշնամին է։ Քեզ՝ միայն փորի մասին մտածող, զրկում են հացից։ Այ սրա մասին հաստատ պետք է մտածես։
Էս էր այդ «ապագա կա, ապագա»-ն։ Մեր երկրում չկա մի հոգի, որին այս իշխանությունը ինչ-որ կերպ կպած չլինի, կալանավորումը չի վերաբերում, վերաբերում է երաշտը, խուզարկությունը չի վերաբերում, վերաբերում է աշխատանքից ազատվելը, զինվորի կորուստը չի վերաբերում, վերաբերում է ահռելի գնաճը։ Բայց հաստատ մի բանով կամ մի քանի բանով սրանք կպնում են քո՛ անձնական շահին, քո՛ ընտանիքին, քո՛ գրպանին։ Ու դուք գոնե տեղյա՞կ եք, որ այս ամենը եղավ ձեր ծայրահեղ, հանցավոր անտարբերության պատճառով։
Հայաստանում կատարվողը խոպան եկած իշխանության պահվածք է։ Ամեն ինչից երևում է, որ այս իշխանությունը չի եկել երկար մնալու մտադրութւյամբ, այլ եկել է ծրագիր իրականացնելու համար։ Իշխանություն, որն ուզում է երկար մնալ, երբեք չի անում նման սխալներ, այն է՝ երկրի կեսը զիջել թշնամուն, անհաջող կադրերի բերել, աղքատ դարձնել պետությունը, ժողովրդին մղել արտագաղթի, ուժեղ համայնքապետերին կալանավորել, թույլերին պաշտոն տալ։ Չէ՞ սեփական տուն ունենալով՝ առաջին հերթին վերանորոգում ես, որ հարմարավետության մեջ ապրես, սրանք քանդում են տունը, ուրեմն ապրել այնտեղ չեն ուզում, չեն պատրաստվում։ Իշխանություն, որը պատրաստվում էր մնալ, երբեք չէր գնա այն քայլերին, որոնց սրանք գնացին։
Կարճ ասած՝ Ինձ, օրինակ, թվարկածս ամեն ինչը և՛ հետաքրքրում է, և՛ վերաբերում է, և՛ անհանգստացնում է։ Եվ ուզում եմ իմանալ, ես՝ ՀՀ քաղաքացիս, ինչո՞ւ պետք է պատասխան տամ ուրիշների սխալ ընտրության համար։ Հույսով սպասելու եմ, որ նիկոլին ընտրած ամեն մի քաղաքացի պատասխան տա իր ընտրության համար։ Այս պահին առաջին հերթին հատուցում են Նիկոլին չընտրածները, նրա ընդդիմախոսները, բայց պետք է հատուցեն բոլոր նրանք, ովքեր ձայն են տվել նրան։ Այդ հատուցումը կլինի ամենատարբեր ձևով, բայց հույս ունեմ, որ դա լինելու է։ Քանի դեռ ամեն մեկը անձնապես, ինչ-որ գնով չի հատուցել, մենք չենք ունենա նորմալ, գիտակից, ստահակների հետևից չգնաող հանրություն։ Մեր ժողովուրդը շարժվում է «վերքը միայն տիրոջն ցավ տալիս» սկզբունքով։ Ուրեմն ձեր սխալի պատճառով ոչ թե միայն ես ու իմ պես մտածողները պետք է տուժեն, այլ դուք, ինձանից տասնապատիկ ավելի։
Բոլոր նրանք, ովքեր Նիկոլին ձայն են տվել, նրանք բոլորը մասնակից են այն հանցագործությանը, որի արդյունքում փորձ է արվում Հայաստանում ստանալ քաոս, Հայաստանը դարձնել ամենաանկառավարելի ու քայքայված երկրներից մեկը։ Իսկ այդպիսի երկրներ այն էլ հիմա, մեր աչքի առաջ կան։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը