Հայաստանի գործող իշխանությանը շատ են մեղադրում, որ բոլոր խոստումները տապալել է, ոչինչ չի արել՝ տնտեսությունը փուչիկ աճ էր, հետո փլուզվեց, ներդրումները ոչ միայն չկան, այլև արդեն եղածներն են փախչում, արտագաղթի տեմպերն աղետալի են, 5 ամսում 90 հազար մարդ, թոշակները չեն բարձրանում, աղքատների թիվն աճում է, գնաճը ուղղակի սարսափելի է։
Ու երբ ասում ես մեկ դրական բան ցույց տվեք, մեկ արձագանք ունեն՝ բա ասֆալտը, ասֆալտ ենք անում, ասֆա՜լտը․․․
Լավ, մտածում ենք, ո՞րն է պատճառը, որ այս իշխանությունը ջանասիրաբար ասֆալտ է անում, բոլոր ոլորտները մատնել է անտերության ու ասֆալտ է անում։ Խորանում ենք թեմայի մեջ ու սարսափում․ պարզվում է՝ ասֆալտ անելու միջոցով տեղի է ունենում միլիոնավոր դոլարների օրինական գրպանում։
Բացատրեմ․ ասֆալտ անելու համար շինարարության որակի տեխնիկական վերահսկողություն է սահմանվում։ Հայաստանի իշխանությունը 2019 թվականին փոխեց կարգը ու դա դարձրեց ինժիներական հսկողություն և խորհրդատվության տրամադրում: Տեխնիկական հսկողության համար սահմանված էր օբյեկտի նախահաշվային արժեքի 1%-ը։ Այսինքն, 1 տոկոսը տալիս էիր այդ հսկողությունն իրականացնելու համար։ 2019 թվականին որոշեցին, որ հսկողության ու ասֆալտ անելու խորհրդատվության համար պետք է վճարել 5 տոկոս ու՝ տարան մտցրեցին դա պետական բյուջեի մեջ՝ որպես առանձին տող։
Հասկացա՞ք։ Այսինքն՝ գումար ես դուրս գրում ասֆալտ անելու համար, հետո բյուջեից ասֆալտ անելու խորհրդատվության համար ես գումար տալիս ու հսկողության համար, գումարն էլ դարձրել ես նախահաշվային արժեքի 5 տոկոսը՝ 1 տոկոսի փոխարեն։
5 տոկոս դարձնելուց հետո էս մարդիկ մտածում են՝ իսկ ո՞ր կազմակերպությունը վերահսկի, որ էդ 5 տոկոսն էլ գնա հենց այնտեղ, որտեղ իրենք են նախատեսում։ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի շնորհիվ, կառավարությունը որոշում է կայացնում՝ թույլ տալով «Կոքս քնսալթ» ընկերությունից մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել տեխնիկական հսկողության ծառայությունները։ Միայն մեկ տարում շուրջ 145 կիլոմետր ճանապարհի որակ է ստուգում:
Միայն 2020-2021թթ․ ասֆալտապատման համար հատկացված 149,3 մլրդ դրամից 5%-ը, այսինքն՝ շուրջ 7,5 մլրդ դրամ 14 միլիոնդոլարից ավելի գումար, գնացել է այդ ծառայությանը։ Այս տարի կենացները քաղցրացան, ու այդ ընկերությանը ներգրավեցին Հյուսիս-հարավ ծրագրի մեջ։
Պատկերացնում ե՞ք՝ քեզ թվում է, թե իշխանությունը ասֆալտ է անում, որ ձեր կյանքը բարելավի, որովհետև իշխանության են եկել հենց որպես ձեր ծառա ու ծառայում են։ Բայց պարզվում է՝ մարդիկ ասֆալտ անելով՝ դառնում են դոլարային միլիոնատեր։ Ու դա ընդամենը 2 տարում։ Մարդիկ ասում են՝ մեր գյուղը ասֆալտապատել են, մեր փողոցներն ասֆալտապատել են։ Բա դրա տակ ի՞նչ է թաքնված։
Կոռուպցիայի, նախկիների թալանի թեման դարձել է բերանի ծամոն, ու ով հասցնում է՝ գցում է իր բերանն ու սկսում ծամել։ Տեսնում ես, որ հիմա ամեն ինչ ավելի վատ է դարձել, էն ժամանակ մեկ տոկոս էին տանում, ասում էինք թալան է, հիմա տանում են 5 տոկոս։
5 մլրդ դոլարով ավելացել է Հայաստանի պետական պարտքը՝ նիկոլ Փաշինյանի օրոք։ Որտեղի՞ց ․ 14 մլն դոլար գնացել է մարդկանց գրպանը՝ խորհրդատվության ու հսկողության արդյունքում, 204 մլն դոլար գնացել է մարդկանց գրպանը պարգևավճարների արդյունքում, հավայի բաների վրա փողեր են ծախսել, ու ազգը ընկել է պարտքի տակ։
Կոռուպցիայից են խոսում, բայց ախր կոռուպցիան պոզ ու պոչով չէ, սա՛ է կոռուպցիան։ Համահայկական հիմնադրամի միջոցով մեր հայրենաքկիցները, մենք 170 մլն դոլար ենք ուղարկել մեր երկրում պատերազմի հետևանքների վերացման համար։ Ո՞ւր են էդ գումարները։
Նիկոլ Փաշինյանն ինձ՝ ՀՀ քաղաքացուս ասել է, որ պետք է յուրաքանչյուրս կարողանանք մանրամասնորեն իմանալ, թե որ պաշտոնյան ինչ միջոցների է տիրապետում, ով ինչ ունի և ինչպես է ստեղծվել։ Հիմա մեզ հետաքրքրում է՝ միայն ԱԺ նախագահի աշխատավարձով ապրող Արարատ Միրզոյանի՝ հեղափոխությունից հետո առաջացած ունեցվածքի, Փաշինյանի պատգամավոր աներորդու, ԱԺ փոխխոսնակ Սիմոնյան Ալենի ու շատ-շատերի ունցեցվածքի աղբյուրը։ Ինչի՞ հաշվին է ավելացել։ Արդա՞ր է։ Ուրախ կլինիեմ, եթե արդար միջոցներով է, բայց հաշվետվություն եմ ուզում։
Հազար ու մի հիմնադրամներ են գործում՝ «Իմ քայլը», ինչ-որ ժպիտներ և այլն և այլն, ի՞նչ փողեր են ֆռում, ո՞ւր են մտնում-դուրս գալիս։ Բանակի կլուբնիկը, ով ու ոնց էր մատակարարում, հարյուրավոր միլիոն դոլարների տարբեր զինատեսակներըև, որոնց մի մասը անպետք էին, երկինքը չէին փակում, աստղաբաշխական գումարներով զրահաբաճկոնները, ավտոմատները, անորակ արկերը։
Վերահսկիչ պալատի բացահայտումները ուղղակի ցույց են տալիս, թե ինչ թալան է կատարվում պետական բյուջեի հետ։
Կարճ ասած՝ հանրության՝ փողոց դուրս գալու, մեր երկրում փոփոխություն իրականացնելու գլխավոր մոտիվացիան վատ բարքերից հրաժարման հույսն էր, կոռուպցիայի դեմը առնելը, որի մասին էդքան խոսում էին։ Մեզ ասում էին, որ մեր գրպամնից գնում է, մեր գրպանը դատարկ է, որովհետև որոշների գրպաններն է լցվում, մեզ թալանում են։ Իշխանությունը փոխվեց, մեր գրպանները դարձյալ մնացին դատարկ, գոտիներս ձգում ենք, բայց այն ժամանակ որոշ աղքատ գրպաններ այսօր արդեն պատռվում են փողի ծանրությունից։ Սոցիալական արդարություն ու հավասարություն էինք պահանջում ու ահա թե ինչ ստացանք։
Այս ամենին մնաց 9 օր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը