Մենք ամեն օր կարևորում ենք ազատ ու արդար ընտրությունների անցկացումը։ Պետք է յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ազատորեն գնալ ընտրատեղամաս և կատարել իր ընտրությունը ու պետք է որևէ խոչընդոտ չլինի դրան, պետք է ոչ մի նյութական կախվածություն, վախի զգացում չունենա իր այդ ընտրությունը կատարելիս։ Ու կարևոր է, որ ընտրության մասնակից յուրաքանչյուր քաղաքական ուժ լինի նույն ստարտային վիճակում։
Երբ թեկնածուներից մեկին ուղեկցում են բազմաթիվ միգալկեքով մեքենաներ ու թիկնապահներ, երբ նա բեմից խոստումներ է տալիս որպես վարչապետի պաշտոնակատար կամ իշխանության ներկայացուցիչ, այդ ժամանակ, արդեն, բոլորը հավասար պայմաններում չեն։
Ընտրությունների վրա ազդող ամենամեծ գործոններից մեկը ընտրակաշառքն է, ընտրողներին նյութապես շահագրգռելը․ դա ամբողջությամբ ձևախեղում է ընտրական պատկերը։ Բազմաթիվ ահազանգեր են լինում ընտրակաշառքի մասին։ Դրանց մի մասը կասկածելի է, մի մասը հաստատպես սուտ․ բայց կառավարությունն անում է բաներ, որոնք հենց ընտրակաշառքի տպավորություն են թողնում։
Օրինակ, երբ քաղաքացին հարցնում է, թե Կաքավաձորի ճանապարհների հարցը երբ պետք է լուծվի, ու ԱԺ իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասում է՝ «Գյուղով ընտրեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և մենք այդ հարցը կլուծենք, դա ընտրակաշառք է այդ գյուղացիներին, իհարկե՝ պարտքով։ Ու չկա ընտրությունը վերահսկող մարմին, որ ասի հոպ, այ տղա, էս ինչ ես անում։ Օրերս ասում էի, որ կարևոր է, որ ԿԸՀ-ն, դատախազությունն ու այլ մարմիններ հայտարարություն-կոչեր են անում, բայց վատ է, որ իրենք չեն գնում դրա հետքերով։
Այլ օրինակներ բերեմ․ գաղտնիք չէ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը մինուս է գնում հսկայական տեմպերով։ Գյուղացիներն ամեն օր բողոքում են ոռոգման ջրից, բողոքում են սերմացուի պակասից, վառելիքի գնից։ Իշխանությունը ոչինչ չի անում։ Հիմա սերմացուի ժամանակն անցավ, կառավարությունը սերմացու չտվեց գյուղացիներին։ Բայց երկու ամիս կա մինչ խոտհունձը, վարչապետի խորհրդականը խոտհնձիչ ավտոմեքենաներ է տալիս Սյունիքի որոշ գյուղերի։ Սա ընտրակաշա՞ռք է, կարո՞ղ է այդպիսին դիտվել։
Իհարկե՝ ես չգիտեմ, թե դրանով ինչ են հնձելու սահմանամրեձ գյուղերի գյուղացիները, որովհետև կառավարությունը խոտհնձիչները նվիրել է իրենց, իսկ հնձվող տարածքը՝ թշնամուն: Զարմանալի է, թե ինչպես են հնձելու այդ խոտը, եթե խոտհարքերը Ադրբեջանին են անցել, որն էլ մնացել է մեզ, թշնամու նշանառության տակ է։ Բայց նաև նշված չէ, թե ինչ միջոցներով են սահմանամերձ գյուղերին նվիրել այդ խոտհհնձիչները։ Եվ կրկնում եմ՝ ինչու է հիմա նվիրվել։ Ժամանա՛կն է անհասկանալի, մոտիվացված կամ գուցե հենց կաշառքի նպատակով։
Կամ ինչպե՞ս է լինում, որ կառավարությունը հանկարծ որոշում է տարվա կեսից սուբսիդիա տալ գյուղատնտեսության մեջ աշխատողներին։ Սա էլ է աբսուրդ։ Սովորաբար սուբսիդիայի մասին խոսում են բյուջեն կազմելիս՝ նոյեմբե-դեկտեմբեր ամսին, որ հաջորդ տարվանից կտրվեն դրանք, և օրենսդիր մարմնում էլ քննարկում են որպես բյուջեի տող։ Ինչո՞ւ է դա արվում ձմռանը․ որպեսզի գյուղացին ինքը որոշի, թե գարնանն ինչ է անելու, պլանավորի իր աշխատանքը։ Չի կարող կառավարությունը տարվա կեսից ասել՝ ես որոշեցի սուբսիդիա տալ։
Բայց հանկարծ տեղեկանում ենք, որ անհասկանալի պատճառներով կամ խիստ հասկանալի պատճառներով, առանց նախապես հայտարարելու, տարվա կեսից կառավարություը սուբսիդիա է տալիս գյուղացիներին։
Մեկ այլ ուշագրավ դեպք է էլի բյուջետային տարվա կեսից Վանաձորի բժշկական կենտրոնի 370 աշխատողների աշխատավարձի հանկարծակի բարձրացումը։ Քարոզարշավից օրեր առաջ հայտարարվում է, որ հունիս ամսին բարձրացել է։ Ընդ որում, այդ հիվանդանոցի տնօրենըբ ՔՊ ցուցակում է։
Պետք է զուսպ լինեն ընտրության մասնակիցները, արդար ընտրությունը օդ ու ջրի պես կարևոր է, վերջապես մենք պետք է ունենանք ընտրություն առանց կաշառքի, առանց կոռուպցիայի, առանց էյֆորիայի։ Չես կարող դու բարձրացնել աշխատավարձ ընտրություններից օրեր առաջ, գյուղի փողոց ասֆալտապատել, խոտհնձիչ սարք տալ ու ասել՝ ահա ժողովուդ, ձեզ առաջ կաշառում էին։ Բա դու էլ ես դա անում։
Սա ստվերում է արդար ընտրությունների հայտարարություններն ու խոստումները։ Բայց սա անողները, ըստ օդում կախված լուրերի, ընտրակաշառք են ցանկանում բեմադրել, թե ընդդիմադիր ուժերը կաշառք են տալու և մարդիկ են ման գալիս, որոնք էն ազատամարտիկ ներկայացող կնոջ պես կասի՝ հա, ինձ փող էին առաջարկում։
Ընտրակաշառքից ոչ պակաս վատ գործոն է վարչական ռեսուրսի կիրառումը։ Խոսքն ավելի շատ այն մասին չէ, որ ստիպելով հանրահավաքի են տանում ուսուցիչներին, ծնողներին, մարզպետարայնի աշխատողներին։ Դա աբսուրդ է, դա տպավորություն է մեծ քարոզարշավի։ Բայց մեկ է՝ վաղը էդ մարդիկ ձայն չեն տալու։ Մարդուն, որին տարար քարոզարշավի զոռով, ինքը հենց դրանից դրդված՝ քեզ ձայն չի տալու։ Վարչական ռեսուրսից ավելի սարսափելի է սպառնալը մարդկանց, թե եթե չընտրեք այսինչին, գործից կհանենք։
Օրերս ահազանգ էինք ստացել, որ Արագածոտնի մարզի Արագածավանի բնակչին ազատել էին աշխատանքից Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար: Մարդը պահակ էր Ջրային կոմիտեում։ Մարդը եթե գնացել-պահակ է աշխատում, ուրեմն հացի խնդիրն ունի, չէ՞։ Երբ դու ընդդիմադիր հայացք ունեցողներին գործից հանում ես, այն էլ՝ պահակին, նշանակում է դու որոշում ես, որ այս երկրում ընդդիմադիր մարդը՝ կլինի հավաքարար, թե վարչության պետ, աշխատելու իրավունք չունի։ Սրանով դու ժողովրդավարության վրա մի հատ մեծ տապանաքար ես դնում ու վրան գրում ես «ապագա կա»։
Այդ մարդը, ում գործից հանել են, 3 պատերազմների մասնակից է, որդիներն էլ են մասնակցել վերջին պատերազմին։ Հերոս մարդուն դու հնարավորություն չես տալիս իր աշխատանքով վաստակել, էդ մարդը մեր երկրի համար է կռվել: Սրբություն չունեցողի քայլ է։ Ընդ որում, դա ավելի է դրդում մարդկանց կանգնել ընդդիմադիր թեկնածուի կողքը։
Այս բաները պետք է չլինեն։ Երբ նախարարութան աշխատողներին, մարզպետարանների աշխատողներին ցուցակներ են տալիս, նշանակում է, որ մենք բոլոր վատ ավանդույթները պահպանում ենք։ Ուզում եմ իմանալ, արդյո՞ք սրանք ընտրակեղծիք չեն․ բա կեղծիքը պողզով ու պոչո՞վ է լինում։
Կարճ ասած՝ շատ ավելի հեշտ է ոչինչ չանելը, հանրության 40 տոկոսին մղել աղքատության գիրկը, որպեսզի հետո կարողանաս կառավարել, որպեսզի խոտհնձիչ նվիրես ու ձայն տա։ Հատկապես երբ աշխատել չգիտես, ու ժողովուրդդ աղքատ է, 10 հազար դրամն իր համար մեծ գումար է։ Ես հասկանում եմ նույնությամբ, որ հեշտ է երկրում այնպիսի գործազրկության մակարդակ ստեղծելը, որ մարդիկ վախենան աշխատանքը կորցնելուց ու գնան քո ասածով ընտրեն։
Բայց ես նաև մի բան գիտեմ՝ մեր պատերազմ տեսած, այդ պատերազմի թիվ մեկ պատասխանատուներին, մեղավորներին ու մոդերատորներին հստակ ճանաչող ժողովրդին ոչ մի բանով հնարավոր չէ վախեցնել այլևս։
Եվ հաստատ գհիտեմ, որ այս ամենի ավարտին մնաց 12 օր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը