Չափազանց կարևոր է, որ նախընտրական այս կարճ շրջանը և հետընտրական փուլն անցկացնենք հանդարտ մթնոլորտում, որպեսզի լինի միայն կարծիքների բախում, տեսակետների համադրում, և ընտրությունը ստվերող, պետությունն իրար խառնող որևէ քայլ չկատարվի և ոչ մեկի կողմից։ Դա մեր երկիրը էլ ավելի է հետ տանելու, չնայած որ հիմա ինչքան հնարավոր է՝ հետ ենք։ Հայաստանում մինչև նախընտրական քարոզչությունն արդեն թեժ էր մթնոլորտը և հասկանալի է, որ այսպես շարունակելը լավ տեղ չի հասցնելու։
Այսօր՝ նախընտրական քարոզարշավի առաջին օրը, շատ կարևոր էր, որ բազմաթիվ կոչեր հնչեցին քաղաքակիրթ քարոզարշավ անելու։ Բայց լավ կլինի, որ կոչերին անհրաժեշտության դեպքում հետևեն գործողություններ։
Օրինակ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ արեց ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ թեկնածուներից մինչև ընտրող, խստագույնս պահպանել ընտրական օրենսգրքի պահանջները, հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը։
ԿԸՀ այս հայտարարությունը խիստ կարևոր է, որովհետև ուղղակի ահազանգերը լեփ-լեցուն են, որ վարչական ռեսուրս է օգտագործվում, որ աշխատանքային ժամերին մարդը օգնականներին, խորհրդականներին, նախարարներին առած՝ գնում է քարոզ անելու։ Բայց ցավոք, ԿԸՀ-ն պատշաճ չի հետևում օրենքի պահպանմանը։ Պետք է ԿԸՀ-ն ուշադիր լինի, երբ քարոզչական նյութերը փակցվում են ոչ թույլատրելի վայրերում։
Նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել և ասում է, որ բարդ ու ճգնաժամային վիճակում են ընտրությունները տեղի ունենում և կոչ է անում լինել առավելագույնս զուսպ, հարգել ընտրողին ու մրցակցին, ցուցաբերել խոհեմություն ու հանդուրժողականություն: Այս կոչն ուղղում է բոլոր քաղաքական ուժերին։ Բոլորին դիմելու կարիքը գուցե կա, բայց արդյո՞ք չարժե դիմել կոնկրետ այն ուժերին, որոնք այս պահին հակառակ բաներն են անում։ Կոչը արդյո՞ք պետք է հասցեական չուղղել։ Առաջարկում է իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին: Բայց մենք տեսնում ենք, չէ՞, այս պահին խախտումներ։ Ուրեմն կոչը պետք է զուտ կոչ չմնա։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս կոչ է անում վիրավորանքների, զրպարտանքների տեղիք չտալ, ատելության ու բռնության ցանկացած կոչ, հանրությունը բևեռացնող հայտարարություն չանել, չոտնահարել մարդու իրավունքները։ Անկեղծ եմ ասում, ինձ մոտ տպավորություն է, որ բոլորը կոչ են հղում իշխող ուժին։ Տեսեք, քարոզարշավի առաջին օրը նայում ենք մասնակից ուժերի հայտարարությունները, ելույթները․ մարդիկ իրենց են ներկայացնում, իրենց ծրագիրը, և միայն մեկ ուժ կա, որ էլի ատելություն է սերմանում նախկինների նկատմամբ, օգտագործում է մատեր կտրելու, բոմժ, հայհոյախառն հայտարարություններ։
Ուրախալի է, որ Փաշինյանն ինքը ելույթում կարևոր է համարում քաղաքացիական պատերազմը կանխելը։ Բայց ուզում եմ իմանալ՝ այդ ո՞ւմ բառապաշարն է բերում այդ պատերազմին, ո՞ւմ քայլերն են մոտ դրան հասցնելուն։ Կա՞ մեկ այլ թեկնածու, որը սևացնում է բոլորին։ Կամ ինձ հետաքրքիր է՝ եթե ասենք, դպրոցի ուսուցիչներին, մարզպետարանի աշխատողներին արգելում են, տեղաշարժվել և տանում են միտինգի, դա մարդու իրավունքների խախտում է, չէ՞։ Կա, չէ՞, մի կառույց, որ սրանով պետք է զբաղվի։
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ու էլի ընտրություններն օրինականության տիրույթում անցկացնելու մասով։ Ասում է՝ դիմեք մեզ, օպերատիվ արձագանքենք։ Քաղաքացու իրավունքների դեմ ոտնձգությունների կանխման ու բացահայտման մասին են խոսում։ Ուզում եմ իմանալ՝ երբ թեկնածուի հետևից մեկը գոռում է դավաճան, կապիտուլյանտ, ու էդ թեկնածուի աջակիցները վազում են նրա հետևից, ոստիկանությունն անելիք ունի՞, թե չէ։ Երբ փչացնում են պաստառները, ձվահարում են, սկսում է ֆեյքային գրոհ, էս ուղղությամբ աշխատո՞ւմ է ոստիկանությունը։
Կամ լուրեր են պտտվում, որ հատուկ շտաբ է ձևավորվել, որտեղ ներգրավված են ուժային կառույցների ներկայացուցիչներ, պատգամավորներ և այսպես կոչված՝ գործարարներ, որոնք նախկինում հայտնի էին որպես օլիգարխներ։ Հենց այդ շտաբի միջոցով է համակարգվում ապօրինությունների կատարումը, այդ թվում նաև պաստառների հետ կապված գործողություններն ընդդեմ «Հայաստան» դաշինքի, քննչական մարմիններ մարդկանց կանչելը, ճնշումներ գործադրելը, վախեցնելը և այլն։ Դրանցով զբաղվող կա՞։
Քննչական կոմիտեն աշխատանքային խումբ է ստեղծել, որը հետևելու է քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հարցերի, դատախազությունն է ակտիվ ծառայություն ստեղծել։ Բայց հիմա ինձ հետաքրքրում է՝ կոնկրետ անձինք, երբ հայտարարություն են անում, թե եկեք բոլորս հավաքվենք ու արգելենք այսինչ դաշինքի մուտքը մեր մարզ, արդյո՞ք դրա հետևից գնում է։ Խոսքս իշխանական թիմի ներկայացուցիչ ոմն Արսեն Ավագյանի մասին է, որը փորձում է բոյկոտել «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։ Ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը վերջերս Շուռնուխի նախկին գյուղապետին, մի խումբ սյունեցիների կալանավորեցին, ձերբակալեցին, որ իբր խանգարում էին ՆԻկոլ Փաշինյանի այցին Սյունիք։ Բա էս բոյկոտին ուշադրություն չե՞ք դարձնելու։
Պետք է բացառվի այս ամենը։ Պետք է յուրասքանչյուրն իր տեղում լինի, որ նորմալ քարոզարշավ ու հետևանքներ լինեն։
Հիմա մենք ունենք մի վիճակ, երբ ընտրությանը մասնակից՝ ազդեցիկ ուժերից մեկի ղեկավարը՝ ՀՀ վարչապետի ԺՊ-ն, պատերին ծեփելու կոչ է անում, զենքի մասին է խոսում և այլն։ Ունենք նաև մյուս կողմը, որ հաղթանակի ամենամեծ շանսերն ունեցող ուժի՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարը կոչ է անում, որը լիովին համապատասխանում է այս կառույցների հրապարակած կոչին՝ իր թիմակիցներին կոչ անելով կենտրոնանալ ծրագրերի բովանդակության վրա, մարդկանց պոզիտիգվ տրամադրությամբ վարակել, պոզիտիվություն տալ։ Մի տվեք սադրանքի, որովհետև բախումներ են փորձում հրահրել։ Հարգանքով վերաբերվեք բոլոր ուժերին։
Կարճ ասած՝ եթե ընտրություններից հետո մեր հանրությունը համերաշխ դուրս չեկավ, ուրեմն մենք խնդիրներ ենք ունենալու, հետ ենք շպրտվելու։ Պետք է բոլորը շարժվեն այն գիտակցմամբ, որ մենք շատ ենք ջլատվել, ու պետք է արդեն մենք լինենք միասնական։ Եթե հանրության առաջնորդները միավորման կոչեր չանեն, տարանջատեն, բաժանեն, մարդիկ հեշտ խաբվելու են։
Կոչ եմ անում ժողովրդին, չտրվել սադրանքների։ Ասել եմ ու շարունակում եմ ասել՝ պետությունն ունի երկու ճանապարհ՝ կամ ցեխի մեջ թավալվել, կամ բռնել փձրկության ուղին։ Բայց երկուսն էլ դու ես ընտրում։
Մնաց 13 օր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը