Ի՞նչ վերաբերմունք ունեք, ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք, որ մարդիկ, որոնք Արցախը թուրքին են տվել կամ որ Արցախը թուրքին տալուն դեմ չեն եղել, չեն բողոքել, մարդիկ, որոնք այս թրքաբարո, թրքասեր իշխանության սատարողների շարքերում են, ամենահայրենասերն են ձևանում։ Երբ նիկոլապաշտ մեկը, ով ցույցի դուրս չի եկել, երբ հայրենիքը վաճառել են, սկսում է խոսել հայրենիքից, իր սոցցանցի էջերում դնում է հերոսների նկարները, ավտոմեքենայի հետնապակուն կպցնում, նրանց նկարով մայկաները հագնում ու դուրս գալիս փողոց։ Կոմանդոսի մահից հետո լիքը մարդիկ նրա հետ սելֆի են գցում ֆեյսբուք, գրառում անումներ անում, էջը մի քիչ ներքև ես իջնում, տեսնում ես, որ գոհունակություն է հայտնում Նիկոլին, որ կապիտուլյացիայ է ստորագրել, որպեսզի թուրքերը Երևան չհասնեն։
Ես, օրինակ, ինչպե՞ս վերաբերվեմ ԱԽ քարտուղարին, որը Մոնթեի նկարն է դնում իր ֆեյսբուքայն պատին ու գրում է՝ «ապագա կա»։ Ես ինչպե՞ս վերաբերվեմ էն մարդկանց, որոնք թողել են, որ ադրբեջանցիները մտնեն Շուշի, պղծեն Վազգեն Սարգսյանի արձանը, բայց Վազգեն Սարգսյանի ֆոտոները դնում են ու ճառ գրում։
Մոնթեն ի՞նչ է արել, Վազգեն Սարգսյանը ի՞նչ է արել, Կոմանդոսը ի՞նչ է արել․ հրամանատար են եղել, Քարվաճառ, Շուշի են ազատագրել։ Որ հողատուները հողն ազատագրողների ֆոտոները շեյր են անում, ի՞նչ են ուզում ասել դրանով։ Էդ որ Մոնթեի ֆոտոն դնում եք ձեր ֆեյսբուքյան պատին ու գրում եք ապագա կա, էդ ո՞ւմ հետ ապագա կա։ Դուք մի հատ հաշվի առնո՞ւմ եք, թե էս իրավիճակում իրեն ոնց կպահեր Մոնթեն, ո՞ւմ կսատկացներ։ Դուք պետք է դնեք էն մարդկանց ֆոտոները, որոնցով ոգեշնչվել եք հայրենիքը թշնամուն նվիրելու ժամանակ՝ էն ժելեյած գլխովի ֆոտոն, որ գնացել-հանձնվել էր Ադրբեջանին ու Հայաստանից էր բողոքում, էն Ադրբեջանցի դիվերսանտների ֆոտոն դրեք, որ Հայաստանում կալանավորված էին, բայց Նիկոլը հենց էնպես ազատ արձակեց։ Երբ Հունգարիան հանձնեց Ռամիլ Սաֆարովին, Հայաստանը կապերը խզեց Հունգարիայի հետ, երբ Նիկոլը արտահանձնեց մարդասպան դիվերսանտներին, մենք հլը թողնում ենք, որ Նիկոլը մնա ու մի հատ էլ վերարտադրվելու հայտ ներկայացնի։
Ես մեր հերոսներից ոչ մեկի ֆոտոն չեմ տարածում, որովհետև մենք իրենց արժանի չենք, մենք իրենց դավաճանել ենք, որովհետև նրանց ազատագրածը նվիրել են թուրքերին, ու մենք դրանց չենք քշել։ Բայց հենց թուրքին նվիրողները թունդ հայրենասեր են դարձել։ Սյունիքը տալիս են թուրքին ու Նժդեհի ֆոտո են ֆռացնում։ Սենց որ գնա, Նիկոլը մե՛զ կմեղադրի կապիտուլյացիան ստորագրելու մեջ։ Չնայած արդեն մեղադրում է, էլի։
Սա պետականություն չունեցող մարդկանց կեցվածք է, ոչինչ չհասկացող, ազգն ու հայրենիքը երկրորդական է սրանց համար։ Սրանք հաճույքով կապրեին, եթե Հայաստանը լիներ թուրքական լծի տակ, Էրդողանը Հայաստանում լիներ նախագահ, միայն թե իրենք պատգամավոր, վարչապետ ու նախարար աշխատեին։
Հայաստանի երեք տարվա զարգացման տրամաբանությունը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը՝ «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հիմա օր-օրի ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը Հայաստանում դառնում է անհնար, ու հիմա առաջին պլան է բերվել այդ կամ-կամ-ը․ եթե վբարչապետի աթոռը գնում է տակիցս, ուրեմն Հայաստանին վարչապետ պետք չէ, եկեք տանք թշնամուն։ Ու խնդրեմ, թշնամին արդեն Հայաստանում է։ Մանրից սրանք սովորեցնում են պետականության կորստին։ Ու ուշագրավը ո՞րն է․ նախկինում հանրությունը երբ իշխանությունից դժգոհ էր լինում, մտավորականությանը, հանրային, հասարակական գործիչներին, որոնք հրապարակավ չէին բողոքում, համարում էր ծախված ու դավաճան, հիմա ողջ մտավորականությունը, մասնագիտական շրջանակները, հոգևոր դասը ոտքի է ելել՝ վտանգի գիտակցումով, հանրությանն արթնացնել չի լինում։
Իմքայլականները երեք տարում իրականություն դարձրեցին Ադրբեջանի 30 տարվա երազանքը ու հիմա ասում են, թե իրենց խիղճը մաքուր է, գլուխը հանգիստ դնում են բարձին։ Այս ագրեսիվ փոքրամասնության կառավարման արդյունքում երեք տարում Հայաստանը զրկվել է ՍԴ-ից, Հայաստանը զրկվել է նորմալ կառավարությունից, Ազգային ժողովից, ամեն ինչ կորցրել է։ Սրանք ամբողջ երկիրը ամեն ինչով վարի են տվել ու հանգիստ քնում են՝ Մոնթեի նկարը գրկած։ Նիկոլի դեպուտատները նեղվել էին, երբ պատգամավորներից մեկն իրենց ասում էր հայամետ չեք։ Մի փաստ բերեք ձեր հայամետությունից ու ես ապշանքից ձայնս կտրեմ։
Ի՞նչ ունենք հենց այսօր․ թվարկեմ փաստերը․ թշնամին առաջ է եկել Սյունիքում ու Գեղարքունիքում, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերոջը՝ Պուտինի չի դիմել։ Հայտարարել է ՀԱՊԿ դիմելու մասին, բայց մեկ օպր անց ՀԱՊԿ-ը դեռ նամակը չի ստացել, պաշտպանության նախարարի ավտոմեքենան քարշ է գալիս ռեստորանների մոտ, մարդը արդարացնում է «ռեստորանի գեներալ» մականունը։ ՀԱՊԿ-ին ուղղված օգնության խնդրանքն էլ մի հոդվածով է, որը լուրջ օգնություն չի նախատեսում և տպավորություն է, էլի կատարում են պատվերներ՝ ռուսներին հեղինակազրկելու համար։ Ադրբեջանում արդեն մի քանի ակցիա եղել են ռուս խաղաղապահների դեմ, Հայաստանում էլ խնդիր են դրել Նիկոլի առաջ որքան ուժերը ներում են՝ ռուսներին հարվածի։
Դատախազությունն էլ անկապ գործ է հարուցում։ Սա ամենաաբսուրդայիններից մեկն է․
Տեսեք, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ հատել են Հայաստանի պետական սահմանը Գորիսից, բռնության սպառնալիք հնչեցրել, ասել են, որ այդ տարածքն իրենցն է։ Դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով: 329 հոդվածը մի խումբ անձանց կողմից պետական սահմանի ապիօրինի հատումն է, ապօրինի հատողներին էլ 3-7 տարի ազատազրկում է հասնում։ 300․2 հոդվածը Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններն են։ Սա ծանր հանցագործություն է, պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով։ Ամեն ինչ թվում է ճիշտ է, բայց դա միայն թվում է․ հանցագործները կան, ծանր հոդվածով քրեական գործը կա, խափանման միջոցը չկա։ Դու հանցանքը ֆիքսել ես, հանցագործին տեղորոշել ես, բայց չես կալանավորում։ Այսքանից հետո արդյո՞ք դատախազությունը իրավունք ունի որևէ հոդվածով Հայաստանում որևէ մեկին կալանավորելու։ Ու սրանք ասում են՝ հայրենիք ենք պաշտպանում։
Ես չեմ ասում, թե սրանք լրիվ անհայրենիք են, իրենք էլ իրենց ձև են պատկերացնում հայրենասիրությունը, դա իրենց համար այն է, երբ թշնամու հետ քիրվայություն ես անում, մի օր Շուշի ես հրավիրում չայի, մի օր՝ Վարդենիս, ներում ես Ցեղասպանության համար, թույլ ես տալիս, որ մինչև ընտրություններ՝ օրը 3,5 կիլոմետրա առաջ գան․ սա հայրենասիրության իրենց տարբերակն է։
Նախորդ թողարկմանը անդրադարձա Սյունիքում ստեղծված սահմանային իրավիճակի մի քանի հնարավոր պատճառների, ավելի վաղ հիշեցրել էի Ադրբեջանի արտգործնախարարի խոսքը, թե ճանապարհների ապաշրջափակման հարցում ունեն համաձայնություն, բայց հիմա ձայն չեն հանում, խնայում են Հայաստանի իշխանություններին։ Հավանականությանը շատ մոտ է տարբերակը, որ Ադրբեջանը, առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի պարտությունը կասեցնելու համար ընտրությունները հետաձգելու օգնություն է ցուցաբերում Փաշինյանին։
Կարճ ասած՝ սարսափելի կլինի, եթե մենք սովորենք ադրբեջանցիների հետ մեր սահմանների ներսում ամենօրյա դիմադրությանը։ Սրան սովորելը կլինի աղետալի։ Դրա համար ծայրահեղ անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Նրանք պարզապես անկարող են մեր պետական սահմանը պահել, նրանք անգամ չեն կարողանում մարդավարի դիմել ռազմավարական գործընկերներին։
Քանի դեռ Նիկոլն է իշխանության ղեկը վարում, մենք հա կորցնելու ենք, մենք մեր ողջ ունեցածով հատուցելու ենք Նիկոլին 2018 թվականին իշխանության բերելու համար:
Բայց միևնույն է՝ սրանց հեռանալուն մնաց 37 օր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը