Շաբաթ օրը մենք ականատես եղանք հերթական խայտառակ նախընտրական քարոզչությանը։ Այս մեկ քարոզչական շրջայցը՝ ընդամենը երկու գյուղ, պարունակում էր միանգամից մի քանի բացասական դրսևորումներ՝ սուտ խոստում, ուրիշների լավ արարքը իրեն վերագրում, զրպարտություն, վիրավորանք, վարչական ռեսուրսի շահագործում և այլն: Երևաց, որ էս մարդը նորմալ ընտրապայքար տանելու ցանկություն անգամ չունի։
Նիկոլ Փաշինյանը վարչապետի կարգավիճակում Վայոց ձոր այցելել է երեք անգամ․ առաջին անգամ գնաց 2018 թվականի նոյեմբերին, արտահերթ ընտրությունների համար։ Երկրորդ անգամ Վայոց ձոր գնացել է ներդրումային համաժողովի՝ «Իմ քայլը Վայոց ձորի համար» խորագրով։ Մի անգամ էլ գնաց նախորդ շաբաթ օրը՝ երեխաների հետ միտինգի։ Առաջին երկու հանդիպումները եղել են խոստումների հանդիպումներ, գլխից դուրս խոստումներ է տվել, ու ոչ մեկը չի կատարվել։ Նիկոլը մեկ գրամ արդյունք չուներ ցույց տալու էդ մարդկանց։ 3 տարի իշխանության ղեկին է, ընդամենը մեկ բան ասաց, որ արվել է՝ մարզում 14 կիլոմետրանոց ճանապարհի ասֆալտապատում․ դա էլ, պարզվեց, արվել է 7 տարի առաջ։ Մարդը գնացել էր ասեր ես ինչ խոստացել եմ ձեզ համար, չեմ արել, եկեք հիմա էլ ավելի մեծ խոստումներ տամ ու էլի ինձ կընտրեք, որ նախկինները չգան։
Փաշինյանին չեն էլ վստահում, ի դեպ, հենց դրա համար էլ 1500 և 1900 բնակչություն ունեցող Ռինդ և Գետափ գյուղեր գնաց ու հանդիպման էին եկել հազիվ 200 հոգի, առավելապես երեխաներ։ Ու հենց այս խայտառակ պատկերը տեսնելով՝ հրաժարվեց մյուս գյուղեր այցից կամ որևէ քաղաք չմտավ։
Նիկոլի՝ իրեն երեխաներով շրջապատելու վարկածներին անդրադարձել եմ․ երեկ մամուլը գրեց, որ Փաշինյանին խորհուրդ են տվել, որ երեխաները շատ պետք է լինեն, որպես վահան, սեփական անվտանգության համար։ Հասկանո՞ւմ եք, որ իրեն բան ուզենան անել, տեսնեն երեխաներ կան, ետ կանգնեն։ Այստեղ մեղք ունեն ծնողները, որոնք այ սենց, իրենց երեխաներին բերել էին 2018 թվականի ցույցերին ու արդյունքում, հետագայում հենց նրանց մատաղ արեցին Ալիևի առաջ, ուսուցիչներն էլ են մեղավոր, համայնքապետերն էլ ու այս ամենը երկու լոզունգի տակ՝ մերժիր Սերժին, որ լավ ապրենք, իսկ հիմա՝ հանկարծ որ հները հետ չգան։
Իսկ ինչի՞ է պատրաստ Նիկոլը, ձայներ տանելու համար։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ամեն ինչի, իսկ ամենաահավոր բանն այն է, որ դու խոստանում ես բաներ, որոնք երբեք չես կարող անել, դա ո՛չ ղեկավարին է վայել, ո՛չ թեկնածուին, ոչ էլ, առավել ևս, տղամարդուն։ Հիմա էս մարդը սողում է քաղաքացիների ոտքերի տակ, համբուրում ձեռքերը՝ իմանալով, որ վաղը գլուխների վրայով պատրաստ է անցնել, առանց մի վայրկյան մտածելու։ Լելե Թեփեի օպերացիան ձեզ օրինակ։
Փաշինյանը Արցախի 76 տոկոսը տվել է թուրքերին, Հայաստանից հողեր է տվել։ Դրա արդյունքում հայ-ադրբեջանական սահմանը երկարել է շուրջ 250 կիլոմետրով։ Դա չեք պատկերացնի, թե ինչ ահռելի թիվ է․ դա նշանակում է, որ եթե Հայաստանի ողջ բնակչությունը գնա ու կանգինի էդ սահմանին կողք կողքի, չի ծածկի պակասը։ Սա նշանակում է, որ Հայաստանը առաջիկայում եթե լրջագույն դիվանագիտական լուծումների չգնա, ստիպված է լինելու զինծառայության ժամկետը երկարացնել ևս մեկ տարով։ Բայց Նիկոլ Փաշինյանը էդ ամենը իմանալով, խաբում է մարդկանց, ասում է՝ զինվորական ծառայությունը կվերացնեմ։ Նա գիտի, որ դա անհնար է, բայց ասում է, որպեսզի չհասկացողի ձայն տանի։ Հետո կասի՝ ժողովուրդ, ես չեմ ասել այդպես ենք անելու, ես ասել եմ՝ գաղափար կա։ Ծնողներն էլ գիտեն, որ դա սուտ է, բայց ականջ շոյող բան է, թե տեսեք՝ երեխեքը չեն ծառայի։ Այդ դեպքում հայրենիքը ո՞վ է պաշտպանելու, հարց է առաջանում։ Դուք ընդամենը մեկ երկրի անուն տվեք, որը ունի 4 հարևան, 2-ի հետ թշնամի է, մյուս երկուսի հետ բարեկամական հարաբերությունները փչացնում է ու վերացնում է բանակը։ Ասում է՝ սահման պետք է չլինի։ Բելգիայի ու Նիդերլանդների կամ Կանադայի ու Ամերիկայի սահմանների պես՝ սրճարանով անցնի սահմանը, սեղանի էս մի անկյունում նստում ես, Ամերիկան է, մյուս ծայրում նստես՝ Կանադան կամ, ասենք Շվեդիա-Ֆինլանդիա սահմանն է, կարող ես գոլֆ խաղալ։
Նիկոլը թուրքական ծրագիր է իրականացնում․ եթե բանակը վերացնում ես, տղաներն աշխատանքի բացակայության պատճառով էլ մեկնում են արտագնա աշխատանքի, երկրում մնում են պետաշխատողները, ծերերը, կանայք, երեխաները, ու բարի գալուստ թուրքեր ջան, անխնա կոտորեք, Նիկոլը դաբրոն տվել ա, վերջում կգնա զոհվածների հարազատների ձեռքերը կպաչի, խունկ կծխի ու կասի՝ ներողություն եմ խնդրում, բայց ես մեղավոր չեմ՝ է չընտրեի՛ք։
Նիկոլը բանակի հերն անիծել է արդեն, հիմա էլ ուզում է ընդհանրապես վերացնել։ Դուք հավատո՞ւմ եք, որ սահմաններին հայ մորթող թշնամի ունեցող երկիրը, գերիներ ունեցող երկիրը կարող է բանակ չունենալ։ Ադրբեջանը ինտենսիվորեն շարունակում է զինվել, ո՞ւմ համար․ իսկ սա ասում է՝ բանակը կվերացնեմ։ Ծրագիրը, վստահ եմ, քննարկել է բանակում չծառայած իր խորհրդական, օգնականների հետը, գուցե պաշտպանության նախարարի կամ գենշտաբի պետի տեղակալի հետ, ում խորհրդով պատերազմը տապալեցինք, բայց նշանակվեցին ավելի բարձր պաշտոնների։ Ես վստահ եմ, որ կապիտուլյանտի այս ծրագիրը չի իրականացվելու, նա էլ գիտի, բայց ասում է, ականջ է շոյում։ Նիկոլը գիտի, որ մարդիկ իր թեթև ձեռքով վախենում են բանակից, լացում են, երբ իրենց երեխան ծառայության է գնում ու գտել է նրանց իր կողմը քաշելու ձևը։ Սակայն, կա մեկ խնդիր․ Նիկոլ Փաշինյանը տվել է մի քանի հարյուր էջ խոստում ու ոչ մեկը չի կատարել, ինչի՞ դա պետք է կատարի։ Սա ընտրակաշառք է, էլի պարտքով, բայց անհաջող, պետության հերն անիծող։
Նիկոլը էլի անկապ խոստումներ տվեց այդ ելույթներում․ երեխաներին ասաց, որ նոր ատոմակայան կունենանք, նոր պղնձաձուլարան ու երկաթուղի։ Քանի որ երեխաները այդքան էլ հետաքրքրված չէին դրանցից ու այդ մասին ոչինչ չգիտեին, չհարցրեցին՝ նոր ատոմակայանի փող քեզ որտեղի՞ց, եթե գործողը վերազինելու փող չունես, նոր պղնձաձուլարան ինչո՞վ ես սարքելու, եթե Ալավերդու պղնձաձուլարանը փակել ես ու չես կարողանում բացել, երկաթուղի ո՞նց ես կառուցելու, եթե հարավկովկասյանը անշահավետ լինելու պատճառով պակասեցրել է չվերթները։
Նիկոլին շատ լավ խորհուրդ են տալիս, թե որտեղ հանդիպմանը ինչից խոսի․ ապրելու խնդիր ունեցողների մոտ խոսում է Սահմանադրական դատարանի որոշումից, հացից չի խոսում, հացի սպասող ժողովրդի մոտ խոսում է ատոմակայանից։ Բայց մեկ է՝ սուտ է խոսում։ Դե որ սուտ է, թող լիքը լինի։
Վայոց ձորում միակ ճիշտ որոշումը կայացրին մարդիկ, որոնք թքեցին էդ հանդիպման վրա ու չմասնակցեցին և նաև այն եղբայրը, որը չթողեց Նիկոլին իր նահատակ եղբոր շիրիմին այցելել։ Մյուսներին, ովքեր թողեցին Նիկոլը գա, չոքի գերեզմաններին ու ձեռքեր համբուրի, հարցնում եմ՝ ինչո՞ւ թողեցիք, որ նա պղծի շիրիմները։ Եթե հայ զինվորին գլխատած ադրբեջանցին ծաղիկ դնի մեր նահատակների շիրիմին ինչպե՞ս կընդունեք։ Նիկոլն էլ է թույլ տվել այդ գլխատումը։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը անբարոյականությունը բերել է քաղաքականություն, սարքել վարչապետին ուղեկցող հիմնական բան։ Փաշինյանի ելույթները բարոյականությունը կորցրած, վերջացած մարդու խոսք են։ Նա չմարդու օրինակ է, ոչ միայն չվարչապետի, չգործչի։ Փաշինյանին որպես թանգարանային նմուշ պետք է պտտել ամբողջ աշխարհում՝ ցույց տալու բոլորին, թե ինչպիսին պետք է չլինի մարդը։ Սա իրեն վաճառքի է հանել հրապարակներում, փողոցների մեջտեղը, մայրուղիներում։ Չեն ընդունում, սակայն․ դա երևաց սակավամարդ հանդիպումներից։ Նա վերջացած է, չունի ո՛չ աջակցություն, ո՛չ իշխանություն, բայց շարունակում է ձևանալ թե ամեն բան կարգին է, իր համար։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը