07 04 2021

«Կարճ ասած»․ Պատասխան եք տալու 13 տարվա ստերի և 3 տարվա այլանդակ գործի համար



 

Մենք երեկ տեսանք այսպես կոչված հեղափոխական իշխանության աղմկահարույց դատավարություններից մեկի անաղմուկ ավարտը։ Կուզեք ասեք սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործ, կուզեք ասեք մարտի 1-ի գործ, դա էական չէ, էականն այն է, որ սա Նիկոլի կյանքի, արժանապատվության գործն էր ու այդ գործը, ինչպես և սպասվում, էր փլուզվեց։ Փլուզվեց այնպես, ինչպես Նիկոլի ստերն են, ինչպես այն, ինչ ինքը խոստանում էր, հետո հետ կանգնում իր ասածներից։ Հիշում եք՝ սկզբում կազմակերպում էին ակցիաներ, նիկոլականներ էին գալիս, Օպերայի բակն էին բռնազավթում, Արցախի նախագահի գլուխ սպառնում կոտրել, միտինգ էին անում դատարանների դիմաց, ասուլիս էին տապալում։ Իսկ երեկ, անգամ այսպես կոչված՝ տուժող Քլոյանը չկար, Սաֆարյան Սեդան չկար, Եգորյանի մասին ընդհանրապես ոչինչ հայտնի չէ։ Քանդվեց, ժողովուրդ, քանդվեց մի հատ մեծ ու փուչիկ գործ։

Իշխանական պատգամավորներից մեկն օրերս ասաց, թե Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման այդ գործի 76 հատորը բոլորիս հասանելի լինելու դեպքում շատ ուշագրավ տեղեկությունների կծանոթանանք: Երկրորդ նախագահը սրանից երկուսուկես տարի առաջ իր փաստաբանական թիմով դա էր պահանջում՝ գործի հատորները գցեք համացանց, որովհետև այդ 76 հատորների մեջ չկար մի բան, որով հնարավոր էր իրեն մեղադրել այդ մահերի համար։ Ընդամենը մեկ հոգու ցուցմունք էր․ նա էլ պաշտոնանկ արված գեներալ Արշակ Կարապետյանն էր, որը Նիկոլի խորհրդական էր նշանակվել Քոչարյանի դեմ ցուցմունք տալուց անմիջապես հետո։ Ի միջի այլոց, նրան էլ, տարօրինակ զուգադիպությամբ, գործից ազատեցին հենց երեկ, երբ Դանիբեկյանն արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին։ Որ գործը տապալվել է, մնում ես ի՞նչ անես, քեզ դրա համար էինք բերել։ Նույնը լինելու է բոլոր նրանց հետ, որոնք ստացել էին պաշտոն կամ մնացել էին պաշտոնին այս գործը կարելու համար՝ Սասուն Խաչատրյան, գլխավոր դատախազն իր տեղակալներով։ Ցավալի է, իհարկե, իմանալը, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք պատրաստ են հատորներով հիմարություն գրել․ կա առնվազն 6 դատախազ, որ էդ դատարկությունը կրծքով կպաշտպանի, ու կան դատավորներ, որոնք իրենց բոյները կառնեն ու կկզեն, այն էլ՝ այս կապիտուլյանտ Նիկոլի առաջ։ Ժողովուրդ, մենք երեք տարի շարունակ վճարել ենք դատախազների, քննիչների, դատավորների, ծախսել ենք այդքան ֆինանսական ռեսուրս, ահռելի ռեսուրս ու մենք մեր գրպանից վճարել ենք մի բանի համար, որը ջուր էր էն գլխից՝ կեղծիք էր ու սուտ։

Ապրիլի 6-ը կարևոր օր էր․ այդ քրեական գործը իրենից ոչինչ չի ներկայացրել հենց կազմման փուլում, բայց այս գործի ֆոնը եղել է շատ ազդեցիկ, սրանով են մարդկանց կերակրել, սրանով են մարդկանց խաբել, սրանով ընտրություն են հաղթել, մի ամբողջ քաղաքական աղբ մտել է խորհրդարան ու մինչև հիմա մեր ջանից պոկ չի գալիս։ Սրանով հանրությանն են հիմարացրել ու տարել պարտության, խայտառակության։

Երեկ որոշները հերոսացնում էին Աննա Դանիբեկյանին․ նա հերո՞ս է։ Ոչ։ Նա քննել է հակասահկանադրական գործ, նա կալանքի տակ է պահել Քոչարյանին ու քրեական հետապնդումը դադարեցրել է միայն այն ժամանակ, երբ ՍԴ-ն որոշում կայացրեց։ Ընդ որում՝ զավեշտ է թույլ տվել՝ քրեական հետապնդումը դադարեցրել է, բայց թողել է խափանման միջոցը․ ինչո՞ւ։ Հարց է, գուցե ծախսվե՞լ է գումարը ու հիմա չկա, որ վերադարձնեք։ Այ հերոսացնել կարելի է դատավորներ Դավիթ Գրիգորյանին, Ալեքսանդր Ազարյանին, որ ովքեր արդարադատությանը հետևեցին, երբ նախագահ Քոչարյանի նկատմամբ բացասական ֆոնը շատ մեծ էր։ Հիմա հակառակը՝ դրական ֆոնն է մեծ, հիմա արդեն ծառայություն մատուցել կուզենան շատերը, անգամ ասուլիս տապալողներն են հիմա գրասենյակի հայաթներում գցած, որ մի թուլափայի արժանանան։

Դատարանը արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին, Արմեն Գևորգյանին․ սա հաղթանակ էր, բայց ոչ միայն Քոչարյանի կամ գեներալների հաղթանակը, սա առաջին հերթին նրանց փաստաբանական թիմի հաղթանակն էր, արդարության հաղթանակ էր։ Ես մի անգամ հարց ուղղեցի, թե որքանով է իմաստավորված գումար ծախսել, լավագույն փաստաբանների վարձել, եթե պատվերը կա, գործը կարել են ու պետք է հասցնեն ավարտին այնպես, ինչպես ուզում են։ Պարզվում է, որ ճիշտ էր ունենալը նման որակի փաստաբաններ, որովհետև հակառակ դեպքում մենք կլսեինք եգորյանների, վահեգրիգորյանների տրագիկ մլավոցները միայն, ու մեզ կթվար՝ դա է իրավաբանությունը։

Այս բոլորը, սակայն, աչքիդ չի գալիս։ Ինչո՞վ մարդ ուրախանա, որ մեկուկես տարի ապօրինի նստած էր ու հիմա նստած չէ՞։ Քեզ լրիվ պատահական, ինչ-որ մի հիստերիկի ցանկությամբ տանեն բանտ, հետո ասեն՝ չէ, լավ, գնա տո՞ւն։ Չարժեր անցնել էս քաոսի միջով, պատերազմ հաղթած նախագահ բանտարկել, փորձել խաղալ հեղինակության հետ, հայրենիք կորցնել, ի վերջո։ Սրանց համար պատասխան տվող պետք է լինի․ ես պատասխան չեմ համարում ո՛չ տրվելիք փոխհատուցումը, ո՛չ ներողությունները, ո՛չ պաշտոնանկությունը․ պետք է պատասխան տալ թե՛ իրավական՝ հակասահմանադրական գործ սարքելու համար, թե՛ քաղաքական, քանի որ գործը քաղաքական էր։ Այն իրավաբանները, որոնք ներգրավված են եղել այս գործում և այդպես ջիգյարով պաշտպանել են հակասահմանադրական գործը, պետք է մասնագիտությունը փոխեն ու այսուհետ գնան-կանգնեն ֆայլաբազար, ներողություն եմ խնդրում, իհարկե, ֆայլաբազարում աշխատանք փնտրողներից։ Եվ թող ոչ ոք, ոչ ոք չմտածի, թե գործը վերջացավ, ամեն ինչ ավարտվեց, սկսում ենք նոր էջից։ Ոչ մի դեպքում, հատ-հատ պատասխան են տալու 13 տարի սուտ ու կեղծիք տարածելու, զրպարտելու, հորինվածքների և վերջին 3 տարին՝ նաև այս այլանդակ գործ համար։

Այն քաղաքական գործիչները, որոնք այս գործի շրջանակներում քաղաքական շահեր են սպասարկել, պետք է քաղաքական աղբանոցը նետվեն։ Այո՛, ինչքա՜ն քաղաքական ուժեր ու գործիչներ էին ուղղակի թաղված սրա մեջ, ինչքա՜ն դեմքեր պատռվեցին։ Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե մարդիկ չհամաձայնեին մտնել էս հորինվածքի տակ, մենք կարող էինք, ի վերջո, հայրենիք չկորցնել, Սահմանադրական դատարանը կարող էր չհեղինակազրկվել, բանակը կարող էր չքանդվել։ Հիշում եք, իրեն ընդդիմություն համարող «Լուսավոր Հայաստանը» ընդամենը մեկ ձայն չտվեց ու թողեց, որ քանդվի Սահմանադրական դատարանը։ Ասում էին՝ թողնենք Քոչարյանի գործով որոշում կայացնենք, նոր։ Կայացրին, բայց ի՞նչ գնով, ի՞նչ ճանապարհով։

Ասում են, թե սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, կատարել է Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելով։ Այս քրեական գործը բացվել էր հողերը տալու համար, հողերը տվել-պրծել են, էլ ո՞ւմ է պետք դատավարությունը։ Ոչ մեկին։ Այ էդքան պարզ։ Դրա համար էլ գլխացավանք գործից ազատվում են։ Ի դեպ, շատերը, այդ թվում՝ ես, կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս սահմանադրական կարգ է տապալել՝ դատարանների դռների շրջափակում, արտակարգ դրության հաստատում՝ սահմանադրությանը հակասող կերպով, ռազմական դրության երկարաձգում և այլն, ու հիմա հարց է առաջանում՝ էս մարդը արդյո՞ք պատասխան չի տալու սահմանադրական կարգի տապալման համար։ Ու Սահմանադրական դատարանը սրանով փրկում է Նիկոլին՝ 300․1 հոդվածը հասկասահմանադրական ճանաչելով։ Բայց գուցե մեր անհանգստությունն անտեղի է, որովհետև դեռևս քրեական օրենսգրքից չի վերացել դավաճանության հոդվածը, լիազորությունների չարաշահումը։

Հիմա ինձ հետաքրքրում է հետագան։ Այս մի գործն էլ տապալվեց, բայց Հայաստանում դեռ լիքը քրեական գործեր կան։ Հայաստանում գործում է հանցավոր բանդա՝ իշխանության ղեկին, որը քրեական գործերի պատվերներ է տալիս։ Նրանք դադար չեն առնում։ Մենք արդեն մի քանի անգամ տեսնում ենք, որ ոչ միայն այստեղ է պատվերը։ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի ու Գագիկ Ջհանգիրյանի մասին ուղղակի լիքը լուրեր են պտտվում, գաղտնալսումներ կան, ձայնագրություններ կան, որ էս մարդիկ գործերի պատվերներ են տալիս, մեղադրանք են կազմում։  Քննչական վարչության բաժնի պետն ասում է՝ մի բան արեք, Աննա Վարդապետյանը էլի գալու է նախկին պաշտոնյաների գործով։ Նրանք արդեն ոչինչ չեն էլ թաքցնում, ինչո՞ւ թաքցնել։ Քյասար մարդը գնում ու ասում է՝ էսինչ գործով էսպիսի մեղադրանք է պետք։ Արդարադատության նախարարն ասում է՝ չեմ տեսել, ԱԱԾ-ն էլ ասում է՝ դա հանցանք չէ, մարդը խորհուրդ է տվել։ Հիմա Փաշինյան-Վարդապետյան-Ջհանգիրյան եռյակն արդեն անցնելու է այլ գործեր կարելու, իհարկե՝ Սասուն Խաչատրյանին ու Արթուր Դավթյանին կարող են վտարել, նրանք սարքեցին ու կերան իրենց փայ բորշը։

Այս իշխանության բացած բոլոր դատական գործերն են փլվում։  

Կարճ ասած՝ անկախ նրանից՝ ովքեր որքան են ուրախացել, որ այս շինծու գործը քանդվեց, կոնկրետ ովքեր են ուրախացել, որ իրենց կարծիքները ճիշտ դուրս եկան, ով քանի գրազ կրեց, ովքեր են տխրել, որ իրենց պլանները չաշխատեցին, ովքեր են ողբում, ես ուրախանալու բան չեմ տեսնում, մեկ է՝ գործը ջուր էր ու քանդվելու էր։ Բայց ահա բոլորս կորուստներով դուրս եկանք այս գործից։ Մարդիկ կային՝ ազատությունը կորցրեցին ժամանակավորապես, մարդիկ կային՝ արժանապատվությունը կորցրին, մարդիկ կային, որ հասան կարիերայի ավարտին։ Բայց բոլորս էս գործի արդյունքում կորցրեցինք հայրենիք։

Ահա ձեզ հեղափոխության ևս մեկ աղետալի արդյունք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ