01 04 2021

«Կարճ ասած»․ Ապրիլյան պատերազմի 5 տարին․ Երկու պատերազմների ուղիղ համեմատություն



5 տարի առաջ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Այն ստացավ ապրիլյան պատերազմ կամ քառօրյա պատերազմ անունը։ Շփման գծի ողջ երկայնքով պատերազմ էր, Ադրբեջանը կիրառեց այն բոլոր զինատեսակները, որ ուներ իր ռազմաբազայում։ 4 օր անց պատերազմը դադարեց, Իլհամ Ալիևը խնդրանքով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պատերազմի արդյունքում մենք ունեցանք 75 զոհ, կեսը՝ սպաներ էին, կորցրեցինք 400 հեկտար հող, կորցրեցինք ոչ մեծաթիվ ռազմական տեխնիկա։ Ադրբեջանը կորցրեց բազմաթիվ զինտեխնիկա և շուրջ 1000 զինվոր։

Պատերազմի ժամանակ ողջ հայությունը միասնական էր դարձել, ամեն կերպ օգնում էր բանակին, վայենկոմատների դիմաց հերթեր էին։ Ամենավերջինը փորձեց օգնել Փաշինյանը․ նա հավաքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատ և մեկնեց «ռազմաճակատ» պատերազմի ավարտից մեկուկես ամիս անց։

Ուզում եմ շեշտել՝ 4 օրյա թեժ պատերազմի ժամանակ այդպես էլ Հայաստանում ռազմական դրություն չհայտարարվեց, ինչպես որ չէր հայտարարվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ի տարբերություն Նիկոլի հրահրած այս պատերազմի, որի հենց առաջին օրը հայտարարված ռազմական դրությունը պահվեց 6 ամիս ու հանվեց միայն քաղաքական նկատառումներով։

Ապրիլյան պատերազմում մեր կորուստներն արժևորվեցին նրանով, որ հաջողվեց պահպանել մեր ազատագրած հայրենիքը։ Կորցրեցինք 400 հեկտար տարածք։ Այդ 400 հեկտարը կարող էինք հետ բերել, բայց երկրի քաղաքական ղեկավարությունը չգնաց այդ քայլին ու պարզաբանեց՝ մարտավարական և ռազմավարական առումով նշանակություն չունեցող այդ տարածքը հետ բերելու համար մենք պատրաստ չէինք զոհել մեր զինվորներին։ Այդ կորցրած տարածքների թվում էր «Լելե Թեփե» բարձունքը։ Էն ժամանակ Սերժ Սարգսյանը ճիշտ չհամարեց այն հետ բերելու համար զոհեր տալը․ իսկ Փաշինյանը միայն ցույց տալու համար, թե ինքը Սերժի տվածը հետ բերեց, գնաց արկածախնդրության։ Ասում են, որ միայն այդ գործողության ընթացքում եղել է 650 զոհ և 44 տանկերից 42-ը մնացել են մարտի դաշտում։ Ասում են, հենց այս օպերացիան է, որ կապիտուլյացիայի մեջ վճռական նշանակություն ունեցավ։

Ապրիլյան պատերազմը կանգնեցվեց 4 օր անց, եղավ առաջարկ, Սերժ Սարգսյանը չասաց՝ չէ, պետք է շարունակեմ, էդ կորցրած 400 հեկտարը հետ բերեմ․ ենթադրում եմ՝ գիտեր, որ դա իրեն քաղաքական հեղինակություն է արժենալու ու արժեցավ։ Ալիևն ընդունում է, որ իրեն ճնշում էին ճանաչել Արցախի անկախությունը, դիվանագիտական ճակատում պարտություն էր կրում և ապավինեց զենքին։ Հաջողություն չունեցավ նաև այդտեղ, կրեց պարտություն և դիմեց դադարեցնելու խնդրանքով։ Երրորդ օրվանից սկսած՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկ եղել է նաև Նիկոլ Փաշինյանին՝ Պուտինի կողմից։ Պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ասում է, թե չէր հասկանում, թե ինչու պատերազմը չի կանգնեցվում։ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ասում է, որ պատերազմի 4-րդ օրն ասել է, որ պետք է կանգնեցնել պատերազմը, այլապես ռեսուրսները կսպառվեն ու կունենանք բանակցությունների համար ոչ բարենպաստ պայմաններ։ Նիկոլը չգնաց այդ քայլին։ Գուցե նրա համար, որ ուզում էր ի սրտե տալ հողերը, գուցե նրա համար, որ առաջին օրը ադրբեջանցիները շատ խորն էին մխրճվել և հույս ուներ Նիկոլը, որ ընթացքում կփոխի իրավիճակը․ բայց միևնույն է՝ էլի քաղաքական էին նպատակները, ուզում էր պահել հեղինակությունն ու իշխանությունը, իր ուսապարկերին, աներձագին, Ալենին, ախպոր տղուն, բայց չմտածեց մեր 18-20 տարեկան էրեխեքի մասին։ Եվ մի փորձեք ասել, թե ապրիլյանը կարճատև էր, սա 44 օրվա։ Ո՛չ, ժողովուրդ, նա էլ էր սկսել շփման գծի ողջ երկայնքով, սա էլ, ուղղակի էն ժամանակ թույլ չտվեցին ծավալվել։ Դադար տալը Ալիևի ու Էրդողանի և ոչ էլ Փաշինյանի, պլանների մեջ չէին մտնում։ Ի վերջո, 5 մլրդ դոլարի ինֆորմացիա տարածվեց, ու չպարզաբանվեց։ Սա էլ մի մոռացեք։

Ապրիլյան պատերազմում իրականում Հայաստանը ներսից ուներ խանգարողներ, որոնցից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն էր։ Այն ժամանակ, երբ բոլորը օգնում ին բանակին, Նիկոլ Փաշինյանը հայտարարություններով էր հանդես գալիս, թե պատերազմը հրահրել է Ռուսաստանը՝ լավ իմանալով, որ պատերազմը դադարեցնելու միջնորդը Ռուսաստանն է լինելու։ Ի միջի այլոց, նա հետո էլ սադրեց Ռուսաստանին, հենց մեր հարցին ի պատասխան՝ արդեն վարչապետ Փաշինյանն ասաց, որ տեսակետը չի փոխել։ Նիկոլը ամբողջ պատերազմի ժամանակ իշխանություններին քննադատում էր, իսկ այս պատերազմում դադարեցին իշխանությանը քննադատել մինչև այն պահը, երբ հասկանալի դարձավ, որ պարտություն են ծրագրում։

Պատրա՞ստ էինք մենք ապրիլյան պատերազմին։ Դատելով նրանից, որ Ադրբեջանին չհաջողվեց առաջ գալ և 4-րդ օրը խնդրեց հրադադար, այո, պատրաստ էինք։ Պատրա՞ստ էինք այ՛ս պատերազմին։ Ոչ։ Դա է վկայում այն, որ հենց առաջին օրը թշնամին այդքան խորը մխրճվեց, ու տարբեր տեղեկություններով՝ ունեցանք ամբողջ պատերազմի ընթացքում զոհերի կեսը։ Իսկ ինչո՞ւ պատրաստ չէինք․ որովհետև Նիկոլը զենքի փոխարեն բանակին կլուբնիկ էր մատակարարում, ռեստորանի սնունդ, որովհետև բանակի մասին իր գիտելիքները բավարարվում էին տռուսիկ-մայկայով, որովհետև թռել էր բանակից, բայց իրեն ներկայացնում էր գերագույն հրամանատար։ Ապրիլյան պատերազմը վարում էին մասնագետները, գեներալները, այս պատերազմը վարում էին Նիկոլը, Աննան ու Արայիկը, իսկ Արցախն ազատագրողների մուտքը շտաբ անգամ արգելված էր։ Ապրիլյան պատերազմը հողերն ազատագրողներն էին ղեկավարում, սեպտեմբերինը՝ թրքասերները ու հողեր տվողները։ Ու հիմա Շուշին հանձնողները կառավարական հանձնաժողով են ստեղծել, որ առոք-փառոք թաղեն Շուշին ազատագրելու հրամանատարին՝ Կոմանդոսին։ Խորհրդանշական է, ասում էինք հողերը հանձնողին կհանձնենք հողին, բայց հողին ենք հանձնում հողն ազատագրողին։ Ու հանձնողները ճառ պիտի կարդան։

Ապրիլյան պատերազմն ու այս պատերազմը մեկ, բայց կարևոր նմանություն ունեն՝ երկուսում էլ սուտն ու կեղծիքը շատ է։ Ապրիլյան պատերազմի կեղծիքները հիշում ենք՝ տանկերի մեջ նավթի փոխարեն ջուր էր, զինվորները բահով էին կռվում, խոտ էին ուտում, Խաչատուրովը բիլիարդ էր խաղում։ Նիկոլը խորհրդարանական հանձնաժողով ստեղծեց, Քոչարյան Անդոնին դրեց ղեկավար, որ ապացուցի՝ ապրիլյան պատերազմում պարտվել ենք։ Մեկ տարուց ավելի քննեցին ու արդյունքը եղավ այն, որ էս թրքասեր Ազգային ժողովի ձեռքն ընկան բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր ռազմական իրավիճակից, որոշումներից։ Հանձնաժողովը տապալվեց, զեկույց էլ չհրապարակեց, որովհետև, իմ կարծիքով, ի սկզբանե նպատակն է եղել այդ տեղեկություններին և փաստաթղթերին տիրապետելը։ Վերցրեցին, նայեցին, ուղարկեցին ուր ասել էին։ Էլ ինչների՞ն էր պետք եզրակացություն տալ, եթե դա չի եղել նպատակը։

Այս պատերազմում էլ շատը էին կեղծիքները, իսկ գլխավոր կեղծիքն այն էր, որ 44 օր շարունակ խաբեցին մեզ, թե հաղթում ենք, հաղթում ենք, հաղթել ենք, ու պարզվեց, որ տվել ենք Արցախը։ Ու եթե ապրիլյանի ժամանակ հանձնաժողով ստեղծեցին, այս անգամ Նիկոլն ասում է, որ քանի իրենք են ղեկավարում, պատերազմի պարտության պատճառներն ու մեղավորները չեն բացահայտվի։

Ի դեպ, դեռ որևէ հրապարակային մեղադրանք չկա էն ժամանակվա իշխանությանը, թե ապրիլյան պատերազմի հետևանքով զոհ ու վիրավորներ են թաքցրել։ Բայց այս իշխանությունը պետական գաղտնիքի տակ թաքցնում է ամեն ինչ։

Ես ինչո՞ւ եմ համեմատում երկու պատերազմները, քանի որ սրանք եկան, հին ու նոր դրեցին, հներին համարեցին հանցագործ, իրենց՝ փրկիչ, ասացին՝ նրանք հողերը տալիս էին, մենք չենք տալիս, թաքուն չենք բանակցի։ Արցախն ազատագրողները այն պահել են 25 տարի՝ անսասան, զոհեր են տվել, արյուն են տվել, բայց պահել են, որովհետև հասկանում էին, որ եթե չկա Արցախ, չի լինի Հայաստան, հասկանում էին, որ եթե չես ուզում Արցախի ու Ադրբեջանի միջև սահմանը պահել, պահելու ես ավելի երկար սահման՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Սրանք տվեցին հա՛մ Արցախը, հա՛մ 5 հազարից ավելի զոհ, ու այսօր պահում ենք ավելի երկար սահման։

Կարճ ասած՝ մեր տղերքը զոհվեցին, բայց հաստատ ոչ նրա համար, որ այսօր աղազարյանանմաններն ասեն Քարվաճառը երբեք մերը չի եղել, փաշինյանակերպներն ասեն՝ Շուշին մերը չի եղել, Դադիվանքն ու Տիգրանակերտը մերը չեն եղել, ու հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան մեր հայրենիքը։

Հիմա հարց՝ արժանի՞ են էս սրիկաները Արցախն ազատագրողներին, զոհվածներին, մեր հողին արժանի՞ են։ Ու մենք արժանի՞ ենք, որ թողենք սրանք մնան։ Ու իմացեք՝ քանի Նիկոլը իշխանության է՝ էլի մի արհավիրք լինելու է, խայտառակությունը շարունակվելու է, Ալիևն էլ խնդալու է մեզ վրա։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ