19 03 2021

«Կարճ ասած»․ Նիկոլի ռեյտինգը կտրուկ ընկնում է, աճում է Քոչարյանի ռեյտինգը․ Ինչո՞ւ



Պետական, հատուկ ծառայությունը մշտապես հարցումներ է անում՝ ճշտելու համար Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Իրականում այդտեսակ հարցումներ արել են բոլոր իշխանությունները, մշտապես հետևելու և տրամադրությունները չափելու համար։ Հարցումները տարբեր մակարդակներում են ու տարբեր ձևի, բայց նպատակը վարկանիշը որոշելն է։ Բնականաբար ու մանավանդ այս դժվարին շրջանում, հարցումից հարցում Նիկոլ Փաշինյանի դեմքն ավելի է մռայլվում, իսկ հիմա հատկապես։ Հասկանում եմ, թե ինչու է նա սարսափելի վիճակում։

Մամուլում հրապարակվեցին վերջին հարցման արդյունքները, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի դրական վարկանիշը ընդամենը 12% է, հակավարկանիշը՝ 48%: Այսինքն, մինչ այս մարդը ու իր թիմաիկիցները կոկորդ են պատռում՝ ցույց տալու համար, թե ռեյտինգ ունեն, հարցումները վկայում են, որ ինչն էլ պատռեն, մեկ է՝ այդ դահիճ ռեյտինգը գլխատում է այս թիմին։ Բայց նրանց համար մեկ այլ մղձավանջ կա․ դա այն է, որ Նիկոլի ռեյտինգը անկում ապրելուն զուգընթաց ոչ թե բարձրանում է նրա հաճախորդների՝ սորոսականների, բաբաջանյանա-արամսարգսյանա-մարուքյանախառը ուժերի ռեյտինգը, այլ՝ հակառակը՝ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Ավելորդ է նշել, որ Քոչարյանից Նիկոլը վախենում է շան պես ու ամբողջ կյանքում։ Թե ինչու՞, ինքը կիմանա։ Նիկոլի վարկանիշ չափողները պարզել են, որ Ռոբերտ Քոչարյանն ունի այս պահին 37 % վարկանիշ, բայց նաև անտիռեյտինգը նվազել է մինչև 6%: Սա նշանակում է, որ այն բոլոր հակափիարները, որ արվել են երկրորդ նախագահի հասցեին՝ թե՛ նրա պաշտոնավարման շրջանում, թե՛ անգամ նրա պաշտոնավարումից հետո՝ 13 տարի շարունակ ամեն օր, կորցրել են իրենց ուժը, ավելին, այսօր գտնվում է ամենից ցածր դիրքում։

Բայց եկեք խորանանք պատճառների մեջ։ Այ, օրինակ, ինչո՞ւ պետք է Նիկոլին ատելուն զուգընթաց, մարդիկ ցանկանան, որոշները՝ անգամ պահանջեն հենց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։

Նիկոլին թե ինչու են ատում, կարծում եմ՝ մեկնաբանելու թեմա անգամ չէ. այցելեք Եռաբլուր՝ կտեսնեք, փորձեք գնալ Արցախ, կտեսնեք, գնացեք Սյունիք՝ կտեսնեք, մտեք խանութ՝ առևտուր անելու, կտեսնեք, կոմունալները վճարելիս կտեսնեք, աշխատանք փնտրողների ցանկը նայեք՝ տեսեք, կհամոզվեք, Նիկոլի պատգամավոր-նախարարներից որոշների լկտի պահվածքը, որոշների՝ ինքնահավան պահվածքը տեսեք, կհասկանաք։

Իսկ ինչո՞ւ է աճում Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Ասեմ, որովհետև մարդկանց այսօր ամենաշատը, անգամ հացից ավելի անհանգստացնում է անկայուն վիճակը, առաջին հերթին՝ սահմանների անկայուն վիճակը, անվտանգությունը, ապագայի հանդեպ անհույս վիճակը։ Ինձ շատերը հարցնում են՝ ճի՞շտ է, որ Նիկոլը Սյունիքն արդեն տվել է, ճի՞շտ է, որ Թուրքիան հարձակվելու է Հայաստանի վրա, ճիշտ է՞, որ Սևանը տալիս ենք, Տավուշը տալիս ենք։ Անկեղծորեն ես չգիտեմ ինչ պատասխանել․ որովհետև տեղյակ չեմ այդ մասին, բայց գիտեմ՝ քանի դեռ Նիկոլն է, ամեն ինչ էլ կարող են տալ։ Իսկ ո՞վ ասաց, որ Շուշին գաղտագողի տվողը Գյումրին ու Իջևանը չի տա։ Ու մարդիկ սկսում են փնտրել այնպիսի ղեկավարի, որը իր խոսքի տերը կլինի, կարողանա անվտանգություն ապահովել ու ոչ թե միայն իր՝ իր տունը շրջափակելով ոստիկանական 6 շերտանոց պատով, այլ՝ պետության, ժողովրդի անվտանգությունը։

Անվտանգությունն ամենակարևորն է, բայց մարդը նաև պետք է հացի խնդիր չունենա, էլ չեմ ասում, որ եկամուտների աճ է պետք, ոչ թե ցամաք հաց։ Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ թանկանում է, 3 ամսվա ընթացքում 700 դրամ արժեքով ձեթը դարձավ 1200 դրամ, թանկացել է անգամ Նիկոլի սիրած խառը կանաչին։ Իսկ մարդիկ ստանում են նույն գումարը, եկամուտները չի ավելանում։ Էս թանկացումների տակից դուրս չեկողը կամ հազիվ ծայրը ծայրին հասցնողը արդյո՞ք չի հիշում, թե ինչպես Քոչարյանի կառավարած 10 տարիներին ինչ գնային կայունություն կար։

Բա սրանք պատճառ են, չէ՞, որ մարդիկ երանությամբ հիշեն էն ղեկավարին, որի ժամանակ իրենց մարդ են զգացել։

Բերեմ մեկ այլ՝ կոնկրետ օրինակ․ այսօր՝ մարտի 19-ին, լրանում է 15-րդ տարին, որ բացվեց Իրան-Հայաստան գազամուղը։ Հիշենք, Արցախի առաջին պատերազմից հետո քանդվել էր երկիրը, քանդվել էր տնտեսությունը, արտաքին կապերը շատ թույլ էին, գրեթե՝ բացակա։ 2000-ականներին ամեն ինչի հետ միասին վերականգնվեց նաև ինտենսիվ գազիֆիկացումը։ Այսօր Հայաստանում ավելի շատ մարդ ունի գազ, քան գազի երկիր Ռուսաստանում։ Իսկ դա ո՞նց եղավ։ Դա Սովետից չէր մնացել, ինչպես կմտածեն չիմացողները։ Ո՛չ, դա արվել է 2000-կաններին, զրոյից։ Դրանք մեծածավալ ներդրումների և տարիների աշխատանքի արդյունքում են արվել։ Ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, Իրան-Հայաստան գազամուղը պարզապես գազի տրուբաներ չէին, որով գազ էր բերվում․ դա տարածաշրջանային խոշոր նախագիծ էր․ Հայաստանը կարողանում էր տարածաշրջանային մասշտաբով ծրագիր նախաձեռնել ու իրականացնել, դերակատար էր։

Այդ ծրագրին ժամանակին դեմ են եղել թե՛ ԱՄՆ-ն, և թե՛ Ռուսաստանը, ու չնայած դրան, մենք այնքան կայինք, որ նրանց բացատրեցինք, ու առանց հարաբերություններ փչացնելու իրականացրեցինք։ Իսկ հիմա՞։ Ալիևը հրավիրում է բոլոր երկրներին Զանգեզուրի միջանցքն օգտագործելու, Նիկոլը մի հատ ձեն չի հանում։ Հիմա Զանգեզուրի տերը ո՞վ է, Ադրբեջանը՞։ Ալիևը իրեն թույլ կտա՞ր նման բան անել Քոչարյանի ժամանակ, Սերժի ժամանակ, էլ չեմ ասում՝ հայր Ալիևը։ Մեր երկրի մասին բան են քննարկում ու մենք մեջը չկանք, մեզ չեն էլ հարցնում։

Թեհրանի հետ բարեկամություն էինք անում, հիմա ի՞նչ հարաբերություններ ունենք, կասե՞ք․ եկած-չեկած՝ սրանք Իրանին վարկաբեկեցին ԱԺ-ում ելույթով, վարչապետը գնաց-հասավ Թեհրան ու փոխանակ փորձի կապերը զարգացնել, խոսեց Հայաստանում լցված գործակալների մասին։ Եթե հայ-իրանական հարաբերությունները լինեին այնպիսին, ինչպիսին էին օրինակ՝ 2007 թվականին, արդյո՞ք արցախյան այս պատերազմի ժամանակ մեր հարևան բարեկամ երկիրը նման չեզոքություն հանդես կբերեր։ Արդյո՞ք Վրաստանն Ադրբեջանի հետ խաղեր կտար, ճամփեք կփակեր, օդը կփակեր։

Նայում ենք, թե ոնց է Նիկոլը գլուխը ծռած ու գրեթե խոնարհվելով շփվում աշխարհի հետ, թշնամի երկրի ղեկավարի հետ, անգամ նրա քֆուրներին չի պատասխանում։ Քոչարյանի ժամանակ, Սերժի ժամանակ մեր Արցախի տարածքում պեղումներ էին անում հնագետները ու հայկական հուշարձանները ներկայացնում աշխարհին։ Հիմա Ալիևը հրամայում է քերել հայկական արձանագրությունները, Ղազանչեցոց եկեղեցին ներկայացնում է ադրբեջանական մշակույթ, Նիկոլը լուռ է։

Կրկնում եմ՝ Հայաստանում լիքը բաներ կառուցվել են զրոյից, ենթակառուցվածքներ, ոլորտներ, հարաբերություններ։ Հիմա էդ բոլորը հետևողականորեն քանդվում են։ Ու հատկապես հիմա մարդիկ զգում են, հասկանում են, որ Հայաստանը չի կարող քայքայված մնալ, չի կարող մեկուսանալ աշխարհից։ Եվ նշում են, թե ով կարող է նորից վերականգնել։

Կարճ ասած՝ Հենց սա ապացույցն է նրա, թե ինչու է ընկնում Նիկոլի ռեյտինգը ու ինչու է հատկապես աճում Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգը։ Ինչքան էլ թիրախավորեք երկրորդ նախագահին, սա չեք ջնջի, սա մոռացնել չեք տա և ընդհանրապես, որքան վիճակը վատանում է, այնքան ավելի շատ ենք երանելությամբ հիշում այն տարիները, երբ խաղաղ էին, անվտանգ ու սոցիալապես՝ անհամեմատ ավելի ապահով։

Ու հիմա մարդիկ փնտրում են ուժեղ ձեռք, փնտրում են մարդու, որ փրկիչ չլինի, չէ՛, երկրի տեր կանգնի․ դա՛ են փնտրում։

Ընդհանրապես, իրիկունը, երբ ազատ ժամանակ եք ունենում, մի քիչ հիշողության գիրկը ընկեք, հիշեք ձեզ անցյալում, այն թեմաները, ինչով 10-15 տարի առաջ էիք ապրում ու ձեզ հարցրեք՝ կուզենայի՞ք մեր երկիրն էլ հզորանար, ժամանակին համահունչ լիներ, մենք էլ ինչպես 15 տարի առաջ էր, խոսեինք, ու անհանգստանայինք, թե ում ենք այս տարի ուղարկելու Եվրատեսիլ։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ