08 03 2021

«Կարճ ասած»․ Ժողովուրդ, դու վտանգը զգալու, արձագանքելու բնազդ ունե՞ս, թե՞ չէ



Սարսափելի գործընթացներ են տեղի ունենում Սյունիքում, կասկածելի ու վտանգավոր գործընթացներ՝ Տավուշում։ Ադրբեջանի նախագահը Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովի ժամանակ նրանց առաջարկեց գալ և համատեղ օգտագործել «զանգեզուրյան միջանցքը»։ Ասաց, որ այդ միջանցքն անցնում է Ադրբեջամնի պատմական տարածքով՝ Զանգեզուրով և Ադրբեջանի հիմնական հատվածը կապում է Նախիջևանի հետ։ Մատ թափ տվեց Հայաստանի վրա, թե՝ «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից...»։

Սպառնում է պատերազմով։ Ադրբեջանի նախագահին արձագանքում է ո՞վ․ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը։ Ինչպես միշտ, եթե խոսում է Ալիևը, Նիկոլը լռում է, «տնից մեկը պետք է խոսի, բայց ոչ ես» սկզբունքով։ Աննա Նաղդալյանն էլ ասում է, թե Ադրբեջանի նախագահը դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Բայց հարցն այն է, որ Ադրբեջանը ոչ թե տապալում է, այլ ուզում է ստանալ էդ հայտարարություններում նշվածից շատ ավելին։ Իսկ սա լռում է։

Երկու օր է՝ ծայրահեղ անհանգստության մեջ ենք, բայց իշխանությունը ուիքենդ է անում։

Ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայով շրջում են Կապանով ու տեսանկարահանում շուրջբոլորը, հետախուզում, տեսանյութն էլ գցում են համացանց։ Դրանք խորացնում են կասկածները, որ հնարավոր է՝ ողջ Հայաստանում ադրբեջանցիներ են շրջում՝ դիվերսանտներ, տեռորիստներ, ինչ իմանաս, թե ուրիշ էլ ով։ ԱԱԾ-ն, որ ֆեյքերով է ակտիվ զբաղվում, նա էլ է այստեղ լուռ։ Բայց ոչ, իբր չի լռում, արդարանում է, թե՝ տեսանկարահանումը կատարել են դեռևս մեկ ամիս առաջ, երբ Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով ժամանել էին ադրբեջանցի զինծառայողներ: Ասենք թե մեկ ամիս առաջ է եղել, դա նորմալ ա՞։ Դուք, որ թշնամուն բերել եք Կապան, չեք հսկե՞լ, թե ինչ են անում։ Սահմանահատման աշխատանք կատարողներին թույլ եք տվել քաղաքացիական շենքեր, ենթակառուցվածքներ նկարե՞ն։ Ու երբ ասում եք՝ իրավիճակը վերահսկվում է, խնդրում եմ մանրամասնեք՝ ում կողմից է վերահսկվում, ադրբեջանցիների՞։ Հա, ոնցոր լավ էլ վերահսկում են։ Մենք մեր հայրենիքով տեղաշարժվում ենք, կեսից ադրբեջանական ցուցանակ է դրված ի՞նչն ես վերահսկում, ֆեյքի հետևից ընկած ԱԱԾ, ասում ես՝ արագ քշեք էս 4 կիլոմետր հատվածը, որ գերի չընկնեք։ Ասենք, էդ կիլոմետրերի վրա ավտոմեքենայիս մի բան եղավ, հնարավոր է, չէ՞, ի՞նչ ենք անելու։

Սյունիքի կառավարիչներն ահազանգում են իրենց քթի տակ ինչ է կատարվում, տեսնում են, ահազանգում են, ԱԱԾ-ն Երևանի կենտրոնից հայտարարում է, թե ամեն ինչ կարգին է։ Դե լավ էլի։ Չեք ջոկո՞ւմ արդեն, որ դուք ոչ միայն մեզ, այլև ինքներդ ձեզ եք հիմարի տեղ դնում։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է, որ ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում։ Տավուշի մարզպետը մի հատ լալահառաչ լիրիկա է մտել, թե դա անձնական վիրավորանք ա, ներողություն խնդրեք և այլն։ Իբր թե՝ ես էդ տղեն ե՞մ, որ թույլ տամ թուրքերը հասնեն Տավուշ։ Հիմա ես ու շատերս միանգամից հավատացինք Հրանտ Բագրատյանի գրածին ու մինչև հիմա հավատում ենք, չնայած ՊՆ հերքումներին։ Որովհետև սրանցից ամեն ինչ սպասում եմ։ Էդ ինչի Սյունիքում հնարավոր է, Տավուշում ո՞չ։

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Տավուշում խաղաղապահներ չեն այցելել, իսկ Ազատամուտի ղեկավարն ասում է, որ այցելել են, իրենց գյուղում են։ Հիմա ես ո՞րին հավատամ։ Մարզպետ Չոբանյան, բա որ ամեն ինչ նորմալ ա, ինչի՞ հանկարծ խաղաղապահները որոշեցին այցելել մարզ։ Եթե մարդիկ 44 օր ստել են պատերազմի ժամանակ, ի՞նչն է խանգարում, որ հիմա էլ ստեն Սյունիքի և Տավուշի դեպքում։ Հիմա ինչի՞ պետք է ես հավատամ ԱԱԾ-ին, ՊՆ-ին կամ Տավուշի մարզպետին, պակա՞ս Արծրուն են։

Ու հետաքրքիր է, թե ինչու է Տավուշի մարզպետը՝ էս անբարոյական իշխանության ներկայացուցիչը, լուրերը հրապարակողներին համարում անբարոյական մարդիկ։ Հողը տվել եք թուրքին, դրա դեմ խոսացողներին համարում եք անբարոյակա՞ն։

Չոբանյան Հայկ, Նիկոլին էդ մունաթովդ հարցրի՞ր, թե ինչու ես տվել Արցախը։ 10 տարի առաջ Արցախի Տիգրանակերտ հայրենասիրական ակցիա էիր կազմակերպել, երգիչներ ու պարի խումբ էիր տարել, բա շեֆիդ չասացի՞ր՝ ինչի ես էդ ամրոցը տալիս թուրքերին, այդքան հեշտությամբ։

Ես էս իշխանությանը չեմ դիմում, քեզ եմ դիմում, ժողովուրդ։ Դու վտանգը զգալու, արձագանքելու բնազդ ունե՞ս, թե չէ։ Կարծես սա միայն անհանգստացնում է ընդդիմությանն ու տվյալ պահին վտանգի մեջ գտնվող գյուղերի բնակիչներին։ Դու հասկանում ե՞ս ինչ ա կատարվում, թե չէ։ Թե՞ պետք է անձամբ քո տուն մտնի թուրքը, որ ուշքի գաս։

Ժողովուրդ, ես չեմ ուզում մի հիմարի պատճառով ինձ նվաստացած զգամ, հասկանում ե՞ք դուք։ Ինչի՞ պետք է ես ինձ նվաստացած զգամ, քանի որ մեր ղեկավարը Նիկոլն ա։ Ես նիկոլական փեքրամասնության պատճառով պետք է հա տանե՞մ էս նվաստացումները։ Նրանք մեզ ճնշում են թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես։

Ադրբեջանցիները խմբերով մտնում են արտասահմանում սրճարաններ, ռեստորաններ, ակումբներ, որտեղ հայեր են ու կռիվ սարքում մերոնք չեն կարողանում պատասխանել, ինչո՞ւ։ Առաջ սենց բան չկար, գլուխները կախ էին ման գալիս, պատերի տակով, իսկ հիմա կա, որովհետև ղեկավարի պարտվողի և թույլ պահվածքը թևաթափ է անում ժողովրդին։ Դուք 10 միլիոն ադարբեջանցիների դեմ կարող եք շատ հեշտ պայքարել, եթե ընդամենը մի թրքասերի, որի ազգությունն ինձ անգամ արդեն կասկածելի է, վռնդեք Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Կարճ ասած՝ Ո՛չ թուրքերը, ո՛չ ադրբեջանցիները երբևէ չին կարող պատկերացնել, որ Հայաստանում կարող է լինել իրենց աջակից ղեկավար, իշխանություն։ Մենք էլ երբեք չէինք կարող պատկերացնել, որ կունենանք իշխանություն, որի համար առաջին պլանում կլինեն թուրքական ու ադրբեջանական շահերը։ Նրանք փորձում են կորզել ինչ հնարավոր է, որքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է՝ արագ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի տապալվել։ Ադրբեջանցիներն ասում են՝ արագ վերցնենք Սևանը, Զանգեզուրը, Տավուշը, քանի դեռ Հայաստանում Քոչարյանը չի եկել իշխանության։ Էն մի ադրբեջանցի քաղաքագետն էլ ասում է, թե՝ Հաշվի առնելով, որ Հայաստանում միշտ կլինեն Քոչարյանի նման մարդիկ, Ադրբեջանը պետք է անընդհատ ուժեղացնի իր բանակը և էլ ավելի ուժեղացնի իր ռազմական դաշինքը Թուրքիայի հետ: Բա, նրանք բանակն են ուժեղացնում, մենք դեռ Նիկոլ ենք լայ-լայ անում։

Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ