24 02 2021

«Կարճ ասած»․ Երկար հարցազրույցից կհիշվի երկու բան՝ սուտը և սկանդալը



 

Սիրտը դող էր ընկել, բա ո՞նց, Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել, ինքը չի պատասխանել, բա մի հատ չարձագանքի՞։ Արձագանքեցիր, բա հետո՞։ Գոհ ե՞ս։

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց ու ապացուցեց, որ միակ կայացած բանը էս իշխանության մեջ սուտն է, մանիպուլյացիան, դեմագոգիան։ Մի քանի բաների վրա պետք է կանգ առնեմ։

Ամբողջ ռուսական եթերը լցված է հակառուսական սայթին Նիկոլի տված հակառուսական մեկնաբանությամբ, թե՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով։ Փորձագետները համարում են հիմարություն, պաշտոնյաները պահանջում են ներողություն խնդրել։ Չկա մի մասնագետ, տեղացի կամ ռուս, որ Նիկոլի այս հայտարարությունը կարողանա գնահատել հօգուտ Նիկոլի։ Անգամ Նիկոլի Արծրունը էս զենքի մասին միայն դրական բաներ էր ասում, երբ աշխատում էր որպես ռազմական փորձագետ։ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը հեռախոսազրույցում երկար ծիծաղում է Նիկոլի հայտարարության վրա։ Քոչարյան Անդոն է դեռևս միայն Նիկոլի թելը թելել, թե՝ եթե պարզվի, որ այդպես է, խնդիր կա․ բա մի հատ ծառայողաական քննություն անեիք, պարզեիք, լրիվ հասկանայիք, նոր հայտարարեիր։

Նիկոլ Փաշինյանը զենքի միջազգային առևտրի ամենախոշոր խաղացողներից մեկին՝ Ռուսաստանին համարում է անորակ զենք մատակարարող։ Այն էլ մի զենքի մասին է խոսքը, որը Ռուսաստանը համարում է իր հպարտությունը և առաջին երկիրը, ում դա վաճառել է, Հայաստանն է։ Երբ պետության ղեկավարը պետության զենքը համարում է խոտան, դա նշանակում է, որ ոչ միայն կարող է հարաբերությունները փչացնել, այլև տնտեսական լուրջ վնասներ է ցանկանում պատճառել Ռուսաստանին, թե՝ դու բռակ զենք արտադրող ես։ Ու սա առաջին դեպքը չէ, մինչ այս էլ խոսում էր 42 մլն դոլարանոց զենքի մասին, որը, իբր, չի կրակում։ Նիկոլը սրանով հայկական բանակին էլ է մեծ վնաս տալիս․ Ռուսաստանը մեզ զենք է վաճառում էժան, վարկով, ապառիկ․ հիմա էլ կարող է չզինել քո բանակը․ եթե իմ զենքը բրակ է, ուրեմն ցտեսություն։

Սերժի՞ն էիր ուզում հակադարձել, ինչո՞ւ ընտրեցիր զենքի թեման, ինչու՞ հենց էդ զենքի թեման, որտեղ հա՛մ սխալ ես, հա՛մ սկանդալ ես հասունացնում, ռուսներին վնասում։ Թող անդրադառնայիր երրորդ նախագահի հարցազրույցի մյուս թեմաներին Սերժ Սարգսյանն օրինակ ասել էր, որ ռուս համանախագահ Պոպովը պայթեցրել է Փաշինյանի բանակցային փուչիկը։ Հարցազրույցում ասել էր, որ Նիկոլի համար բանակցությունները տալու և չտալու խնդիր էր։ Ասում է, որ քո առած ՍՈՒ-30-ը թռավ ընդամենը մեկ անգամ Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ ու այնպիսի ապաշնորհ ձևով, որ ինքը ստիպված է եղել խնդրել իր գործընկերներից մեկին, որպեսզի զանգի ՊՆ և ասի՝ այդ հիմարությունը մի արեք։ Ու լիքը այլ բաներ էր ասում, Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ ընտրեցիր հենց այս թեման, այսպիսի ապաշնորհ կերպով, խայտառակելով թե՛ քեզ, թե՛ հերթական անգամ մեզ, որ դեռևս քո պես ղեկավար ունենք։

Լավ, հանուն իրեն արդարացնելու է՞լ ինչի է պատրաստ էս մարդը։ Իսկանդերի թեման միակ հիմարությունը չէր։

Նիկոլը իբր արձագանքում է երկրորդ նախագահի հայտարարությանը, որ եթե ինքը լիներ, Ադրբեջանը չէր հարձակվի, հարձակվեր էլ, պարտություն չէինք կրի։ Այդ հայտարարությունը երբ եղավ, շատերը համաձայնվեցին Քոչարյանի հետ, ասացին՝ հաստատ, որ ինքը լիներ, լրիվ ուրիշ ելք կունենար էս պատերազմը։ Նիկոլն ասում է, թե՝ գիտե՞ք, ցանկացած մարդ կարող է այդպես ասել, որը չի եղել ղեկավար այդ երեք ամիսներին։ Ու շարունակեց դեմագոգիան, թե դեռ պետք է ապացուցել, որ այս պարտությունը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում: Իր կարծիքով, իր ստորագրած կապիտուլյացիայի թուղթը գցում է ուրիշների գրպանը՝ մոռանալով որ բանակ քանդողն էլ էր ինքը, 44 օր մեզ խաբողն էլ։

Իսկ ամենից մեծ ապացույցը հենց փաստերն են՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին պատերազմն ավարտվել է մեր հաղթանակով, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձևի համար գոնե մեկ անգամ չեն հարձակվել, Սերժ Սարգսյանի ժամանակ հարձակվել են, չեն հաղթել, խնդրել են կանգնեցնել։ Իրենք են խնդրել, Նիկոլ, ոչ թե մենք։ Դու բանակցությունները տապալել ես, հարձակվել են, երկիրը տվել ես․ Ոչ մի ղեկավար չի տարել բանակցությունները փակուղի, դու տարել ես։ Էլ ի՞նչ ապացուցեն։ Բա հանձնաժողով ստեղծեք, որ ապացուցեն, ինչո՞ւ եք փախչում էդ մտքից։

Ասում ես զենքը վատն էր, զինվորը վատն էր, հրամանատարը փախչում էր, միայն Աննա Հակոբյանն էր, որ բարոյական աջակցություն էր ցուցաբերում փայլուն կերպով ու հրաժարվում ես հանձնաժողով ստեղծել, որ քննի։ Փաստ է՝ Սերժ Սարգսյանը չուզեցավ զինվորների կյանք խլել, որպեսզի հետ բերի 400 հեկտարը, իսկ դու, տարբեր տեղեկություններով, 1000 զինվորի կյանք խլեցիր ու մի քանի րոպեով հետ բերեցիր ընդամենը մեկ բարձունք։ Բա չքննե՞նք, տեսնենք՝ էդ ինչ խոսակցություններ են։ Բայց Նիկոլը իրեն պատերազմի պատճառներից դուրս է դնում՝ ասելով եթե իմ տեղը ուրիշը լիներ, իբր նույնն էր լինելու։ Եթե քո տեղը ուրիշը լիներ, կհայտարարե՞ր խնդիրը պետք է լուծվի նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով։ Ոչ, եթե էդպես մտածեին, առաջին պատերազմում չէին հաղթի, նա էլ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակ չէր։

Եթե քո տեղը ուրիշը լիներ, թուրքադրբեջանական զորավարժություններին զուգահեռ զորավարժություն կկազմակերպեր մեզ մոտ ռուսների հետ համատեղ, էդ ողջ Իսկանդերներով-բանով, տեսնեինք, թե Ալիևը ռիսկ կանե՞ր հարձակվեր։ Ուրիշը լիներ, խելքը գլխին մարդ լիներ, կանոնավոր բանակով կկռվեր, ոչ թե, կամավորականներին առաջին իսկ օրերից կուղարկեր սահմանի մսաղաց։ Խելքը գլխին մարդ լիներ, բանակից հասկացող լիներ, շատ բան այդպես չէր լինի, կնոջ հետ խաղեր չեր անի պատերազմի ժամանակ, էրեխեքի կյանքերի ու հայրենիքի հաշվին։

Նիկոլը շարժվում է այն կանխավարկածով, որ պատերազմ լինելու էր անկախ նրանից՝ ինքն է վարչապետը, թե Վարդուշ տոտան, ու լինելու դեպքում նույն պատկերն էր լինելու, ինքը կապ չունի։ Բայց փաստ է՝ կարող էր չլինել, կարող էինք հաղթել, եթե քո փոխարեն նորմալ մարդ լիներ։ Ու էլի ու էլի անհասկանալի է, թե Նիկոլը ինչի է խոսում Սերժի կողմից 5 շրջան տալու մտադրության մասին՝ քամահրանքով, մեղադրական տոնով, եթե հենց ինքը արդեն տվել է 9 շրջան ու Հայաստանից կտորներ։ Գժվելու բան է։ Մարդը չունի էլի երես, ինչ ուզում ես արա։

Ամենազավեշտալի հաջորդ պատասխանը, որը միանշանակ անընդունելի է․ հարցնում է լրագրողը՝ ինչու է հայկական կողմը պայմանագրի բոլոր կետերը անթերի կատարում, եթե Ադրբեջանը գերիների կետը չի կատարում։ Նիկոլի պատասխանը վերջն է․ նա ասում է՝ որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի: Նա Ադրբեջանի բոլոր ասածները հլու-հնազանդ կատարում է, բայց խոստովանում է, որ այդ սրիկա Ադրբեջանը ոչ մեկը չի կատարում։ Ավելին, ասում է, որ Ադրբեջանը գերիների հարցը սակարկում է, բան է պահանջում։ Երկրորդ նախագահն ասում էր՝ ինչ է ուզում Ադրբեջանը․ ուզում է, որ Հայաստանից որևէ զինվորական Արցախ չգնա։ Բայց վախենամ՝ անգամ դա վերջը չլինի։ Ալիևը տեսնում է, որ Նիկոլն ամեն ինչ տալիս է, ռեստորանի գեներալ Վաղարշակ Հարությունյանն արդեն հայտարում է Զինված ուժերի թիվը կրճատելու մտադրության մասին։ Ինչպես ասում են, փազլը հավաքվեց։

Մյուս պատասխաններում էլ կային ցնդաբանություններ՝ կորոնավիրուսի և այլնի մասին։ Ընդհանրապես, կա՞ ինչ-որ բան, որ հասկացաք երկրի ղեկավարի հարցազրույցից, կա՞ ինչ-որ ազդակ, որ ստացաք նրա ելույթից, բացի նրանից, որ ռուս-հայկական հարաբերություններում նոր ճգնաժամ է հասունանում։ Կա՞ մի բան ձեր ապագայի վերաբերյալ, որ իմացաք։ Որևէ իրատեսական խոստում, որևէ ռացիոնալ խոսք։ Կա՞ մի բան, որ իմացաք Արցախի ապագայի մասին։ Ոչ, ժողովուրդ, ոչ մի խոսք, ոչ մի հուսադրում։ Մենք նայում ենք հարցազրույցը, որ իմանանք մեր ապագան, Արցախի ապագան, նա ասում է, որ մնում է՝ անհասկանալի հեռանկարով ու առանց ծրագրի։

Տեսեք, ժողովուրդ, երկրորդ նախագահն ասում է, որ սա սա սա պետք է անել ու այսպես անել, մի տեսակ ոնց որ սրան խորհուրդ տա։ Երրորդ նախագահն ասում է, թե ինչը պետք է փոխել, ինչպես, ընդդիմադիր բոլոր ուժերը ասում են իրենց տեսակետը ապագայի մասին, մտավորականները, եկեղեցին։ Նիկոլինը չկա։ Նրա համար որովհտեև կարևոր է ա՛յս օրը ու այն, որ այսօր էլ մնաց էդ աթոռին։ Հա, մեկ էլ կարծես գտավ մեղավորին երեկ․ ասում էր չէ՞, ես պատասխանատու եմ, բայց ոչ մեղավոր, վերջը գտավ՝ Իսկանդերն է մեղոր։ Բա․․․

Կարճ ասած՝ Նիկոլի երկար հարցազրույցից կհիշվի երկու բան՝ սուտը և սկանդալը՝ կառուցած ստի, դեմագոգիայի, վախերի վրա։ Դու չես կարողանում հաղթական բանակից օգտվել, վարի ես տալիս, ասում ես՝ 30 տարի բանակ չէինք ունեցել, դու չես կարողանում ազատագրած հայերնիքը պահել, ասում ես՝ ծախած էր, դու վարի ես տալիս քեզ տված տնտեսական ցուցանիշները, ասում ես փուչիկ էր, լավ հարաբերությունները փչացնում ես, ասում ես՝ չենք ունեցել։ Ու մենք զարմանում ենք, թե ինչու ունենք էս վիճակը՞, ինչու պարտվեցի՞նք, ինչու մնացինք միայնա՞կ։ Որովհետև էս մարդը իր ոչ մի խոսքի ու արածի հաշիվ չի տալիս։ Մի անկապ բան ասում է, հետո սկսում են խմբագրել-սրբագրել։

Հիմա թող արդեն դատախազությունը, պատգամավորները, ընդդիմությունը մտածեն՝ իրենք ինչո՞ւմ են մեղավոր, որ սա շարունակում է մնալ ու պղտորել ամեն ինչ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ