15 02 2021

«Կարճ ասած»․ Վիրուս, պատերազմ, երկրաշարժ․ Նիկոլը Հայաստանի «սև թուղթն է»



Շաբաթ օրը, երբ 15 օրվա մեջ երկրորդ ուժգին երկրաշարժը տեղի ունեցավ, շատ մարդկանց մտքում մի բան էր և, ի միջի այլոց, շատերն էլ այդ մասին իրենց սոցցանցային էջերում գրում էին՝ «սա Աստծո պատիժն է մեր գլխին»։ Սա ևս մեկ նախազգուշացում էր, որ ժողովուրդ, կործանվում ես, ուշքի արի, ի վերջո։

Շատերն են արդեն մտածում, որ Նիկոլի մեջ սատանայական ինչ-որ բան կա, էս մարդը չարիք է։ Ժողովուիրդ, ինքը երբ ակտիվացել է, հայ ազգի ու Հայաստանի գլխին մի վատ բան եղել է։ 2008 թվականին միտինգներ է կազմակերպել, ունեցել ենք զոհեր, վիրավորներ, թալանված Երևանի կենտրոն։

Հիմա կբերեմ մի քանի այլ օրինակ, ժողովուրդ, որոնք դուք ինձանից լավ գիտեք, ուղղակի դրեք իրար կողք ու տեսեք՝ էս մարդը ինչ աստիճանի չարիք է։

2018 թվականի մայիս, փողոցում իբր հորդում էր սերը, շերեփ-կափարիչ փարթի էր։ Երեք ամիս անց մարդը էլի միտինգ է անում․ արդեն վարչապետ է, ու ի՞նչ տեսանք՝ էլի ատելություն, սարսափելի բան, հիստերիա։ Օգոստոսի 17-ի միտինգում ոչ մի գրամ հանդուրժողականություն չկար, նորից ու նորից ատելություն, չնայած որ իրենց ուզածին հասել էին։ Իրար հաջորդած հանրահավաքներում նրա ձայնը մնաց նույն հիստերիկը, ատելություն տարածողը։ Հիշեք Երևանի ավագանու նախընտրական բեմը, պատին ծեփելը, ասֆալտին փռելը․ քանի-քանի բժիշկ ասացին, որ էս մարդուն պետք է ստուգման տանել։ Բայց ոչ, արդեն դուք՝ ժողովուրդ, իրեն ընտրեցիք, տեսնելով այդ ամենը աչքներիդ առաջ։

Ընդամենը 2 տարի և 10 ամիս է Հայաստանի ղեկին, ու մենք տեսանք արդեն այնքան բաներ, որոնք բավական կլինեին մի քանի սերնդի։ Եղան բաներ, որոնց հանդիպել էինք 25-30 տարի առաջ ու մեզ թվում էր՝ այլևս անհնար է կրկնվեն։

Մահեր, որբացած ընտանիքներ, տնտեսական անկում, աշխատատեղերի փակում՝ կորոնավիրուսին վատ պատրաստվելու պատճառով։ Ի՞նչ էր անում Նիկոլը՝ հանրահավաք էր անում, քարոզարշավ էր անում, ձեռք էր առնում վիրուսին։ 4 հազար մարդու դրել ենք հողը, որևէ մեկը պատասխանատվություն չի կրել․ ճակատին գրված էր, մահացավ։ Նախազգուշացում էր, որ էս մարդը ընդունակ չէ ճգնաժամային վիճակում կառավարել, խելքի եկեք, հանեք ռադ արեք։

Նույն մեկ տարվա ընթացքում մենք ունեցանք երկու պատերազմ, մեկը՝ մինի՝ հուլիսին, որից հետո Նիկոլը չխրատվեց, որ չի կարելի սադրել թշնամուն, չի կարելի մարդկանց տանել գյուլլի բերան։ Երկրորդը՝ լայնածավալ։ Պատերազմում ունեցանք գրեթե 7 հազար զոհ, 2400 անհետ կորած, գերիներ, 15 հազարից ավելի վիրավորներ։ Պատերազմի 450 մասնակցի հետազոտել են, որոնցից 368-ը ունի հաշմանդամություն։ Շուրջ 60 հոգի արդեն ապրում է առանց ձեռքի կամ ոտքի։ Ունեցանք հայրենիքի 10 հազար քառակուսի կիլոմետրի կորուստ։ Ի՞նչ արեց Նիկոլը պատերազմից հետո․ երկու բան՝ առաջինը ասաց, որ մնալու է իր աթոռին, երկրորդ՝ ինքն է բանակցելու, երևի որ Ադրբեջանը էլի բաներ տանի։ Պատերազմը երրորդ նախազգուշացումն էր, որ ժողովուրդ, ուշքի արի։ Չեկանք ուշքի, չհեռացրիր սրանց։

Կառավարությունը որոշում ընդունեց Սյունիքի ու Գեղարքունիքի 40 գյուղ սահմանամերձ ճանաչելու մասով։ Մարդիկ իրենց տանը նստած՝ իմացան, որ իրենց գյուղն արդեն սահմանակից է Ադրբեջանին։ Դա նշանակում է, որ եթե սա մնա, դրանք էլ կարող են անցնել Ադրբեջանին։ Ու մենք ի՞նչ ունենք այսօր։ Մարդու իրավունքների պաշտպանը տեսանյութ է հրապարակել, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի մոտ կրակում են փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից, գյուղերից դիրքերը հեռու է մեկ կիլոմետրով։ Խնձորեսկում մարդը տանում է ոչխարն արածացնելու, 180-ից 10-ն է տուն վերադարձնում, մյուսները տանում են թուրքերը։ Հովի՛վը պետք է ադրբեջանցի զինվորների հետ բանակցի։ Պետությունը չի կարողանում երաշխավորել գյուղացիների անվտանգությունը։ Պետություն չկա։

Նիկոլի կինն այցելում է պատերազմում զոհված Արշակ Տոնոյանի ընտանիքին: Ֆեյսբուքյան էջում էլ հայտնում է այդ մասին․ ի՜նչ մեծ պատիվ, մարդը Շիրակ է հասել զոհի երեխային գրկելու համար։ Գրկել էր երեք ամսական դստերը, որն իր անունից ունի, ֆեյսբուքյան էջում հերթական փիարն էր արել։ Աննան հասկացա՞վ, որ որ էդ երեխան ծնված օրից որբ է իր ու իր ամուսնու ջանքերով ու պատճառով։ Զոհվածի հայրը, որ ժպիտը դեմքին ընդունել էր, գիտի՞, որ ինքը երջանկացել էր իր տունը քանդողին ընդունելով։ Կարծում եմ՝ չի հասկացել։ Ինչո՞ւ․ գլխումս չի տեղավորվում։ Էս մի նախազգուշացումն էլ չհասկացաք։

Խնդրեմ, ունեցանք ուշքի բերելու հաջորդ նախազգուշացումը՝ երկու շաբաթում երկու ուժգին երկրաշարժ։ 6 բալը հզոր է, դրանից մեկ բալ այն կողմն արդեն համարվում է ավերիչ։ Երկրաշարժի ժամանակ էլ էր Նիկոլը անադեկվատ։ Մարդը ֆեյսբուքյան էջով ինֆորմացիա էր փոխանցում, որ ժողովուրդ, հենց նոր որ գետինը ցնցվեց, երկրաշարժ էր։ Բայց անգամ էդ ինֆորմացիան նա 4 անգամ խմբագրեց։ Անտեղյակ էր, այդպես էլ չէր կողմնորոշվում՝ որտեղ է եղել, ինչ հզորությամբ, ինչ վնաս է տվել։

Ժողովուրդ, մեկ տարում երկու պատերազմ, համաճարակ, հազարավոր զոհեր, երկրաշարժ, տնտեսական երկնիշ անկում, 22 հազար փակված բիզնես, ներդրումների արտագաղթ՝ պատմության մեջ առաջին անգամ, սարսափելի գնաճ, աշխատավարձի ու թոշակի պարտքով վճարում։ Դուք հասկանում ե՞ք, որ սա հայ ազգի սև թուղթն է։ Էլ ի՞նչ պիտի անի որ հասկանաք՝ գետինը չի ընդունում էս սրիկաներին։

Հայաստանում գործընթացները զարգանում են ու զարգանալու են փողոցում, Հայաստանում քաղաքական միտքը մնացել է փողոցում։ Պետք է ամեն կերպ նպաստել, որ փողոցային այսօրվա պայքարը հաջողվի։ Պետք է գնալ Ազատության հրապարակ ու մերժել սատանային, որ կախված է մեր երկրի գլխին։ Եթե գոնե մեկ հոգի բեմում ունեք ծանոթ, բարեկամ, գործիչ, ում հավանում եք, նրա համար գնացեք։ Եթե այդ 17 ուժերի, հարյուրավոր փաստաբանների, մշակույթի ու արվեստի գործիչների, բժիշկների, հոգևոր դասի մեջ կա թեկուզ մեկ հոգի, որին ընդունում եք, գնացեք այ հենց իր համար, իսկ իրականում՝ հենց ձեզ համար։ Այո, կարող է ձեր մեջ կան մարդիկ, որոնք հուսախաբ են եղել ընդդիմության գործելաոճից, կարող է թույլ եք համարում, պայքարի ոճը չեք ընդունում, սակայն սրանց ե՞ք ընդունում։ Ինքս էլ կարող եմ բերել պատճառներ, թե ինչու Փրկության շարժումը մինչ այս պահը ձախողել է ու արդյունքում Նիկոլը դեռ իշխանության ղեկին է։ Կարող եմ բերել պատճառներ՝ սկսած հրապարակի կազմից մինչև հանրահավաքների անցկացման ձգձգումը։ Բայց մեկ է՝ գործընթացները գնում են փողոցում՝ իրենց մասնակցությամբ, պետք է աջակցել, պետք է գնալ և ընդվզել, չի կարելի հարմարվել այն մտքին որ հնարավոր է՝ քո երկրի ղեկին հանցագործններ են։

Հայաստանը պետք է զարգացման հույս ու հնարավորություն ունենա, ու դրա համար կարևոր է, որ Նիկոլը իր կործանիչների խմբակով հեռանա։

Կարճ ասած՝ Էլ քանի՞ զգուշացում պիտի լինի, ժողովուրդ, որ հասկանաք՝ Նիկոլը չարիք է Հայաստանի համար։ Մենք մի քիչ շատ չե՞նք վճարում սրան իշխանության բերելու ու պահելու համար։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ