10 02 2021

«Կարճ ասած»․ Նիկոլից քաշվածները



Օրերս 16-ամյա մի պատանի մահացավ, դպրոցական երեխա։ Պատմում են, որ եղբայրը զոհվել է պատերազմում, դին դժվարությամբ են գտել, սթրես էր տարել, ընկել էր հիվանդանոց ու արդյունքում ամենի տակից չկարողացավ դուրս գալ։ Նրա անունը չկա պատերազմում զոհվածների ցանկում, բայց արդյո՞ք պատերազմի զոհ չէ։ Նրա ընտանիքը պատերազմի զոհ չէ՞, որ երկու որդուն էլ կորցրեց։ Սա ողբերգական և իրական դեպք է։

Արցախյան առաջին ու ապրիլյան պատերազմների մասնակից մի սպա այս պատերազմում կորցրեց թոռանը։ Ծանր ապրումների մեջ էր ամբողջ պատերազմի ընթացքում, հենց լսում էր, որ իր՝ թիզ առ թիզ ազատագրածը կիլոմետրերով հանձնում են։ Այդ մարդը այս պատերազմում կորցրեց ոչ միայն իր ազատագրածը, այլ նաև թոռանը։ Կռիվ սկսեց աշխարհի ու կյանքի դեմ․ հրաժարվեց շաքարի ու ճնշման դեղերից, հետո` նաև հացից։ Մահացավ։ Անունը զոհերի ցանկում չկա։ Նա պատերազմի զո՞հ է, թե չէ։

Օրերս կամրջից ինքնասպանության փորձ էր ազնում պատերազմում որդի կորցրած մայրը․ էդ պահին փրկեցին, բայց մեկ է՝ նա պատերազմի զոհ է։ Նիկոլ, հասկանում ե՞ս, թե մարդկությանը ինչ վնաս ես տվել։

Թվեր են շրջանառում՝ պատերազմում կորցրեցինք 7 հազար զինվոր, 2400 անհետ կորածի անուն են տվել ռուս խաղաղապահներին, կորցրեցինք 10 հազար քառակուսի կիլոմետր Հայրենիք, ունեցանք վիրավորներ։ Բայց այդքա՞նն են մեր կորուստները։ Մարդկանց հետ խոսեք, չեն ապրում։ Որդուն կորցրած ընտանիքը ո՞նց է ապրում։ Անցել եք ձեր առօրյային, բայց սուգ է շատ-շատ տներում։

Քանի՜-քանի ընտանիքի բարոյահոգեբանական վիճակը խեղվեց, քանի՞ մայր ընկավ հոգեբուժարան, քանի՞ ծնող հանձնվեց հողին, որովհետև սիրտը չդիմացավ։ Նրանք չկան զոհվածների ցանկում։ Վշտի մեջ բողոքի ցույց անող մի ծնողի մեկ որդին գերի է, մյուսը անհետ կորած։ Հիմա նա ի՞նչ է ապրում, ինչպե՞ս է ապրում։ Պատերազմի ընթացքում քանի՞ զինվոր հայտնվեց հոգեբուժարանում։ Անձամբ քանի հոգու եմ ճանաչում, որ դրա տակ մնացին։ Նրանք ո՛չ վիրավորների շարքում են, ո՛չ զոհերի, բայց նրանց կյանքը, ապագան չխեղվե՞ց։ Նրանք էլ ունեն, չէ՞, ընտանիք, հույսեր, ունեին ապագայի պլաններ։ Շփվում եմ պատերազմից վերադարձած շատերի հետ և տարօրինակություն եմ տեսնում, մահ են տեսել աչքերի դիմաց ու լացելով ծիծաղում են էն ամենի վրա, ինչ մենք ենք անում։ Նրանց աշխարհը փոխվել է լրիվ։

200-ից ավելի գերի ունենք Ադրբեջանում, իշխանությունը ո՛չ ցանկ է տալիս, ո՛չ անուն է տալիս, ու դրա պատճառով Ռուսաստանը չկարողացավ վերադարձնել։ Ասում են՝ գաղտնիք է ու էնքան ուղեղ չունեն, որ հասկանան՝ Ադրբեջանի համար չի կարող գաղտնիք լինել այն, ինչ ինքը գիտի։ Խաբում են, ասում են՝ զբաղվում ենք ձեր երեխաների հարցերով։ Բայց ռուսներն ասում են, թե ո՞վ է գերիների խնդրով զբաղվում՝ Պուտինը, Լավրովը, Շոյգուն։ Հայ գերիների մասին զբաղվող պաշտոնյաների ցանկում յան-ով վերջացող ազգանուն չկա։ Բայց հենց առիթը լինում է՝ փիարվում են։ Նախապես հայտարարում են, որ ցուցակ են տվել 20 գերու վերադարձի, ծնողները, որ ապրել են մահն աչքերին, գալիս են, ժամերով սպասում օդանավակայանում ու բերում եք ընդամենը 5 գերի։ Դուք հասկանում ե՞ք 2 ամսում 5 գերի բերելով 200-ից ավելի գերիներին քանի տարում կվերադարձնեք ու ինչերի դիմաց։

Երկրորդ նախագահն ասում էր՝ գերիների վերադարձ կլինի միայն էն ժամանակ, երբ սրանք խոստանան, որ Հայաստանից որևէ զինվորական Արցախ ոտք չի դնելու, որովհետև սրանց քթից բռնած տանում-բերում են ու ինչ ուզում են՝ պարտադրում են։ Խնդրեմ, երեկ հայտնի դարձավ, որ այլևս զինծառայության չեն տանում Արցախ։ Հիմա էդ գերիները ի՞նչ վիճակով են գալու, ի՞նչ խեղված ճակատագրով։ Աղոթում ենք, որ բոլորը գան առողջ և ոչ մի մազ գլխներից պակասած չլինի, բայց մենք վստահ ենք, չէ՞, ապրումներն ուր են հասցնում էդ տղաներին։

Այսօր նկատեցի, որ անհետ կորածների հարազատները հավաքվել էին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ, ուզում էին նամակ-խնդրագիր փոխանցել․ հետո ասեցին՝ եթե այս հարցը կարող է երկրորդ նախագահ Քոչարյանը լուծել, կգնան իր մոտ։ Հարգելի՛ հարազատներ, այդ հարցը մեր երկրում իրավասու են լուծել ընդամենը 4 հոգի․ դրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, որովհետև վարչապետի աթոռին ինքն է, Վաղարշակ Հարությունյանը, որովհետև Պաշտպանության նախարարն է, Անդրանիկ Քոչարյանը, որովհետև ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ է և Գլխավոր դատախազ աշխատող Արթուր Դավթյանը։ Այ սրանք են, որոնք զբաղեցնում են այդ պատասխանատու պաշտոնները, ստանում են աշխատավարձ և պարգևավճարներ, զբաղեցնում են կաբինետներ և մեքենաների շարասյուններով են շրջում ու այդ ամենը՝ պետության հաշվին։

Այդ հարցով միմիայն նրանք կարող են զբաղվել, այլ ոչ Ռուսաստանի դեսպանը կամ պաշտոնաթող, թեկուզ և հզոր նախագահը։ Այո, Անդրանիկ Քոչարյանի պաշտոնը նրա համար չէ, որ մի որդուն բանակից կասկածելի կերպով ազատել տա, մյուսին էլ կասկածելի ապահով կերպով պատերարազմին մասնակից դարձնի։ Վաղարշակ Հարությունյանի պաշտոնն էլ նրա համար չէ, որ եղբորը իրեն օգնական նշանակի։ Երկուսն էլ ուղիղ պարտավորված են հենց այդ հարցերին լուծում տալ։

Ձեր հարազատների մասին տեղեկությունները, այն հեռախոսահամարները և կոնտակտները, որոնք կարող են այդ հարցը լուծել, իրենց մոտ են, իրենք են տիրապետում այդ ամենին, այլ ոչ այլոք։ Ձեզ էլ եմ հասկանում, սրանք հա՛մ մեղավոր են այս վիճակի համար, համ էլ տեղները չեն ազատում, որ կարող մարդիկ այդ հարցերով զբաղվեն։ Դուք էլ ընկած եք դռնեդուռ։

Մարդիկ չեն մահացել, բայց դարձել են փախստական, հիմա նրանք անտուն են, ապրուստի միջոց չունեն։ Էդ մարդիկ կորցրել են ամեն ինչ, մնացել է միայն սեփական կյանքը, ազատություն անգամ չունեն, կախված են շատ բաներից։ Շատերն ապրում էին անասնապահությամբ ու հողագործությամբ։ Հիմա հողը, արոտավայրը տվել են թուրքերին, ո՞նց էդ մարդիկ հող մշակեն, ո՞նց ապրեն։ Հիմա իրենք կորցրել են, չէ՞։ Մարդը կռվել է, վիրավորվել է, կորցրել է աշխատանքը, պետությունը ոչինչ չի առաջարկում, բա ի՞նչ անի, ինչո՞վ ապրի։ Չեն ասում։

Իմքայլականն ասում է, որ այս ամենի տակից իրենց խմբակցությունը դուրս եկավ 4-5 պատգամավորի կորստով, ընդամենը։ Ասում է՝ այդքան պինդ են։ Հասկանում ե՞ք, ձեր կորուստը ձեր երեխաներն են, հողն է, ապրուստն է, սարքած ու թուրքին թողած տունն է, պապերի գերեզմանն է, սրբատեղիներն են։ Էս սրիկաները, թե՝ մենք պինդ ենք, ֆռակցիայից 5 պատգամավոր է հեռացել։ Իրենք քո կորստին՝ քո կորցրած զավակին համեմատում են իրենց կորուստը՝ 88-ից 5-ի՝ խմբակցությունից դուրս գալը ու ասում՝ դու էնքան չկայիր, որ ձերոնց պահեիր, մենք մերոնց պահեցինք։ Նրանք ուրախանում են, որ դավաճանության շուրջ համախմբվածների շարքերը չեն փոքրանում։ Մենք էսքան կորուրստ ունեցանք, դուք հպարտանում եք, որ ձեր դավաճանական թիմը մնաց ամո՞ւր։ Վստահ եմ՝ Ալիևն էլ է ձեզ հետ հավասար հպարտանում։

Կարդում ենք՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթանը հետաքրքրված է պատերազմի՝ նման ողբերգական ելքին հանգեցրած պայմանների, պատճառների վերաբերյալ քննվող քրեական գործերով, հանձնարարություններ է տվելել է մանրամասն քննել սոցիալական հարթակներով, զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հանգամանքները։ Գլխավոր դատախազը մեկ քայլ ուներ անելու՝ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։ Չարեց, ակտիվորեն ծառայում է նրան, եվ ուրեմն ինչպե՞ս է բացահայտելու դավաճանությունը։

Ասել եմ ու ասում եմ՝ հաշված թվով մարդիկ կան, որոնց վնաս չի տվել Նիկոլի իշխանությունը։ Մի ընտանիքի՝ կյանքի տեսքով է տվել էդ վնասը, մեկին՝ առողջության, հողի, տանիքի, բիզնեսի, պատերազմին հաջորդած ահռելի գնաճի տեսքով։ Անգամ իմքայլականներին է մեծ վնաս տվել, հայհոյանքների ամենօրյա հերոսներն են։ Շահել է միայն ինքն ու Ալիևի ընտանիքը, իրականացրել է միայն իր ու կիրթ ընկերոջ երազանքները։

Կարճ ասած՝ Մենք՝ բոլորս, Նիկոլի իշխանության զոհերն ենք, պատերազմի զոհերն ենք, հեղափոխության զոհերն ենք։ Երբ ասում է՝ ես զոհեցի 5 հազարին, բայց փրկեցի 25 հազարի, սուտ է։ Փրկողը լինեիր՝ պատերազմ վարելը կտայիր գիտակ գեներալներին, ոչ թե կնոջդ կուղարկեիր, փրկող լինեիր՝ Պուտինի առաջին իսկ առաջարկով կկանգնեցնեիր պատերազմը, այլ ոչ թե կմտածեիր, որ կարող է քեզ դավաճան ասեն։ Այ էդ ժամանակ կփրկեիր։ Դու ոչ մեկին չես փրկել։ Դու չես փրկել անգամ չզոհվածներին։ Բոլորի գլխին հիմա առավել մեծ վտանգ է։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ