05 02 2021

«Կարճ ասած»․ Ինչի՞ հանգեցրեց Նիկոլի՝ «շան պես» վախենալը



Վստահաբար, 2020 թվականը շատ ծանր տարի էր աշխարհում և առանձնահատուկ ծանր՝ Հայաստանում։ Մենք բախվեցինք խնդիրների, որից դուրս չի գալիս ո՛չ երկիրը, ո՛չ ժողովուրդը։ Ու բնական է որ այդ խնդիրների տակ է մնացել նաև իշխանություն կոչեցյալը։ Ձախողումների շարք էր, որը շարունակվում է։ Ամենացավալին այն է, որ այս ամենից հնարավոր էր դուրս գալ պատվով, բայց դուրս եկանք կորցրած ու նվաստացած։

Տարվա ամենասկզբից մեզ պատուհասեց կորոնավիրուսը։ Հիշեցնեմ՝ դա չմտավ առաջինը Հայաստան։ Կորոնավիրուսը Հայաստան եկավ այն ժամանակ, երբ աշխարհի մեծ մասում արդեն տարածվել էր, երբ տարբեր երկրներ լոքդաուն էին արել․ շատերն էլ անում էին, թեև դեռ չկար վիրուսը իրենց մոտ։ Մեծ բախտավորություն էր, որ Հայաստան այդքան շուտ չէր եկել ու տեսնելով աշխարհում իրավիճակը, մենք կարող էինք պատրաստվել։ Գիտեինք, նաև որ մահաբեր վիրուս է։ Բայց իշխանության համար դա կարևոր չէր, ձեզանից ոչ մեկի կյանքը կարևոր չէր, նրա համար այդ ժամանակ կարևորն այն էր, որ Սահմանադրական դատարանի կազմը փոխվի՝ Քոչարյանի թեման պետք է քննվեր։ Այդ պատճառով հանրաքվե նախաձեռնեցին, փողեր հատկացրեցին, միտինգ էին անում, «այո»-ի քարոզարշավ ու ասում՝ եկեք, ժողովուրդ, կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, պինցետով քաշեմ-գցեմ արաղի մեջ։

Իսկ ինչո՞ւ էր ուզում փոխել Սահմանադրական դատարանի կազմը․ մեկ անգամ էլ հիշեցնեմ․ որովհետև Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացներ Ռոբերտ Քոչարյանի գործի մասով, իսկ Նիկոլը շան պես վախենում էր, որ իր սրտի դատավորներից ընդամենը մեկ-երկու հոգի ունի այնտեղ։ Իրեն ՍԴ դատավորներ պետք չէին, իրեն ծառաներ էին պետք։ Ու նա վտանգի տակ դրեց հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքեր, միայն մի նպատակով՝ որ հանկարծ նախագահ Քոչարյանի գործը չկարճվի․․․ Հետո պարզ դարձավ, որ նպատակներ ուներ դեռ։ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է մոտ 3900 մարդ, կառավարությունը կորոնավիրուսի անվան տակ միլիոնավոր դոլարներ է քամուն տվել, այսօր պարզվեց, որ 7,5 մլն դոլար վարկ է վերցնում կորոնավիրուսի հետևանքների համար, ձեզ ու մեզ գցում է պարտքի տակ։ Բայց դե կարևորը դա չէ, կարևորն այն է, որ Ֆելիքս Թոխյանն ու Ալվինա Գյուլումյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չեն, Հրայր Թովմասյանն էլ նախագահող չէ։ Եթե ժամանակին լինեին սահմանափակումներ, կարո՞ղ էր Հայաստանը քիչ կորուստներով դուրս գալ․ վստահաբար՝ կարող էր։

Կորոնավիրուսը, ցավոք, մահեր բերած խնդիրներից միայն մեկն էր։ Սահմանադրական դատարանի դեմ սելջուկ թուրքերի արշավանք հիշեցնող այս վայրենի հարձակումն էլ սկիզբն էր։  

Էս իշխանությունը հակապետական քայլերով հաջորդ անգամ «փայլեց» հուլիս ամսին։ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, Թուքիայի հետ զորավարժություններ էր անում Նախիջևանում։ Թե՛ այստեղի փորձագետները, թե՛ դրսի գործիչները, բարեկամ երկրները զգուշացնում էին, որ սա պատերազմի է հասնելու։ Իսկ ի՞նչ արեց Նիկոլը՝ արագացրեց այն։ Հուլիսին Ադրբեջանը, բայց ասում են՝ մերոնք, կոպիտ խախտեց հրադադարը, մեր զինված ուժերը լռեցրեցին։ Ու Նիկոլը այդ միջադեպը սարքեց երրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ, փիար էր, որ անում էր, սադրեցին թշնամուն, մատ թափ տվեցին, այստեղ ազգային հերոսի կոչում տվեցին, 70 հոգու «Մարտական Խաչ» շքանշան տվեցին։ Սրանք մի լավ սադրեցին, գազազեցրին թշնամուն, այնտեղի ժողովուրդը անգամ ոտքի ելավ, թե էս ի՞նչ է կատարվում, մեզ էլի ստորացրեցի՞ն, պարոն Ալիև։ Նա այդ ժամանակ պատասխան չտվեց, ու հանգիստ պատրաստվեց լայնամասշտաբ պատերազմի։ Իսկ ինչո՞ւ էր դա անում, որ ցույց տա, թե նախկիններն ի՞նչ են որ, ինքն է Ալիևի ահ ու սարսափը։ Բայց էս ամենն էլ անում էր նրա համար, որովհետև գիտեր ինչ է սպասվում։

Նիկոլ Փաշինյանը աշնանը կերտեց մեր պատմության ամենավատ, ողբերգական, սրիկայական էջերից մեկը՝ պատերազմ ու խայտառակ, դավաճանական պարտություն։ Մենք դեռ հուլիսին գիտեինք, որ պատերազմի դեպքում պարտվելու էինք, որովհետև բանակը բարոյալքված էր ու ղեկավարվում էր բանակում չծառայածների կողմից, էն ժամանակ, երբ հուլիսյան հրադադարի խախտումից սրանք համաշխարհային հաղթանակ էին կերտում, գիտեինք՝ ինչի է հանգելու, բայց Նիկոլը ևս իմանալով որ պատերազմ տանող չի՝ չկանխեց, իսկ հետո, երբ հնարավոր էր՝ չկանգնեցրեց պատերազմը։ Նա ձգձգեց այնքան, որ արդեն դա անի կապիտուլյացիայի տեսքով։ Շատ փաստեր են հրապարակվել այն մասին, որ սա կազմակերպված պարտություն էր։ Դուք կարող եք փաստերը դնել իրար կողքի, և իրենք իրենց կերևա՝ սա ինչ պարտություն էր։ Մնացածը պետք է հետաքննությունը պարզի ու որոշի։ Միտումնավոր սխալները բերեցին կապիտուլյացիայի, եղան հազարավոր զոհեր, նախկինում շրջանառվում էր 5 հազար թիվը, հիմա՝ 7 հազար, եղան գերիներ, խոսվում է 235-ի մասին, եղան վիրավորներ, խոսում են 15 հազարի մասին, եղավ հայրենիքի կորուստ՝ շուրջ 10 հազար քառակուսի կիլոմետր։

Ցավոք, պատերազմն էլ վերջը չէր։ Հետպատերազմյան իրավիճակը, այսպես ասած՝ պատերազմից հետոն նույնքան սարսափելի է, որքան պատերազմը։ Պատերազմի ժամանակ շատերը դարձան փախստական, բայց հույսով, որ պատերազմը կավարտվի մեր հաղթանակով ու կվերադառնան։ Բայց պատերազմից հետո ավելի շատ մարդ է իր տունը վառել, պատերազմից հետո ավելի շատ մարդ է դարձել փախստական, քան պատերազմի ժամանակ, որովհետև ոչ մի կրակոց չտեսած գյուղերը հանձնել են թշնամուն։ Պետությունը ասելիք չունի, ընդամենը ասում է, որ ցավոտ սահմանագծումներ են։ Վերջ։ Անտերություն է։ Վատն այն է, որ Նիկոլը ձեզ մի մազաչափ օգուտ չի տվել, բայց իրեն իրավունք է վերապահում ամեն օր վնաս տալու։ Սա տզրուկ է, պառազիտ է, որը կպել է մեր բոլորիս, պետության, ժողովրդի ջանին ու ծծում է արյունը։

Լավ, իսկ ինչո՞վ է զբաղված այս ամենը վարի տված իշխանությունը․ գերիների հարցերը մի կողմ, սոցիալական լիքը խնդիրներ, հանրությունը անելանելի վիճակում, իսկ իշխանությունը զբաղված է մանր խնդիրներով, մանր հարցերով ձեզ շեղելով, դուք աշխատանք չունեք ու սովի առաջ եք, էս մարդը 1 մլն դրամ աշխատավարձով դատավորներ է գործի ընդունում։ Զբաղված է մանր քաղաքական խաղերով՝ Գագիկ Ջհանգիրյանին նշանակում է ԲԴԽ անդամ, մի մարդու որից զզվում են շատերը, սորոսական Դավիթ Խաչատուրյանին էլ, մերժում է պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծումը, ընդունում է տեխզննումները տարին երկու անգամ անելու մասին օրենք։ Սրանք էն հարցերն են, որ էսօր իշխանության համար հրատապ են։ Նրանք զբաղված են թիթեռ նկարելով, ամեն ինչ անում են, որ մոռացության տան մեր կորուստները։ Լրագրողը պատերազմից հարց է տալիս ու արդյունք է լինում այն, որ բեյջից զրկում են, պաշտոնյաների է ռակիրովկա անում, նախարարին բերում է խորհրդական, խորհրդականին տանում է նախարար։ Զբաղված է հանրությանը հիմարություններով զբաղեցնելով, անում է գործեր, որոնց մասին ընդամենը մեկ օր են խոսելու, միայն թե գլխավոր խնդիրներից չխոսեն։

Մտածում են մեկ բանի մասին՝ իշխանության պահպանման, ոչինչ, որ երկիրը վարի են տվել, մարդիկ զավակներ են կորցրել, տներ, Հայրենիք, սրանց համար կարևորը չեղած իշխանությունը պահելն է։ Սրանք թքած ունեն, թե ինչ է մտածում ժողովուրդը, թքած, որ զոհ կա, թքած որ գերիներ կան, որ նրանց տանջում են, որ մարդիկ ցրտահարվում-մահանում են, սոված են։ Կարևորը՝ Սահմանադրությունը փոխեմ, ընտրություն անեմ, ԱԺ-ն լուծարեմ, բայց մնամ վարչապետ։ էս է։ Իր համար կարևոր է՝ ընտրությունը ինչ պահի անեն, որ կարողանան կեղծել, որ Նիկոլը մնա։ Հետո՞ ինչ, որ հանցագործություն են արել, հազարավոր կյանքեր են կտրվել ու հանրությունը պահանջում է գոնե հրաժարական ու հետաքննություն պատերազմը խայտառակ պարտության տանելու համար։ Ի դեպ, դեռ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել դրա համար։ Պատկերացնում ե՞ք, որևէ մեկը ոչ միայն ինքնասպան չի եղել, այլ անգամ նստած չէ կապիտուլյացիայի համար։ Երկրի մի կեսը վարի են տվել, մյուս կեսն էլ վարի տալուց հետո թուրքին են տվել, առնվազն 10 անգամ տապալել են սահմանադրական կարգ ու դեռ քննում են, թե 2008 թվականին ոնց եղավ մարտի 1-ը։

Մարդիկ ձեզ են տվել իրենց պահած-փայփայած զավակին, տարել եք, գլուխները կերել եք ու հետո պարզվում է՝ անգամ մասունքները չեք տալիս, որ շիրիմ, ունենան։ Արդեն որերորդ դեպքն է, մարդիկ ամիսներով անհետ կորած զավակին են փնտրում, պարզվում է՝ ուրիշ որդեկորույս ծնողների եք հանձնել։ Որովհետև բարդակ է։ Դուք հասկանում ե՞ք ինչ եք անում, արդեն ամեն անհայտ կորած մարդ, նույնիսկ իր երեխուն հուղարկավորածը, արդեն կասկածում է՝ ի՞ր երեխու մասո՞ւնքն է գերեզմանոցում, թե՝ թե ուրիշի։ Դուք էս ո՞նց խեղեցիք մարդկանց ճակատագիրը, այ անհայրենիք սրբապիղծներ։ Բա մարդ գնա, հայրենիքի համար զոհվի, գերեզման է՞լ չունենա։

Ու այս բոլոր դժբախտությունները՝ մեկ պատճառով՝ Հայաստանում կա Նիկոլ Փաշինյան, որը շան պես վախեր ունի։ Մի տեսակ շատ չէ՞ մեկ մարդու խաթր էսքան կորուստն ու մահը։ Սրանցից որևէ մեկը չի մտածում ո՛չ մեր մասին, ո՛չ զավակ ու հայր կորցրած հարազատի մասին, ո՛չ հողի մասին, ո՛չ սահմանների մասին, ո՛չ արժանապատվության ու ինքնիշխանության մասին։ Երբեք չեն էլ մտածել, էնպես չէ, թե սկզբում նորմալ էր, պատերազմը խեղճ մարդուն էսպիսին սարքեց։ Հիշեք 2008 թվականի հանրահավաքներում Նիկոլի ճղճղան ձայնը՝ զինվեք քարերով, երկաթներով․ նա հո չէ՞ր մտածում, որ կարող է բախումների արդյունքում զոհեր լինեն, նա ասում էր՝ գազ տվեք՝ էսօր ավարտում ենք։ Ձեր ապրել-մեռնելը իր համար մեկ է։

Կարճ ասած՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետը չի ունենա։ Հիմա ասում է՝ կա՛մ ես կմնամ իշխանությա՛ն, կա՛մ Հայաստանն ու ժողովուրդը չեն լինելու։ Բայց եթե մնա էլ իշխանության, Հայաստանն ու ժողովուրդը նույնպես չեն լինի։ Այո, սրանք ուզում են լինել Հայաստանի վերջին իշխանությունը։


Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ