Պատկերացրեք մի էսպիսի վիճակ․ դուք սարքում եք մեծ տուն՝ ձեզ ու ձեր երեխաների համար, գեղեցիկ այգով։ Մի անգամ պատուհաններն եք փոխում, մի անգամ ավելի լավ դռներ եք դնում, այգում լավ ջերմոց եք դնում։ Հարևանն ասում է, թե արի քեզ խորհուրդ տամ՝ շատ ազնիվ այգեպան ու վերանորոգող վարպետների, դրանք էլ խոստանում են այդ տնից ապարանք սարքել, այգուց էլ՝ եդեմական դրախտ։ Նրանք սկզբում փորձում են ինչ-որ բան անել, բայց տեսնելով, որ ուղեղներին ոչինչ չի հասնում, դինամիտներ են շարում և տրաքացնում աբողջ շենքն ու այգին, բնակիչներին էլ մեջը ու հետո ասում՝ էդտեղ ուր էր շե՞նք։ Պատկերացրիք, չէ՞։ Դե հիմա պատկերացրեք, որ էդ վարպետ կոչվածները Փաշինյանն ու իր խմբակն են։
Հայաստանում տարիներ շարունակ քարը-քրի վրա դրվելով սարքվել են շենքեր, պետական ինստիտուտներ, բանակ, զանազան բաներ․ սրանք մի հարվածով քանդում են ու սառնասրտորեն ասում՝ ի՞նչ կար որ։ Տարիների աշխատանքի արդյունքում ներդրվեց քաղծառայության ինստիտուտը, սրանց առաջին քանդելու բանը դա էր։ Հայաստանում ստեղծվել էին նախարարություններ, ամեն մեկն իր գերակայություններով։ Սրանք քանդեցին գյուղատնտեսությունը, մշակույթը, սպորտը ու կանգնեցին-ասացին՝ ո՞ւր է էդտեղ մշակույթ որ, ո՞ւր էր էդտեղ սպորտ, 2040-ին նոր պետք է ունենանք։
Բանակը նոր ավարտածին բերեցին փոխնախարար, արտաքին քաղաքական գերատեսչությունը քանդեցին, հերն անիծեցին բառիս բուն իմաստով, ասացին՝ զրոյից ենք ստեղծում, չենք ունեցել, ինչ է՞ր որ, «Ճ» կլասի էր։ Ուսուցիչների վերապատրաստման համակարգը քանդեցին ու ասացին՝ ո՞ւր էր էնտեղ ուսուցիչ որ, սաղ կաշառակերներ են։ Ակադեմիայի քարտեզագրության ինստիտուտը վերցրեցին, թե՝ մեկ է՝ ադրբեջանցիներն են քարտեզագրելու։ Մանկատները փակեցին, թե՝ որ փակենք, որբացածներն այլևս խնդիր չեն ունենա։
Բանակը քանդեցիք, 5 հազար զինվոր դրեցիք հողի տակ, ասում եք՝ ո՞ւր էր էնտեղ բանակ, որ։ Ու գլուխ եք գովում, թե՝ Ղարաբաղը տվել ենք, բայց Արթիկը պահել ենք, 5 հազար տղերք զոհվեցին, բայց 25 հազարը չեն զոհվել, չէ՞․ 100 հազար հոգի փախստական է, բայց 2 միլիոն մարդ էլ փախստական չէ, չէ՞։
Իմքայլականներ, դուք ձեզ կողքից լսում ե՞ք ընդհանրապես։ Ազգային ժողովի պատգամավորն ասում է, որ մենք 30 տարի բանակ չենք ունեցել։ Հայոց բանակը հաղթել է ղարաբաղյան պատերազմում, հաղթել է ապրիլյան պատերազմում, չի եղել զորավարժություն, որից վերադառնա առանց մրցանակային տեղի, մշտապես համարվել է տարածաշրջանի ամենից մարտունակը։ Ալիևը տարիներ շարունակ չէր հարձակվում, ու հարձակվեց հենց այն ժամանակ, երբ պարզեց, որ մենք բավական չափով թուլացած ենք, նոր զենքեր չեն մատակարարվում, անորակ զենքեր են բերում, սպայակազմի հերն անիծել են, անձնակազմը բարոյալքել ու էսօր մի անհասկանալի արմատներով իմքայլական ասում է՝ ո՞ւր էր էնտեղ բանակ, որ։
Կարո՞ղ եք ասել, թե դուք ինչ եք սարքել ձեր կյանքում։ Ես առավոտ գործի եմ հասնում 9։30, անցնում եմ վարչապետի ամառանոցի մոտով, իմ անցնելու ժամանակ սովորաբար մի կարճ ժամանակով փակում են երթևեկությունը՝ խմբակի վոժդը գնում է գործի։ Երեկոյան 6-6։30 հրապարակի կալցևոյում ավտոմեքենաները սկսում են սիգնալները տալ, Նիկոլն է գնում տուն աշխատանքից։ Դուք հասկանում ե՞ք, Նիկոլը գործի է գնում 10-ին, գործից դուրս է գալիս 6-ին։ Ցույց տվեք Հայաստանում ղեկավար, որի աշխատանքը ամեն օր ժամը 6-ին ավարտվել է ու սկսել է վայելքը։ Բա էդպես երկիր էիք սարքելո՞ւ։ Սրա նախորդ վարչապետը Կարեն Կարապետյանն էր։ Նրա աշխատակիցներին հարցրեք՝ քանիսի՞ն էր գալիս գործի ու քանիսի՞ն էր գնում։ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին հարցրեք՝ ձեր աշխատանքային գրաֆիկը եղել է էդքան կա՞րճ։ Մարդիկ գիշեր-ցերեկ աշխատել են, պետություն են կառուցել-զարգացրել, որ դուք գաք, քանդեք ամեն ինչ, վարի տաք ու ասեք՝ դե ուր էր էդտեղ պետությո՞ւն որ։
Շատերը կան պետական հիմնարկներում աշխատողներ, որոնք քրտնաջան աշխատել են, որ երկիրը երկիր դառնա ու դարձել է, հիմա նրանք ի՞նչ են զգում, երբ սրանք իրենց սարքածը վարի են տալիս ու ասում՝ էնտեղ ի՞նչ կար՝ որ։ Դե դուք հիմա ինձ ասեք, իշխանությունը ինչո՞ւ պետք է գիշեր-ցերեկ աշխատի, երկնիշ տնտեսական աճ տա, Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերություն հաստատի, հասնի ցեղասպանության ճանաչման տարբեր երկրներում, տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ստեղծի, գնա-հանդիպխի մեծահարուստների, խնդրի, որ ներդրում անեն, համահայկական հանգանակություն անի ու սկսի Արցախ կառուցել՝ փողոցներ, ասֆալտ, ջրագիծ, դպրոց, շենքեր, աղետի գոտի վերականգնի, որ հետո գան, երկու տարում վարի տան ու ասեն՝ ինչ է եղե՞լ որ։ Էն որ նոր ու սիրուն ու շատ թանկանոց խաղալիքը տալիս ես երեխուն, մի րոպեում ջարդում է․ այ էս է։ Ասում ենք Նիկոլ գնա, թող որակով իշխանություն գա, ինչո՞ւ։ Որ էդ նոր ու որակով իշխանությունը սրանց քանդածը նորից սարքի ու մի քանի տարի հետո գնանք նոր Նիկոլի բերե՞նք։
Կարճ ասած․ Էս իշխանությունը ոչ մի բան չի արել իրեն հանձնած պետությունը պահելու ու զարգացնելու համար, քանդել է որքան ուժ ուներ։ Ոչինչ չի արել պատերազմ չլինելու համար, պատերազմում հաղթելու համար, աշխատատեղ ստեղծելու համար, ձեր ապրելու պայմանները զարգացնելու համար։ Բայց ամեն ինչ արել է, որ մահանաք, պարտվեք, նվաստանաք ու փախչեք երկրից։ Ու երես ունեն դեռ իրենց բնից դուրս գալու։ Նիկոլն ասում էր՝ ամեն քանդելուց հետո, ավերակակներից հետո մնում է զրոյական կետ․ այո, դուք հենց էդ զրոյական կետն եք։
Չնայած, մենք ի՞նչ ենք պահանջում մարդկանցից, որոնք Շուշին անվանում են Շուշա։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը