05 01 2021

«Կարճ ասած»․ Նիկոլը դրել է Հայաստանի վերջի սկիզբը․ ամենահրատապ բաները, որ պետք է անենք



Պատերազմի ընթացքում, երբ կենաց-մահու կռիվ էր, Նիկոլ Փաշինյանի տեղեկատվական կենտրոնը հավաքել էր վերլուծաբանների ու քննարկում էր՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, թե՝ ոչ։ Այսպես կոչված՝ անկախ փորձագետ էր ներկայանում իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Ի սկզբանե հասկանալի էր, որ եզրակացությունը լինելու էր, թե անհնար էր խուսափելը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիան արդարացնելու շրջանակներում հոդված է գրել ու էլի դա է ասում։ Ասում է՝ Ղարաբաղում մեկ ա՝ մի բան պիտի լիներ, ուրեմն եղավ պատերազմ։ Պարզ ու պարզունակ։ Եթե պտի մի բան լիներ, ուրեմն անպայման դա պատերազմն է, լավ բան հնարավոր չէ։ Էն հայտնի անեկդոտի պես՝ եթե արկղը քառակուսի է, ուրեմն մեջինը կլոր է, ուրեմն դեղին է, ուրեմն նարինջ է։ Ու նա մանիլպուլացնում է, թե ժողովուրդ, կարող էր պատերազմը Շուռնուխից սկսել, գոհ եղեք, որ ես Շուռնուխում ավարտել եմ։

Երևի իրեն թվում է, թե լսողները, կարդացողները բոլորը նույն՝ իր մակարդակի վրա են, բան չեն հասկանում։ Ասում է, որ բոլոր դեպքերում պետք է հողերը տայինք։ Լավ, եթե պետք է տայիր, ինչո՞ւ պատերազմի մեջ մտար։ Ինչո՞ւ առաջին օրվանից կնոջդ ու Արայիկ Հարությունյանի հետ բոլորին տանում էիք կրակի մեջ, եթե մեկ է՝ պիտի տայիք, գիտեի՛ք, որ պիտի տաք։ Եթե նախկինները բանակցում էին տալու շուրջ, ինչպես դու ես ասում, եթե, ասենք, Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը բանակցել են ու սեղանին եղել է Հադրութը, Շուռնուխը տալու թեման, բա ո՞ւր է էդ բանակցությունների փաստաթուղթը, դու ինչո՞ւ ես բանավոր փոխըմբռնմամբ տվել, եթե եղել է փաստաթուղթ ու հիմա նոր փաստաթուղթ ես կազմում, որ օրինականացնեք տալը։ Որովհետև սուտ ես խոսում, որովհետև ոչ մեկը չէր տալու, դու տվել ես ու դա որոշվել է կամ քո օրոք կամ պատերազմական 44 օրերի ընթացքում, և ոչ՝ 2011, 16 կամ այլ թվականի։ Ու հիմա հողերը տվել ես բանավոր կերպով՝ իմանալով որ դա իրավական ուժ չունի, վաղը եթե նորմալ ղեկավար գա, կարող է հետ բերել ձեր բանավոր փոխըմբռնմամբ տվածը․ դրա համար էլ հիմա վռազ-վռազ փաստաթուղթ են կազմում, քանի կաս, որ օրինականացնեն։ Ալիևը, մեկ անգամել եմ ասել, քեզ՝ Նիկո՛լ, որքան կարողանա՝ օգտագործելու է․ որքան կարողանա։ 

Նիկոլը որքան շատ է խոսում, այնքան հարցեր են առաջանում, ավելի են բացահայտում դավաճանությունը։ Ակնկալում եմ, որ Նիկոլը կոնկրետ կասի, թե ինչու է դավաճանել երկիրն ու ժողովրդին, ես իրենից վերլուծություն չեմ ուզում։ Չեմ պատրաստվում վերլուծել, հասկանալ, որովհետև անիմաստ է, դավաճանությունը ակնհայտ է։ Պատերազմի վերլուծությունը քո դաշտից դուրս է, դու ոնց էլ վերլուծես, մեղավորը ժողովուրդն է դուրս գալու, Ռուսաստանը, նախկինները, դու ամենաարդարն ես։ Բայց չգիտես ինչու, ժողովուրդը կռվեց, դիրքը պահեց, զոհվեց, նախկինները ազատագրեցին, պահեցին, Ռուսաստանը ամեն բան արեց, իսկ դու սկզբից ստեցիր, վերջում տվեցիր՝ սա է։ Դրա համար քո փոխարեն արդեն դրանով պետք է զբաղվեն Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, դատախազությունը, ոչ թե դու։
Նրանք պետք է ամեն ինչ մանրակրկիտ քննեն։

 

Եթե Փաշինյանն ասում է, թե պատերազմն անխուսափելի էր, հողերը տալն անխուսափելի էր, պետք  պարզել՝ արդյո՞ք իշխանությունն արել է ամեն ինչ պատերազմ թույլ չտալու համար և արդյո՞ք պատրաստվել է պատերազմի։ Պետք է պարզի՝ այդ ինչպե՞ս հանձնվեցին Շուշին, Հադրութը, Շուռնուխը և այլն։ Շատ են։ Պետք է պատասխան տաս, ինչո՞ւ բանակցությունները տարար փակուղի՝ ասելով «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ինչո՞ւ փչացրեցիր Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ իմանալով, որ դու չես կարող միայնակ պատերազմել Թուրքիայի, Ադրբեջանի դեմ, ինչո՞ւ գնեցիր հարձակողական զինտեխնիկա, եթե Բաքուն չէիր խփելու, այլ պաշտպանվելու էիր, ինչո՞ւ գնեցիր անպետք զենքեր, որոնք անգամ անօդաչու չէին խոցում, ինչո՞ւ էիր ասում՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։ Ինչո՞ւ չօգտվեցիր գենշտաբի պետի զեկույցից, ինչո՞ւ գեներալներին վարկաբեկեցիր, ինչո՞ւ անփորձներով լցրեցիր բանակը։ Այդ ամենը դու՛ ես արել, ոչ թե նախկինները կամ Պուտինը։ ՊՆ ոլորտում առաջին նշանակումից՝ Արտակ Դավթյանին գենշտաբի պետ նշանակելուց հետո գեներալ Աղաբեկյանն ասաց, որ ամենապատասխանատու պաշտոնին նշանակվել է ամենաանփորձ գեներալը, ու քո արձագանքը եղավ Աղաբեկյանի դեմ քրգործ հարուցելը։ Ի՞նչ ես խոսել Ալիևի հետ էդ գրողի տարած լիֆտի մեջ կամ այլ գաղտնի տեղ․ ինչո՞ւ որևէ անգամ Ալիևը չի հայտարարել, թե՝ Սերժը այսինչ բանն է խնդրել ինձ, Քոչարյանը այսինչ բանն է խնդրել, բայց ասում է՝ Նիկոլն ինձ խնդրեց սահմանից չկրակել։ Որովհետև նախկինում երբեք որևէ բան Ալիևին չեն խնդրել, պարտադրել են, դու եկած չեկած վիզ ես ծռել։ Սա բավարար է ինձ համար, որ քեզ համարեմ թուլամորթ, դավաճան։ Դու ամեն ինչ չես արել, որպեսզի պատերազմ չլինի, որովհետև լինելով դիվանագիտությունից զրո, պետական կառավարումից զրո, բանակցել չկարողանալով, դու ինքդ միակ լուծումը թողել ես պատերազմի ճանապարհը։ Ինչու՞։

Քո հույսը բանա՞կն է եղել, բա պատերազմի ժամանակ ինչո՞ւ ես ամեն ինչ արել, որ բանակը տապալվի։ Դու հարբած բանակ ես կառավարել, կինդ բանակ է կառավարել, մի երկու հաբռգած սորոսական բանակ են կառավարել, զուգահեռ քո մերձավոր մի սորոսական թռել է Ամերիկա ու նրա միջոցով Ռուսաստանին էիր ծաղրում։ Զորքերի համալրումը դադարեցրել ես, փորձառու գործիչներին շտաբ չես թողել, էնտեղ տարածքներ էիր տալիս ու փախչում, էստեղ ասում էիր՝ հաղթելու ենք, երկրորդ օրից սկսած՝ ամեն օր պատերազմը դադարեցնելու հնարավորություն ես ունեցել, չես արել։ Գաղտագողի ստորագրել ես կապիտուլյացիա, անգամ չես քննարկել, թե դրա արդյունքում քո զինվորն ինչ ճակատագիր է ունենալու, քո քաղաքացին ինչ ճակատագիր է ունենալու։ Ու հիմա այսքանից հետո մենք չգիտենք մեր իրական զոհերի թիվը, գերիների թիվը, անհետ կորածների թիվը, կորցրած ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի թիվը, տրվող տարածքների սահմանները, չգիտենք, որովհետև չես ասում։ Մենք ոչինչ չգիտենք, բոլորը գիտես դու ու թաքցնում ես՝ անունը դնելով պետական գաղտնիք։ Էն որ զորքի թիվը հայտնում էիր, սննդի պաշարների թիվը հայտնում էիր, չկրակող զենքի մասին հայտնում էիր, գաղտնիք չէր, բայց որ ասես, թե մեզանից քանի զինվոր է խլել թուրքը, գաղտնիք է՞։ Այսքանից հետո, կրկնում եմ, էս հարցերը պետք է ոչ թե դու քննես ու վերլուծես, այլ վերլուծեն իրավապահ մարմինները ու պարտադիր՝ քո հեռացումից անմիջապես հետո։

Ժողովուրդ, ես ինչո՞ւ եմ էս ամենը ասում անդադար, ամեն օր, որովհետև ես տեսնում եմ վտանգները․ շատերն են տեսնում վտանգները, բայց շատերն էլ չեն տեսնում։ Նրանք, ովքեր տեսնում են վտանգները, էդ մասին ասում են երկուսուկես տարի շարունակ՝ սկսելով էն ժամանակից, երբ Նիկոլ Փաշինյանը կազմեց-վերջացրեց իր կառավարությունը։ Ու հիմա ասում եմ՝ ժողովուրդ, էնպես չէ, որ մենք տվեցինք Ղարաբաղը ու խնդիրները վերացան, Սերգոն սկսեց լավ ապրել։ Չէ, ժողովուրդ, ընդհակառակը։ Մենք էսօր ունենք անվտանգության խորը ճգնաժամ, գարնանը, արդեն, հնարավոր է նոր պատերազմ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Մենք քեզ զգուշացնում ենք այնպես, ինչպես նախորդ 2,5 տարում զգուշացնում էինք ու չէիր հավատում, չէիր հասկանում։ Ասում էինք՝ ժողովուրդ, Նիկոլին քո միջոցով բերել են 3 բանի համար՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, Ղարաբաղը տալու, ինքնության հերն անիծելու՝ եկեղեցին ու լեզուն քանդելու ճանապարհով։

Հիմա մենք ունենք էս խնդիրները, ու մարդ կոչվածը, որը էդ բոլոր խնդիրների ստեղծողն է, ասում է՝ պետք է մնամ․ նա չի ասում մնամ, որ կարգավորեմ։ Չէ, նա ասում է պիտի մնամ, որովհետև ժողովուրդն ինձ ձայն է տվել։ Հիմա մենք ունենք փոքր տրամաչափի գործիչ ու մեծ խնդիր։ Ոնցոր 36 համար հագնողին 52 համար կոշիկ տաս։ Հարց՝ արդյո՞ք Նիկոլի տրամաչափի ղեկավարը կարող է լուծել այս բարդագույն հարցերը։ Ոչ, ոչ ու հազար անգամ ոչ։ Եթե կարողանար, էս օրին չէինք լինի, նա չի կարող որևէ հարց լուծել, ժողովո՛ւրդ։ Նա ընդամենը ամբողջ կյանքում փորձել է փող աշխատել ու ապրել, հայրենիքը հեչ։ Հարցրեք նրա նախկին կոլեգաներին, ձեզ կպատմեն, թե նա ինչպես է ապրել և ապրում։

Կարճ ասած՝ մենք վախենում ենք, որ վաղը մեր երկրում սով է լինելու, բայց ամենավատն այն է, որ նաև պատերազմ է լինելու։ Արցախ կորցրած, բանակի սպառազինության հերն անիծած, ծանր վիճակում մենք կարո՞ղ ենք մտնել նոր պատերազմի մեջ։ Դա կլինի Հայաստանի վերջը։ Ժողովուրդ, մեզ պետք է ուժեղ ղեկավար, փորձառու գործիչ, մարդ, որը պետք է կարողանա կանխել գոնե հաջորդ աղետը։ Պետք է կարողանա խոսել ՌԴ նախագահի հետ, միջազգային ուշադրություն գրավել, լաչառություն չանել, չճղճղալ, Հայաստանի բարեկամ երկրների աջակցությունը պետք է կարողանա ստանալ՝ նյութական, բարոյական, քաղաքական։ Մեզ պետք է տղամարդ ղեկավար, որը իր խոսքի տերն է, որը ունի թե՛ կառավարման, թե՛ մարդկային որակներ։ Ու անպայման պետք է նա լինի մարդկանցից, որոնք ունեն փորձ, տեսել ենք, գիտենք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ