Կպատկերացնեի՞ք, որ Հայաստանի ղեկավարը երբևէ կարիք կունենա Ադրբեջանի նախագահի անձնական աջակցությանն ու գովեստին։ Թշնամիդ արդարացնում է քեզ, գետինը մտնելու բան է։ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստն Ալիևը հերթական անգամ օգտագործեց ծաղրելու Հայաստանին, բայց․․․ աջակցեց Փաշինյանին։ Նա ասաց, թե Փաշինյա՛նը չի ստեղծողը Հայկական բանակի, այլ նախկին նախագահներ Քոչարյանն ու Սարգսյանը։ Օրեր առաջ էլ ասել էր, թե ինքը իրականում հաղթել է Քոչարյանին ու Սարգսյանին, ոչ թե Փաշինյանին, որովհետև նրանց հաղթածն է հետ բերել, իսկ Փաշինյանը հեչ, հաշիվ էլ չի։ Ալիևը իր և իր ընտանիքի տասնամյակների կոմպլեքսներն է փորձում հաղթահարել, դա էլ է պարզ։ Բայց և Ալիևը չի ասում՝ բա եթե վատ բանակ էին ստեղծել Քոչարյանն ու Սարգսյանը, բա ինչո՞ւ այն ժամանակ չէր պատերազմում, բա ինչո՞ւ էր Ապրիլյան պատերազմը ստիպված կանգնեցնել տալիս, որ ավելի լայնամասշտաբ պատերազմի չվերածվի, բա ինչու՞ տենց ոգևորված ու դուխով չէր խոսում նրանց իշխանության ժամանակ։ Ալիևն ու Փաշինյանը նույն գծի մեջ են, պասերով խաղում են։ Ես և շատերը դա ընկալեցինք որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանին և իշխանությունը որևէ պարագայում չհանձնելու կոչ։ Հաշվի առնելով որ այդ հայտարարությունը ԱՊՀ ղեկավարների և հատկապես Պուտինի ներկայությամբ էր, նաև կարելի է համարել, որ կոչ էր նաև նրանց՝ աջակցելու, հնարավոր է՝ էլի բաներ ունեն անելու։
Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում ԱՊՀ այս կարևոր նիստին։ Նա կարող էր մասնակցել ու խոսել մեր խնդիրներից՝ ցավոտ սահմանագծումից, հրադադարի խախտումներից, նոր գերիներից, որոնց թիվն ամեն օր ավելանում է, կապիտուլյացիայից հետո անգամ մեր ունեցած զոհերից։ Նա կբարձրացներ հարցը, մյուս երկրների ղեկավարները Ալիևին կսաստեին կամ խորհուրդ կտային, միգուցե կհորդորեին փոխել վարքագիծը։ Կորոնավիրուսի մասով էլ ասելիք կար․ ի վերջո, արդեն 10 ամիս է, ինչ չեն կարողանում արտագնա աշխատանքի մեկնել հայաստանցիները, երկրում սով է շուտով լինելու։ Բայց Նիկոլը որոշեց չմասնակցել։ Պատճառ է բերել հոր հուղարկավորությունը։ Չեմ հավատում։ Փաշինյանը հոր հոգեհանգստի ժամանակ ֆեյսբուք էր մտել ու գրառում էր անում։ Չմասնակցելու պատճառը հոր՝ հանդերձյալ աշխարհ գնալը չէ։ Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող նույն հարթակում հայտնվել Ադրբեջանի նախագահի հետ, որ ծաղրանքի առարկա չդառնա։ Հասկանո՞ւմ եք, մեր երկրի համար ծայրահեղ կարևոր հարցերը զոհ են գնում սրա կոմպլեքսներին ու անողնաշարությանը։ Ու սա էսքանից հետո ուզում է մնալ վարչապետ, ուզում է պահել իշխանությունը։ Բայց նա մեկուսանում է այս ամենի արդյունքում, որպես ղեկավարի լուրջ չեն վերաբերում մյուս երկրների առաջնորդները։
Ալիևը այս նիստում կրկին հիշեց Նիկոլի հայտնի ֆռազը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», այդ մահաբեր նախադասությունը, որը բերեց պատերազմի։
Ադրբեջանցիներն ամեն օր մի քանի տեսանյութեր են գցում համացանց՝ մեր գերեվարված քաղաքացիական անձանց և զինվորների մասնակցությամբ։ Դաժան կադրեր են, լավագույն դեպքում՝ նվաստացում, վատագույն դեպքում՝ դաժան մահ։ Ադրբեջանցիները հայ գերիներին ստիպում են ասել մեկ բան՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Ադրբեջանցիների համար սուրբ պարտականություն է բռնել հայի ու ստիպել ասել «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Մի պահ պատկերացրեք զինվորի վիճակը, որին նկարում է կամերան, գիտի, որ իր հարենակիցները դա տեսելու են ու ասում է՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»․ այն Ղարաբաղը, որի համար գնացել է կռվելու ու գերի է ընկել, ընկերներն էլ զոհվել են։ Էդ տղերքին ո՞վ է տարել գերության։ Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը։
2019թ․ օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Նիկոլը ոչինչ չէր հասկանում բանակցություներից, Արցախից, դիվանագիտությունից, ինչ կարելի է խոսել, ինչ պետք է չխոսել, ամենից կարևորը։ Այդ հայտարարությամբ նա դարձավ Արցախի և մեր արժանապատվության գերեզմանափորը։ Ալիևն ասաց՝ աշխարհ, Նիկոլը բանակցություները տապալում է։ Մենք գնում ենք բանակցելու, տեսնենք՝ Արցախը Ադրբեջա՞ն է, Հայաստա՞ն է, թե անկախ, իսկ նա արդեն էս գլխից հայտարարում է, թե Հայաստան է, էլ ի՞նչ բանակցեմ օկուպանտի հետ։ Նիկոլի էդ մի խոսքը և հուլիսյան սադրանքը արժեցավ 5 հազար հոգու կյանք, արժեցավ 10 հազար քառակուսի կիլոմետր միայն Արցախից, Հայաստանից էլ չգիտեմ որքան, ունեցանք գերիներ, վիրավորներ, անհետ կորածներ։ Աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ մի ախմախ խոսքը պատերազմի է հանգեցրել։ Նիկոլը դարձավ էդ տղերքի դահիճը, 44 օրում տվեց նույնքան զոհ, որքան Արցախի պատերազմում 1991-94 թվականներին՝ 4 տարում։
Ու հիմա երթ է կազմակերպել իր հրահրած պատերազմի զոհերի հիիշատակին։ Հասկանո՞ւմ եք, պետք է գնա իր մեղքով սպանված մարդկանց հարազատներին ցավակցելու։ Եթերը թույլ չի տալիս, որ ես օգտագործեմ հենց այն բառերը, որոնք սազական կլինեն իրան։ Սա ծաղր է բոլորի նկատմամբ։ Նույնն է, որ ապրիլի 24-ին Թալեաթ փաշան իր զինակիցների հետ երթով գնա Ծիծեռնակաբերդ, ասի՝ ուզում եմ ցավակցել Մեծ Եղեռնի զոհերի հարազատներին ու ժողովուրդն էլ միանա իր երթին։ Մեր եղբայրների շիրիմին այցի է գալիս նրանց մահվան մեղավորը, թիկնապահներով։
Նիկոլ Փաշինյանը սադրիչ է, նա սադրեց պատերազմ, նա բերեց զոհեր, նա հիմա էլ սադրում է ծնողներին։ Դու հասկանո՞ւմ ես, որ ծնողները, իրենց վիշտը թողած, քեզ պահանջում են հեռանալ։ Իզուր չէ, որ հազար ու մի կոչեր են հնչում փակել քո առաջ Եռաբլուրը, որ ոտքդ չկպնի էդ սուրբ հողին։ Իհարկե, կարող են մարզպետները, դպրոցի տնօրենները, պետհիմնարկներից, նիկոլամերձ օլիգարխի խանութների, մյուս օլիգարխի բանկի ու բիզնեսների աշխատողներին բերել ու մեծ երթ ստանալ, Նիկոլն էլ դա համարի որպես իրեն աջակցություն։ Սրբություն չունի, հասկանո՞ւմ եք։ Սուգն էլ է ծառայեցնելու իր քաղաքական նպատակին։
Պետք է թույլ չտալ, որ նա մտնի Եռաբուր, պետք է չմասնակցել իր կազմակերպած երթին, հերիք է, այս ժողովուրդը ոչխար չէ, ձեզ համար։ Պետք է ցույց տալ, որ Նիկոլը մերժելի է ամեն տեղ։ Նիկոլ Փաշինյանն իր գործունեությամբ կրկնապատկեց Եռաբլուրի տարածքը ու հիմա գնալու է ցավակցելո՞ւ։ Ցինիզմն էլ չափ ու սահման ունի, բայց՝ ոչ իր համար։ Նրան ռազմական տրիբունալ է հասնում, ոչ թե ժողովրդին առաջնորդող երթ։
Կարճ ասած՝ Դեկտեմբերի 19-ը սգո օր է, բայց էդ սուգը չսկսվեց պատերազմի ժամանակ։ Էդ սուգը չսկսվեց նոյեմբերի 9-ին․ էդ սուգը սկսեց 2018 թվականի մայիսի 8-ին, երբ ընտրեցին վարչապետ և դեկտեմբերի 5-ին, երբ վերահաստատեցին ընտրությունը։ Սուգը ավելացավ էն ժամանակ, երբ Նիկոլը Ալիևի հետ մտավ վերելակ, էն ժամանակ, երբ 15 ժամ բանակցելուց հետո ասացին, թե սուրճ ենք խմել ընդամենը, էն ժամանակ երբ հերոսների դեմ քրգործեր հարուցվեցին, էն ժամանակ, երբ սրանք իրենց սորոսական հեղափոխությունը ավելին դասեցին, քան Շուշին ազատագրելու օրը։ Սուգը ավելացավ էն ժամանակ, երբ ասացիք՝ ավելի լավ է թուրքը գա, քան նախկինները։ Սուգն ավելացավ էն ժամանակ, երբ սա գնում էր ու նախկինների բացած գործարանի վրա լենտ էր դնում ու նորից կտրում, դու էլ ասում էիր՝ ուռա՜, Նիկոլը տնտեսական հեղափոխություն ա անում։ Սուգը ավելացավ էն ժամանակ, երբ հայտարարված ներդրումներից ոչ մեկը չեկավ, ու ընկանք միջազգային բանկերի դռները։ Սուգը այն ժամանակվանից սկսվեց, երբ Արցախի օդը փակող կայանները հետ էր տալիս, դրա փոխարեն առնում էր կլումնիկ, որ նկար գցի Ֆեյսբուք։ Սուգը նոր չի սկսվել ու սուգը չի էլ ավարտվելու, քանի դեռ անուղեղներ կան, որ ասում են՝ Նիկոլը մեզ փրկեց։ Էդ սուգը ամեն օր ավելանում է ու ավելանալու է, քանի դեռ դու նստած ես տանը ու չես մասնակցում սրանց ռադ անելու ցույցերին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը