09 10 2020

«Կարճ ասած»․ Խուճապ առաջացնել չի կարելի, իսկ թշնամացնել ու դավաճան ման գա՞լ



Հայաստանի կառավարությունը Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ որոշման մեջ ավելացրել է դրույթ այն մասին, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, այդ թվում՝ ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Կառավարությունը համարում է, որ բոլորը պետք է խոսեն ծաղիկների ու փուչիկների մասին, մենք պետք է հարցազրույցներ տանք ու վերցնենք և խոսենք միայն նրա մասին, թե, ասենք, մամուլի ասուլիսի ժամանակ ի՞նչ ասաց վարչապետը, Նախարարը, տարբեր մեծ ու փոքր պաշտոնյաները, ի՞նչ ասաց Արծրուն Հովհաննիսյանը, զենքը, որով կրակեցին, ուղի՞ղ գնաց, թե՞ գալարաձև, տունը, որ փլվեց ռումբի հարվածից, որքա՞ն քարով ու ավազով էր կառուցվել։ Կասկածի տակ չեմ դնում, եթե ասում եք, հուսով եմ՝ մտածել եք, գցել-բռնել եք։

Ոչ մի քննադատություն, ոչ մի կոչ ու խորհուրդ, տալ միայն պաշտոնական լրահոս, չմեկնաբանել, չվերլուծել՝ սխա՞լ են անում, ճի՞շտ են անում, որովհետև եթե կառավարությունն է ասում, ուրեմն ճիշտ է։ Սակայն անսխալականության բարդույթը առաջանում է էսպիսի բաներից։ Կառավարությունը որոշել է, որ իշխանությանը քննադատելու իրավունք ոչ ոք չունի, ոչ ոք իրավունք չունի ասելու՝ այսինչ բանը սխալ եք անում, լավ կլինի այսպես լինի, կառավարությանը խորհուրդ տալու իրավունք ոչ ոք չունի։ Իշխանությունը վստա՞հ է, որ իր որոշումներն ու գործողությունները միայն փայլուն հետևանքի են հասցնելու։ Միգուցե, չեմ վիճում, Աստված տա՝ այդպես ինի։

Բայց, ասենք՝ բավականին բանիմաց փորձագետ ենք հյուրընկալել, որը որևէ քայլ սխալ է համարում և ապացուցում է, որ սխալ է։ Խոսքը ռազմադաշտում կատարվելիքի մասին չէ, այլ ուրիշ թեմաների որոնք բազմաթիվ են, սկսած՝ տեղեկություններ հաղորդելու հաճախականությունից, մինչ Կորոնավիրուսի դեմ պայքարը։ Ի՞նչ է, այս թեմաներով խոսելը և՞ս կարող է վտանգ ներկայացնել։ Կարծում եմ՝ ոչ։ Եթե փորձագետը խոսի, ոստիկանությունը կգա մեր կամերաներն ու մյուս սարքավորումները կառգրավի, եթե չխոսի, գուցե դրանից տուժենք բոլորս։ Հիմա ի՞նչ անի։ Կորչեն ռազմական փորձագետները, անպաշտոն դիվանագետները, միջազգայնագետները, պատմաբանները, վերլուծաբանները։

Լավ, ասենք՝ իշխանությանն արգելվում է քննադատել, չնայած հենց այս վերնագիրն արդեն սարսափելի է՝ «իշխանությանը չի կարելի քննադատել», դուք դիտարկե՞լ եք այս որոշման հնարավոր վնասները։ Ի դեպ, խոսքը չի գնում չճշտված տեղեկություններ հաղորդելու մասին, այդ տեսակ բաներ այս օրերին տարածել է միայն իշխանական շրջանակներին մոտ մամուլը, այլ, օրինակ, ներկայացնենք թե ինչպես է լուսաբանում արցախյան պատերազմը միջազգային լրահոսում, դուրս կգա՝ օրե՞նք ենք խախտում։ Դա պաշտոնական չի, բայց տեղեկացնում է փաստացի, թե ինչպես ենք մենք ներկայացվում աշխարհում՝ լավո՞վ, թե՞ հակառակը։ Իմ կարծիքով, հանրությունը աստիճանաբար սկսելու է չհավատալ միայն պաշտոնական ինֆորմացիաներին կամ փնտրելու է այլ ինֆոևրմացիա, այլ աղբյուր, ու վստահաբար՝ կգտնի։ Իսկ դրանք կարող են լինել դրսից կառավարվող ոչ հավաստի կայքերն ու ֆեյքերը։

Այս որոշումը չափազանց վատ տեղ էլ է տանում․ մի կողմից դու չես կարող բան գրել, չես կարող հյուր հրավիրել, որն ունի իշխանությանը հակասող հայացքներ, իսկ մյուս կողմից, իշխանությունը կարող է շատ հեշտ ու հանգիստ սրան-նրան անվանել դավաճան, հող ծախող, հայրենիքի թշնամի և նրան դրա համար ոչինչ չի սպառնում։ Ստացվում է՝ սա ռինգ է, որտեղ քո ձեռքերը կապել են, իսկ դիմացինն ունի բոքսի ձեռնոցներ։

Այս որոշումը թեև հայտարարվում է, որ խուճապ չտարածելու, չպառակտելու, մարտական ոգին չթուլացնելու համար է, բայց սպառնում է հենց պառակտել։ Ասեմ թե ինչպես։ Իշխանական շատ գործիչներ, նրանց արբանյակներ, 5 ու 6-րդ շարասյուններ, որոնց մի մասն ունեն լրատվամիջոցներ, հրապարակում են կեղծ լուրեր, վիրավորանք, զրպարտություն, պառակտում ու թշնամանք են հրահրում ակնհայտորեն, եթեր են հրավիրում հոտոտելով հայտնաբերած նավթալինային գործիչների, որոնք թույն ու մաղձ են թափում, ատելություն են սերմանում։ Այ նրանց չի վերաբերում, նրանց թողնում են խոսել։ Նրանց դեմ կարգավորում չկա։ Բայց ակնհայտ է, որ նրանց ուղորդել են խոսելու։ Ու ստացվում է, որ որևէ գործիչ կատարելով այս օրենքի պահանջները՝ թիրախավորվում է, եթե չի կատարում պահանջները, դառնում է տուգանքի կամ դատարանի մատերիալ։

Ուզում եմ հարցնել՝ նրանց, որոնք հայրենիք փրկած, ազատագրած, սահմանին ապրող, հողը շենացրած, ոչ մի թիզ չզիջած գեներալ Բալասանյանի մասին լուրը դնում են իրենց ֆեյսբուքյան էջին ու գրում թուրք, ԱԱԾ-ն ինչո՞ւ չի գնում։ Պետք չի՞ ստուգել էդ ֆեյքերի կամ չֆեյքերի արմատները, գուցե ադրբեջանցիներ են՝ գրանցված հայկական անուններով, գուցե հայեր են, բայց ծնողների մի կողմից, ասենք, ադրբեջանցի։ Պատերազմի ժամանակ, մեր հաղթանակած հրամանատարներին, հաղթանակի սիմվոլներին փոխանակ առավոտից իրիկուն ցույց տանք հեռուստացույցով, արտաքին վահանակներին պատկերները կպցնենք, որ այսօրվա կռվող մեր զինվորը ձգտի նրա նման սխրանքներ գործել, որ մի օր էլ ինքը դառնա սիմվոլ արդեն այսօրվա պատերազմի, փոխարենը իրավապահ մարմինները այդ սիմվոլներին, կենդանի օրինակներին թուրք անվանող օգտատերերին պատասխանատվության ենթարկի, ընկնելու է ընդիմադիր մամուլի ջանին, ի՞նչ անի։ Այդ ընդիմադիր մամուլը այդ ի՞նչ տեղեկություն պետք է հաղորդի, որը ավելի վտանգավոր լինի գեներալ Բալասանյանին այդտեսակ բան ասողից։

Իշխանությունն ամենամեծ լծակ ունեցողն է, ու եթե նա նախանձախնդիր է, որ իր մասին վատ բաներ չգրվեն, իբրև թե ատելություն են հրահրում, պառակտում, ուրեմն պետք է ուշադիր լինի, որ ատելություն ու պառակտում չհրահրեն նաև իրենց աջակցող ֆեյքերն ու լրատվամիջոցները։ Որովհետև ստացվում է՝ խուճապ առաջացնող լուր չի կարելի տարածել, բայց կարելի է տարածել ատելություն՝ որքան հնարավոր է։ Խուճապի մասով էլ նշեմ, որ այդպես էլ իշխանությունը չկարողացավ բերել փաստ, որ այսինչ հրապարակումը խուճապ է առաջացրել։

Ուզում եք պայքարե՞լ կեղծ լուրերի, ատելություն սերմանելու, հանրությանը պառակտելու, խուճապ առաջացնելու, վատ տրամադրություն սերմանելու դեմ, խնդրեմ, փակեք սոցիալական ցանցերը։ Նեգատիվի հսկայական չափաբաժին է գալիս էնտեղից, եթե չասեմ՝ գերակշիռ մասը։

Վերջապես, այս որոշումը նաև հեռահար նպատակի վտանգներ է պարունակում։ Վաղը պատերազմը կավարտվի՝ մեր հաղթանակով, բայց բոլորովին դա չի նշանակում, թե ռազմական դրությունը կվերացնեն։ Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը որքա՞ն մնաց։ Հա՛մ կորոնավիրուսն է մեր կողքին ապրում, հա՛մ թշնամին։ Բացի այդ, կարող է պարզվել, որ կորոնավիրուսն էլ, թշնամին էլ վերացել են, բայց դեռ քաղաքական հակառակորդները բավարար չափով չեն վարկաբեկվել, և կարելի է ռազմական դրությունը երկարաձգել մինչև, ասենք, 2023 թվականի ընտրությունները և շարունակել վարկաբեկման աշխատանքները։

Կարճ ասած՝ Կառավարության հեղինակած գործընթացները հեռուն տանող նպատակներ են հետապնդում․ սա քննադատություն չէ, այլ՝ կանխատեսում։ Միայն թե այս որոշման կենսունակ լինելը ևս կապացուցի կարճատև ժամանակը։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ