02 10 2020

«Կարճ ասած»․ Ուկրաինան աջակցում է ահաբեկիչներին․ իսկ ի՞նչ ենք անում մենք



 

Ընկերներն էլ, բարեկամներն էլ երևում են դժվար պահերին։ Այս օրերին Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ տարբեր աջակցությունների կոչեր են լինում: Հատկապես Թուրքիայի մասնակցությունից հետո աշխարհը հասկանում է, որ սա համաշխարհային կարևորության խնդիր է դառնում ու քննադատությունների ալիք է սկսել դեպի Թուրքիան։ Մնացյալ հիմնական արձագանքները պարզապես կոչեր են՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Բայց կան երկրներ, որոնց հետ նորմալ հարաբերություն ունենք, որոնցում ունենք դեսպանատուն, ունենք հայ համայնք, ու բռնում են Ադրբեջանի կողմը։ Դա, բնականաբար շատ մտահոգիչ է, բայց ավելի մտահոգիչ է, որ նրանք պատրաստակամություն են հայտնում ռազմական օգնություն ցուցաբերել։

Ուկրաինայի ատգործնախարարությունը այս պատերազմական վիճակում հայտարարել էր, որ ղարաբաղյան կոնֆլիկտում աջակցում է Ադրբեջանին։ Մեզ համար անընդունելի հայտարարություն է, բայց զարմնալիորեն, մեր արտգործնախարարությունը ոչինչ չարձագանքեց։ Երկու օր անց ուկրաինական կողմից հնչում է շատ ավելի հանդուգն հայտարարություն․ Ուկրաինայի նախագահի «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է ռազմական և մարդասիրական օգնություն տալ Ադրբեջանին։ Նա չի ասել, որ ինքը կգնա կկռվի, նա խոսել է Ուկրաինայի անունից՝ որպես գերագույն Ռադայի՝ իշխող կուսակցության պատգամավոր։ Անկախ այն բանից, թե որ արտաքին ուժերն են կառավարում Ուկրաինան, անկախ այն բանից, որ կարծիք կա, որ Ուկրաինայի հետ կապված հարցերը որոշվում են ոչ այդ երկրում, որ այդ երկիրը քայքայվցած է թե՛ տնտեսապես, թե՛ մարդկային ներուժով ու այլ առումներով և անգամ ինքն իրեն չի կարող աջակցել, այնուամենայնիվ, հայտարարությունը վտանգավոր է։

Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախում, ռմբակոծում են գյուղերն ու քաղաքները, սպանում են խաղաղ բնակիչներին, ռմբակոծում-ոչնչացնում են ենթակառուցվածքները, մարդկանց դարձնում են փախստական, ու ի՞նչ է ասում Եվրոպայում ժողովրդավարական երկիր համարվող Ուկրաինան՝ հայտարարում է, որ այդ գործընթացին պատրաստ է զենքով օգնե՞լ, զինել ահաբեկիչների՞ն որ շարունակեն ոչնչացնել քաղաքացիական գյուղերն ու քաղաքները։

Ցավոք, Հայաստանը, նկատի ունեմ ավելի շատ՝ քաղաքական իշխանությունը, զբաղված լինելով պատերազմով, աչքաթող է արել կամ հուսով եմ՝ հետաձգել է Ուկրաինայի այս հայտարարությունները, բայց սրանց պաշտոնական պատասխան պետք է տրվեր։ Ինչո՞վ է զբաղված այդ երկրում Հայաստանի դեսպանը․ ինչո՞ւ հետ չկանչվեց քաղաքական խորհրդակցությունների համար։ Մենք Իսրայելից հետ կանչեցինք մեր դեսպանին, երբ հայտնի դարձավ, որ այս պահին այդ երկիրը զենք է տեղափոխում Ադրբեջան՝ մեր դեմ կռվելու համար։ Իսկ Ուկրաինայի դեպքում ինչի՞ ենք սպասում՝ զենքը տեղափոխեն, նո՞ր։ Ինչո՞ւ մենք չենք կարողացել այդ երկրի հետ նորմալ աշխատել, որ եթե չեզոք չէ, գոնե սադրանքների չգնա։ Ինչո՞ւ անմիջապես մեր քաղաքական իշխանությունը կոշտ չարձագանքեց։

Առաջարկ եմ անում օրինակ՝ Ազգային ժողովին․ ես չգիտեմ՝ ինչով են զբաղված մեր պատգամավորները՝ չեն երևում՝ ո՛չ նիստ են անում, ոչ պատերազմում են, ոչ էլ երևում են․ գուցե գաղտնի աշխատանք են տանում․ բայց այս պահին Բահրեյնի կամ Մոզամբիկի նախկին պատգամավորների հետ խոսելու ու կարծիք բերելու փոխարեն նրանք պետք է մտածեն անհրաժեշտ քայլերի մասին, կոնկրետ գործողություններով և այստեսակ հայտարարություններին պատասխան տան։ Իմ կարծիքով, պետք է տալ հայելային պատասխան։ Հայելային պատասխան կլինի, օրինակ, Ղրիմի ճանաչման հարցը խորհրդարանի օրակարգ բերելը։ Ի՞նչն է հետ պահում։ Ինչի՞ց ենք քաշվում, Ուկրաինայի հետ հարաբերություն փչացնելո՞ւց։ Սրանից էլ վատ հարաբերությո՞ւն։ Քո թշնամին քո բնակիչներին սպանում է, Ուկրաինան ասում է՝ ոնց պետք է՝ կօգնենք։ Հունգարիայի հետ հարաբերությունները խզեցինք, երբ Գուրգեն Մարգարյանին սպանողին հանձնեցին Ադրբեջանին։ Այսօր այդ սպանողը սպանում է մեր խաղաղ բնակիչներին, և Ուկրաինան աջակցում է նրանց, ուրեմն ինչո՞ւ ենք մենք մտածում լավ հարաբերությունների մասին։ Դա նաև ժեստ կլինի մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, որն այս օրերին աշխատանքներ է անում պատերազմը իրականում դադարեցնելու ուղղությամբ։ Դրա համար եմ ասում՝ պետք է տալ հայելային պատասխան։

Կարճ ասած՝ ասում ենք չէ՞, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի պետականամետ, հայանպաստ, պետք է իր զինանոցում զենքեր ունենա տարբեր պետությունների հետ կապված, որ ցանկացած պահի այդ խաղաքարտը աշխատացնի։ Հիմա մեզ մոտ նման պահ է։ Կանի՞ մեր իշխանությունը նման քայլ․ ինձ որ հարցնեք՝ նման կազմով՝ դժվար, բայց պետության շահը դա՛ է պահանջում։ Տեսնենք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ