01 10 2020

«Կարճ ասած»․ Հակառուսական տրամադրություն տարածողները «Գրին քա՞րտ» ունեն



Մեր բանակը հզոր է, այնքան հզոր, որ ունենալով 10 մլն բնակչություն, պաշտպանական մեծ բյուջե, Ադրբեջանը ռիսկ չի անում ինքնուրույն դեմ-դիմաց ելնել, ու կարիք ունի Թուրքիայի, կարիք ունի Պակիստանից, Սիրիացի, Իրաքից, Աֆղանստանից ահաբեկիչների։ Վախը այդքան շատ է։ Բայց որքան էլ հզոր է բանակը, զինվորը պետք է չմնա մենակ, նրան պետք է թիկունք, որը մեր պետությունն է։ Պետությունը՝ հանձին քաղաքական ղեկավարության, արտգործնախարարության, պետք է դիվանագիտական ճակատը պահի, ամենայն լրջությամբ և ամեն բառն անգամ ասելուց առաջ 100 անգամ ծանր ու թեթև անի։ Սա աքսիոմ է, մի ամբողջ երկրի ու ժողովրդի կյանքի ու ապագայի մասին է խոսքը։

Պատերազմական այս օրերին, երբ Ադրբեջանը կրակը դադարեցնում է օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ՝ ուշ գիշերին, իսկ Թուրքիան միմիայն բորբոքում է, այն աստիճանի, որ Թուրքիայի նախագահն ինքն է անձամբ քարտեզների վրա գծագրեր անում ու հայտարարում, որ ոչ մի կերպ չի կարելի դադարեցնել պատերազմը, շատ-շատերի հայացքը՝ Հայաստանում ու Արցախում, Ռուսաստանի կողմն է։ Գրեթե բոլոր տեղերում, երբ մարդիկ քննարկում են իրավիճակը, դա են ասում՝ տեսնես ռուսը ի՞նչ է մտածում։ Ասում են, որ մեր իրական դաշնակիցը Ռուսաստանն է։

Ժողովուրդ, այո, Ռուսաստանում բնակվում են միլիոնավոր հայեր, այո, շատերն իրենց հացը վաստակում են Ռուսաստանի Դաշնությունում, այո, Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավոր է հանդես գալիս, բայց կան պետական-պաշտոնական հարաբերություններ ևս, որոնք պետք է պարզվեն։ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահող երկիր է, նա պետք է չեզոքություն պահի՝ պաշտոնապես։ Այդպիսով, պետք չէ նրանցից սպասել կոշտ ու միակողմանի քննադատությունների, քանի որ մենք կարծես նույնպես շահագրգիռ ենք Մինսկի խմբի ֆորմատին։ Եվ սպասելիքներս այն է, որ եթե Ռուսաստանը խառնվի, ապա ոչ թե կողմերից մեկին աջակցելու համար, այլ արյունահեղության դադարեցման․ այդպիսով Ադրբեջանին պարտադրի խաղաղվելու։ Չէ՞ որ մենք նրանցից ուզելու բան չունենք, նրա՛նք ունեն, և եթե խաղաղվեն, դա էլ մեր ուզածն է։

Սակայն Հայաստանում կան շրջանակներ, որոնք չափից մեծ սպասումներ են հանրության մեջ ձևավորում Ռուսաստանի նկատմամբ, իսկ հետո, երբ դրանք անմիջապես չեն արդարանում, նույն այդ մարդիկ արդեն դուրս են գալիս թաքստոցներից ու առանց մտածելու սկսում են ցեխ շպրտել, թե՝ սա չէի՞ն ձեր ռուսները, տեսեք՝ ոչինչ չեն անում, ռուսը միշտ էլ դա է եղել և այլն։ Երբեք չեմ ցանկացել խոսել ներքին թշնամիների մասին, բայց նրանք նույնչափ վտանգավոր աշխատանք են կատարում մեզ համար, որքան տանկով, ինքնաթիռով ու անօդաչուներով մեզ վրա հարձակվող ադրբեջանա-թուրքական բանակը։ Սրանք էլ ներսից քայքայում են մեր հենարանները, մեր հարաբերությունները, մեզ թողնում են միայնակ՝ հայ-ռուսական հարաբերությունները խորտակելու կոչերով։ «Ինչի՞ է պետք ռուսական ռազմաբազան, եթե չի գալիս Ղարաբաղում մեզ պահելու»,- առանց հասկանալու գրում են դրանք։ Ասեմ՝ իմանաք՝ ժողովուրդ, էդ որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի իր կողմից չի հարձակվում, միակ պահողը էդ երկրի սահմանապահներն են ու ռազմաբազան է։ Եթե հանեց, դուք եք կանգնելու ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ սահմանի՞ն։ Հասկանում ենք՝ գումար եք աշխատում, բայց հայրենիքը քարուքանդ անելու համա՞ր ու գնո՞վ։ Կարող է՞ դուք էլ Հայաստանում մտադիր չեք ապրել, «Գրին քարտ» ունե՞ք էս գլխից, իրավիճակը բարդացնելու եք ու թռնե՞ք։

Մեր երկրում վխտում են մարդիկ, որոնք գումար են ստանում և աշխատում երկրի ներսում երկրի, մեր ազգային շահերի դեմ։ Նրանք էլ վարձկան են մե՛ր երկրում ու ահաբեկչություն են անում ընդդեմ մե՛ր անվտանգության։ Ես միշտ էդ հարցն եմ տալիս․ արևմուտքը որ այստեղ փող է ծախսում իր ֆինանսավորած ՀԿ-ներով, նրա համար, որ հայաստանցո՞ւ համար լավ լինի, թե՞ որ իր երկրի շահերը առաջ բրդի՝ մեր երկրի շահերին հակառակ։

Ժողովուրդ, ո՛չ պետք է ռուսասեր լինել, ո՛չ պետք է ռուսատյաց լինել, պետք է շարժվել քո ազգային շահով։ Մեր ազգային շահը պահանջում է ամուր կապեր Ռուսաստանի հետ, ոչ թե Սորոսի հիմնադրամի, կամ Թուրքերի։ Այն մարդիկ, որոնք աշխատում են հայ-ռուսական հարաբերությունների դեմ, նրանք հիմա թիկունքից հարվածում են մեր երկրին։ Ցավոք, միայն դրսի վարձկանները չէ, որ հակառուսականություն են տարածում մեր երկրում, մեր երկրի ներսում այդ չակերտավոր պայքարի մասնիկ են նաև սովորական քաղաքացիները, որոնք պարզունակ ու ռոմանտիկ հայացքներով են պարուրված՝ խորապես չհասկանալով դրա լրջությունը։ Իսկ ովքե՞ր են ճարտարապետները, դրան դեռ կանդրադառնանք։

Կրկնում եմ՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լավ ժամանակներ չեն ապրում, նեղացրել ենք, սխալ ենք խոսել և հասկացել, ընկել ենք սրա-նրա խելքին, որոնք հիմա չկան, կամ մեզ կողքից համոզում են, թե տես՝ դու ինքնուրույն ու մենակով կարաս ամեն բան։ Շատ բան կարող ենք, շատ բան՝ ոչ։ Այդպես չի լինում, անգամ գերտերությանը դաշնակիցներ են պետք, էլ ուր մնաց՝ մեզ։ Ամենուր կարդում եմ՝ «մեզ ոչ ոք պետք չի, մեր զինվորն, ամեն բան անում է»։ Լու՞րջ։ Պատրա՞ստ եք այդ նույնը ասել, զոհված զինվորի մորը։ Սոցցանցերում, հայրենասիրական թեմաներով, բայց այլ ընտանիքից դուրս եկած զինվորի հաշվին ինքնահաստատվողները ու դաշնակիցներին փնովողները, հայտարարում եմ՝ սրիկա են։

Հայ ժողովուրդն ունի մեկ խնդիր՝ պատերազմում հաղթելն է։ Նրանք, ովքեր պատերազմում մեր հաղթանակին, դիվանագիտական հարթությունում օգուտ չեն տալիս, ընդհակառակը, զբաղված են հարաբերություն փչացնելով, սրիկայություն են անում։ Նույնությամբ, սրիկայություն են անում նրանք, որոնք զբաղված են այս պահին Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները լարելով, ետևներից վայրահաչելով՝ առանց իմանալու, թե ինչ հարաբերությունների մեջ է մեր պետությունը այս պահին նրանց հետ։

Կարճ ասած՝ Ասում եմ բաներ, որոնք շատերդ ինձանից լավ գիտեք, բայց պետք է ասվի, որովհետև կա չկողմնորոշվածություն, թյուրըմբռնում, էյֆորիա ու անհանգստություն։ ժողովուրդ, պահպանեք սառնասրտությունը, մի՛ տրվեք սադրանքների, մարդկանց, որոնք հայի անուն-ազգանուն ունեն, բայց մոլորեցնում են ձեզ։ Այո՛, մեր համար մեկ դաշնակիցը մեր զինվորն է, բայց պետք է միակ հույսը չլինի զինվորը։ Մենք միասին հաղթելու ենք, որից հետո անցնելու ենք երկիրը մաքրելուն։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ