25 09 2020

«Կարճ ասած»․ Կարող է՞ էլ դուք չեք իշխանությունը, տեղյակ չենք



Սկանդալները հերթ չեն տալիս իրար, չենք հասցնում մեկը մարսել, գալիս է մյուսը։ Ամեն օրվա ընթացքում մեր երկրում կատարվողին ես նայում, իշխանության արձագանքին ես նայում կամ դրա բացակայությանը ու զարմանում ես՝ մեր երկրում կա՞ իշխանություն, թե՞ անիշխանություն է։

15 ժամվա մեջ հրաժարական է տալիս 4 պաշտոնյա՝ Կրթության փոխնախարարը, Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարը, սննդամթերքի անվտանգության վերահսկողը, ԱԺ պատգամավորը։ Ու ոչ մի բացատրություն։ Էս ամենից միայն հասկանում ես, որ գոյություն ունի ներքին բախում, թիմի ներսում չեն հարմարվում, լարված վիճակ է ամենուր։ Կառավարության մի անդամի պատճառով մի քանի հոգի է վարի գնում, մի քանիսը՝ կոռուպցիայի պատճառով, մի քանիսը հոգնում է, կամ էլ էլ եսիմ ինչ ու հրաժարական տալիս։ Բայց չկան բացատրություններ, ստիպված ես դու ենթադրություն անել։ Ու էսքանից հետո ասում են՝ մենք ամենաթափանցիկն ենք, ու որպես փաստ բերում են, թե՝ կորոնավիրուսի թվերը չեն նկարում։ Լավ, ասեք, հասկանանք, թե ինչ է կատարվում իշխանության ներսում, ոնց է լինում, որ մի նախարարի պատճառով հա՛մ փոխնախարար է հրաժարական տալիս, հա՛մ պատգամավորներ, հա՛մ դասադուլ են անում, հա՛մ բողոքի այլ ակցիաներ, հա՛մ տնօրեն է հրաժարական տալիս։ Արձագանք չկա, բացատրություն չկա։

Կամ այսօրվանը․ լուր ես կարդում՝ Ծովագյուղի գյուղապետը, հետն էլ՝ 50 հոգի, ծեծել են Գազպրոմի աշխատակցիցներին, բոքսել են Գավառի ոստիկանապետի աչքին, Մարտունու ոստիկանապետին, այն բանի համար, որ նրանք պայքարել են գազի կորուստների, հասկանալի լեզվով ասած՝ գազ գողանալու դեմ։ Դրանից առաջ կարդում ես, որ ոստիկանության քթի տակ մտնում են հիվանդանոց մարդկանց են մորթում։ Ամեն օր մեր երկրում մարդիկ կրակում են աջ ու ձախ, զենքով հարց են լուծում։ Ոստիկանության հաղորդագրությունները նայեք, առանց կրակոցի օր չկա։ Հայաստանի ոստիկանությունը, բնակչության թվի համեմատ, տարածաշրջանում առաջատար է իր անձնակազմի թվով։ Բա էդ ո՞նց է լինում, ի՞նչով եք զբաղված, ընկել եք՝ դիմակ չդնողի՞ եք տուգանում։ Ամուլսարի թեման․ արդեն բանը հասել է նրան, որ քաղաքացիներն իրար ծեծում են, հասցնում են դատարանների ու հիվանդանոցների դռները։

Որովհետև հարց լուծողը պետք է լիներ իշխանությունը, իսկ նա չկա, բացակա է մեր կյանքում։ Իշխանությունը խնդիրները սառեցնում է, չի լուծում, դրանք կուտակվում են ու արդյունքում քաղաքացիներն են լուծում՝ իրենց մեթոդներով։ Ամուլսարում հանքի շահագործման կողմ ու դեմ եղողներն են հարցը լուծում՝ իրար ծեծելով։ Վաղը էդպես լիքը մարդիկ խառնվելու են իրար, ամեն մեկը իր ճիշտը դնելու է բռունցքի մեջ ու վազի մյուսի վրա։ Չէ, բա ի՞նչ անի։ Դուք զգում ե՞ք, մայրաքաղաքում ապրողներ, թե որքան է մեր կյանքը բարդացել․ գիշերվա ժամերին գոնկեք, սալյուտներ, ինչ-որ մեկը բարձր երաժշտություն է լսում ու անպայման՝ ռաբիս։ Եթե նրանց ձեռքը բռնող ոստիկանները էդ ժամերին ընդամենը միայնակ անդիմակ քայլող մարդկանց են բռնում տուգանեն, ու մնում է ինքնահոսի, ստացվում է, որ թաղում ապրողներից մեկը պետք է գնա ու կռիվ սարքի օրինազանցների դեմ։ Ասում ես՝ ախպեր ջան, կեսգիշերին ինչո՞ւ ես մարդկանց հանգիստը հարամ անում, պատասխանում է՝ «բա որ Սերժի վախտ Նիկոլի հրամանով կաստուլկեքը չխկչխկացնում էին կեսգիշերին, ձայն հանում էի՞ք»։ Այ քեզ բան։ Ով որ ժամին ուզում է, իր ճաշակի երաժշտությունը զլում ու անցնում է փողոցով։ Կամուրջների վրա, հատկապես՝ Հաղթանակի և Կիևյան, շաբաթը 5 անգամ տեսնում ենք ինքնասպանության փորձ։ Ինչո՞ւ է էդպես, կասե՞ք պատասխանը, ամեն կամրջի վրա երկուսից 4 ոստիկան է հերթապահում, բայց մեկ էլ տեսնում ես քթի տակ մեկ ուրիշը եկավ ու անցավ անվտանգության գոտին։ Սա էլ է անիշխանության արդյունք։

Անիշխանության փայլուն օրինակ․ վարչապետը ընդունում է ՀՀ քաղաքացիներին, ովքեր ուզում են գնալ արտագնա աշխատանքի, ասում է՝ հնարավոր ամեն ինչ կանեմ, որ երկրից գնաք։ Պատկերացնո՞ւմ եք, վարչապետը ասում է՝ կօգնեմ գնաք երկրից: Ուրիշ բան չի էլ առաջարկում։ Բա որ 13 հազար նոր աշխատատեղ եք բացել, էդ 200 հոգուն ինչո՞ւ տեղը ցույց չեք տալիս, գնան աշխատեն։ Նման բան ուրիշ երկրում չեք տեսնի, որ երկրի ղեկավարն ասի՝ բնկչության թիվը պետք է մեծացնեմ ու նաև ասի՝ կօգնեմ փախչեք երկրից։

Էս տղերքը, որ նոր էին եկել, ոգևորվել էին, թե՝ դե տեսեք, թե պետություն կառավարելը ոնց ա լինում։ Բա ո՞ւր եք։ Էսքան խնդիրը ինչո՞ւ կա մեր երկրում։ Որովհետև իշխանությունը զբաղված է ուրիշ հարցերով, իր օրկարգը ուրիշ է։ Իր օրակարգը հետապնդումներն են, ՍԴ հարցը իր ուզածով լուծելն է։ Բայց ախր դա էլ չի կարողանում մարդավարի անել։ Օրենք է, որ խախտում են՝ ապագա հոդվածներն իրենց վրա հավաքելով։ ՍԴ-ն հունիս ամսից չի աշխատել, քվորում չկա, ճգնաժամ է, իշխանությունն իր սրտի դատավորներին էր ընտրում։ Ընտրեց, բայց հիմա էլ չի թողնում աշխատեն։ Սահմանադրական դատարանում այս պահին ճգնաժամ է, 9 հոգով երեք օր չեն կարողանում իրենցից մեկին ընտրել նախագահ։ Որովհետև, ըստ օդում կախված լուրերի, գործադիր իշխանությունը քիթը չի հանում էնտեղից, ուզում է իր ուզած մարդիկ ընտրվեն նախագահ ու փոխնախագահներ։

Ո՛չ Հայաստանի մանր ու մեծ հարցերն են կարողանում լուծել, ո՛չ աշխարհի հետ են կարողանում շփվել։ Ամեն օր սկանդալ է արտաքին քաղաքական ոլորտում՝ ղարաբաղյան հարցում։ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի նախագահը կոշտ ելույթներ է ունենում, Թուրքիայի նախագահը Հայաստանին  մեղադրում է տարածաշրջանը ապակայունացնելու մեջ, լուռ ենք, արձագանք չկա։ Ադրբեջանի նախագահը ասում է՝ Նիկոլ Փաշինյանն ինձ խնդրեց հրադադարը չխախտել, մինչև ինքը երկրի ներսում ընդդիմության հետ հարցերը լուծի, դիրքերն ուժեղացնի ու խոստացավ արցախյան հարցում ինչ-ինչ բաներ։ Արձագանք չկա։ Հետո ավելի վատ հայտարարություն է անում ադրբեջանական քարոզչամեքենան․ ասում է՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանն իր պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանի անունից մի քանի գաղտնի հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի էմիսարների հետ և արցախյան հարցում առաջարկներ ներկայացրել՝ ոչ ի նպաստ Հայաստանի։ Ասում ես՝ թշնամի երկրի մամուլ ու ղեկավար է, չհավատամ, սպասեմ տեսնեմ մերոնք ի՞նչեն ասում։ Ու ինչպե՞ս է արձագանքում Հայաստանի ղեկավարը․ Ալիևին կոչ է անում զերծ մնալ կոնֆիդենցիալ դաշտ մտնելուց։ Ասում է՝ նենց չանեք ես էլ իմ ունեցած բաները հրապարակեմ։ Այսինքն, ադրբեջանական կողմը ճի՞շտ բաներ է ասել։ Դա էլ մի կողմ, էնտեղից հոխորտում են, սպառնում պատերազմով, Նիկոլ Փաշինյանը խոսում է դարձյալ երեք ժողովուրդներին ձեռնտու տարբերակի մասին ու ասում է՝ մենք ասում ենք փոխզիջում, Ադրբեջանը չի համաձայնում։ Բա էլ ինչի՞ եք խոսում փոխզիջման մասին։ Ստացվում է՝ մեր դիրքերն այնքան են թուլացել, որ մենք ենք գտնում փոխզիջման տարբերակներ, իրենք էլ մերժում են։ Սա նրանից է, որ ի սկզբանե իշխանությունն իր տեղում չէր, ու այդպես՝ մինչև հիմա։

Կարճ ասած՝ հարգելի իշխանություն, դու կա՞ս, կարող է՞ գնացել ես, մի հրաժարական էլ դուք բոլորովդ եք տվել, խաբար չենք։ Բա, դո՛ւք իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ ոստիկանություն, ՀՔԾ, ԱԱԾ, օրումեջ թարմացվող Ազգային Ժողով, նախարարներ, դատախազներ, դատավորներ, պատկերացնո՞ւմ եք բոլորդ, թե ինչ մեծ պրոբլեմ է սարքվում նաև ձեր գլխին, մե՛ր երկրի գլխին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ