22 09 2020

«Կարճ ասած»․ Նախագահ որը ցանկանում է դառնալ մեկ ուրիշ երկրի ղեկավարի ենթակա



Աննախադեպ ու վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում արցախյան խնդրի հետ կապված։ Անթաքույց ակտիվացել է Թուրքիան ու խոսում է բացահայտ սպառնալիքներով։ Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածում և անդրադառնում է ադրբեջանցի զինվորի ոչնչացնելու դեպքին և ուշադիր եղեք, թե ինչպես է արտահայտվում՝ «․․․ադրբեջանական ՄԵՐ հերոս զինվորը»։ Սա աննախադեպ է։ Ադրբեջանցի զինվորին «մեր» կոչելը, «հերոս» կոչելը, վկայում են Թուրքիայում պետական այն էլ ռազմական մակարդակով հռետորաբանության լուրջ փոփոխության մասին։
Սա խիստ մտահոգիչ պիտի լինի մեզ համար։ Բաքուն ևս հայտարարեց, թե հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում հայկական կողմի գնդակից սպանվել է զինծառայող։ Հրադադարի խախտումներ մշտապես լինում են, ավելին, Ադրբեջանը մշտապես սադրանքների է դիմում՝ մեծածավալ ու փոքրամասշտաբ։ Բայց առաջին անգամ Թուրքիան է անմիջապես արձագանքում և պաշտպանության ու արտգործնախարարությունների մակարդակով սպառնում, թե՝ կրակի հետ մի խաղացեք։ Նման բան դեռ չի եղել, որ հրադադարի մեկ խախտումը, այն էլ՝ ենթադրյալ խախտումը, հանգեցնի ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Թուրքիայի նման արձագանքին։ Թուրքիան ու Ադրբեջանը խիստ լարում են առաջացնում սահմանին։ Վերջերս էլ, էլի իրենք լուրեր են շրջանառում, թե՝ Իրանի տարածքով «Քրդստանի բանվորական կուսակցության» զինված ջոկատներ են բերվում, Իրաքից են դուրս գալիս և գնում են Լեռնային Ղարաբաղ։ Սրանք սուտ տեղեկություններ են, բայց միաժամանակ Թուրքիան հիմք է ստեղծում ռազմական ներխուժման։ Թուրքիան վերջին շրջանում կարողացել է ռազմական ներկայություն ունենալ տարածաշրջանի այլ երկրներում ևս։ Ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը միջազգային հարթակներում ակտիվ գործընթաց սկսի, զանգի, խոսի, մատնացույց և հայտարարություններ անի և այլն։ Լուռ ենք։ Փոխարենը Ադրբեջանի նախագահն է ելույթ ունենում և մեղադրում Հայաստանին բանակցությունները տապալելու մեջ։

Լավ, եկեք հասկանանք, թե այս իրավիճակում ի՞նչպես ենք հայտնվել և հատկապես ի՞նչ է արել Հայաստանի ու Արցախի ղեկավարությունը, նրանց ո՞ր հայտարարություններն են, որ խնդիր լուծելու փոխարեն, դրանք խորացրել են, բերանները լեզու են դրել։

Հայաստանի վարչապետը գնում է բանակցությունների ու ասում, որ խնդրի լուծումը պետք է լինի երեք ժողովուրդների սրտով, հետո հայտարարում է՝ Արցախը Հայաստան է ու վերջ։ Հիմա սրանք իրար հակասո՞ւմ են, թե ոչ։ Արցախի նախագահը, փոխանակ հավասարակշռության բերի, հայտարարում է՝ ինչ ասի Փաշինյանը՝ համաձայն ենք։ Սա իրավիճակին ադեկվատ պահվա՞ծք է։

Նախկինում մշտապես Հայաստանը բանակցություններին աչքի է ընկել սկզբունքային ու կոշտ դիրքորոշմամբ, Արցախը՝ էլ ավելի կոշտ․ եթե Հայաստանը խոսել է փոխզիջման մասին, որովհետև չի կարող չխոսել, այլապես բանակցելն է անիմաստ, Արցախը հայտարարել է, որ ոչ մի զիջում։ Հիմա Հայաստանի ղեկավարը թույլ է տալիս սխալ սխալի հետևից, գնում է հնդիպում Ալիևի հետ, ասում է՝ մի կրակիր, մինչև ներսում իմ հակառակորդների հարցերը լուծեմ, Ադրբեջանը այդ ընթացքում ամրացնում է իր դիրքերը, Արցախի նախագահն ասում է՝ մենք համաձայն ենք Նիկոլի հետ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Հ1-ին տված հարցազրույցը շատ հիասթափեցնող է, ես լինեի էդ հեռուստաընկերության խմբագիրը, կարգելեի եթեր տալ, գոնե հայկական երկրորդ պետության ղեկավարի ստատուսը խնայելու համար։ Հաղորդավարը Արցախի նախագահին կանչել է երևի հակադարձելու համար Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտքին, թե՝ «Մենք եղել ենք գործընկեր։ Հիմա Ղարաբաղը դարձրել են ենթակա»։ Ու այլ ավելի խելացի ձև չգտնելով, հակադարձում է հետևյալ կերպ՝ «Ես կերազեմ լինել Հայաստանի Հանրապետության ղեկավարի ենթակա»։ Սա ասում է անկախ պետության նախագահը, որն ամիսներ առաջ է ընտրվել, ընտրական խոստումներ տվել և այլն։ Ինչ-որ չեմ լսել, որ նախընտրականի ժամանակ անկախ Արցախի քաղաքացուն ասի՝ ինձ ընտրեք նախագահ, բայց ես երազում եմ մեր երկիրը տեսնել Հայաստանի մարզ։

Ախար, այ պարոն Հարությունյան, երբ դուք, կամ ձեր երկրպագած Փաշինյանը, ասում եք՝ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, ու անմիջապես հետո ասում ես Արցախը Հայաստան է, մի հատ էլ երազում եք ենթակա լինել, որպես մարզպետ եք ձեզ ընկալում, և այլն, էլ ինչո՞ւ պետք է ձեզ հետ որպես առանձին միավոր ցանկանան նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Որքան հասկացա և՛ հաղորդավարը համառորեն չէր հասկացել նախագահ Քոչարյանի ասածները, և հյուրը, չնայած կարծես բոլորը հասկացել են բացի իրենցից։ Իսկ նա ասում է՝ չի կարելի նույնացնել Արցախը Հայաստանի հետ, ու բացատրում է, թե ինչու։ Որովհետև, երբ դու նույնացնում ես, դուրս է գալիս էլ ինչու՞ քեզ հետ բերեն բանակցության կողմ սարքեն, էլ ինչո՞ւ ընդհանրապես քեզ հետ որևէ  մեկը խոսի, քո կարծիքը հարցնի, Փաշինյանին կհարցնեն, օրինակ՝ լիֆտում։ Քոչարյանն ասում է, որ երբ ինքը Արցախի նախագահ էր, Հայաստանի հետ գործընկեր էին, ունեին հակասություններ (Լևոն Տեր-Պետրոսյանի հայացքները, հողեր ազատագրելուն որոշ դեպքերում դեմ լինելը, տարածքների վերադարձի ջատագով լինելը բոլորիս աչքի առաջ է, ու բնական է, որ հակասություններ կային ոչ միայն Արցախի ղեկավարության, այլև մնացած բոլոր ազգային ուժերի հետ)։ Ու այդ ամենը ասում է այն կոնտեքստում, թե որքան շահեկան էր այդ ամենը անգամ հրապարակային դաշտում ցույց տալը։ Երբ Հայաստանի վրա ճնշում են գործադրում, թե՝ ասա Ղարաբաղում էս անեն, էն անեն, կարող է ասել՝ չեմ կարող, իրենց հետ խոսեք։ Եվ այդ հնարավորությունը բազմիցս են օգտագործել, զիջումներ չանելու և դիրքերն ամրացնելու նպատակով։ Բայց այդ իրական հակասություններով հանդերձ, ղարաբաղցիները նաև չեն զիջել իրենց նպատակները, նստել-խոսել են, բացատրել են, հասկացրել են, բայց դա արել են առանց վախենալու, որ ֆինանսական կամ սպառազինության աղբյուրից կզրկվեն, ինչից հիմա գուցե Արայիկ Հարությունյանը վախենում է։ Դա անհրաժեշտ է նաև Փաշինյանին, երբ դուք ունենք տարբեր մոտեցումներ բանակցություններում, դա մանևրի հնարավորությունն է տալիս, ու եթե Նիկոլ Փաշինյանին վաղը դեմ տան պատին, իսկ իր բանակցային մակարդակում նման բան հնարավոր է, նա ասի՝ համանախագահնե՛ր, պարո՛ն Ալիև, գնացե՛ք ղարաբաղցիների հետ խոսեք էլի, ես ի՞նչ անեմ։ Իսկ հիմա Ալիևը կասի, պարոն Փաշինյան ջան, Ղարաբաղի նախագահն ասում է՝ Նիկոլը ոնց ասի, համաձայն ենք, դե քեզ տեսնեմ։ Այսինքն, մանևրի հնարավորությունները վերացվում են, տեղը մնում է բարի ցանկությամբ կենացը՝ Արցախը Հայաստան է։ Սրտներովս է, անշուշտ, բայց անիմաստ բառակապակցություն այս դժվարին շրջանում։ Բոլորս ենք սրտներումս Արցախը համարում Հայաստան, բայց մեր ղեկավարները քեֆի սեղանի շուրջ չեն, այլ ընտրվել ու աշխատավարձ են ստանում, որ մեր հարցերը լուծեն, կարգավիճակի ճանաչում նվաճեն, պատերազմից հեռու պահեն մեզ, ոչ թե կենացներ ասեն՝ վտանգելով այդ ամենը։

Կարճ ասած՝ բանակցություններից բան չեք հասկանում, գոնե լսեք էն մարդկանց խորհուրդները, որոնք բանակցել են ու դուք մեկ միլիմետր չեք զիջել՝ ո՛չ սահմանին, ո՛չ սեղանին, զոհերն էլ անհամեմատ քիչ են եղել։ Էնքա՞ն եք իջեցրել բանակցությունների մակարդակը․ բանը հասել է էնտեղ, որ Թուրքիան է մատ թափ տալիս, այն էլ՝ ուղիղ Հայաստանի վրա։ Ո՛չ ուրիշների սխալների վրա եք սովորում, ո՛չ ձեր սխալների վրա, էսպես ո՞նց կլինի։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ