Հայաստանը տոնում է անկախության 29-ամյակը։ Լավ օր է երկրի մասին ճառեր ու կենացներ կարդալու համար՝ քայլ առ քայլ Հայաստանը ամրացնում է իր անկախությունը, մենք կերտելու ենք ապահով երկիր և այլն։ Բայց ուզում եմ իմանալ՝ Հայաստանն արդյո՞ք այսօր ավելի ամուր է, քան նախորդ տարի, նախորդ տարի ավելի ամուր էր, քան 2018-ին ու այսպես շարունակ։ Այսօրվանները, որ Հայաստանի ողջ պատմությունը բաժանել են երկու մասի՝ 2018-ից առաջ և հետո, կասեն՝ անշուշտ ավելի ամուր ենք, նախկինները՝ հակառակը։ Դժվար է հարցին օբյեկտիվ պատասխանելը։ Սովորական քաղաքացու համար ևս դժվար կլինի գնահատական տալը։ Համենայն դեպս՝ չենք տեսնում, որ իշխանությւոնը գնում է պետությունն ամրացնելու ճանապարհով։ Հայաստանում առաջին անգամ է, որ չի համապատասխանում երկրի շահն ու իշխող թիմի շահը, դրանք տարբեր են, ու արդյունքում շահում է միայն իշխանությունը, պետությունը տուժում է, մեղմ ասած կամ՝ վարի է գնում, եթե անկեղծորեն ասեմ։
Օրինակ, անկախության տոնից երկու օր առաջ իրադարձություն տեղի ունեցավ, որը ապշեցրել է շատերիս։ Ադրբեջանի նախագահ Ալիևը իր երկրի լրատվամիջոցներին տված հարցազրույցում վերջապես պատասխանել է հարցին, թե ինչ են խոսել Դուշանբեի՝ արդեն շատ հայտնի դարձած վերելակում Հայաստանի վարչապետի հետ։ Որքան էլ վերապահումով վերաբերեմ թշնամի երկրի ղեկավարի խոսքերին, Ալիևն ասում է՝ Փաշինյանը վերելակում իրենից ժամանակ է խնդրել, որպեսզի ներքաղաքական կյանքում ամրապնդի իր դիրքերը։ Խոստացել է, որ դրանից հետո էլ արցախյան հարցում Ադրբեջանին օգուտ քայլերի կդիմի։
Պատկերացնում ե՞ք։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ չի պատասխանել կոնկրետ այդ հարցին, թե ինչ են խոսել վերելակում, որպեսզի գոնե իր խոսքերի վրա հիմնվենք։ Նաև Ալիևի խոսքերին հերքում չեղավ։ Արտգործնախարարության խոսնակն ասում է՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։ Ինչի՞ց եք հիասթափված, որ բացահայտե՞ց, որ մասնավոր խոսակցությունը բարձրաձայնե՞ց։ Իսկ որ Փաշինյանը կարող է այդպիսի բան խոսացած լիներ, չի հիասթափեցնո՞ւմ։ Եթե այդպես չէ, ինչո՞ւ չեք ասում, թե ինչ են պայմանավորվել։ Ալիևին որքան էլ չուզենամ հավատալ, բայց հանդիպմանը հաջորդած ու նախորդած դեպքերի տրամաբանությունը դա են հուշում։ Ցավոք։ Սա այն դեպքերից է, որ ավելի լավ է չիմանայինք։
Տեսեք ինչ է ստացվում։ Փաշինյանը Ալիևից խնդրում է չկրակել, քանի որ նոր է իշխանության եկել և ներքաղաքական իրավիճակին պետք է տիրապետի, որպեսզի նախկին «ռևանշիստները» չվերադառնան, Ալիևը համաձայնվում է, չնայած որ հակամարտող երկրի ղեկավարին պետք է որ ձեռնատու լիներ օգտվել մեր ներսի հակամարտություններից, ինչպես մերոնք են օգտվել ազատագրական պատերազմի տարիներին ադրբեջանական խառնաշփոթից և հենց այդ ժամանակահատվածում Ադրբեջանը կորցրել է իր տիրապետության տակ եղած տարածքային որոշիչ հատվածները։ Այսինքն, համաձայնվել է միարժամանակ չկրակել, որպիսզի Նիկոլը ուժեղանա՞, թե՞ Հայաստանը ավելի թուլանա։ Իսկ միգուցե, Նիկոլը ասել է, թե ինչ է ուզեցել անել, և դա Ալիևին էլ ավելի է դուր եկել։ Շահերի լիակատար համընկնում է տեղի ունեցել։
Նախ, հիշենք․ այդ ընթացքում, քրեական գործեր հարուցվեցին Հայաստանի նախկին երկու նախագահների դեմ, որոնք արցախյան պատերազմ հաղթողներն են, ադրբեջանցիների ու ալիևների ջարդը տվողներն են։ Կարո՞ղ էր այդ ամենը ձեռք տալ Ալիևին․ անկասկած։ Մենք տեսանք, որ պատերազմով անցած գեներալների պաշտոնանկ արեցին ու քաշեցին դատարանների դռները։ Կարո՞ղ էր այդ ամենը ևս ձեռք տալ Ալիևին․ վստահ եմ՝ այո։ Հետո մենք տեսանք հայտարարություններ, որ Ալիևը կիրթ է ու կառուցողական, որ Հայաստանը ցանկանում է ղարաբաղյան հարցը լուծել նաև Ադրբեջանի ժողովրդին ձեռնտու տարբերակով, Հայաստանը դադարում է խոսել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին՝ դրանք ըստ էության չեղյալ հայտարարելով։ Սրանք ևս շատ ձեռնտու հայտարարություններ էին և քայլեր։ Այդ ընթացքում Ադրբեջանը սահմանային դիրքերն է ամրացնում, որը չէր կարողանում անել նախորդ տասնամյակների ընթացքում։ Այսքանը արվել է բացահայտ, հիմա կարո՞ղ ենք մտածել որ դրանք հենց այդ վերելակում խոսացածի արդյունքն է։
Հայաստանի այսօրվա ղեկավարը հայտարարում է, որ Արցախյան պատերազմ հաղթած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանցագործներ են։ Երկրորդ ու երրորդ նախագահներին հանցագործ է համարում նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ շարունակ հայտարարելով, որ նրանք սեպարատիստներ են ու իրանց ղեկավարությամբ օկուպացվել են իր տարածքի 20 տոկոսը։ Հայաստանի վարչապետը նաև խոստանում է հարցը կարգավորել Ադրբեջանի ժողովրդին ձեռնտու տարբերակով։ Հիմա չստացվե՞ց, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ձեռք-ձեռքի տված մաքրում են Հայաստանի ներքաղաքական դաշտը Նիկոլ Փաշինյանին ու նաև Ալիևին ոչ ձեռնտու ազգային գործիչներից։ Այլ հարց է՝ կարողանո՞ւմ են, թե ոչ։ Բայց ասացեք տեսնեմ, ինչո՞ւ պետք է այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը որպես Հայաստանի ղեկավար ձեռնտու չլինի Ալիևի համար։ Այսօր Հայաստանում հաստատվել է Ադրբեջանի համար ամենաձեռնտու և հարմար իշխանությունը։ Չնայած որ ադրբեջանական մամուլում տարբեր գործիչներ նշում են, թե իրենց համար ընդունելին Լևոն Տեր-Պետրոսյանն էր, միայն նա կարող է լուծել հարցը։ Իսկ Տեր-Պետրոսյանի տարբերակն էլ է մեզ համար շատ հայտնի։
Պատկերացնո՞ւմ եք, իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է սկզբունքով, Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական հարցերը լուծելու համար օգնություն է խնդրել և ստացել մեր թշնամի երկրի ղեկավարից։ Պարզապես գուցե հիմա ինչ-ինչ պայմանավորվածություններ խախտվել են, ու Ալիևն ասում է՝ դուք բանակցությունները տապալում եք, ես գնում եմ պատերազմի։ Ստացվում է՝ էլի բաներ է խոստացել, բայց այ դրանք չի արել։ Ուշադրություն դարձրեք՝ այս ուղղությամբ Փաշինյանը լուռ է․ մարդը, որ ամեն մի չնչին բանից անգամ մտնում է ֆեյսբուքյան ուղիղ եթեր, հիմա լուռ է։
Հայաստանին անկախության 29-ամյակին մեկ այլ խնդրի ենք բախվել՝ տարածաշրջան ներխուժած Թուրքիա, անխուսափելի պատերազմ Արցախի համար։ Ու մենք չգիտենք, թե իշխանության անհասկանալի, ոչ ադեկվատ քայլերի արդյունքում էլ ուր կարող ենք հասնել։
Հայաստանի և հատկապես Արցախի անկախության համար շատերը շատ բան են զոհել՝ կյանքը, ազատությունը, երիտասարդ տարիները, իսկ բոլո՞րն են պատրաստ զոհելու հանուն պետության։ Ոչ, մարդիկ կան, որ պատրաստ են հենց այդ անկախությունը զոհել, միայն թե իշխանական աթոռը բաց չթողնեն։ Ու էդքանից հետո խոսում են պետականությունից, 30 տարի հետո փայլուն ապագայից, բնակչության թվի աճից․․․
Հնարավոր է՝ մեր վարչապետը երբ վերելակում պայմանավորվում էր Ալիևի հետ, չի մտածել այդ ամենի մասին, այլ մտածել է՝ իշխանությունս ամրացնեմ, հետո կերևա, բայց ստացվել է, որ նա խաղացել է Ադրբեջանի օգտին ու մեր երկրի դեմ։
Ադրբեջանի օգտին են խաղացել նաև բոլոր նրանք, ովքեր կոպիտ խախտումներով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էին կայացնում՝ իմանալով որ նպատակը նրան քաղաքականությունից հեռու պահելն է։ Իսկ որ Քոչարյանին քաղաքականությունից հեռու է ուզում տեսնել մասնավորապես Փաշինյանը և հատկապես Ալիևը՝ ակնհայտ է։ Մնում է մնացած անուղղակի մասնակիցները ամեն անգամ իրենք իրենց հարց տան․ ու՞մ է ամենից շատ պետք այդ ամենը, Փաշինյանի՞ն, թե՞ Ալիևին, բայց որ հաստատ է ոչ Հայատանին։
Կարճ ասած՝ շնորհավոր Ակախության տոնը։
Սևակ Հակոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը