15 09 2020

«Կարճ ասած»․ ՍԴ հարցը լուծվեց․ Ճամպրուկներով ներդրոողներին սպասելիս



 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ունի երեք նոր դատավոր։ Եվ ուրեմն, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական խոստումները կատարվելու են՝ բացվելու են գործարաններ, աշխատատեղեր են ավելանալու տասնյակ հազարներով, բազմաթիվ մարդիկ, որոնք ճամպրուկները կապել էին, որպեսզի ներգաղթեն Հայաստան, ի վերջո, կգան։ Մարդիկ, որոնք մեշոքներով փող էին ուզում բերել ու ներդնել Հայաստանում՝ հեղափոխությունից ի վեր, բայց չէին կարողանում, քանի որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն էր, իսկ դատավորը՝ Ալվինա Գյուլումյանը, հիմա արդեն կգան, Հայաստանը կծաղկի։ Հավատացի՞ք։ Մեզ արդեն մեկ տարի և ավելի է, որ համոզում են, թե մեր երկիրն աղքատ է և ներդրումներ չկան հենց սահմանադրական դատարանի պատճառով, դրանից առաջ արտահերթ ընտրություններն էին պատճառ բերում։ Հիմա բոլոր պատճառներն արդեն սպառվեցին։ Սա՛ էլ ձեզանով արեցիք, օրենսդիրն էլ է ամբողջությամբ ձերը, գործադիրն էլ, սարքեցիք ձեր ուզած միապետությունը։ Հիմա կաշխատե՞ք, վերջապես։

Հազար ու մի քայլեր արեցին Սահմանադրական դատարանին տիրանալու համար՝ էլ կաշառք, էլ հակասահմանադրական օրենքներ, էլ շանտաժ, էլ համոզել, քրեական գործընթացներ, մի քանի թեկնածու առաջադրեցին, մերժեցին, փոխեցին ու վերջը ընտրեցին երեքին։  Իսկ ովքե՞ր են ՍԴ նոր անդամները։ Ո՞ւմ ենք ումով փոխարինում, հետաքրքիր էր բոլորին։ Ինչո՞ւ եմ ասում բոլորին․ որովհետև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետաքրքիր է թե այդ ո՞վ է դառնալու այդ հրաշագործ ՍԴ անդամը, որ բոլորիս բախտը վերջապես բացվի։ Աբսուրդ է այդ պնդումը և իհարկե  ծիծաղելի, բայց բոլորս նույն հարցն ենք բարձրացնում․ ստացվում է՝ Ալվինա Գյուլումյանը հին էր, Երվանդ Խունդկարյանը նո՞ր։ Հետաքրքիր է թե ինչո՞վ են որոշել, որ, ասենք, անհրաժեշտ է բացառենք Հրանտ Նազարյանին ու Ֆելիքս Թոխյանին, բայց պետք է բերենք Էդգար Շաթիրյանին։ Թվարկածս առաջին երկուսն աշխատել են չորս նախագահների հետ, չի եղել դեպք, հրապարակում, որ այդ մարդկանց անաչառությունը կասկածի տակ դրվի, համարվեն կոռուպցիոներ կամ էլ եսիմ ինչ։ Հիմա մենք ինչի՞ց ենք որոշում, որ նրանք աչառու են, իսկ, ասենք, ֆեյսբուքյան էջում իշխանության գրածներին լայք դնող դատավորի թեկնածուն անաչառ։ Եթե սկզբունքն այն է, որ լինի մեր մարդը, որ մեր ասածներին ծափ է տալիս, սմայլիկ է դնում, հենա մի հատ ունեք էդպիսի մարդ, դուրներդ գալի՞ս է աշխատանքը։ Ուզում եք ՍԴ-ում ունենալ 9 Վահե Գրիգորյա՞ն, որ ի՞նչ անեք։

Դուք մտածում եք, որ հիմա այլևս բարձրացե՞լ է ՍԴ հեղինակությունը։ Ինչո՞ւ եմ հաճախ նշում Ալվինա Գյուլումյանի անունը․ ինձ համար ՍԴ դատավորի դասական կերպար է․ մարդը աշխատել է մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եղել է Հայաստանի ներկայացուցիչը։ Հայաստանն ու բազմաթիվ այլ երկրներ անվերապահորեն կատարում են Եվրադատարանի  պահանջները։ Այսինքն, Ալվինա Գյուլումյանը դատական բարձր հեղինակություն ունի։ Հիմա դու նրան ասում ես՝ չէ, դու անաչառ չես, բայց անաչառ է էն մարդը, որը ՀՔԾ պետի շվվոցով գնում- տեքստեր է գրում, հարցազրույցներ ու ելույթներ է ունենում։ Աբսուրդ է։

Ո՞վ է վաղը վստահելու Վահե Գրիգորյանի սահմանադրական դատարանին, մարդու, որը նիստերի չի եկել, փող է ստացել, ծառայողական ավտոմեքենա, պարգևատրում, ձրիակերություն է արել, առանց ամաչելու։ Իսկ Ալվինա Գյուլումյանին կվստահեր։ Ու հարցումները ցույց էին տալիս, որ դատական համակարգում ամենաբարձր հեղինակությունը հենց ՍԴ-ն ուներ՝ մինչ իշխանության ստեղծած այս ճգնաժամը։

Բայց այստեղ կա մեկ այլ լուրջ հարց։ Արդեն ասել եմ, որ որևէ իրավաբան, որն իր մասնագիտությունը հարգում է, պետք է հրաժարվեր ՍԴ դատավոր դառնալուց, քանի դեռ պաշտոնանկ արված դատավորների հարցը փակված չէ Եվրադատարանում։ Ասենք՝ Եվրադատարան դիմած երեք դատավորները շահեցին գործը, պարզվեց, որ ՍԴ դատավորները պաշտոնանկ են արվել ապօրինի և պետք է վերադառնան իրեց գործին․ ի՞նչ եք անելու նորընտիր դատավորների հետ, ներողություն եք խնդրելու և ուղարկեք իրենց տո՞ւն, թե՞ դատավորների թիվը դարձնելու եք 12 հոգի։

Ժողովուրդ, հենց այստեղ է, որ ասում ենք, քանդում են բոլոր ինստիտուտները, էն ամենը, որոնք լավից-վատից կառուցվել են այս ամբողջ ընթացքում, այս 30 տարիներին։ Ինչ է, թե լցնեն իրենց մարդկանցով և մի քանի տարի կամ ամիս ամուր նստած մնան իրենց ճոճվող աթոռներին։ Բայց հաջորդ եկողի համար ուժ, ռեսուրսներ, ֆինանսներ, ժամանակ, ներվեր է պետք գալու այս ավերակների վրա ինչ-որ բան կառուցելու համար։

Ի վերջո, հասկանանք, այս ամենը ինչի՞ համար էր, Ռոբերտ Քոչարյանի գործի՞, ղարաբաղյան հարցով մեզ համար անցակալի գործընթաց սկսելո՞ւ, ստամբուլյան կոնվենցիան վավերացնելո՞ւ, մարդկանցից գույքը խլելո՞ւ, ինչի՞ համար եք փոխել Սահմանադրական դատարանը։ Չասեք, թե արդարություն հաստատելու, որովհետև Վահե Գրիգորյանով դուք արդարություն երբեք չեք հաստատի։ Եթե ՍԴ առնավազն նոր կազմից բարեփոխման հոտ չի գալիս, ուրեմն քաղաքական հոտ է գալիս, մարդը չի կարողանում մասնագիտական, իրավական առումներով լուծել խնդիրներ, դա անում է քաղաքական եղանակով, ամեն ինչ անեմ, որ մնամ իշխանության։ Մարդիկ որ քաղաքական գործընթացների արդյունքում օդից ստացել են ՍԴ անդամի բարձր պաշտոն, ես կասկածում եմ, որ նրանք կարող են անաչառ լինել։ 9 դատավորից 4-ը այդ կասկածի տակ են լինելու, այլևս։

Կարճ ասած՝ Եթե մենք ինչ-որ գործընթաց ենք նախաձեռնում, պետք է նայենք, թե դրանից մեր երկիրը որքանով է շահում, որքանով է կորցնում։ Ի՞նչ ստացվեց, մենք գցեցինք Սահմանադրական դատարանի հեղինակությունը, Հայաստանը դրեցիք հարվածի տակ, ու պետությունը չշահեց որևէ բանով։ Բա ո՞վ շահեց, իշխանությո՞ւնը։ Հաստատ՝ ոչ, իրենք էլ տուժեցին։ Սա արժեք չունեցող մի բան էր։ Արդյո՞ք նոր դատարանը պատրաստ կլինի անցնել սահմանադրական, բարոյական, մարդկային, պետական ու ազգային արժեքների վրայով։ Կապրենք՝ կտեսնենք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ