Հայաստանում կա՞ մարդ, որ հավատում է վիճակագրական կոմիտեի թվերին, հատկապես՝ սոցիալ տնտեսական վիճակի մասին։ Դժվար էդպիսի մարդ գտնեք, որովհետև այդ թվերը մեր առօրյայի, մեր տեսածի, ապրածի հետ կապ չունեն։
Այս ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են աշխատանքից, տասնյակ հազարավոր մարդիկ էլ չեն կարողացել արտագնա աշխատանքի գնալ և անգործ նստած են։ Վերցրել եմ վաճառվում է ցուցանակով արտադրական տարածքի ու խանութի 10 հայտարարություն։ Զանգահարել եմ բոլորին ու հարցրել, թե ինչու են վաճառում։ Չգտնվեց մեկը, որ ասի, ասենք՝ վաճառում եմ, որ նորը գնեմ, վաճառում եմ, որ օֆիսս մեծացնեմ, սա փոքր է կամ այլ՝ որևէ առաջընթացի մասին պատճառներ բերի։ Երեքի գործը փակվել էր, 7-ն էլ ասացին, որ վաճառում են, որ գնան երկրից։ Ու այս ֆոնին կառավարությունը հայտարարում է, թե 6600-ով ավելի աշխատատեղ է բացվել, 13 տոկոսով աշխատավարձ է ավելացել, համարյա էդքան ՀԴՄ են տպել։ Հա, բայց քաղաքացուն ի՞նչ, դուք ձեր ունեցած թվերը գումարում-հանում եք, մի բարձր թվի վրա կանգ առնում ու ուրախանում եք։ Գազպրոմի՝ աշխատանքը կորցնող 1000 ու աշխատավարձը 20 տոկոսով պակասած հազարավոր աշխատողներին ինչպե՞ս եք ընկալելի դարձնելու ձեր վիճակագրությունը, որ միջին աշխատավարձը 13 տոկոսով է աճել, 6600 հատ նոր աշխատատեղ կա, սոցիալական վիճակն էլ բարելավվում է։ Մեկ հիմնարկ եմ թվարկել, բայց լիքն են էդպիսինները։ Գազպրոմի հայկական մասնաճյուղն էլ մեջների հարուստն է։
Կառավարության ղեկավարը հայտարարում է, թե ճգնաժամ չունենք, սոցիալական լարվածություն չունենք։ Իհարկե՝ չենք հավատում։ Ստամոքսը թիվ չի՛ ընդունում, չի՛ հասկանում, նա գիտի միայն՝ սովա՞ծ է, թե՝ կուշտ։
Բա որ ճգնաժամ չունեք, ինչո՞ւ եք 1,2 միլիարդ դոլարով ավելացրել արտաքին պարտքը։ Եթե ճգնաժամ չունեք, ինչո՞ւ են տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմող բոլոր թվերը մինուսով։ Եթե չկա ճգնաժամ, ինչո՞ւ էիք մինչ այս ասում, թե մենք խորը ճգնժամի մեջ ենք։ Եթե ճգնաժամ չունենք, ինչո՞ւ են բոլորը բողոքում։ Միայն աշխատանքային հինգ օրերի ընթացքում 13 բողոքի ցույց եմ հաշվել։ Չդադարող բողոքի ակցիաները արդյո՞ք ճգնաժամի խորհրդանիշ չեն։ Հա, ի դեպ, ինչպե՞ս է պատահում, որ բողոքավորներին լսելու են գալիս միայն ընդդիմադիր պատգամավորները։ Բա ո՞ւր են ժողովրդի ընտրյալ իշխանական պատգամավորներն ու ժողովրդի կառավարություն կոչվածները։ Գալիս են բողոքի, ոնց որ նախկին իշխանության օրոք էր, նամակների բաժնի պետին եք դեմ տալիս։ Վերջապես, եթե չկա ճգնաժամ, ինչո՞ւ է օրը երկու հոգի վազում դեպի կամուրջը՝ ինքնասպանության նպատակով։
Սննկացման եզրին են ու արդեն սննկացել են տուրիստական գործակալություններ, բնակարանների վաճառքում շարժ չկա, ծառայություների ու սպասարկման ոլորտն աղետալի վիճակում է, միայն հուլիս ամսին 18 տոկոսով առևտուրը նվազել է, բա սա ճգնաժամ չէ՞։ Բիզնեսի ներկայացուցիչները, որոնք բողոքի ցույց են անում կառավարության դիմաց, ի՞նչ են ասում․ որ շրջանառության ծավալները նվազում են, որ աշխտողներին գործից ազատում են։
Ձեզ հարց տվեք, ժողովուրդ, էդ ինչպե՞ս է լինում, որ աշխատավարձը ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, բայց ձեր շրջապատում ով աղքատ էր, մնում է աղքատ, ով գործազուրկ էր, մնում է գործազուրկ։ Էդ ո՞նց է, որ պետության ոչ մի բարիք մեր ծանոթ-բարեկամ-մտերիմներին չի հասնում, բարիքները ձեզ, իսկ մեզ՝ միայն վիճակագրական թվերը։ Մարդիկ ասում են՝ լսել ենք, որ լավացել է, որ ինչ-որ տեղ բարեփոխում կա, բայց ոչ ոք չի ասում, որ ես ավելի լավ եմ ապրում։ Բա մեր վարչապետը որտեղի՞ց է վերցնում անհոգ կյանքի թվերն ու ասում, թե ճգնաժամ չկա։ Ինչո՞ւ դրանք մեզ հետ կապ չունեն։
ՀԴՄ քանակով, ի վերջո, չի՛ կարելի որոշել՝ ճգնաժամ կա՞, թե ոչ։ ՀԴՄ-ների քանակը համարյա չի պակասել, իսկ գործարքների գումարային չա՞փը։ Հանրագումարը բերեք։ Կարող է մարդը 10 անգամ խանութ է գնացել ու գնել, ասենք, ցամաք հաց։ Բոլոր դեպքերում էլ ՀԴՄ են տալու։ Ստացվեց սոցիալական խնդիր չունի՞։
Այստեղից-այնտեղից կիսատ-պռատ թվեր վերցնելով ու թիվ նկարելով տնտեսություն ենք կերտում։ Բանն այն է, որ թվերը մինչև ամփոփվելը անցնում են վարչապետի ձեռքի տակով, նա նայում է, հրապարակում է, հավանաբար շտկումներ է անում և նոր միայն դրանից հետո այն հասցնում է ԱՎԾ-ին։ Թե իրական թիվը քանի՞ անգամ է փոփոխվում, չգիտենք, բայց տեղի է ունենում այն, որ իրականում աղքատը վիճակագրությամբ դառնում է բարեկեցիկ։
Եթե կառավարությունը թիվ է նկարում, ուրեմն ցուցանիշներն իր սրտով չեն, բայց նաև ի վիճակի չէ փոխելու։
Մենք ռեալ տեսնում ենք, բայց մեզ ասում են, որ դուք լավ չեք տեսնեում, խնդրեմ, վիճակագրությունը հակառակն է ասում։ Իշխանական փորձագետներն ասում են, որ սոցիալական վիճակը լավանում է, բայց մարդիկ իրենց մաշկի վրա զգում են, որ վատանում է։ Հիմա ո՞ւմ հավատալ՝ փորձագետների՞ն, որ մեզ համար անհասկանալի աճ են ցույց տալիս, թե՞ քաղաքացիներին, որ փորձագետ չեն, բայց ռեալ օրինակ են։
Կարճ ասած՝ Հայաստանում կա սոցիալական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ, կառավարման ճգնաժամ, նոր ու թարմ մտքի ճգնաժամ, մարդկանց լսելու ու հասկանալու խնդիր կա։ Մենք թաղված ենք ճգնաժամերի մեջ, որոնց լուծումը չի էլ երևում։ Եկեք պարզ խոսենք, չվախենանք ճշմարտությունը ասել, թող հանրությունը իմանա իր գլխի գալիքը։ Մի քողարկվեք հանրությունից ու գլխավորը՝ մի՛ խաբեք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը