08 09 2020

«Կարճ ասած»․ 1206 զոհ․ Էլ ի՞նչ է պետք անպատասխանատու իշխանություն կոչվելու համար



Կառավարության նիստերից մեկի ժամանակ՝ սրանից երկու տարի և երկու ամիս առաջ, երբ իշխանությունը նոր էր, լցված էր մեր երկրում խնդիրներ լուծելու ոգևորությամբ, անդրադարձ եղավ բանակում և սահմանին զոհերին, ու վարչապետն ասաց, որ պետք է բոլոր մահերը լուրջ քննության առարկա լինեն, պարզապես վիճակագրություն չլինի։ Դա ենթադրում էր, որ ոչ միայն բռնենք կամ մատնանշենք սպանողին՝ ներսից է, թե սահմանի այն կողմից, այլ խորանանք պատճառների մեջ և վերացնենք։ Այս իմաստով մենք այդպես էլ լուրջ քննություն չտեսանք։ Մահերը հաջորդեցին իրար, ու դա շարունակեց մնալ սոսկ վիճակագրություն։

Ցավոք, այսօր նույնպես Հայաստանում ապրող քաղաքացու մահը վիճակագրություն է՝ լինի սահմանին, թե թիկունքում։

Տեսեք, Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 1179 հոգի։ Մի ամբողջ գյուղի չափ մարդ մահացել է վիրուսի հետևանքով։ Եթե սոսկ վիճկագրչություն չէ, ապա ո՞ւր է հետևանքը։ Ճի՞շտ էր, որ մենք միանգամից մեղավոր նշանակեցինք վիրուսին․ իսկ ովքե՞ր թույլ տվեցին, որ վիրուսը գերանդին առնի ու անխնա հնձի, ո՞ւմ սխալի արդյունքում, ո՞ւմ անբավարար կամ անտարբեր որոշման արդյունքում։ Բա եկեք դա հասկանանք։ Բա քննեք, որ հասկանանք. ո՞ւմ պետք է պատասխանտվության կանչել։ Այսինքն, եթե կացինը չի տվել գլխին ու սպանել, ուրեմն մեղավոր չկա՞։ Ո՛չ մեղավոր, ո՛չ դատաստան։ Մենք շատ արագ սովորեցինք հաշվել մահերը, ճակատագիր էր, էլի, ճակատին էդպես էր գրված։

Օրերս ցնցեցին ալկոհոլային թունավորումների մասին լուրերը․ թունավորվեց 5 տասնյակից ավելի մարդ, ունեցանք 17 մահ։ Քար լռություն, հասարակությունը ցավեց, ոստիկանությունը ձերբակալեց, կառավարությունն ի՞նչ արեց։ Սննդի անվտանգության տեսչություն ունենք։ Ունե՞նք։ Կարծեք թե ամսական 1,5 միլիոն դրամանոց առողջապահության նաարար էլ ունենք։ Կարևորը՝ իրենք ողջ ու առողջ են։

Ձեր աչքով ընկա՞վ որևէ հրատապ նիստ, հատուկ արձագանք, ցուցում՝ գործի վերաբերյալ քայլերի դիմելու, գոնե ցավակցություն զոհերի հարազատներին տեսա՞ք։ Կորոնավիրուսի շուրջ 1200 զոհերին ցավակցեցի՞ն, որ մի հատ էլ թունավորման զոհերին ցավակցեին։ Առողջապահության նախարարը այս ամենի ֆոնին արձակուդում է, սար ու չոլերն է բարձրանում, վարչապետն արձակուրդում է, ձիու վրա զբոսնում է։ Լավ եք անում, հանգստանում եք, շատ եք հոգնել, չնայած այս պատերազմական վիճակում ձեր հանգիստը չեմ հասկանում։ Բայց ախր դա հակառակը, արձակուրդն ընդհատելու պատճառ էր։ Աշխարհում շենք է փլվում, մեքենա է վթարվում, երկրից երկիր ցավակցում են։ Մեր հարևան Վրաստանում մի քանի օր առաջ միկրոավտոբուս վթարվեց, եղավ այնքան զոհ, որքան Հայաստանում ալկոհոլի թունավորումից, Հայաստանի բարձրագույն պաշտոնյաները ցավակցեցին այդ երկրի պաշտոնակիցներին․ բա քո երկրում 17 կյանք կորսվի թունավորումից, մի ցավակցություն չհայտնե՞ք, մի ժողով չանե՞ք։ Էդպե՞ս պետք է լիներ։

Երեք հոգի բռնեցինք, վերջ։ Անգամ բռնելու մեջ կա երկակի ստանդարտների կիրառում։ Ինչո՞ւ պետք է երեք անձ կալանավորվի թունավոր օղու համար, որից մահացել է 17 մարդ, կրկնակիից ավելին էլ հիվնդանոց է հասել, բայց ոչ մեկը չկալանավորվի կորոնավիրուսի 1100-ից ավելի զոհերի համար։ Չէ՞ որ երկու դեպքում էլ պետք է հետաքննել, թե ում սխալն է բերել այս վիճակին։

Իշխանությունը երկու տարի է՝ բորբոքում է մարտի 1-ի թեման, անհարկի, առանց հիմնավորման, առանց ապացույցի, միայն ՀՔԾ-ի ենթադրություններով։ Բա 6 ամսում էդ թվից բազմապատիկ ավելի մարդ մահացավ, ու պետությունը ոչինչ չունի՞ ասելու, ՀՔԾ-ն ենթադրություններ չունի՞։ Ավելին, մարտի 1-իզոհերի հարազատները ստացան դրամական աջակցություն կամ փոխհատուցում, պետության ներսում էր կատարվել, իշխանությունը պատասխանատու զգաց՝ չնայած որ չկային վճիռներ ու պարզ չէր՝ ով ինչ հանգամանքներում է զոհվել՝ ոստիկան ծեծելո՞ւ, խանութ թալանելո՞ւ, թե հրահրիչների թիկունքը պահելու կամ այլնի։ Առանց պարզելու ինչպես և ինչու են զոհվել, պետությունն առատաձեռն վճարեց․ բա հիմա նույն իշխանությունը ո՞ւր է։ Թե՞ մյուսները մեր հայրենակիցները չեն։

Սրանք հարցեր են, որոնք տրվելու են, քանի դեռ պատասխան չեն ստացել․ սրանք պետք է քննել հատ առ հատ՝ հասկանալու համար, թե որտեղ սխալվեց ու թերացավ իշխանությունը։ Որևէ անգամ մենք չենք տեսել, որ կառավարությունը հավաքի հեղինակավոր մասնագետների ու միասին որոշեն, թե ինչ անել այս ճգնաժամային իրավիճակում։ Մենք չիմացանք, թե ինչպես են մեր երկրում արտակարգ որոշումները կայացվում՝ ղեկավար եմ, ուրեմն ճիշտ եմ սկզբունքո՞վ։ Բա ուզում ենք տեսնել՝ ովքե՞ր են մասնակից ձեր որոշումներին, որքանո՞վ են մասնագիտորեն հիմնավորված և այլն։ Ես ուզում եմ իմանալ՝ սահմանների ուշ փակման արդյունքում քանի՞ հոգի հայտնվեց հիվանդանոցում, քանիսը՝ գերեզմանոցում։ Սա օրինակի համար։

17 մարդ մահացել է օղու թունավորումից, բա չհասկանա՞նք՝ դրա պատճառն այն է, որ մեկը, ասենք, չխորանալով գործի մեջ, թունավոր սպի՞րտ էր ծախում, թե՞ կա ավելի խորքային պատճառ․ ասենք՝ օղու գինն այնքան է աճել կառավարության հարկային քաղաքականության արդյունքում, որ մարդիկ ինչ պատահի վաճառում են։ Չէ՞ որ եթե հարկը բարձրացնում ես, մարդիկ նույն բանից գնում են արդեն ավելի էժան, ովքեր էլ քիչ հնարավորություն ունեն, ուրեմն՝ գնում են ինչ պատահի։ Բա բազմակողմանի քննությունը հենց սա է, պատճառների մեջ խորանալը։ Եթե պատճառների մեջ չխորանաք, վաղը մեկ այլ թունավորումից կարող է 100 մարդ մահանալ, եթե մնա որոշումների կայացման այս տրամաբանությունը, կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է սրբել-տանել։

Այս ամենի գլխավոր պատճառն այն է, որ հակառակ սահմանադրության, մեր երկրում քաղաքացին գերագույն արժեք չէ։ Պետության սիրտը պետք է դողա ամեն քաղաքացու վրա։ Այն էլ Հայաստանի Հանրապետությունը, որը խնդիր է դրել 5 միլիոնի հասցնել բնակչության թիվը։ Դա նշանակում է, որ ամեն օր ՀՀ բնակչության թիվը պետք է ավելանա ու վերջապես հասնենք դրան։ Բայց մենք պակասում ենք ամեն օր։

Կարճ ասած՝ Սա այն գինն է, որ մենք վճարում ենք երկուսուկես տարի առաջվա ընտրության համար։ Ասեք տեսնեմ, էլ ի՞նչ է պետք անի ցանկացած իշխանություն, որ կոչվի անպատասխանատու։ Իսկ որ քրեական գործեր պետք է հարուցվեն ոչ թե նախկինում եղածների համար ու ըստ ճաշակի, այլ առաջին հերթին արդեն այսօրվանների համար, կարծում եմ՝ երկրորդ կարծիք չկա։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ