Հայաստանի լրջագույն խնդիրը՝ բոլոր խնդիրներից ամենամեծը, դեմոգրաֆիական աղետն է։ Երկրի բնակչության թիվը պակասում է, Հայաստանը ծերանում է։ Պայմանավորված կորոնավիրուսային սահմանափակումներով, քաղաքացիները երկրից դուրս գալու հնարավորություն չունեն, բայց դա սոսկ ժամանակավոր է, իսկ վաղը, երբ բացվեն սահմանները, ավելի մեծ թափով մարդիկ կգնան։ Հայաստանի քաղաքացիներին երկրում պահելու համար իշխանությունը որևէ քայլ չի անում։ Միաժամանակ, այս օրերին արդեն շատ է չարաշահվում հայրենադարձություն տերմինն ու գաղափարը։ Էժանացվում է։
Հայաստանի նոր ղեկավարության բազմաթիվ սուտ խոստումներից էր մասսայական հայրենադարձությունը։ Փաշինյանը հավատում էր, թե երկիրն այնպիսին է դարձնելու, որ Վաշինգտոնում, Սիդնեում, Տորոնտոյում կամ Փարիզում ու այլուր ապրող մեր հայրենակիցները վազելով գան Հայաստան՝ շուրջ 2․5 միլիոն մարդ։ Ու նշաձող սահմանեց՝ Հայաստանի բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի, 1․5 միլիոն նոր աշխատատեղ էլ բացել, որ բոլորն աշխատանք ունենան։
Ոգևորվել էին, սփյուռքի ջահել նախարար ունեինք, ասում էր՝ ԱՄՆ-ում մարդիկ կան, ովքեր տները վաճառքի են հանել, ճամպրուկները կապել են ու սպասում են, որ արտահերթ ընտրությունններ անենք, գան։ Հետո՞, եկա՞ն։ Խոսքի կեսից նախարարությունը փակեցին։ Ահա լրջության մակարդակը։ Ոչ միայն չեկան մեր հայրենակիցները, այլև շարունակեցին այստեղից գնալ, ու Նիկոլ Փաշինյանն էլ Հայաստան եկած 30 հազար հնդիկի ու պարսիկի թվերը հանեց ու ասաց՝ ժողովուրդ, աննախադեպ ներգաղթ եմ ապահովել։
Նիկոլ Փաշինյանը անհաշվելի անգամներ հայտարարել է, թե՝ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգևոր, գիտական ներուժը Հայաստանում կենտրոնացնելը, կոչ է արել գալ՝ այստեղ ապրել, ներդրումներ անել, հարստանալ ու հարստացնել, ստեղծել աշխատատեղեր, որովհետև հիմա նոր Հայաստան է, որևէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո: Երկու տարվա ընթացքում մեկ անգամ հաշվետվություն չտրվեց, թե քանի հոգի է եկել, ինչ է արել։ Սփյուռքի հանձնակատարը ճշմարտությունն է ասել՝ Հայաստանը պատրաստ չէ հայրենադարձության։ Բայց նաև մարդիկ պատրաստ չե՛ն գալ։ Ինչո՞ւ մեր հայրենակիցները չեն գալիս Հայաստան, չեն հայրենադարձվում։
Անկախությունից ի վեր ընդամենը երեք տարի է եղել, որ Հայաստանում եղել է ներգաղթ՝ 2004 թվականին 2100 մարդ, 2005 թվականին 12․500, 2006 թվականին՝ 21 700 մարդ։ Իշխանությունը պոպուլիստ չէր, հստակ քայլեր էր անում, տեսություն էր զարգացնում, բիզնեսը չէր վռնդում երկրից, ուժային կառույցները դիմակներով չէին մտնում հիմնարկներ՝ անտեղի գործեր հարուցելու համար, ու բիզնեսը հասկացավ, որ պաշտպանված է, քաղաքացիները հասկացան, որ երկիր է շենանում։ Ի վերջո, եթե բոլոր խոսքերը դնենք մի կողմ, կան կոնկրետ թվերթվեր։ Ի՞նչ է անում այս կառավարությունը, որ մեր հայրենակիցները գան։ Ոչինչ։ Ավելին, այստեղ բնակվողների վիճակն է գնալով վատանում։ Ո՞ր մի հայը կհայրենադարձվի, եթե այստեղից են ուզում փախչել։ Երբ դրսում տեսնում են, որ մեզ մոտ սոցիալական թեմաներով ամենօրյա բողոքի ակցիաներ են, բոլորը ասում են, որ ինչ խոստացել եք, խաբել եք, էլ ո՞ր մի իրեն հարգող մարդը ճամպրուկները կհավաքի կգա․ գա որ ի՞նչ անի։ Մեզ քիչ եք խաբել, լրացուցիչ խաբվելու մատերիալ եք բերո՞ւմ։ Սփյուռքին Հայաստան հայրենադարձության բերող Զարեհ Սինանյանն անգամ չի հայրենադարձվել, այլ այստեղ որպես հյուրախաղերի է եկել, ընտանիքը՝ այնտեղ է, ու արձակուրդին մեկնում է ԱՄՆ՝ ընտանիքի մոտ։ Հայաստանն այսքան ժամանակ չի վերլուծել խորությամբ սփյուռքի խնդիրները, որևէ մասնակցություն չունի Սփյուռքի կյանքի կազմակերպմանը, այնտեղ մի բան է լինում, նրանք միայնակ են։ Նաև Սփյուռքից եկողը չունի հնարավորություն մասնակցելու մեր երկրում քաղաքական ու կառավարման գործընթացներին, անգամ չունի երաշխավորություն, որ բիզնես դնելիս վաղը չեն մտնի իր բիզնեսը խուզարկեն անկապ պատճառով, որ վաղը անվտանգ կլինի։ Բիզնեսը անվտանգություն է սիրում, իսկ Նիկոլն իր անհեթեթ հայտարարություններով անկայութնություն է ստեղծում, ներսում թշնամանք է սերմանում, սահմանին՝ պատերազմ։
Ու հիմա էլ տեսնելով, որ մեր հայրենակիցները չեն գալիս Հայաստան, ասում են՝ ի՞նչ տարբերություն, թե եկողն ով է, հա՞յ է, թե՝ արաբ, կարևորը, որ բնակչության թիվը հասնի 5 միլիոնի։ Իշխանությունը փորձում է իրականացնել սարսափելի ծրագիր, որից մեր պետությունն ու ժողովուրդը չի շահելու և ոչ մի առումով։ Դու քո երկրում քո լեզուն ու մշակույթը, հավատը ոչնչացնում ես, Հայաստանում ապրողին չես ուզում հայ պահել, բայց դրսից այլազգիների ես բերում։ Դա քաոս է։ Բայց նաև քաոս է խոստանում մեր ներսում կատարվողը։ Մինչ օրս դեռ միայն պակասում է բնակչության թիվը, ծնելիության անկում կա, ամուսնալուծությունների աճ կա, գնացող եկողների բացասական սալդո կա։ Իսկ դուք գիտե՞ք, որ 2019թ․ միայն առաջին կեսին զանգվածային հայրենադարձության ակնկալիք ունեցող Հայաստանի 17 հազար քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել, հրաժարվել է իր երկրի քաղաքացիությունից։ Միայն հեղափոխական 2018թ․ 270 հազար քաղաքացի էր դիմել Գրին քարտ շահելու համար՝ 3 անգամ ավելի շատ, քան «կոռումպացված» Հայաստանում՝ 2017 թվականին։ Մարդիկ հեղափոխություն են արել ու անմիջապես սկսել են Գրին քարտ լրացնել։ Պետական պաշտոնյաներ ուենք, որ գրին քարտ են լրացրել, որ փախչեն երկրից։ Սա՛ է ձեր իշխանության պատկերը։
Ու էս ֆոնին հայրենադարձությո՞ւն եք անում։ Ոչ մի սփյուռքահայ չի գա՝ մտածելով, որ կարող է Մուրադը կատաղի ու իրենց փռի աֆալտին։ Այո, կլինեն մարդիկ, որ կգան, բայց նաև շատ արագ կմտածեն կրկին գնալու մասին։ Քո երկրում ձգող ոչինչ չես թողնում։ Դու քանի դեռ մեր երկրում արտագաղթի պատճառները չես վերացրել, հայրենադարձություն չի լինի։ Վախենամ՝ էնպիսի իրավիճակ ստեղծեք, որ արտերկիր գործուղման գնացած պաշտոնյան հանձնվի-մնա։
Կարճ ասած՝ այսօր Նիկոլ Փաշինյանը ոչ թե զանգվածային հայրենադարձության քաղաքականություն է վարում, այլ՝ արտագաղթի՝ քիչ մարդ, քիչ գլխացավանք սկզբունքով։ Իրենց ձեռնտու է, որ բոլոր դժգհողները գնան, այստեղ մնա միայն իրենց թիմը, առանց բողոքի, իրենք իրենց պաշտոններով, պարգևավճարներով ապրեն՝ հեռու մարդկանց խնդիրներից։ Իսկ ով ցանկանում է Հայատան գալ, կգա առանց ձեր հրավերի։ Այս պահին, ցավոք, միայն անելանելի վիճակում հայտնվածներն են ուզում Հայաստան գալ, բայց լավ իմացեք, որ, ի վերջո, նրանք էլ են մտածելու հետ գնալու մասին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը