12 08 2020

«Կարճ ասած»․ Նույն գետը՝ արդեն 6 անգամ․ Իշխանությունն իր ոտքերի տակն է փորում



Կատարվեց բոլորովին սպասելի բան՝ կառավարությունն արտակարգ դրությունը երկարաձգեց 6-րդ անգամ՝ անիմաստ որոշում՝ առանց հասկանալի հաշվարկի, առանց հասկանալի տրամաբանության։ Այդպես էլ կառավարությունը չբերեց որևէ բացատրություն, թե ինչպես է արտակարգ դրության ռեժիմը օգնում կորոնավիրուսի չտարածվելուն։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք կորոնավիրուսի հաղթահարման երեք ճանապարհ գիտենք՝ դիմակ, սոցիալական հեռավորություն, հաճախակի լվանալ ու ախտահանել ձեռքերը։ Արտակարգ դրության մասին ո՛չ օրենքում, ո՛չ որոշման մեջ չկա նման կետ, որ արտակարգ դրության սահմանումը պահանջում է դիմակի կրում։ Եթե մեր դեղատոմսը դիմակն է, արտակարգ դրությունը դիմակի հետ կապ չունի, էլ ինչի՞ եք նման դրություն հաստատում։ Անհասկանալի է։

Արտակարգ դրությունը քաղաքական երանգներ ուներ, դրա գլխավոր սահմանափակումը հավաքների ազատությանն էր վերաբերում։ Հենց կառավարության նիստի ժամանակ բողոքօ ակցիաներ էին տեղի ունենում։ Մարդիկ բողոքում էին, ասում, որ 1,5 միլիոն դրամ ամեն ամիս նախարարներին է գնում՝ որպես պարգևավճար ու աշխատավարձ, բայց մի հատ հարցնում ե՞ք, թե ժողովուրդը 6 ամիս ոնց է ապրում։ Հիմա էդ ակցիաները արգելքը հանվում է, բայց հարցը լուծված չի համարվում։ Նախ պարետը պետք է չափորոշիչներ սահմանի, ինչը արդեն խնդիր է, բացի այդ, հիմա էլ ոստիկանները, արդեն, պետք է մետրն առած չափեն՝ հանկարծ ցուցարարները 1,5 մետր հեռավորությունը մի սանտռւմետրով խախտած չլինեն։ Կառավարությունը արտակարգ դրությունը երկարաձգում էր հենց բողոքի ցույցերի համար, որովհետև իր նկատմամբ ահռելի դժգոհություն է կուտակվել, միաժամանակ մարդկանց իրավունքները սահմանափակելու այս տարբերակը միջազգային կազմակերպությունները սխալ համարեցին, ու կառավարությունը զիջեց՝ նշելով, թե բացում է, բայց սահմանափակումները կկրկնվեն, եթե դեպքերը շատանան։ Իսկ ո՞վ է հավատում փաշինյանական վիճակագրությանը, ո՞վ է հավատում, որ վաղը շատ թիվ չեն նկարելու, որպեսզի կրկին սահմանափակեն։

Հավաքների սահմանափակումները վերացնելը չի նշանակում, թե վաղը համատարած դուրս կգան փողոց․ բայց քաղաքացին գոնե իր խնդիրը կկարողանա գալ-բարձրաձայնել՝ չվախենալով տուգանվելուց ու ոստիկանական բաժանմունքում ծեծվելուց։ Մեր երկիրն այսօր մի վիճակում է, որ ո՛չ խորհրդարանն է մարդկանց խնդիրները լուծում, ո՛չ կառավարությունը, ու խնդիրների լուծման ճանապարհը դեռևս մնում է մնում փողոցը։

Օգոստոսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպմանը վարչապետը մի քանի ուշագրավ հայտարարություն արեց։ Վարչապետն ասում է՝ 70 հազար աշխատատեղ կրճատվել է, բայց հետո վերականգնվել է, ու մենք ունենք նույնիսկ ավելի աշխատատեղ, քան մեկ տարի առաջ։ Չկա որևէ պարզաբանում, թե աշխատատեղերը որտեղ էին կրճատվել, որտեղ են բացվել և ինչպես են ավելացել։ Ուղղակի թվեր, որոնք ոչինչ չեն ասում։ Փոխարենը մենք տեսնում ենք գործազուրկների հսկայական բանակ՝ թ՛ե ավանդաբար արտագնա աշխատանքի մեկնողները, թե՛ արտակարգ դրության պայմաններում, սահմանափակումների, տնտեսական ճգնաժամի արդյունքում սննկացած կամ կրճատված բիզնեսները։ Միայն երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի մեկ որոշմամբ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի 13 աշխատող կորցրեց գործը։ Մարզպետները հերթագրում էին արտագնա աշխատանքի չմեկնածներին, որ պահովեն աշխատանքով։ Գիտե՞ք քանի հոգու է կառավարությունն աշխատանքի տեղավորել՝ չկա թիվ, չկա հաշվետվություն։ Եթե իրենք մի բան անում են, անմիջապես հայտարարում են։ Քանի որ ոչինչ չեն հայտարարել, ուրեմն չկան աշխատանքի տեղավորվածներ կամ շատ չնչին տոկոս է։

Կառավարության գործունեությունը ասնագետ-իրավաբանների խիստ ուսումնասիրության կարիքն ունի։ Պարզվում է՝ պետությունը լիարժեք ջանքեր չի գործադրել  որ իր երկրում մարդիկ չմահանան վիրուսից։ Վարչապետն ասում է՝ «Եթե մենք միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք՝ սոցիալական կոլափսի առաջ էինք կանգնելու: Ցավոք, մենք այսօր կորոնավիրուսի հետևանքով մեծ թվով զոհեր ունենք»։ Սա ասում է վարչապետը․ ի՞նչ է մնում եզրակացնել, ունենք մահեր, որովհետև մենք չէինք կարող միաժամանակ համ տնտեսության մասին մտածել, համ էլ առողջապահության։ 1040 մարդու կյանքի գնով ի՞նչ հարցեր է լուծել կառավարությունը։ Էդ դեպքում ինչպե՞ս որոշեցիք ում փրկեք ում թողնեք։ Դուք էլ էիք վարակվել, պարոն վարչապետ, ի՞նչ հաշվարկով որոշեցիք, որ Ձեզ պետք է մեկ շաբաթում փրկեք, բայց 1040 հոգի պետք է մեռնի։ Նիկոլ Փաշինյանն ինքը ասում է, որ ոչ մի քաղաքացի չի մնացել առա նց պատշաճ բուժօգնությւան, չնայած որ նույն ինքը՝ Փաշինյանը խոստովանում էր, որ մարդ է մահացել կորոնավիրուսից՝ չստանալով բուժօգնություն։ Կրկնում եմ, այս իշխանության խղճին նաև կորոնավիրուսից մահերն են։ Չի կարող երկրում այդքան մարդ մահանա, ու մեղավորը միայն վիրուսը լինի։

Համաճարակը երբ սկսեց, դուք անպարտրաստ էիք, կանխարգելիչ միջոցառումներ չէիք մշակել։ Ու այսօր էլ միայն դիմակով զբաղված կառավարության ղեկավարը պատրաստում է մարդկանց երկարաժամկետ դիմակի, ասում է՝ հենց մահերը վերանան, կշարունակենք դիմակ կրել, որ չտուգանվենք։ Ոնց որ Տավուշի գործարանը շատ է արտադրում, սպառել է պետք։ Ուշադրություն դարձրեք, ո՛չ նիկոլ Փաշինյանն է խոսում կորոնավիրուսը մեր երկրում վերացնելու մասին, ո՛չ Արսեն Թորոսյանը։ Ավելին, առողջապահության նախարարն ասում է, թե պետք է մեր առաջ չդնենք զրո թվին մոտենալու նպատակ: 50-100-ի սահմանում դեպք արձանագրելն էլ է նորմալ։ Առաջ դրանից քիչ էր, երբ արտակարգ դրություն մտցվեց։ Ու հիմա էլ երկարացնում եք։ Այս ամենը ուսումնասիրվում է, ու պատասխանատվությունից խուսափելն անհնար է լինելու։

Արտակարգ դրության երկարացնումը Հայաստանի առաջ հնարավորություններ է փակում, սահմաններ է փակում, սոցիալական լուրջ խնդիրներ է ստեղծում։ Այս ամենին գումարվում է դժվար հաղթահարելի բան՝ դեպրեսիվ հասարակության ենք վերածվում։ Մարդիկ սովորեցին միմյանցից հեռվանալ, աղքատանալ ու չպահանջել, սովորեցին ապրել առանց մշակույթի, կտրված ամենքից ու ամեն ինչից։ Ու երևի սա պետք էր, որ հակապետական ծրագրեր իրականություն դառնային։ Եվ հիմա, երբ ամեն ինչի հերն անիծել են, հանրությանը հասցրել դեպրեսիայի, ասում են՝ մշակույթն ու արվեստը կօգնեն ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունները։ Չէ հա, փաստորեն այդքանը պարետը գիտեր, ուղղակի 5 ամիս հետ էր ընկել։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի տիրապետռում իրավիճակին, ներկայացնում է իրենց աշխատանքի իդեալական արդյունք, այնինչ այդպես չէ։ Բոլոր ոլորտներում ասում են, թե այս ընթացքում հնարավորությունների առավելագույնն ենք արել․ նայում ենք այդ առավելագույնին՝ 1040 զոհ, վարակվածների թվով՝ առաջատար, 100 հազարից ավելի գործազուրկ, խարխլված տնտեսություն, դժգոհ ու տուգանված ժողովուրդ․ ու սա Նիկոլ Փաշինյանի թիմի առավելագույնն է։ Արտակարգ դրության այս ավելացումով, անկասկած, ևս մեկ հատոր կավելանա ապագա քրեական գործին։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ