Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ ունեցած ուղիղ եթերի ժամանակ թվարկեց մարդկանց մի քանի խմբերի անուն, որոնք, ըստ նրա, հեղափոխությունից հիասթափվել են։ Դրանից հետո իշխանությունը առնվազն եռապատկել է առիթները, որ քաղաքացին հիասթափվի իր իշխանությունից։
Շատ-շատերը հրապարակավ, բազմաթիվ մարդիկ՝ սուրճի սեղանի շուրջ բողոքում են, որ հեղափոխություն ասածից հետո գործերը ոչ միայն չեն լավացել, այլ վատացել են։ Մարդիկ ասում են՝ աջակցել ենք հեղափոխությանը, բայց քաշվել ենք, չենք կարողանում ապրել, ֆինանսական վիճակը վատ է, գործազրկությունն աճել է, բարոյահոգեբանական միջավայրը՝ էլ չասած՝ բոլորը բոլորին ատում են։ Մարդիկ գոտիները ձգում են ամեն օր։ Ու այստեղ կորոնավիրուսն ընդամենը չնչին տեղ ունի։ Որովհետև մարդկանց վիճակը սկսել էր վատանալ վաղուց, ու կորոնավիրուսը դրա հետ կապ չունի։ Բայց չգիտես թե ինչու, հիմա, երբ եկրում ամեն ինչ վատանում է, հեղափոխականների թիմի, մեր՝ ժողովրդի ծոցից դուրս եկած քույր եղբայրների գործերը առաջ են գնում կայծակնային արագությամբ։ Մարդկանց սոցիալական վատ վիճակը շահարկելով իշխանության եկածներն արդեն դզվել են։
Հրապարակվել է վարչապետի աներորդու նոր տունը՝ Ձորաղբյուրում։ Ասում են՝ դերասան պատգամավորն առանձնատունը չի հայտարարագրել։ Պատասխանում է՝ 2021 թվականին կհայտարարագրեմ։ Ու մի հատ էլ մունաթ է գալիս, թե ընկել են հետևիցս։ Թե Հակոբյան Հրաչյան երբ կհայտարարագրի իր առանձնատունը, մեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է, թե էդ ոնց է լինում, որ էս թիմի իշխանության գալուց հետո սովորական մարդիկ չեն կարողանում իրենց վարկերը մարել, ընկնում են տոկոսի տակ, բայց իրենք հաջողացնում են ընդամենը երկու տարում հա՛մ տուն գնել, հա՛մ լավ ավտոմեքենա, հա՛մ էլ բանկային հաշիվները համալրել։ Մեզ դա՛ է հետաքրքրում։ Որպեսզի հարցեր շատ չտանք, ասում են՝ Սերժի վախտ ավելի լավ էր, սրա կրկնակին ենք գնել։ Բա որ Սերժի վախտ ավելի լավ էր, ինչի՞ց էիք փրկում մարդկանց, մարդկանց հանեցիք ոտքի, որ արդյունքում մնան զրոյական վիճակո՞ւմ։
Ինձ հարց է հետաքրքրում՝ էդ ո՞նց է լինում, որ ՀՀ քաղաքացին օրնիբուն չարչարվում է, բայց չի կարողանում Հրաչյա Հակոբյանի կեսի չափն առնել, ավելին, հենց մի ամիս պանդեմիայի պատճառով չի աշխատում, ընկնում է պարտքերի տակ։ Իսկ դուք, նույն պանդեմիայի պայմաններում լավ ավտո առնում եք, մեծ առանձնատուն առնում եք, վերանորոգումը մեկ օր սկի չի կանգնում, օր ու գիշեր սարքում են ու ասում՝ բոլորն էլ կարող են։ Չէ, լո՞ւրջ․ ձեզ իրոք թվում է, որ եթե ձեր կյանքը փոխվել է, մնացած ժողովրդինն էլ հետն է՞ բարեփոխվել։
Հրաչյա Հակոբյանն ասում է՝ վարկ է վերցրել տուն գնելու համար։ Հավատում եմ, վերցրել է, իսկ վերանարոգո՞ւմը, նույն ձեր ասած կտուր փոխելը, բնական քարով սալապատելը։ Չէ՞ որ բոլորս գիտենք որ այդ ամենը բավականին թանկարժեք կարող է լինել։ Իսկ կարո՞ղ եմ մտածել, որ վերանորոգման ծախսերը դուք չեք անում, ասենք՝ ինչ-որ մեկը, որպես հեղափոխություն արած մարդ, որ լավության տակից դուրս գա, կտուրդ է փոխում, կարող ե՞մ մտածել, որ ինչ-որ մեկն էլ, ասենք, պատուհաններդ է փոխում ինչ-որ ակնկալիքով, կարող ա՞ ինչ-որ մեկ ուրիշն էլ տարածքն է բարեկարգում։ Հրաչյա Հակոբյանին խորհուրդ կտամ պինդ պահի բոլոր կտրոններն ու հաշվետվությունները՝ հատ հատ, ի՞նչ իմանաս, կարող է մի քանի տարի հետո ԱԱԾ-ն իր տուն նույնպես գնա ու ստուգի կտուրի որակը, տան անդամներին տանի ԱԱԾ ու հարցաքննի։
Ուրիշի ունեցվածքը հաշվելը վատ բան է, մանավանդ որ դրանով քոնը չի ավելանում, բայց մեզ ի՞նչ են ասել երկար ժամանակ, ասել են, որ ժողովուրդ ձեզ թալանում են, ձեր փողերով Մոնումենտում տուն են սարքում, հիմա էդ ամենը շահարկելով եկել են իշխանության, ու մենք տեսնում ենք, որ հիմա էլ իրենք են նույն կարգի տներ սարքում այլ հատվածներում։ Մարդկանց տները նկարում էիք ու հրապարակում, խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հարց էր տալիս, թե էս տունը ի՞նչ փողով եք սարքել, տանում-համեմատում էիք 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ստացողի կամ աղբամանը քրքրող հուսահատի հետ։ Բա եկել եք իշխանության, էդ ո՞նց եղավ, որ ձեր բախտը բերեց, բայց նվազագույն աշխատավարձ ստացողն էլ, աղբամանը քրքրողն էլ մնացին իրենց կոտրած տաշտակի առաջ։
Մարդիկ բյուջեի հաշվին անձնական երջանկություն են կառուցում։ Այո, բյուջեի հաշվին՝ մեզ գցելով վարկերի տակ։ Կորոնավիրուսի պայմաններում հարկային մուտքերը պակասում են, բյուջեն չի կատարվում, դեֆիցիտը մեծացել է, ու կառավարությունը դիմում է վարկեր ստանալու համար, որպեսզի բյուջեի ծախսերը կատարի։ Բյուջեի ծախսերի մեջ է մտնում օրինականացված թալանը՝ պարգևավճարները։ Պետությունը արտաքին պարտքը մեծացնում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի աներձագը տան վարկ փակի, էն մի դեպուտատը լավ ավտո քշի, վարկով առած։ Մարդուն դիմակ չդնելու համար տուգանում են, որ պաշտոնյան տուգանքի գումարով պարգևավճար ստանա ու գնա-քեֆ անի, տուն սարքի։ Մալադեց քեզ, երկի՛ր։
Երբ ասում եմ բյուջեի հաշվին, դա չի նշանակում, թե պարտադիր պետք է թալան լինի, դա էլ օրինական թալան է։ Օրինակ, երբ առողջապահության նախարարի տիկնոջ հիմնարկը հեղափոխությունից առաջ 20 միլիոն դրամի պետպատվեր էր ստանում, հեղափոխությունից և իր ամուսնուն նախարար նշանակելուց հետո 120 միլիոնի պետպատվեր է ստանում, դա հենց բյուջեի հաշվին գործերը լավացնել է։
Բազմիցս դիմել եմ ժողովրդին ու հիմա էլ եմ դիմում, ժողովուրդ, հարց տվեք ձեզ, թե ո՞նց եղավ, որ էս հեղափոխությունից ձեր միակ օգուտը մնաց հրապարակում ձեր մասնակցությամբ ֆոտոն, իսկ իրենց կյանքը դզվել է, նայեք, թե ինչի եք հասել դուք այս երկու տարում, ինչի են հասել հեղափոխականները երկու տարում, շիշ բռնելով մարդիկ դարձել են հաջողակ պատգամավոր-գործարար, մասովկի դերասանը դարձել է խոշոր սեփականատեր։ Դուք խոստացել եք, որ աղքատությունը իսպառ պետք է վերանա։ Դե գնացեք-մարդկանց բացատրեք, որ ձեզ նկատի ունեիք։ Իշխանության շրջապատը հա՛մ գլխում է աղքատությունը վերացրել, հա՛մ բոլոր առումներով։
Մի հատ էլ դուխով ասում են՝ էդ տունը հունվարին եմ առել․ չէ հա, լիքը մարդիկ էլ հունվարին տուն են կորցրել, որովհետև դուք ապաշնորհ կառավարություն եք։ Իսկ դուք տուն եք առել, մեկը՝ Ձորաղբյուրում, մի մարզպետը՝ Երազ թաղամասում, մյուս մարզպետը՝ կենտրոնում։ Դրա համար էլ էլ հավես չունեք, որ քաղաքացիների հետ շփվեք, բացատրեք, ժողովրդի հետ խոսելու ժամանակ չունեք։ Ժամանակը փող է։
Աշխատավարձը պակասել է շատ ոլորտներում, գործազրուկությունն է աճել, ինչքանո՞վ են տուժել պաշտոնյաները՝ ոչ մի դրամով, մենք գոտիներս ձգում ենք, որքանո՞վ է իր գոտին ձգել պաշտոնյան։ Ու այլևս մի ասեք՝ բա առաջ․․․ Որովհետև առաջ էդպես էր ու դու մերժել ես, եթե ես պետք է գնամ հրապարակ մերժեմ Շմաս մականուն ունեցող մեկին ու բերեմ շիշ բռնող մականուն ունեցողի, էլ իմաստը որն էր, Շմայսը իր թաղում գոնե լավ տղա էր, դու՞ք ով եք, իսկի ձեր շենքի մուտքում ձեր դեմքը չգիտեն։
Կարճ ասած՝ մարդիկ հենց էսպիսի բաներից են հիասթափվում, երբ ասում ես՝ ժողովուրդ մեզ ստրկացնում էին նվաստացնում են, թալանում են, գալիս ես իշխանության, ու պարզվում է, որ սովորական սուտասան ես, ուղղակի՝ հարուստ բառապաշարով։ Վայելիր, ժողովուրդ ջան, դու ես ուզել ու բերել։ Էս մարդիկ հլը քո ու պետական բյուջեի հաշվին էնքա՜ն անավարտ գործեր ունեն անելու․․․
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը