Դժվար է որոշել՝ այս պահին հայ-ադրբեջանական սահմանի՞ն է ավելի լարված, թե՞ մեր երկրի ներսում, որտեղ իսկական թշնամական ակցիաներ են ու պատերազմ մեր պատմության, ինքնության դեմ։ Շաբաթներ առաջ նյութ էի պատրաստել այս իշխանության արածների մասին, որոնք ապազգայինի ընկալում ունեն։ 30-ից շատ էին։ Չկա շաբաթ, որ դրանք չավելանան։
Չհասցրեցինք դժգոհել հայ գրականություն առարկայից «հայ» բառը հանելու առիթով, երբ պարզվեց, որ նաև մաղվել-դուրս են եկել մեր գրականության բազմաթիվ պայծառ դեմքեր, մարդիկ, որոնց վրա հիմնված է մեր գրականությունը։ 7-12-րդ դասարանների աշակերտները չեն սովորի Խորենացի, Մաշտոց, Նարեկացի, Շնորհալի, Աղայան, Օտյան, Պռոշյան և այլն և այլն։ Արայիկ Հարությունյանի կրթական չափորոշիչների մեջ նրանք չեն մտնում։ Նախարարը հայոց լեզվի քննություն է նշանակել, ու Մեսրոպ Մաշտոցը կտրվել է։
Շատ տարօրինակ բաներ են կատարվում, Նիկոլ Փաշինյանն ասում է գիտելիքահեն տնտեսությանը պետք է զարկ տանք, բայց 18 միավոր ստացածը դուրս է մնում բուհից, 7,5 միավոր ստացածը՝ ընդունվում։ Կառավարությունն ազգային անվտանգության ռազմավարություն է մշակում, ներկայացնում հայ ժողովրդի հարատևության ուղենիշները, երկու օր հետո հարատևությունից մնում է միայն «Հ» տառը։ Ջնջում են մեր հիշողությունը, մեր պատմությունը, գրականությունը։ Բաներ են անում, որ մեզ խորթ են, էդպես չենք դաստիարակվել։ Ո՞վ է այս պաշտոնյաներին կրթել, կարծես հատուկ հակահայկականության դասընթաց անցած լինեն։
Սրանց համար Սասունցի Դավիթը ընդամենը կայարանի ձիու վրա նստած տղեն է, Մանսուրյանը՝ մեր հեռախոսների համար զանգի երաժշտություն գրողը, Տիգրան Մեծն էլ՝ պողոտա։ Իրենց համար երևի պատմությունը սկսում է 2018թ․ ապրիլից, դրանից առաջ տեղի ունեցած ամեն ինչը սխալմունք է, բոլորը թալանչիներ են, ժողովուրդը՝ ստրուկ։ Ամենակարևոր տոնը քաղաքացու օրն է, ամենակարևոր պատերազմը պատերազմն է սեփական իշխանության դեմ և հանրային ռադիոյի «հերոսական» գրավումը։
Խմբագրվում է նաև Հայոց պատմությունը, դուրս են գալիս բաժիններ, ժամանակաշրջաններ։ Աշակերտները պատմությունն ուսումնասիրելու են ըստ կրթության գիտության նախարարության նորացված ճաշակի։ Մարդիկ իրենց զրոյական պատմությունից պատմություն են կերտում, մենք մերն ուրանում ենք։ Արայիկ Հարությունյա՛նը պետք է որոշի՝ մեր պատմության ո՛ր մասն է կարևոր, որը՝ ոչ։ Մարդ, որին մեր գյուղում մի մոզի չէին վստահի, որ առավոտ տաներ արոտ, իրիկուն բերեր, հիմա նախարար է։
Հայոց պատմություն, հայ գրականություն, եկեղեցու պատմություն, ո՞ւմ է պետք, վերացրեք լրիվ, սեռական հասունություն սովորեցրեք, աղանդների պատմությունն ու վենդետայի դասերը առարկաները։ Լրիվ հերիք են։ Արդեն դրան հասնելու մի քանի քայլ արել եք՝ սկսած կասկածելի կոնվենցիաների վավերացումից, Ակադեմիայի լուծարման քննարկումից, Ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգի մերժումից, ռազմագիտություն ու այլ առարկաների հեռացումից։
5 տարի հայ գրականությունը սովորեցրեք այնպես, ինչպես հիմա քննարկում եք, ու հետո, արդեն, չե՛ք կարողանա ապացուցել անգամ հայ աշակերտներին, որ մենք Խորենացի ու Մաշտոց ենք ունեցել։ Էս մարդիկ վաղը հանուն ինչի՞ են պայքարելու, նրանց դիմադրողականությունն ինչո՞ւ եք սպանում։
Մի հարց տամ, մեզ տամ, էդ Ռոբերտ Աբաջյանը որ դիրքը չհանձնեց, ինքն իրեն ու հետն էլ թշնամուն պայթեցրեց ու անմահացավ, ո՞ր դասագրքերով էր կրթվել։ Իսկ հիմա մի հարց էլ տամ, էլի մեզ․ 10 տարի հետո, մենք կունենա՞նք Ռոբերտ Աբաջյաններ, Արմենակ Ուրֆանյաններ․․․
Փաշինյանի իշխանությունը խաբել է մեզ բոլորիս, հատկապես նրանց, ովքեր իրեն ձայն են տվել․ նա ո՛չ իր նախընտրական ծրագրում, ո՛չ քարոզարշավի ելույթներում չի ասել, որ գալու է մեր պատմությունը խմբագրելու, առարկաները թեթևացնելու, եկեղեցու հետևից ընկնելու։ Ասել է տնտեսական հեղափոխություն, առողջապահական հեղափոխություն, ներդրումներ, հայրենադարձություն։ Ո՞րն է արել, դրան հակառակ, բոլորովին այլ հեղափոխությունների հետևից է ընկել, ու արդյունքում տնտեսությունը հենց պաշտոնական թվերով քայքայվում է, առողջապահությունն էլ՝ բոլորիդ աչքի առաջ են ավերակները, ներդրումների ու ներգաղթի մասին խոսելը ուղղակի անիմաստ է այլևս։ Մարդիկ քվե են տվել ու ասել՝ մեր երկրի հերն անիծե՞ք, իր հերն անիծեք իր անունի՞ց։ Որևէ բան ժողովրդի հետ չեն քննարկում, բայց ամեն ինչ արվում է իր, մեր, ժողովրդի անունից։ Բայց չէ՞ որ էսպես ժողովուրդը հիասթափվում է։ Դիտմա՞մբ եք անում, լուրջ, չեմ հասկանում։
Կարճ ասած՝ պետք է համակարգդ լինի կուռ ժամացույցի պես, որ որքան էլ անձեր փոխվեն, ամեն մի արկածախնդիր չկարողանա գալ ու խաղալ մեր երկրի, մեր պատմության հետ, որովհետև իրեն էդպես է դուր գալիս։ Բնականաբար, այս ամենը ԿԳ նախարարի խելքի բանը չէ, սա ծրագիր է, որը պարտադրվել է մեզ։ Մարդիկ համաձայնել են իրականացնել, եկել են իշխանության ու իրականացնում են։ Դե հիմա, ծափահարե՛ք, իշխանության ֆեյքեր ու ստատուսչիներ, ասեք՝ լավ է անում, ծախեք ձեր բաժին պետությունն ու պատմությունը։
Ժողովուրդ, այս ամենը պետք է անընդունելի լինի մեզ համար ու մենք պետք է կասեցնենք այս վտանգավոր ընթացքը, մեզ այսօր, վաղը, ընդմիշտ Աբաջյաններ են պետ, ոչ թե․․․ հասկացաք ում նկատի ունեմ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը