Մեկօրյա դադարից հետո սահմանին վերսկսել են ռազմական գործողությունները։ Ադրբեջանը դարձյալ կրակում է Տավուշի գյուղերի ուղղությամբ, մերոնք՝ դարձյալ ադրբեջանի դիրքերի վրա։ Այսինքն, այստեղ էլ ապացուցվում է, որ Ադրբեջանի թիրախում խաղաղ բնակչությունն է։ Ադրբեջանը զգալի կորուստներ ունի։ Զուգահեռ Ալիևը հոխորտում է, նախարար հեռացնում աշխատանքից։
Պետք է հասկանալ, թե ի՞նչը հանգեցրեց այս լարվածությանը։ Հայաստանի այսօրվա իշխանությունը Ալիևի համար ամենաձեռնտուն էր։ Հայաստանի իշխանությունը կարողացավ փայլուն կերպով տապալել դիվանագիտական այն հաջողությունները, որ ունեինք, և գուցե Ալիևը մտածում է, որ հենց Փաշինյանի ժամանակահատվածն այն առիթն է, որ կարող է լուծել իր հարցերը։ Բայց այստեղ հաշվարկներում սխալվեց, քանի որ նա կռվում է հայոց բանակի հետ, որն ամուր է՝ անկախ երկրի ներսում իրավիճակից։
Մեր բանակը կրկին ապացուցեց, որ երկրի ամենակայացած կառույցն է։ Բանակին քաջալերող ժողովուրդ ունենք, որն ամեն վայրկյան պատրաստ է գնալ մարտադաշտ, ի հակառակ ադրբեջանցիւների, որոնք մի քանի հազար հոգով ակցիա էին անում ու պատերազմ պահանջում, բայց ընդամենը 150-ն է զինվորագրվել։ Թե՛ հայոց բանակը, թե՛ ժողովուրդն իր անելիքն անում է։ Ցավոք, կրկին մենք մի վիճակի ենք հասել, երբ իր տեղում չէ դիվանագիտությունը։ Կա փաստ՝ ադրբեջանական ավտոմեքենան մտել է հայկական սահման, նախազգուշացրել են, զինվորներն իջել-փախել են, հետո սկսել են կրակել տարատեսակ զենքերով, ու արդեն 5 օր է՝ չի դադարում։ Սա պետք է տեղափոխել միջազգային հարթակ։ Այստեղ է, որ արտգործնախարարի ուժը պետք է երևա, նախագահի ուժը պետք է երևա, խորհրդարանական դիվանագիտությունը պետք է երևա, պետք է բոլոր բարեկամ երկրների հետ կապերը երևան, ոչ թե առանձին պատգամավորների ու գործիչների։ Անշուշտ՝ նրանք էլ կարևոր են։
Հայկական գյուղերի վրա հարձակումները միջազգայի իրավունքի, նորմերի խախտումներ են, սրանք պետք է ներկայացվեն աշխարհին։
Բանն այն է, որ մինչ Փաշինյանի իշխանության գալը, սովորաբար, Ադրբեջանին էր միջազգային հանրությունը քննադատում սահմանային լարվածության համար, հատկապես 2016-ի քառօրյա պատերազմից հետո մեր դիվանագիտությունը կարողացել էր որոշ բաներ պարտադրել, մասնավորապես՝ մշտական մոնիթորինգի մեխանիզմներ էին ներդրվելու, որոնք սահմանի ամբողջ երկայնքով կարող էին ցույց տալ, թե, ի վերջո, ո՞վ է կրակ բացում։ Այդպիսով վերջ կդրվեր ալիևյան ստերին, թե հայերն են սադրում։ Պատկերացրեցիք, հուսով եմ, թե ինչ մեծ առավելություն էինք ստանալու, հետագայում բանակցությունների ժամանակ։ Էլ չեմ ասում, որ ցանկացած կրակոց արձանագրվելու էր, ու Ալիևը պատասխան էր տալու միջազգային կառույցների առաջ։ Վերջապես, այդ բոլոր կառույցները ստանալու էին այն հարցի պատասխանը, թե ով է կրակում, իսկ ով՝ սադրանքներին չի տրվում, և մեկ-երկու դեպքից հետո տեսականորեն հնարավոր կլիներ հասցնել այդ ամենը զրոյական վիճակի, այսինքն՝ իրական հրադադարի։ Եկավ Նիկոլ Փաշինյանը, ասաց՝ ամեն ինչ իմ կետից եմ սկսում, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դրեց մի կողմ ու սկսեց իր կետը։ Դա անկապ հայտարարությունների շրջան էր, թե՝ պետք է լուծումը երեք ժողովուրդների համար ընդունելի լինի։ Կամ՝ եթե Ալիևի հետ չկարողանամ բանակցել, կբանակցեմ Ադրբեջանի ժողովրդի հետ։ Կամ՝ զենքերը սարքենք վզնոց, կախեք վզներիցդ ու ականջներիցդ։ Դա բառադի քաղաքականություն էր։ Հետո հեղինակազրկեց ՀԱՊԿ-ը՝ նրա ղեկավարին համարելով հանցագործ։ Եվ ամենակարևորը՝ Հայաստանը, ըստ ամենայնի, արել էր քայլեր, որն Ադրբեջանի մոտ ակնկալիք էր ստեղծել որ հարցը կլուծվի ոչ ի վնաս իրեն։ Ակնհայտորեն, մի ակնկալիք կար, որը չիրականացավ։ Փուլային բանակցություն վարող Ադրբեջանի նախագահն ասում է՝ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է Ղարաբաղը Հայաստան է և վերջ, էլ ինչի՞ շուրջ բանակցեմ։ Այսինքն, մեղադրում է Հայաստանին բանակցությունները տապալելու մեջ։
Ու հիմա մեղադրանքներին հստակ պատասխանում է բանակը, իսկ քաղաքական ղեկավարությունը պատասխանելու փոխարեն ջուր է կապել Ադրբեջանի ջրաղացին, թե՝ միգուցե մոլորվել էին։
Հայաստանի իշխանության անողնաշար քաղաքականության արդյունքում ունենք հակահայ բանաձև եվրոպառլամենտում, ունենք միջազգային անհասկանալի հայտարարություններ․ անհասկանալի որովհետև նրանք կոչ են անում դադարեցնել և ցուցաբերել զսպվածություն երկու կողմերին, այլ ոչ՝ Ադրբեջանին, որն ակնհայտ գնդակոծում է մեր գյուղերը։
Ի վերջո, մենք այս երկու տարում բարեկամ պետություններ ձեռք չենք բերել, գվատեմալայի պատգամավորի կարծիքի վրա ենք ուրախանում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե նոր արտաքին քաղաքականություն է սկսում, այնինչ իր ռազմավարական գործընկերոջ հետ անգամ չի կարողանում ուղիղ կապ հաստատել։ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով վերջին անգամ խոսել է ընդամենը նախորդ տարի․ դրա համար էլ դեսպանին է առաջ բրդում, որ հույս ունենա, թե Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ։ Հայաստանում գործող մի քանի դեսպաններ կան, որ փառաբանում են Թավշյա հեղափոխություն կոչվածի այսպես ասած՝ ձեռքբերումները, աչք են փակում Նիկոլ Փաշինյանի բոլոր ներքին սխալների, հետապնդումների վրա, աջակցում են նրան։ Ո՞ր մեկն է այս օրերին մի բառ ասել։
Բազմաթիվ հարցեր են առաջանում այս օրերին, որոնց պատասխանը պետք է տրվի՝ ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց բանակցային սեղանը փոխել տանկի հետ։ Ի՞նչ է խոստացել Հայաստանը, ի՞նչ է պահանջել Ադրբեջանը, ինչո՞ւ այս ամենին նորմալ արձագանք չեղավ, ո՞ւր են մեր բարեկամները, Հայաստանի խորհրդարանականներն ինչո՞ւ են քնած։ Փաշինյանը օգնո՞ւմ է բանակցային գործընթացին, թե խանգարում, արդյո՞ք կրակը կդադարի և կնստեն բանակցային սեղանի շուրջ և գլխավորը՝ ի՞նչ կբանակցեն։ Կրկնեմ, խնդրը նրա մեջ չէ որ որևե մեկը գա մեզ մարտի դաշտում օգնի, դրա կարիքը մեր բանակը այսօր դեռ չունի, խոսքը դիվանագիտական հարթակներում աջակցության և ադեկվատ արձագանքների մասին է։ Հարցերը շատ են, հասցեատերը իշխանությունն է՝ բանակցողները, որ երկու տարի շարունակ թաքուն բանակցում էին, բայց մեզ ասում էին՝ բանակցություն չկա։ Լավ էլ կար, բայց արդյունք չի տվել։
Պետք է խաղաղասիրական կոչերն ու դաշտային ծաղիկներով քնքուշ նկար-ուղերձները թողնել և աշխատել բոլոր ուղղություններով՝ թե՛ ռազմաճակատում, թե՛ խորհրդարանում, թե՛ միջազգային հարաբերություններում, թե՛ տնտեսության մեջ։ Դուք միայն կենտրոնացել եք ներքին խնդիրների վրա, նախկինի բոլոր արածները մերժելու վրա, քանդում եք ու նորն եք ուզում կառուցեք, որը, բնականաբար, չի ստացվում։
Կարճ ասած՝ այն, ինչ կատարվում է սահմանին, նոր հնարավորություն է Նիկոլ Փաշինյանին, վերջին շանս՝ բանակցություններում, միջազգային հարաբերություններում իր սխալները շտկելու, վերադառնալու նորմալ դիրք, որտեղ Հայաստանն ու Արցախն էին առնվազն 2016 թվականին։ Հայաստանը պետք է օրակարգ վերադարձնի հրադադարի խախտումների մեխանիզմների ներդրման հարցը, որը դուրս մղվեց 2018-ին։ Հայոց բանակը ապացուցում է, որ ոչ մեկի վրա հույս պետք է չդնել, նա պայքարում է ու թշնամուն վնասներ պատճառում։ Բայց պետք է նաև դիվանագիտությունը աշխատի։ Այլապես՝ միայն հույսը զինվորի վրա դնելը շատ քիչ է։ Զինվորի հետևում պետք է պետություն լինի։
Ի դեպ, պարոն վարչապետ, բա ե՞րբ եք երկխոսելու Ադրբեջանի ժողովրդի հետ, ինչպես որ խոստացել էիք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը