15 07 2020

«Կարճ ասած»․ Պե՞տք է այս պահին դադարեցնել իշխանությանը քննադատելը



Այն, ինչ կատարվում է Հայաստանի սահմանին, խորը ցավ է պատճառում մեզ՝ հայերիս, մեր բարեկամներին։ Այն անընդունելի է նաև միջազգային կառույցների համար, որոնք հայտարարություններ են տարածում, կոչերով հանդես գալիս։ Ադրբեջանը պատերազմ է սկսել Հայաստանի հետ սահմանին ու մեծ կորուստներ ունի՝ թե մարդկային, թե նյութական։ Ցավոք, կորուստ ունենք նաև մենք։ Խորը ցավ ու ափսոսանք եմ հայտնում մեր սպաների և զինվորների կորստի համար, ցավակցում եմ բոլորիս, քանի որ զոհերը մեր եղբայրներն են, կորուստը Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդինն է։

Այս օրերին, սահմանին լարված լինելու հետ մեկտեղ, սնկի պես գլուխ են բարձրացրել ինչոր գրաքննիչներ ու որոշում են, թելադրում են, թե ինչից պետք է խոսել, ինչից չխոսել, ում շուրջ համախմբվել։ Պա՞րզ է, չէ՞, որ որևէ մեկը բանակին, հրամանատարին կամ զինվորին չէր քննադատել, առավելևս՝ այս օրերին։

Թե բա՝ իշխանությանը մի՛ խանգարեք, մի՛ քննադատեք։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը ի՞նչ է անում, որ մենք քննադատում ու խանգարում ենք։ Ո՞ւր է հանրապետության նախագահը, ինչո՞վ է զբաղված։ Սկսեմ նրանից։

Հուլիսի 12-ին, երբ Ադրբեջանը հարձակում սկսեց, նախագահը լուռ էր։ Հուլիսի 13-ին, երբ թեժ էր ամեն ինչ, Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարի հետ, «Ակցեռն» հոլդինգի նախագահի հետ, իտալացի բուժաշխատողների հետ։ Հաջորդ օրը, երբ ամեն ինչ նույն կերպ թեժ էր, արդեն ունեինք 4 զոհ, սիրելի նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ հյուրընկալել է այդ երկրի դեսպանին, ուղերձ է հղել Մակրոնին, հետո հանդիպել սնունդ վերամշակողներին։ Ո՛չ մի հանդիպում, հեռախոսազրույց, ժողով՝ այս օրերի կարևորի հետ կապված։

Իսկ ո՞ւր էր և ի՞նչ էր անում վարչապետը երեք օր։ Պատերազմական իրավիճակի մասին լուրն ստանալուց ժամեր հետո, դստեր պարն է տեղադրել ֆեյսբուքյան էջին, բանաստեղծություն է կարդացել ֆեյսբուքյան էջին, կառավարության արտահերթ նիստ է արել լրիվ այլ թեմայով, հաջորդ ողջ օրը լռել է, օրվա վերջում այցելել է ՊՆ, անգամ զոհերի համար չի՛ ցավակցել։ Իսկ այսօր միայն զոհվածներին մեդալ տալու առաջարկ է ուղարկել նախագահին։ Ի՞նչ է արել ԱԺ-ն, լուռ է եղել, իսկ այսօր նիստ է արել ու օրենք ընդունել, որ պատգամավորները կարող են տանից էլ կոճակ սեղմել։

Եկեք հասկանանք՝ ե՞ս եմ խանգարում, թե՞ Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը հրատապ անվտանգության խորհրդի նիստ անելու փոխարեն կառավարության արտահերթ նիստ է անում ու մանր քաղաքական շահից ելնելով՝ դարձյալ երկարաձգում արտակարգ դրության ռեժիմը, որպեսզի մի քիչ էլ ցույց չանեն։ Իսկ երբ փոքրիկ անդրադարձ է կատարում սահմանային վիճակին, Ադրբեջանին արդարացնելու համար է, թե՝ միգուցե խեղճերը մոլորվել էին, երբ դիվերսիա էին անում։

Համախմբվեք վարչապետի շուրջ․ Լսե՛ք, մարդը ի՞նչ է անում, արտասանում է, գանք խոռով արտասանե՞նք։

Թողեք այդ կեղծ ու ոչինչ չասող հայրենասիրությունը։ Բանակն իր գործն անում է, ու անում է շատ լավ, ու փա՛ռք Աստծո, որ ձեր սիրելի վարչապետը չի խանգարում, նրանց։ Վաշ-վիշ, լացուկոծ պետք չէ, մանավանդ որ մեր հրամանատարները իրենց գործը լավ գիտեն, տղերքը քաջաբար թշնամու հերն անիծում են։ Այո՛, մեր տղերքին քաջալերում ենք, վաղը, երբ պետք լինի, նաև զենք կվերցնենք ու նրանց հետ կողք-կողքի կկռվենք։ Իսկ քանի դեռ դրա կարիքը չկա, մենք այսօր զբաղվում ենք մեր գործով, ինչպես և մնացած ամենքն իր գործով։

Ասում են՝ սահմանը լարված է՝ դուք քաղաքականությունից եք խոսում։ Քանի օր շարունակ բոլորը փառաբանում են կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Այն պահին, երբ կրտսեր Խաչատուրովը հայրենիք էր փրկում, իր հորը նույն պահին դատում էին՝ աբսուրդ մեղադրանքով։ Նույն պահին դատում էին։ Յուրի Խաչատուրովը Հայոց բանակի ակունքներում կանգնած մարդ է, նա Արցախի պատերազմ է հաղթել, բանակ է ստեղծել՝ որպես հրամանատար, ապրիլյան պատերազմ է հաղթել՝ որպես շտաբի պետ։

Նրա կողքին նստած էր մյուս գեներալ-գնդապետը՝ Սեյրան Օհանյանը․ մարդը պատերազմ է հաղթել, բանակ է սարքել, որը մինչ հիմա հաղթում է։ Սեյրան Օհանյանը իրեն դատելու ամբողջ ընթացքում հեռախոսից աչքը չէր կտրում, ինտեռնետն էր քրքրում, որ սահմանից լուր ստանար։

Նրանցից մեկ շարք առաջ նստած էր Հայոց բանակի հիմնադիրներից Ռոբերտ Քոչարյանը, հաղթած նախագահը։ Էդ համախմբման կոչ անողները չասացի՞ն, որ ամոթ ա, դատում եք՝ քարը ձեր գլուխը, մի օր խելքի կգաք, ներողություն կխնդրեք, բա ախր գոնե էդ օրը մի՛ դատեք, հետաձգեք գոնե, ազդակ մի՛ ուղարկեք Ալիևին։ Էդ մարդիկ, որոնց այդ օրը դատում էիք, հաղթանակ ու պետություն են կերտել, վարչապե՞տդ ինչ է արել, բացի մարտի 1 հրահրելուց, բանակից թռնելուց։

Հերիք է կեղծ բարեպաշտություն խաղաք, թե՝ սահմանին կրակում են, մի խոսեք ուրիշ բաներից։ Նախորդ իշխանության տրյուկներն են․ էն ժամանակ էլ հենց մի հատ խոսում էինք, քննադատում էինք, ասում էին թուրքը նայում ուրախանում ա, սահմանը լարվում ա։

Հա, ի դեպ, ինչպե՞ս կընդունի Նիկոլ Փաշինյանը, որ հիմա մի ընդդիմադիր դուրս գա ու հայտարարի, որ Ադրբեջանի հարձակումը հրահրվել է Ռուսաստանի կողմից։ Այ 2016-ի պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հենց դա՛ էր անում։

Կարճ ասած՝ հուսով եմ՝ պատերազմը կարճատև է։ Իհարկե՝ այն հետո դարձյալ կսկսի, դարձյալ կավարտվի, այո՛, դարձյալ առաջ կգնանք, կլինեն զոհեր, կլինեն կորուստներ, կափսոսանք, կսգանք, կշարունակենք ապրել։ Բայց սխալների համար պետք է պատասխան տան, անկախ նրանից՝ պատերա՞զմ է, թե՝ համաճարակ։ Չենք թողնելու հանգիստ աչոկ հավաքեք հրամանատարների ու զինվորների արածների վրա․ ձեզ վերագրեք։ Իսկ թե լրագրողները ոնց աշխատեն, ոնց չաշխատեն, այդ ամենը մենք լավ գիտենք, մեզ մի՛ սովորեցրեք։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ