14 07 2020

«Կարճ ասած»․ Անպետք իրը՝ նկո՞ւղ, թե՞ աղբաման․ սա է խնդիրը



Ի վերջո, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ բնակավայրից, անկախ սոցիալական դիրքից, սփյուռքում ապրող ցանկացած հայ, որը հետաքրքրված է Հայաստանյան զարգացումներով, իրեն մեկ հարց պետք է տա՝ ի՞նչ եմ շահել ես «թավշյա, ոչ բռնի հեղաթփոխություն» ասածից։ Ի՞նչ է փոխվել իմ կյանքում այս երկու տարում, ո՞վ էի  մինչ այս ու ո՞վ եմ դարձել, և, ի վերջո, սպասելիքները, որոնց համար «ես» 2018-ի ապրիլին գնացի հրապարակ, հնին մերժեցի և նորին բերեցի կամ աջակցեցի գործընթացներին, իրականացա՞ն կամ արդյոք մո՞տ են իրականանալուն։

Որ փոփոխություն անհրաժեշտ էր, միանշանակ է, չեն ժխտի անգամ նախկին  պաշտոնյաները, ու եղավ այդ փոփոխությունը: Շատերն էին ոգևորվել, ինչպես որ շատերը՝ մտահոգվել։ Բայց երկու տարում մեր հույսերի, սպասած-ակնկալածի ի՞նչ արդյունք ստացանք։ Այժմ անհրաժեշտ է սառը դատել։ Մարդիկ, որ մեր խմբագրություն են զանգում ու խնդրում անդրադառնալ թոշակին, բնակարանից զրկվելուն, նպաստի չհերիքելուն, մարդիկ, որոնք խնդրում են գնալ ու նկարել իրենց տունը, ապրելակերպը, որոնք ասում են, որ բողոքի ակցիա են անելու այսինչ օրը կամ իրեն ունեզրկել են և դատական նիստն են խնդրում լուսաբանել, անպայման հիշատակում են, որ իրենք հրապարակ էին եկել, բայց Նիկոլն իրենց խաբեց։ Այ էդ մարդիկ ևս ու հատկապես իրենք պետք է գնահատեն իրենց այս երկամյա պատմությունը։ Մի՛ վախեցեք ինքներդ ձեզ հետ խոսելուց ու վերլուծեք։ Թվում էր, թե մթնոլորտ է փոխվել դեպի լավը, բայց ավելի վատն է ստացվել, մարդկանց դեմքից ատելությունը թափվում է այնքան, որ անգամ դիմակը չի կարողանում քողարկել։

Կան մարդիկ, հատկապես գյուղերում, որոնք ասում են, թե շատ բան է երկրում փոխվել դեպի լավը։ Հարցնում ես ի՞նչ, պատասխանում է, թե ինտերնետում ասացին, հեռուստացույցն ասաց։ Երբ հարց ես տալիս՝ իսկ հենց քո կյանքը փոխվե՞լ է, ասում է՝ չէ։ Ժողովուրդ, Հ1-ով լավ ապրելը նոր բան չէ, դա կար նաև նախորդ իշխանության ժամանակ, ու պատկերացրեք՝ դրանից խնդիրները չէին պակասում։

Լարվածություն լարվածության հետևից․ ահա գլխավոր բանը, որ տվել է իշխանությունը։ Ամեն օր կուտակվում է այդ լարվածությունը՝ թե՛ մարդկային հարաբերություններում է, թե՛ պետական մարմինների հետ շփումներում, թե՛ դրսի հետ հարբերություններում։

Նոր եկած կառավարությունն իր վրա շատ վերցրեց, գլխից դուրս խոստումներ տվեց՝ առանց նայելու իր թափը, իր հնարավորությունը, իր բագաժը։ Տուգանքները կվերցանեմ, արագաչափերը կվերացնեմ, թոշակները կբազմապատկեմ, գազը կէժանանա, լույսը կէժանանա, ներդրումներ կբերեմ, սփյուռքահայերը կվերադառնան, բոլորը կաշխատեն։ Բայց չունեցավ կադրային ռեսուրս, ինտելեկտուալ ռեսուրս, այդքան կամք ու վճռականություն, մասշտաբային պատկերացում չունեցավ, ի վերջո՝ դուխ չունեցավ երկրում դրական փոփոխություն բերելու։ Եկան իշխանության, մեկ ամիս գիշեր-ցերեկ աշխատեցին, հետո ասացին՝ չէ, ախպեր, ինչի՞ տանջվեմ, հո ես նվիրյալ չե՞մ, արի ինձ պարգևավճար գրեմ, այստեղից-այնտեղից ծլեցին մարդիկ, որոնք փող էին աշխատում նախկինների հետ, ասեցին՝ եկեք իրար հետ էլ աշխատենք։ Ու սկսեցին փող աշխատել։ Ժողովուրդն էլ, դուրս եկավ, անշնորհակալ է, ու գնաց հաջորդ պլան։ Խնդիրներն էլ, լուծումներն էլ։

Մարդիկ դուրս եկան փողոց, Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության՝ հույսով, որ այսուհետ լավ կապրեն։ Սկզբում շատերն էին հավատում Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի զորությանը։ Հրաշքներ, սակայն, չեն լինում, մեռանք ասելով։ Էն գլխից ասում էինք՝ ո՞նց կարող են ոչինչ չարած, ոչինչ չստեղծած մարդիկ, միանգամից տնտեսական հեղափոխություն անել՝ Սինգապուրից բեթար։

Կան մարդիկ, իհարկե, որ լավ են ապրում, կան մարդիկ, որոնց կյանքը լավացել է բազմապատիկ, բայց հիմնականում մարդիկ են, որոնք հենց իշխանության են եկել։ Մարդիկ 0 էին, հիմա միլիոններ են ստանում։ Ինչո՞ւ եմ ասում 0 էին։ Հայաստանի խորհրդարանում կան պատգամավորներ, որոնք հեղափոխություն ասածից առաջ ոչնչով կամ համարյա ոչնչով չեն զբաղվել, կարիերա չեն արել, անգամ աշխատանք չեն ունեցել։ Այո, կան մարդիկ, որոնց աշխատանքային գրքույկը դատարկ է եղել մինչ 2018 թվականի մայիսի 8-ը, ու անմիջապես հետո դարձել են իշխանավոր, ղեկավար։ Նրանց կյանքը իհարկե՝ փոխվել է։ Նրանք այսօր մտնում են աշխատասենյակ ու երևի երեխայի պես թռվռում են աթոռների, բազմոցների վրա, թե՝ մենք էս ո՞ւր ենք հասել։

Բացեք ազգային ժողովի կայքը, կառավարության կայքը, նայեք յուրաքանչյուր պատգամավորի, նախարարի, վարչության ու բաժնի պետի, մարզպետ-փոխմարզպետների, առնթեր մարմինների ղեկավարների էջերը, ծանոթացեք կենսագրությանը, կարդացեք ֆեյսբուքյան գրառումները ու տեսեք՝ նրանք ինչ կարող են տալ մեզ ու մեր երկրին։ Եվ բնականաբար, իրենց քալերից մեր երկիրը չի դարձել ավելի լավը, ճիշտ հակառակը։ Բայց դա կապ չունի՝ նրանց կյանքը փոխվել է․ իսկ քո կյանքը, ժողո՛վուրդ, որ նրանց բերել ես իշխանության, փոխվե՞լ է։

Ամեն ինչի բացասական հետևանքները զգում է միայն ժողովուրդը։ Տնտեսությունը ձախողվել է, տուժում է ժողովուրդը, հարկերն ավելանում են, տուժում է ժողովուրդը, կորոնավիրուսն անարգել ու անխնա տարածվում է, տուժում ու մահանում է ժողովուրդը, պետք է տուգանել, ուրեմն միայն ժողովրդին։ Հայաստանում 600 հազար աշխատողից մոտ 100 հազարը զրկվել է աշխատանքից, ևս 100 հազարը կարող են անգործ մնալ։ Գիտե՞ք ով է տուժելու․ էլի դուք, նրանք իրենց տեղերում կմնան, որ բազմոցների վրա ուրախ թռվռան՝ շարունակվող զարմանքից։ Որովհետև այս բոլոր վատացումներից իշխանության ներկայացուցիչների ձեռքից ո՛չ աշխատանքն է գնում, ո՛չ էլ չաշխատելու համար պարգևատրումը։ Հենց պետք է պակասի, ձեզ վրա հարկ են ավելացնում։ Նրանք փող են աշխատում։ Տուժում եք միայն դուք ու հետո պարզվում է, որ այս ամենում նաև մեղավոր եք միայն դուք։

Պետք չէ անիմաստ հույս ունենալ, հեռանկար կազմել։ Չի՛ լինելու։ Ժողովուրդ, չի՛ լինելու։ Մենք այս թիմից պահանջում ենք բան, որը նրանք տալ պարզապես չեն կարող, ի վիճակի չեն։ Սա՛ է նրանց թափը։ Եվ ուրեմն, եթե չեն կարող, իմ ինչի՞ն են պետք, քո՛ ինչի՞ն են պետք։

Կարճ ասած՝ երբ տանը անպետք իր ենք ունենում, այսինքն իր, որը լավն է եղել, հետո պարզվել է անորակ է՝ չինական, կամ իր, որը ի սկզբանե անպետք է եղել, կան մարդիկ, որոնք դա տեղավորում են «պադվալում», մի որոշ ժամանակ մոռանում են դրա մասին, հետո մի օր, «պադվալը» մաքրելիս նկատում են ու նետում աղբարկղը։ Բայց նաև կան մարդիկ, որոնք միանգամից են այդ անպետք իրը նետում աղբարկղը, առանց ձգձգելու։ Այնպես է ստացվել, որ քո կառավարությունն էլ այժմ անպետք իրի է նման հիմա կամ պետք է անմիջապես նետես աղբարկղը կամ էլ մի որոշ ժամանակ պահես «պադվալում», հետո նոր նետես։ Բայց մեկ է՝ դա այլևս չես օգտագործելու, ու վաղ թե ուշ նրա տեղը աղբարկղն է։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ