Երկու խիստ կարևոր բան տեղի ունեցավ, որոնց ուզում եմ անդրադառնալ։ Երբեք չէի մտածի, որ կարող է իմ երկրի ղեկավարը ելույթ ունենա, ու գլուխս կախեմ։ Բայց հասել ենք այդ օրին։
Մեր դիրքերից մեկին ադրբեջանական կողմից «Ուազ» ավտոմեքենա է մոտենում, զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում մեր դիրք։ Նախազգուշացվում են, հետո կասեցվում է հրետակոծությամբ։ Հակառակորդը թողնում է մեքենան ու փախչում։ Ունենում է զոհեր։ Հետո վերսկսում է կրակահերթը։
Ի՞նչ է անում այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը․ ֆեյսբուքյան էջում հրապարակում է փոքրիկ դստեր պարը․ նա գիտի, որ հանրությունն առաջին հերթին մտնելու է իր՝ թիվ 1 բլոգեր Նիկոլ Փաշինյանի էջը՝ ինֆորմացիա ստանալու, ու այնտեղ տեսնում է երեխային, որին այդ պահին թիրախավորեց Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ արեց նույն մարդը հաջորդ օրը՝ կառավարության նիստի ժամանակ․ գերագույն հրամանատար կոչվածի պահվածքը տարօրինակ է․ նա հերթական առիթն օգտագործեց ուղիղ եթերում ապացուցելու համար, որ ոչինչ չի հասկանում բանակից ու զինված ուժերից։
Պաշտպանության նախարարին հարցնում է․ հնարավո՞ր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել էին։ Ու դա էլ դեռ քիչ է՝ հավելում է, իսկ կարող է՞ էդ մեքենան ուզեցել են հետ վերադարձնել, դրա համար են էդ գործողությունը սկսել։ Դա քիչ է, Ալիևին էլ մի հատ զանգի ու ասա, թե ոնց արդարանա, որ մոլորվել էինք, իսկ Հայաստանը անզեն մոլորյալ հովիվների վրա կրակող է։ Լավ, էդքան անլո՞ւրջ։ Կառավարության նիստում դու պետք է հանրությանը իրնֆորմացիա փոխանցեիր, որը չես արել։ Իսկ այն ամենը, որից գլուըխ չես հանում, պետք է բարձրաձայնես փա՛կ հանդիպման ժամանակ։ Նիկոլը, վստահ եմ, հավատում է, որ ադրբեջանցիները մոլորվել էին, որովհետև Ալիևը, ըստ նրա, կիրթ է ու կառուցողական և դժվար թե սադրեր։ Այս պահին, սակայն, Փաշինյանն է սադրում մեզ։ Հայկական կողմը ինչո՞ւ վստահորեն հետ շպրտեց թշնամուն․ որովհետև Նիկոլ Փաշինյանը ընտանեկան ժամանցի մեջ էր։
Բայց ինձ հարց է հետաքրքրում՝ Ադրբեջանի նախագահի հետ ուղիղ կապ էիք հաստատել, որը թույլ էր տալիս չլինեն սահմանային միջադեպեր։ Ո՞ւր է այդ կապը, դա գործում էր մինչև Աշոտի բանակից գա՞լը։
Մյուս քայլը, որը դատապարտման ենթակա է, արտակարգ դրության երկարացումն է։ Այս արտակարգ դրության շարունակությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հետ ոչ մի կապ չունի․ առաջին անգամ երբ սահմանում էին, անգամ ուշացած էր, բայց հետո ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ բացվեց, թվերը շատացան, ու պարզվեց, որ միայն մեկ ամսում վարակվածերի թիվն աճել է եռակի, կրկնակի՝ մահերը։ Այսինքն, արտակարգ դրությունը չի ազդում վիրուսի չտարածման վրա։ Ու ստացվեց, որ այս ռեժիմը շարունակելը զուտ քաղաքական նպատակ է հետապնդում։ Ակցիաները կսասանեն իշխանության հիմքերը։
Ինքներդ դատեք․ քանի՞ հոգի կբողոքեր ընտանիքով տեղ գնալիս դիմակ կրելու որոշման դեմ, քանի՞ հոգի ակցիա կաներ հայ եկեղեցու պատմության առարկան դուրս հանելու դեմ, Լանզարոտեի կոնվենցիայի դեմ, գույքահարկի թանկացման դեմ, աշխատատեղերի փակման դեմ, աղքատության դեմ, թոշակների չավելացման արդյունքում սովի դեմ։ Այդ բոլորը հելնելու են գան իրենց դռան, այսինքն՝ կառավարության դռան մոտ։
Այս ողջ ընթացքում կառավարությունը սադրում է մարդկանց ու նրա հետ զուգահեռ սադրում է նաև ոստիկանությունը։
Մարդը կրում է դիմակը պատշաճորեն․ մոտենում է ոստիկան, կարմիր բերետներն ու պահանջում են անձնագիր։ Ինչի՞ համար։ Եթե մարդը դիմակը պատշաճ կրել է, որևէ մեկը իրավունք չունի անձնագիր պահանջել․ ժողո՛վուրդ, ցույց մի՛ տվեք անձնագիրը։ Մի՛ վեճի բռնվեք, պարզապես պահանջեք ցույց տալ օրենքը, որով հենց այնպես անձնագիր պահանջելու իրավունք ունեն ոստիկանները։ Ոստիկանները, եթե նկատել եք, մեծամասամբ ջահել աղջիկներին են կանգնեցնում անձնագիր ստուգելու համար․ դա դարձել է աղջիկ խոսեցնելու ձև։ Դա արվում է մարդկանց նեղություն պատճառելով։ Փաշինյանն ասում է՝ տուգանքով ուզում ենք քաղաքացիներին քաջալերել։ Աբսուրդ է, չի կարող նման բան լինել։ Դրանով ցույց եք տալիս ժողովրդի գլխին ոստիկանական մահակի մշտական առկայությունը։
Ներվային պահ է հանրության մոտ։ Անիմաստ արտակարգ դրությունը, կորոնավիրուսի տագնապը, սոցիալական խնդիրները, ու մի հատ էլ ամենուր դիմակ կրելու պահանջը ազդում են մարդկանց նյարդերի վրա։ Ու պատահական չէ, որ աղջիկն արդեն ասում է, որ թքած օրենքի վրա։ Որովհետև իշխանությունն իսկ ցույց է տվել, որ օրենք ու սահմանադրություն չկա։
Կրկնում եմ՝ ոստիկանությունն ու կառավարությունը սադրում են քաղաքացիներին, ու չի բացառվում, որ այս արտակարգ դրությունն արդեն հակառակ էֆեկտ ունենա։ Կարող են դուրս գալ փողոց, ինչպես, օրինակ, Սերբիայում է, որտեղ պաշարել են խորհրդարանի շենքը և պահանջում են վերջ տալ բռնապետությանը և դադարեցնել բռնությունը։ ՎԵՏՕ շարժման ակտիվիստներին բերման են ենթարկել՝ շուրջ 20 մարդու, որովհետև պահանջում են անիմաստ արտակարգ դրություն չմտցնել։ Բոլորին չե՛ք կարող բերման ենթարկել, չե՛ք կարող բոլորին վախեցնել, չե՛ք կարող խեղդել դժգոհության ձայնը։
Ի դեպ, համաձայն սահմանադրության, արտակարգ դրություն հայտարարվում է «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում»։ Կորոնավիրուսը սահմանադրական կարգին չի սպառնում, մանավանդ որ իշխանությունն արեն մի քանի անգամ այն տապալել է։
Կարճ ասած՝ մեր վիճակը, սիրելի ժողովուրդ, շատ ծանր է․ կարևոր պահին վարչապետը չքանում է ու թաքնվում փոքրիկ դստեր թիկունքում, Աննա Հակոբյանը դիմում է ադրբեջանցի կանանց օգնությանը, ԱԺ նախագահը ոտանավորներ է հրապարակում իր ֆեյսբուքի պատին, իսկ իրենց պատգամավորը խոսում է ներքին ալիևների մասին։ Երկրում համաճարակ է, իշխանության գործունեության կամ անգործության արդյունքում 700-ից ավելի զոհ կա, կա աղքատության, գործազրկության խորացում, ու հանրության վրա ճնշում ու տուգանքներ, որ միտինգ չանեն։ Ահա մեր վիճակի ողբերգականությունը։ Բայց առավել վատ է այն, որ այսքանից հետո չունես երկրի ղեկավար, որի վրա կարող ես հույս դնել։
Նիկոլ Փաշինյանը փախչող տեսակ է, բոլոր պատասխանատու պահերին նա արել է այն, ինչից շատ լավ է՝ պարզապես թռել է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը