Բազմիցս եմ ասել, որ Հայաստանում իշխող թիմը շատ անփորձ է պետության կառավարման ոլորտում։ Դա ասում եմ ոչ միայն ես, դա ընդունում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Ուղղակի նախկինում հակադարձում էր, թե՝ զաթո կոռուպցիայի մեջ չկանք։ Հիմա պարզվում է, որ անփորձ լինելու հետ մեկտեղ, համ չեն ուզում սովորել, համ էլ կոռուպցիայի մեջ լավ էլ կան։ Մենք տեսնում ենք, որ բոլոր ոլորտներում ձախողում են գրանցում, անգամ իրենց ամենասիրած՝ գործ տալու ուղղությամբ են ձախողում։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ նաև ահավոր պրիմիտիվ են իրենց պատկերացումներում։
Օրինակներով խոսեմ․ այսօրվա հարցերի հարցը․ ինչո՞ւ Հայաստանում կորոնավիրուսը չի նահանջում․ որովհետև կորոնավիրուսի դեմ պայքարի միակ միջոցը մերոնք համարում են դիմակ կրելը։ Քանի դեռ վարակի դեմ պայքարում ես միայն դիմակով, հաջողություն չես ունենա։ Կթվա, թե այդքան պարզունակ չեն։ Բայց այո, հենց այդպիսին են։ Չե՞ք տեսել այն պաստառները՝ «Կրե՛ք, որ կրենք»։ Այ այդքան անհետաքրքիր, պարզվում է։
Ինչո՞ւ Հայաստանը տնտեսական հեղափոխություն չունեցավ ու ոչ էլ կունենա։ Որովհետև իշխանությունը տնտեսական հեղափոխությունը կապում է ՀԴՄ կտրոն տպելու հետ ու մինչև հիմա ամեն ամիս հաշվում է, թե քանի ՀԴՄ կտրոն է ավել տպվել։ Բոլոր խելքը գլխին տնտեսագետները կասեն, որ տնտեսական հեղափոխության հետ ՀԴՄ կտրոնը կապ չունի, ժողովուրդ։ Էդ որ, 2000-ականներին երկնիշ աճ ունեինք, այն ժամանակ ՀԴՄ չկար էլ, բա էդ ո՞նց էր, որ լավ տնտեսական վիճակ էր, ներդրումներն էլ գալիս էին, այլ երկրներից էլ գալիս-մեր փորձն էին ընդօրինակում։ Ներդրման հետ ի՞նչ կապ ունի այդ տնտեսական հեղափոխություն ասած շոուն․ մեզ մոտ ներդրող չի գալիս ոչ այն պատճառով, որ ՀԴՄ կտրոն չի տպվում, ժողովուրդ։ Պատճառները շատ են ու գրեթե բոլորը մեկ մարդու հետ են կապված։
Պատերազմող երկրի ղեկավարը բանակի մասին պատկերացումները կազմում է միայն տրուսիկ-մայկայի հարցով։ Չի կարող նման բան լինել, դու այդպես պատերազմ չես հաղթի։ Ու սա դեռ ամբողջը չէ․ սպառազինության բյուջեն ամեն տարի աճել է, այս իշխանությունը չի ավելացնում ու գիտե՞ք ինչ է ասում․ ասում է՝ հենց կոռուպցիայից գումար վերադարձնեմ, կուղղեմ բանակի բյուջե։ Կոռուպցիայից էլ կամ գումար չեն բերում կամ բերածը պարգևատրում են, կամ այլ կերպ մեջ մեջ են անում, չի երևում, չգիտենք։ Չկա երկիր, այն էլ՝ պատերազմող, որ ասի՝ բանակս կզինեմ, հենց կոռուպցիայից գումար գա։
Իշխանության պատկերացումները պրիմիտիվ են բոլոր ուղղություններով։ Իրենց մոտ գեներալն ասոցացվում է ցորեն գողացողի հետ, սպորտը կապվում է քայլարշավի հետ, տոնը՝ մայրաքաղաքի կենտրոնում խորոված անելու հետ, լրագրությունը՝ թանկ ու էժան նվերով, փողով, կահույքով, «Նիվայով» հոդված գրելու հետ, կրությունը՝ դպրոցում դրամահավաքությունը կանխելու հետ։ Հավատացեք, մեր կրթական համակարգը իջնում է ցածր մակարդակի ոչ այն պատճառով, որ դրամահավաքություն կա։ Ո՛չ ու ո՛չ։
Չի կարող քո երկրում գյուղատնտեսություն զարգանալ, եթե դու այն պատկերացնում ես միայն կոստյում-շալվարով հանդ գնալու, թուղթ ու գրիչով բերք պլանավորելու հետ։ Չի կարող արդարադատություն զարգանալ, եթե քո պատկերացումներում դատախազությունը միայն նախկինների դեմ պատվերով գործ կարելու համար է։
Չի կարող ԱԱԾ-ն երկրի անվտանգությանը հետևել, եթե նրա ղեկավարը հրահանգով մարդ է կալանավորում կամ էլ պարտավոր է դառնալ միայն Նիկոլ Փաշինյանի աչքն ու ականջը։
Շինարարության ոլորտում երկնիշ անկում ենք գրանցել ու գիտե՞ք պատճառն ինչն է․ որովհետև արդեն երկու տարի շինարարության ոլորտում Նիկոլ Փաշինյանի պատկերացումները կապված են միայն շինհրապարակը մաքուր պահելու և տարածքը դեղին լենտերով փակելու հետ։
Չես կարող դու հաշտվել քո երկրում ընդդիմության գոյության հետ, եթե քո պարզունակ պատկերացումներում ընդդիմությունը նշանակում է իշխանության թշնամի, եթե ընդդիմություն նշանակում է հանցագործ, ու պետք է գործ սարքել ընդդիմադիրների վրա։
Չես կարող դու աղքատությունը վերացնել, եթե քո պատկերացումներում դա միայն մարդու գլխում եղած բան է։
Չես կարող քո ունեցած 88 հոգանոց հավաքածուն համարել թիմ, եթե նրանց պահում ես միայն քո որոշումները պեչատելու համար։ Հա, մեկ էլ նրա համար, որ որ պահին որ մեկի ֆեյսբուքի էջով ուզենաս ստատուս գրես։
Չի կարող քո մասնակցած որևէ ներդրումային համաժողով արդյունք ունենալ, եթե դու այդ ամբողջ ընթացքում անհամբեր սպասում ես միայն հյուրասիրության ժամին։ Չի կարող օգտակար լինել քո պաշտոնյան, եթե դու բարձր պաշտոնը պարգևավճարի հետ ես կապում։
Չի կարող քո կադրը լինել նորմալ, եթե շարժվել ես բացառապես ԽԾԲ սկզբունքով։
Չի կարող պետական հիմնարկն աշխատել, եթե նրանում ընդդիմադիր հայացք ունեցողը թաքցնում է իր հայացնքները, եթե չկա բանավեճ։ Չէ՞ որ ճիշտ մտքերը բանավեճի ընթացքում են ծնվում։
Վերջապես, չես կարող արցախյան բանակցություններում չկորցնել նախկինների թողած բարձր դիրքը, եթե դու էլ, թշնամիդ էլ այդ նախկինների մասին նույն դիրքորոշումն ունեք։ Իսկ թշնամիդ քեզ համար կառուցողական է։
Այս բոլորը պրիմիտիվ մտածողության արդյունք է, ու սա մեզ համար լուրջ խնդիր է։
Գիտե՞ք ցավը որն է․ իրենք նաև խոսքի արժեքը չեն հասկանում։ Վարչապետն ասում է՝ «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», բայց հա՛մ տուգանքներն են ավելանում, հա՛մ նոր տուգանքներ են ի հայտ գալիս։ Հիմա էլ ասում է՝ «ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»․ այն դեպքում, երբ օրը մինչև 20 մարդ է մահանում։ Հիմա կարո՞ղ եմ ենթադրել, որ մահերը շատանալու են։ Դա էլ ենթադրում եմ։
Կարճ ասած՝ այս խմբակը գաղափար է կազմում շատ բաներից, բայց դրանցից ոչ մեկը պետության համար մազաչափ անգամ օգուտ չէ։
Հայաստանում իշխող թիմը երկրի համար շա՜տ անփորձ է։ Մա՛հացու անփորձ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը