07 07 2020

«Կարճ ասած»․ Ո՞ւր են գնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքված գումարները



Ախորժակն ուտելիս է բացվում։ Դիմակ չկրելու համար տուգանքը կարող է կտրուկ մեծանալ՝ բաց տարածքներում դառնալով 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ։ Նախագիծը, տեղեկացնում են, որ հենց այս նիստերի օրակարգ չի մտնում, բայց կա ու հաջորդը, հավանաբար, հենց դրա մասին կլինի։ Նախագծի հեղինակն է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Եթե չհիշեցիք անունով, ասեմ, դա այն պատգամավորն էր, որն Ազգային ժողով էր բերել էն տռանսգենդեր կերպարին, որը ելույթ ունեցավ ամբիոնից։ Հիշեցի՞ք, դե շարունակեմ։ Տուգանքի չափը բարձրացնելու որոշումը ցավոտ է ու բնականաբար մերժելի՝ ժողովրդի համար։ Այսօր շատ քիչ մարդկանց ենք հանդիպում, որ դիմակ չեն կրում։ Ասենք՝ 3 միլիոնանոց երկրում 1000 իրավախախտ բռնելը խոսում է հենց կարգապահ հասարակության մասին։ Մարդիկ խեղդվում են ամառվա շոգին դրսում քայլելիս, բայց մեկ է՝ դիմակ են կրում, ու ինչպես տեսնում ենք՝ վարչապետի մերձավոր պատգամավորներն են կարգազանցը։ Լավ, բա ինչո՞ւ են տուգանքը բարձրացնում։ Երկրում, որտեղ կա արդեն 50 տոկոսի հասնող աղքատություն, դու չես կարող 50 հազար դրամ տուգանք սահմանել դիմակ չկրելու համար։ Մարդիկ կան, որ անգամ նվազագույն սոցիալական զամբույղի համար անհրաժեշտ գումար չեն վաստակում։ Վարչապետը թիվ է բերում՝ 71 հազար մարդ անգործ է մնացել։ Թոշակառուն, որ ստանում է 30 հազար դրամ, ենթադրենք ինչ-որ պատճառով բռնվել է առանց դիմակի, դա կարող է լինել շատ օբյեկտիվ պատճառ, ի միջի այլոց, ինչպե՞ս եք պատկերացնում, որ պետք է տանի-տուգանք վճարի 10, կամ 50 հազար։ Էդպես լավ չէ, դատեք մարդկանց, կամ միանգամից ցմահ ազատազրկում տվեք դիմակ չկրելու համար։ Սա արդեն դուրս է ողջախոհության սահմաններից։ 

Լավ, տուգանեցիք։ Ոստիկանությունը մինչ այս շուրջ 75 հազարին դարձրել է տուգանքի մատերիալ։ Ո՞ւր են գնում այդ գումարները։ Մարդկանց գրպանն եք մտնում, տուգանում եք, երեխաների բերանից հացը կտրում եք ու որտե՞ղ եք ուղղում․ բյուջե՞ եք տանում, պարգևավճա՞ր եք տալիս, հատկապես նրանց, որոնց պատճառով վարակը տարածվում է։

Միայն տուգանքը չէ․ գանձապետարանում բացվել է հաշվեհամար, որտեղ բոլոր ցանկացողները կամավոր կամ պարտադրված գումար են փոխանցում, որ պետությունը պայքարի կորոնավիրուսի դեմ։ Իմ ընտանիքի անդամը ևս գումար է փոխանցել իր ոչ բարձր աշխատավարձից։ Ասում է՝ գնալու է մեր հայրենակիցների բուժմանը։ Հարցնում եմ՝ իսկ դու վստա՞հ ես, որ հենց դրա համար է ծախսվում։ Կասկածում եմ, որ այդ գումարը խելամիտ է ծախսվում, որովհետև մինչ օրս հաշվետվություն չեն տրամադրել գումարների շարժի մասին։ Դեռ հունիսի 1-ին մեր հարցմանը պատասխանում են պարետատնից, թե՝ նպատակարհարմար չեն գտնում տալ հաշվետվություն։ Բա որ հաշվետվություն չկա, ի՞նչ իմանանք մեր կոպեկ կոպեկ հավաքած գումարով մարդի՞կ են բուժվում, թե՞ մարդիկ են հարստանում։ Այո, կասկածում ենք գումարների նպատակային ծախսման մեջ, որովհետև բազմաթիվ մարդիկ բուժումը կազմակերպում են իրենց անձնական միջոցներով։ Ո՞ւր է կառավարությունը․ նախարար Թորոսյանն ասում է՝ ոչինչ, դեղերը մատչելի են։ Ո՞ւմ համար են մատչելի, ամսական 1,5 մլն դրամ ամսական եկամուտ ունեցող նախարարի՞։ Կան մարդիկ, որոնք վարակվել են ու տուն են վարձել, որ մեկուսանան՝ հարազատներին չվարակելու համար, ու պետությունը բանի տեղ չի դրել։

Բա ուզում ենք իմանալ ինչի՞ վրա են գումարները ծախսվում․ 1 միլիարդից ավելի գումար են փոխանցել քաղաքացիներն ու կազմակերպությունները, Հայաստանը վարկեր է վերցրել, օգնություններ է ստացել հարյուրավոր միլիոն դոլարների կորոնավիրուսի դեմ պայքարի համար․ ինչո՞ւ է քաղաքացին իր միջոցներով բուժվում։ Ո՞ւր են էդ գումարները, ինչո՞ւ իրեն թափանցիկ հռչակած կառավարությունը հաշվետվություն չի տալիս։

Կառավարությունն ասում էր, որ թափանցիկ է աշխատում, սա՞ է այդ թափանցիկը։

«Իմ քայլը» խմբակցությունը նախարարների էր կանչում ԱԺ ու հաշվետվություն պահանջում․ դե պարետին հրավիրեք, պահանջե՛ք։ Ուզում ենք իմանալ, այդ ինչպե՞ս եղավ, որ պետությունը պարտք մնաց հյուրանոցներին, որտեղ քաղաքացիներ էին մեկուսացվել։ Այդ ինչպե՞ս եղավ, որ մեկ անձից գնում արեցիք ու 156 միլիոն դրամ հատկացրեցիք, որոշեցիք Աղավնաձորում մի քանի հոգու համար պանսիոնատ բացել, սնունդն էլ ամեն օր երեք անգամ առաքել Երևանում գործող փաբից։ Բա ուզում ենք իմանալ այդ ի՞նչ գումարներ են ծախսվել Հայաստան վերադարձողների՝ օդանավակայանից տեղափոխումների համար մարդկանց հարազատները գալիս էին դիմավորելու, դուք նստացնում էիք պատվիրված մեքենաները։ Անպտուղ ծախսերը հետո երևի լրագրողներս պետք է հաշվենք, եթե, իհարկե, պարետատունը հարկ համարի գոնե հարցումներով կորոնայի դեմ պայքարի ծախսերի հաշվետվությունը տալ:

Հանրության մեջ սերմանել են, թե՝ դուք եք մեղավոր, էջմիածնեցի սկեսուրն է մեղավոր, իտալացի դիզայներն է մեղավոր, մարշրուտկայով աշխատանքի գնացողն է մեղավոր․ ու քանի որ մեղավոր են, պետք է անխնա տուգանել։ Վե՛րջ տվեք, դանակը հասցնում եք ոսկորին։

Կարճ ասած՝ անհասկանալի է, թե ինչու է միայն քաղաքացու ուսերին կորոնավիրուսի դեմ պայքարը, կառավարությունը՝ հեչ, նա գոտին չի ձգում։ Եթե բոլոր հարկերը, տուգանքները գումարենք իրար, կտեսնենք, որ մարդն աշխատում է ու տալիս պետությանը, կառավարողներին, նրանց պարգևավճարներին, նրանց շքեղ կյանք ապահովելուն։ Իսկ կառավարությունն աշխատում է, ու․․․ Ոչինչ էլ չի տալիս ժողովրդին․․․ Մեր կառավարությունը, այլևս շատ խորն է տեղավորվել մեր գրպանի մեջ, ու այնտեղից դուրս չի ուզում գալ, մինչև չծակի։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ