Վերջը չերևացող կորոնավիրուսը ոչ միայն վարակ է, գլոբալ խնդիր ողջ աշխարհի համար, մահեր ու սով, այլև լուրջ բիզնես է։ Ցավոք՝ Հայաստանի պարագայում նաև պետական բիզնես է։ Տասնյակ հազարավոր մարդիկ, կազմակերպություններ արդեն տուգանվել են տարբեր գումարներ։ Միլիոնավոր դրամներ են հավաքվել ժողովրդին տուգանելու արդյունքում։ Չես հանդիպի փողոցում մարդու, որը, ասենք, միայնակ քայլում է, դիմակ չի դրել, ոստիկանը կանգնեցինի ու ասի՝ հարգելիս, դիմակ դրեք։ Ո՛չ, դիմակ չդրեցիր՝ ավտոմատ դառնում ես տուգանքի մատերիալ։ Նախազգուշացում չկա, ներում-բեկում չկա։ Ողջ Հայաստանն է այսօր տուգանքի մատերիալ։ Մարդը գնում է, որ 3 հազար դրամ վաստակի հաց գնելու համար, տուգանվում է դիմակի պատճառով։ Ընդ որում, դա էլ ունի զարգացման ուշագրավ ընթացք․ սկզբում տուգանում էին 10 հազար դրամով, եթե չունես դիմակ, հիմա տուգանում են ևս 10 հազար դրամով, եթե չունես անձնագիր։ Շիլա-շփոթ է, ոստիկանը կարող է ամեն քայլի կանգնեցնել դիմակ դրած անձին ու անձնագիր պահանջել։
Կառավարության ղեկավարն ասում է՝ ժողովուրդ ջան, մեզ ձեր փողը պետք չէ, ոչ թե բյուջե ենք լցնում, այլ ուզում ենք պատասխանատու լինեք։ Սուտ է, իմ կարծիքով։ Քանի որ, քաղաքացուն պատասխանատվության կոչ արեցին հենց այն ժամանակ, երբ պարզվեց, որ պետբյուջեն թերակատարվում է, հարկերը չեն կարողանում հավաքել, վաղը թոշակ ու նպաստ տալն էլ է լինելու արդեն հարցականի տակ։ Այնինչ, վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ կորոնավիրուսից Հայաստանը տնտեսապես օգտվելու է, սա նոր հնարավորություն է տնտեսական հեղափոխություն անելու համար։ Արդյունքում ի՞նչ եղավ, տնտեսությունը հեղափոխական տեմպերով փլուզվեց։ Ո՛չ ներդրում կա, ո՛չ աշխատատեղ կա, ո՛չ զարգացում կա, ո՛չ էլ՝ հեռանկար, բայց էս մարդիկ՝ իշխանավորները, ասել են, որ իրենք նվիրյալ չեն, ու անկախ ամենից, պետք է հա՛մ իրենց աշխատավարձը ստանան, հա՛մ պարգևավճարը։ Ո՞վ պետք է տա, քաղաքացին։ Դե, հպարտ քաղաքացի, ոնց բերել ես իշխանության, այնպես էլ պահի։ Էսօր տուգանվում ես դիմակ չկրելու համար, վաղը տուգանվելու ես կոնկրետ գործարանի դիմակը չկրելու համար։
Պաշտոնական մակարդակով դիմակի սրբացումը ուշագրավ էվոլյուցիա ապրեց։
Նախ ասացին կրեք ինչ դիմակ պատահի, հետո ասացին՝ կրեք նաև տանը պատրաստված դիմակներ, հետո ասացին՝ կրեք եռաշերտ դիմակ, հետո ասացին, որ կտորից դիմակները վտանգավոր են։ Հետո վարչապետի ծննդավայր Տավուշում դիմակի գործարան բացվեց, որը լայն արտադրանք է տալիս, օդում կախված լուրերն էլ ասում են, որ նրա մերձավորները կապ ունեն գործարանի հետ։ Իմ հաղորդումներից մեկի ժամանակ մի թեթև կասկած հայտնեցի, որ կարող է հենց վաղը այդ արտադրանքը դառնա պարտադիր։ Եվ հիմա, խնդրեմ, կառավարության նիստում վարչապետը հայտարարում է, որ ավելի շատ դիմակ ունեն, քան վաճառվում է և անցնում են պլան Բ-ին, այն է՝ քաղաքացիներին կոչ են անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ, դրանք ավելի օգտակար են: Այսինքն, ստացվում է՝ ցանկցած պահի օգտակար են այն մեթոդները, որը հարմար է իշխանության ինչ որ նպատակի՞ն։ Ու վաղը կտուգանեն 10 կամ 20 հազար դրամով, եթե կոնկրետ տավուշի գործարանի դիմակները չկրեք։ Առաջ դիմակի դեֆիցիտ էր, մինչև 250 դրամ արժեր, հիմա դիմակի ավելցուկ է, չի վաճառվում, ու իշխանության մտքով չի անցնում դիմակ բաժանել։ Ինչու՞։ Բոլորը վճարունակ ե՞ն։ Ցավոք՝ ո՛չ։
Հայաստանը տանուլ տվեց կորոնավիրուսի դեմ պայքարը, ու անգամ այս ծանր վիճակում բիզնես են անում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը և ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան խմբակցությունը հանձնաժողով են ստեղծում՝ քննարկելու համար կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության ու պարետատան քայլերի արդյունավետությունը, մարդու իրավունքների սահմանափակումները։ Երկար ժամանակ է, արդեն, ինչ հնչեցրել եմ այս իշխանության քայլերը քննելու անհրաժեշտությունը։ Պետք է, ի վերջո, իմանանք՝ ինչո՞ւ Հայաստանի սահմանները ուշ փակվեցին, ինչո՞ւ էր վարչապետը քարոզարշավ անում վարակի պայմաններում, ինչո՞ւ են մի օր մի բան ասում, մի օր ուրիշ բան, ո՞ւր են գնացել ստացված օգնությունները, ո՞ւմ էր ձեռնտու դիմակի թանկ լինելը, ինչո՞ւ է քաղաքացին տանը բուժում ստանում իր հաշվին, ինչի՞ց մահացան մեր հայրենակիցները։
Այս հարցերը պատասխան են փնտրում։ Վարչապետն ասում է՝ ասենք Հայաստանի 20 հազար դեպքերի համար ես եմ մեղավոր, բա աշխարհի 10 միլիոն դեպքն ո՞ւմ սխալի պատճառով է: Դու, եղբայր, ուրիշի հետ գործ չունես։ Թող ամեն մեկն իր բաժին պատասխանատվությունը կրի։ Նոր Զելանդիայի առողջապահության նախարարը ասաց մեղավորեն եմ ու հրաժարական տվեց, Ճապոնիայի գլխավոր դատախազն էլ հրաժարական տվեց, Իտալիայի դատախազությունը նույնպես քննում է գործ, իրենց մոտ էլ մեր պես ահավոր էր կազմակերպված։ Նրանք ուրիշի վրա չբարդեցին իրենց սխալը։ Սխալը սխալի հետևից են արել, հիմա ասում են՝ մեղավորը առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է, այս ու այն երկրներն են։ Եթե բոլորն են վատ վիճակում, այդ դեպքում ինչո՞ւ է կազմվել սանդղակ, մենք էլ եկել ենք առաջին տասնյակ:
Եկեք նայենք հակառակ տեսանկյունից՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչում ճիշտ է, Արսեն Թորոսյանն էլ ուժերի հնարավոր առավելագույնը արել է․ այդ դեպքում ինչո՞ւ է այս պատկերը։ Նույնն է, թե տան տղամարդը ամեն օր գործի գնա, բայց ընտանիքը չքավորությամ մեջ լինի, տան տղամարդն էլ ասի, թե՝ տեսեք էլի ընտանիքներ կան մեր վիճակում։ Բա որ ավելի շատ ընտանիքներ էլ լավ վիճակում ե՞ն։
Կարճ ասած՝ մենք իրավամբ խնդիր նենք բարձրացնում, որ իշխանության քայլերը մեզ վրա վատ են անդրադառնալու՝ գազի թանկացումը մեզ աղքատացնելու է, գույքահարկի բարձրացումը աղքատացնելու է, հակառուսական տրամադրությունները անվտանգության խնդիր են ստեղծում, վատ բանակցություններով Արցախ կկորցնենք և այլն․ բայց այս պահին բացի այդ ամենը, մենք նաև ապրելու խնդիր ունենք՝ օրը 10-20 հոգով պակասում ենք իշխանության սխալ քայլերի արդյունքում նաև։ Այս վարակից միակ հեշտ ազատվածը ողջ աշխարհում մնում է միայն ՀՀ վարչապետը։ Իսկ մեր վիճակը վատ է լինելու, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պայքարը պատկերացնում ենք միայն դիմակ կրելով, այն էլ՝ վարչապետի ծննդավայրի արտադրած դիմակը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը