25 06 2020

«Կարճ ասած»․ Պետականամետության ու մանր ժուլիկության «փոքր» տարբերությունը



Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր անսպասելի, բայց չափազանց կարևոր քայլ արեց․ քայլ, որը միանշանակ չի ընդունվելու։ Երկրորդ նախագահի փաստաբանները դիմեցին Սահմանադրական դատարան՝ հետ վերցնելով շուրջ մեկ տարի առաջ իրենց ներկայացրած դիմումները՝ նախագահի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմք 300․1 հոդվածի սահմանադրականությանը համապատասխանելու մասով։

Նախագահը դիմել էր ՍԴ, ՍԴ-ն դիմել էր Վենետիկի հանձնաժողով ու Եվրադատարան, ստացել էին կարծիքը, որը, ըստ ամենայնի, երկրորդ նախագահի օգտին է։ Ու ահա, երբ ընդամենը երկու շաբաթ անց պետք է հարցը քննվի ու հնարավոր է՝ հակասահմանադրական ճանաչվի հոդվածը, ուրեմն՝ հանվի մեղադրանքը, կարճվի գործը, դու ասում ես՝ ոչ, չեմ ուզում․ այս գնով՝ չեմ ուզում։

Այ սրա համար էլ միանշանակ չի ընդունվի երկրորդ նախագահի քայլը։ Ո՞վ նման բան կաներ։ Նա ասում է՝ ոչինչ, ես կգնամ երկար ճանապարհով, Դանիբեկյան-Դանիելյանների ճանապարհով, բայց ինձ համար կարևորը իմ երկրում և իմ անունը շահարկելով սահմանադրական կարգը չտապալելն է։

Այնուամենայնիվ, հանուն ինչի՞ էր սա, կասկածամիտները կհարցնեն։ Նիկոլ Փաշինյանը այս մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորների վրա բազմիցս ճնշումներ գործադրեց՝ կաշառքից, համոզելուց մինչև կասկածելի օրենքների ընդունում, բայց չաշխատեցին, ու երբ Վենետիկի ու ՄԻԵԴ-ի պատասխան կարծիքները ամփոփվեցին, հապշտապ նիստ գումարել տվեց և հունիսի 22-ին գնացին սահմանադրական խախտման ճանապարհով՝ վարչապետը, ԱԺ մեծամասնությունը, որոնց շարքերում՝ կորոնավիրուսով տասնյակ հիվանդներ, երկրի նախագահը միասին։ Այն կարող էին կանխել ընդդիմադիր երկու խմբակցությունները։ Բայց նրանցից մեկը՝ «Լուսավոր Հայաստան»-ը, իրավաբան պատգամավորների բերանով ասաց՝ այո, սա սահմանադրական կարգի տապալում է, բայց մենք չենք դիմի, քանի որ ՍԴ-ն քննելու է Ռոբերտ Քոչարյանի դիմումները։ Մեր ընդիմադիր կոչվող գործիչները, շահարկեցին Քոչարյանի անունը, պատրվակ բերեցին, իբր թե քողարկելու համար իրենց իշխանությանը հաճոյանալու մղումը։ Այսինքն, ստացվեց՝ այո, մեր երկրում կատարվել է հանցագործություն, բայց մենք միանում ենք հանցագործներին։ Եվ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ քանի որ դուք, ժողովրդի մանդատով օժտված ընդդիմությունդ, պետության մեջ ապօրինության դեմ պայքարելու համար շահարկում եք կոնկրետ իմ դիմումները, ես դրանք հետ եմ վերցնում, ազա՛տ եղեք, տղե՛րք, մի՛ կաշկանդվեք։

Այն, ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը, պարտավոր էին անել խորհրդարանական ընդդիմությունը, երկրի նախագահը, բայց նրանք հանցակիցը դարձան Փաշինյանի թիմի։

Ռոբերտ Քոչարյանը պետությունը 10 տարի ղեկավարած գործիչ է, պատերազմում հաղթանակած, առաջընթաց ապահոված գործիչ, ու նա չի կարող կողքից տեսնել, թե ինչպես է քանդվում դատական իշխանությունը, քանդվում պետության հիմքը՝ Սահմանադրությունը ոտնատակ արվում։ Երկրորդ նախագահը հետ է կանգնում իր անձնական շահից, զոհում է իր ազատությունը՝ հանուն պետության, որպեսզի ՍԴ-ն չբռնագրավվի։ Ասում է՝ հարգելի պատգամավորներ, տեսեք, պետությունն ու երկիրը շատ ավելի թանկ են, քան մեր բոլորիս առանձին վերցրած շահերը, առանձին վերցված անձերը։ Վեր հանեք պետությունը ձեր տված խոստումներից, ճնշումների մի տրվեք, տեսեք դա այդքանել վախենալու չի։

Ու ինչպե՞ս պատասխանեց այս ամենին Էդմոն Մարուքյանը մենք ընդդիմություն ենք, մենք վաղվա իշխանությունն ենք, մեզ վրա հարձակում կա, մենք չենք ստորագրում, որովհետև մեկ է գործը քննվելու է, մի քաղաքականացրեք։ Մի տեսակ ոնց որ գժի ակումբ լինի, իրենք հայտարարում են, որ դե Սահմանադրությանը հակասում է, անօրինական է, բայց, որ Քոչարյանի գործ կա այնտեղ, չենք միանում ստորագրություններին, բայց այն մարդկանց, որոնք իրենց դիմումները հետ են վերցնում, թեման քաղաքականացնելու մեջ է մեղադրում։ Գնդակը ասում ենք, լուսավորի դաշտում է, բայց նրանք նետելու փոխարեն որոշեցին ծակել գնդակը, ու պառկել արևի տակ։ Չգիտես ինչու, «Լուսավոր Հայաստան»-ի ընդիմադիր դեմքը բոլորը շահագրգռված են փրկել, բացի այդ կուսակցության անդամներից։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը, համոզե՞լ է, սպառնացե՞լ է, խոստացել է, որ էլ չի՞ մտցնի խորհրդարան, սպառնացել է չափալախե՞լ, թե՞ խոստացել է էլ չչափալախել։ Դուք թույլ եք տալիս որ իշխանությունը այս ամենը տանի մի ճանապարհով որը կործանարար է Հայաստանի համար, ու մեզ հիմարի տեղ դնում՝ այլ բառակապակցություններ արտաբերելով։

Ասում եք՝ մենք իրավաբան ենք, ու հավելում՝ դե թող ՍԴ-ն հենց էսօր նիստ անի, մենք առավոտ կներկայացնենք դիմումը, դեռ ժամանակ ունի, ասում եք, դեռ աշխատանքային օրը չի ավարտվել։ Իսկական մուլտիկ։ Պարոն Մարուքյան, իսկ դուք կարո՞ղ եք ժամանակը հետ կամ առաջ տալ։

Կատարվածը խեղկատակ է, բայց ունենք այս պատկերը։ Մարդը մի տարի շարունակ պայքարել է, հասել է վերջին ու հրաժարվում է պայքարից՝ հանուն նրա, որ պետությունը վերջնական չկործանվի, հրաժարվեց իր համար թանկ բանից, բայց իրեն ընդդիմություն հորջորջող ուժը իշխանության հետ գործարքից չկարողացավ հրաժարվել։

Կարճ ասած՝ Առաջ մեր կյանքը բաշժանվել էր երկու մասի՝ Հեղափոխոսւթյունից առաջ և հեղափոխությոինից հետո։ Հիմա արդեն դա Քոչարյանի գործից առաջ ու հետոն է։ Ժողովուրդ, դուրս եկեք այդ ամենի տակից, աշխատեք, սա պետություն է, Իջևանից բերած խաղալիք չէ։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ