Հայաստանում այսօր իշխող թիմից շատ բան կարելի է սպասել ու չզարմանալ։ Բայց անկեղծ՝ անսպասելի էր այն, ինչ արեցին Սահմանադրական դատարանի նկատմամբ։ Պետականության զգացում ունեցող մարդը չէր կարող գնալ նման քայլի՝ վերցնել, ոտնատակ տալ Սահմանադրությունը, նախագահի ինստիտուտը, միջազգային կառույցները ու ոչ մասնագիտական նախագծով մեկ ժամում Հայաստանը փորձել զրկել Սահմանադրական դատարանի անդամների կեսից։ Իրենք ասում են՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Եթե խորհրդարանում կատարվածն օրինական էր, հակասահմանադրական չէր, ինչպես ասում են իրավաբանությունից հեռու պատգամավորներն ու արդարադատության նախարարը, ապա ինչո՞ւ հենց սկզբից չգնացիք այդ ճանապարհով, այդքան հեշտ։
Հարց՝ եթե ձեր գործընթացը այդքան մաքուր է ու օրինական, այդ դեպքում ինչո՞ւ եք վախենում օրենքն ուղարկել նախագահին ու դիմել ՍԴ։ Գիտեք, չէ՞, որ խնդիր ունեք օրինականության հետ։ Այլ հարց եմ տալիս, պարոնայք իմքայալականներ․ Սահմանադրական դատարանը չի կարող հաշվի չնստել Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ կարգիծիքների հետ։ Եվ ուրեմն, եթե 300․1 հոդվածի մասին Եվրադատարանի ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, այսպես ասած՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի է, այդ դեպքում ինչո՞ւ եք ՍԴ կազմ փոխում, չէ՞ որ նպատակը դա է՝ թույլ չտալ 300․1 հոդվածը սահմանադրությանը հակասող ճանաչել։ Պարզ չէ՞, որ կարծիքը ի վնաս ապօրինի գործ կարողների է, ու հիմա պետք է ունենալ ՍԴ նոր կազմ, որը հլու-հնազանդ կկատարի վարչապետ Փաշինյանի բոլոր պահանջները։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում իր «գրպանային» թիմին, որ միաձայն փորձ արեց տապալել սահմանադրական կարգը․ վաղը այդ թիմը միաձայն հայհոյելու ու անիծելու է Նիկոլին, որ իրենց հասցրեց դատարանի դուռը։ Ազգային ժողովում կան բազմաթիվ իրավաբաններ, նույն «Իմ քայլը» խմբակցությունում, ու անհնար է, որ իրենք չհասկանան, թե ինչ է կատարվում, բայց շարժվում են դեղին մամուլի խմբագրի ցուցումներով։
Մենք քննադատում էինք ՀՀԿ-ին, ասում, որ այն մեկ մարդու որոշմամբ ու կարծիքով է առաջնորդվում։ Բա հիմա՞։ Ինչպե՞ս կարող է լինել հակասահմանադրական գործընթաց, ու իշխող պատգամավորներից մեկնումեկի մոտ հարց չառաջանա՝ բայց ախր մենք էս ի՞նչ ենք անում։ Ուրեմն կամ վախենում են կամ ուղեղները հանած է կամ հավատում են, թե Նիկոլ Փաշինյանը իրենց փրկելու է կամ մտածում են, թե իրենք հավերժ են։ Ասեմ, որ հավերժ ոչինչ չի լինում, անգամ՝ փաշինյանական սուտը։ Ավելին, ստի այդ տեսակն անգամ 40 օր չի դիմանում։
«Իմ քայլը» խմբակցությունն արեց ամեն ինչ, որ իրենց այս ծրագիրը հարթ անցնի․ չուղարկեցին ՍԴ, որպեսզի խոչընդոտ չլինի, չուղարկեցին նախագահին, որպեսզի խոչընդոտ չլինի, չնայած, իմ կարծիքով, նախագահը չէր էլ պատրաստվում խոչընդոտել։
Ի դեպ, նախագահի մասին, այդ բարի պապիկի մասին, որն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Շնորհավորում եմ․ հիմա անցնեմ հարցիս։
ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածն ասում է․ Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հարց․ Հայաստանի Հանրապետությունում սահմանդարական կարգ է տապալվում․ ո՞ւր է Հանրապետության նախագահը։ Ո՞ւր է բացառապես համազգային շահով առաջնորդվողը։ Արմեն Սարգսյանը հաճախ է դժգոհում, որ նախագահի լիազորությունները սակավ են․ բայց կան, չէ՞, իսկ իր թույլ լիազորությունները որքանո՞վ է գործի դնում, որ դրանք մեծացնելու պահանջ դրվի։
Ընդամենը 4 օր առաջ հարցազրույց է տալիս նախագահ Արմեն Սարգսյանը ու ասում է, թե գործում է նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակներում և չի պատրաստվում դրանք խախտել ներքաղաքական կյանքում որևէ մեկին կամ որևէ խմբի դուր գալու համար։ Ասում է, թե նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից: Պա՛րոն նախագահ, ձեզ ոչ ոք չի խնդրել ներքաշվել ներքաղաքական բանավեճերին, բայց ձեզ հնարավո՞ր է ներքաշել ձեր պարտականությանների կատարման մեջ։ Պարոն նախագահ, դուք լռել եք գրեթե բոլոր դեպքերում, երբ խորհրդարանը աղմկահարույց օրենք է ընդուել ու ակնհայտ հակապետական, դուք լռել եք, երբ իշխող ուժը ձեզ անվանարկել է, վիրավորել է։ Ասեմ Ձեզ, եթե չգիտեք, նախագահը միշտ կարող է իր տեսակետը հայտնել, իմ պատկերացմամբ՝ անգամ պարտավոր է։ Հակառակ դեպքում, ինչի՞ համար է այդ տիտղոսը, ձեզ սպասարկող անձնակազմը՝ միայն սրա-նրա ծնունդ շնորհավորելո՞ւ, լուսանկարներ տարածելո՞ւ՝ ոչինչի մասին տեքստերով։ Խորհրդարանն ընդունում է օրենք, որ մեկ այլ օրենքի տակ պետք է չլինի Արմեն Սարգսյանի ստորագրությունը, ու անգամ այդ օրենքը չի ուղարկում, որ դուք համաձայնություն տաք։ Ամբիոնից հայտարարում են, որ դե խոսել են ձեր աշխատակազմի հետ, տեղյակ պահել են։
Դուք բազմամյա դիվանագետ, գիտնական, վերջիվերջո՝ ՀՀ 4-րդ նախագահն եք, ինչո՞ւ եք դուք դիմանում այդ ստորացումներին, առավելևս՝ այս որակի ու բովանդակության իշխանավորների կողմից։ Անկեղծ՝ չեմ հասկանում։ Ինչպե՞ս կարող է սահմանադրության պահապանը լռել, երբ Սահմանադրության առաջին մի քանի հոդված չորով վարի են տալիս, այդ թվում՝ իրավական պետության հոդվածը։
Գրեթե բոլոր մասնագետները համակարծիք են, որ ԱԺ ընդունած օրենքի մասով պետք է դիմել ՍԴ ու կան դրա հիմնավորումները․ ընդ որում՝ դիմել երկու կետով, նախ՝ օրենքի, բացի այդ՝ օրենքի ընդունման ժամանակ թույլ տրված սխալ ընթացակարգերի մասով։ Մասնագետները ճանապարհը հստակ ասել են։ Դրա համար անհրաժեշտ ձայները ԲՀԿ-ն միայնակ չի կարող ապահովել։ «Լուսավոր Հայաստանը» դեռ հապաղում է։ Նրանք գիտեն, որ այսօր իրավական պետության ապագան իրենցից է կախված, ու սպասեցնում են․ չի բացառվում, որ այսպես ասած՝ գին են բարձրացնում, չի բացառվում, որ ճնշումների տակ են իշխանության կողմից, չի բացառվում անգամ, որև արդար մղումներ ունեն, ու բոլորը ստորագրելու են։ Սա էլ կանցնի, չկասկածեք։
Հարգելի նախագահ ու հարգելի խմբակցություն, կողմորոշվեք, թե չէ՝ Նիկոլը ձեզանով էլ «կհպարտանա», ու կխայտառակվեք։
Կարճ ասած՝ Հայաստանը շատ ծանր գին է վճարում երկու տարի առաջ արված ընտրության համար։ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, խաբվել ենք, ու մենք դրա համար այժմ վճարում ենք։ Քաղաքականության մեջ չկա ավելի դիպուկ ու անսխալական օրենք, ինչպիսին բումերանգի օրենքն է։ Իշխանության նետած բումերանգը վերադառնում է իրենց, ու վերադառնում է շատ արագ՝ դիպուկ ու ցավոտ հարվածով։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը