Նիկոլ Փաշինյանն ամեն օր աննպատակ շրջում է քաղաքում, սրան-նրան դիտողություն անում, հետո էլ դժգոհում է, որ մարդիկ տանը նստած չեն, է, մարդկանցից մեկն էլ դու ես, տեղդ նստի։ Նիկոլ Փաշինյանը մարդկանց դիմակ է բաժանում, բայց ձեռքին ձեռնոց չկա, չի ստացվու՞մ, որ կարող է մեկից վարակը վերցնել ու փոխանցել մեկ ուրիշի։ Այո, աբսուրդ բաներ են կատարվում ու չափից շատ՝ անլրջացնելով ամեն ինչ։
Ընդամենը երկու օրվա դեպքերին եմ անդրադառնում։
Աժ ընդդիմությունն ուզում է ստեղծել կորոնավիրուսի հետ կապված իշխանության գործողությունններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Շատ ճիշտ քայլ։ Մենք ամեն օր ունենում ենք կասկածելի տրամաբանությամբ որոշումներ և արդյունքում՝ աշխարհում առաջտար ենք վատ տեսանկյունից։ Լավ, ինչպե՞ս եղավ, որ հենց մենք հայտնվեցինք նման վատ դիրքում, դա երկրի ղեկավարների շնորհքն է։ Արդեն 400-ից ավելի մահ ունենք, բա պետք չէ՞ դա քննել, պե՞տք է լինեն այդ ամենի համար պատասխանատվության ենթարկվածներ, թէ՞ ոչ։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքում է հանձնաժողովի ստեղծման կոչին, թե՝ եթե այդ հանձնաժողովը ստեղծվի, կքննեն նաև հայտարարությունները, թե իբր կորոնավիրուսը գոյություն չունի, դիմակ կրել ընդհանրապես պետք չի և այլն։ Բա մենք էլ հենց դա՛ ենք ասում, բա բերեք ուսումնասիրենք ու հասկանանք, թե կորոնավիրուսի տարածման համար ո՞վ ինչքան ներդրում ունեցավ, օրինակ՝ վարակի անխափան ընթացքին որքանո՞վ օգնեցին Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավ կազմակերպելը, ելույթները, թե՝ դա ո՞ւմ շունն ա, գրիպի նման բան ա, պիցնետով հանեմ, թաթախեմ փիփերթի մեջ, ուտեմ-վերացնեմ։ Որքանո՞վ աջակցեցին Արսեն Թորոսյանի հայտարարությունները, թե՝ վտանգավոր բան չէ։ Բա հասկանանք՝ էդ ինչո՞ւ են մի օր ասում դիմակ դրեք, հետո ասում են՝ մի դրեք, մի օր ասում են կտորից դիմակ, մյուս օրն ասում են բամբակից դիմակ։ Բա հասկանանք, թե մեզ ով է տանում մահվան։
Փաշինյանն ասում է՝ Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում։ Ասեմ ինչն եք սխալ անում։ ԱԻՆ-ի ու ոստիկանության ավտոմեքենաներ կան, որոնք ամբողջ երկրով մեկ շրջում են ու հայտարարում կառավարության անունից, որ կրեն դիմակ՝ թե՛ բժշկական, թե՛ կտորից, թե՛ տանը կարված և այլն։ Երկու օր էլ նույն բանը հայտարարվում էր վարչապետի ձայնով։ Ասում են՝ մարդիկ դժգոհել են, ձայնը նյարդայնացնում է, ու վարչապետի ձայնը կտրեցին։ Եվ այսպես, պարզվում է, որ այդ բոլոր հայտարարությունները և մնացածը մարդկանց կյանքերի գնով փորձարկումներ անելու համար էին։ Վարչապետն ասում է՝ կրեք ինչ դիմակ որ պատահի։ Պարետն ասում է, որ անգամ շարֆով կարող են դեմքը ծածկել դիմակի փոխարեն, պատգամավորն ասում է, որ դիմակ չունեք, ամեն հնարավոր բանով փակեք բերաններդ, ու օրեր անց առողջապահության նախարարն ասում է՝ միայն բժշկական եռաշերտ դիմակ, մյուսները օգուտ գրեթե չեն տալիս։ Այսինքն, 4 ամիս է, մենք լսելով ձեզ, փողոցում, աշխատավայրում խեղդվում ենք, ու պարզվում է՝ հենց էնպե՞ս։ Հիշո՞ւմ եք, նույն նախարարը սկզբում ասում էր դիմակ մի կրեք, հետո էլ ասաց, թե՝ դիմակի դեֆիցիտ էր դրա համար էի ասում։ Հետո ասացին փող չունեք, կարող եք տանը կարել, հիմա էլ ասում են դա վտանգավոր է։ Գժի կլուբ է։
Վարչապետի ծննդավայր Տավուշում դիմակի գործարան է բացվել, որը լայն արտադրանք է տալիս, օդում կախված լուրերն էլ տալիս են նրա մերձավորների անունները այդ բիզնեսի մեջ ու չեմ զարմանա, որ վաղը հենց կոնկրետ այդ արտադրանքը դառնա պարտադիր։ Սա՝ ի միջի այլոց։
Մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի որոշում ընդունողները հակասական հայտարարություններ են անում, ո՛չ իրենք են գլուխ հանում, ո՛չ էլ լսում են գլուխ հանողներին։ Ստացվում է՝ պետությունն ու ժողովուրդը գիտափորձի համար են։ Մի օր ասում եք քեֆերի պատճառով է վարակը տարածվում, մյուս օրն ասում եք հարևանների, մի օր ասում եք բեսեդկաներն են մեղավորը, հաջորդ օրը՝ բանկերը։ Մի օր դեպքերը քիչ են լինում, վարչապետն ասում է՝ կարծես մենք հաղթահարում ենք, պիկն անցավ, հաջորդ օրը դեպքերը հասնում են 700-ի, ասում է՝ մենք վատ նորություն ունենք։ Ախպեր, հոպ, չի լինի էդպես, էս ի՞նչ ես անում։ Բա մի խելքը գլխին խորհրդական չունե՞ս, որ ասի պարոն վարչապետ, ձենդ կտրի, դու վիրուսից մի խոսիր, մարդկանց խանգարում-ապակողմնորոշում ես։
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 665 նոր դեպք ունենք, որովհետև զանգվածաբար դիմակ չեն կրում։ Մի ժամ հետո նիստ է անում ու պարզվում է, որ ոչ թե դիմակ չենք կրում, այլ դիմակներն օգուտ չեն տալիս, որովհետև քաղաքացիները տանն են կարել։ Վարչապետն ասում է՝ մի՞թե պետք է քաղաքացու հետ երկխոսելու փոխարեն հարկադրանքով խոսենք։ Իսկ ինչո՞ւ եք ձևացնում, պարոն վարչապետ, թե մինչ այս երկխոսում էիք ու հարկադրանք չկար։ Բա որ աջ ու ձախ տուգանում եք, դա հարկադրանք չէ՞, էն, որ ոստիկաններդ տարեցին դիմակ չկրելու համար փռում են գետնին, ոտքն էլ դնում գլխին, հարկադրանք չէ՞, էն որ ոստիկանները մեկ այլ վայրում նախկինում «դուխով Նիկոլ» մայկա հագած տիկնոջն են փռում ասֆալտին, հարկադրանք չէ՞։ Որ դուք ոստիկաններից պահանջում եք կոշտ լինել որքան հնարավոր է, բա դա սեր է՞։ Ինչո՞ւ եք ձևեր թափում։
Նախկին վարչապետն առաջարկում էր հրապարակել կորոնավիրուսից վարակվածների անունները՝ որպես պայքարի օրինակ, որ մարդիկ իմանան ում հետ են շփվել, իրենց ինչպես պահեն, ասացիք անձնական տվյալ է։ Էսօր՝ երկու ամիս անց, երբ բանը բանից անցել է, Նիկոլ Փաշինյանն է ասում հասցեները հրապարակեք։ Քրեական գործ եք հարուցել, թե զոհերի անունները ով է հրապարակել, բայց դուք ասում եք վարակվածների հասցեները հրապարակեք։ Էս մարդիկ չեն մտածում, որ գործ ունեն մարդկանց կյանքի հետ, որոնք պակասում են օրը 10-20 հոգով։
Վարչապետն ասում է՝ կան ուժեր, որոնք չեն ուզում վիճակը դզվի, կայունանա։ Ոնց փնտրում եմ, այդ ուժը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, ռեժիմը։ Հենց նրան ձեռնտու չէ վիճակի դզվելը, որովհետև հենց կայունացավ, դադարեց, մեր երկրում սկսվելու է բողոքի ցույցերի այնպիսի ալիք, որ իշխանությունը ուշքի չգա։
Դուք ամեն ինչ սխալ եք արել ու վստահաբար՝ երկրի բնակչության կեսից ավելին վարակված է կամ ասիպտոմ պացիենտ է, ինչպես վարչապետը։ Եկեք անկեղծ խոսենք, դուք ամեն ինչ սխալ եք արել ու իսկապես այսօր այլևս չի փրկի ո՛չ դիմակ կրելը, ոչ չկրելը, արդեն ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից։ Դուք ինչքան երկար եք շարունակում այսպես մնալ, ձեր նախարարին պահել պաշտոնի, այնքան ծանրացնում եք ձեր նկատմամբ քրեական հոդվածները։
Կարճ ասած՝ հունիսի 18-ը խուճապի միջազգային օրն է, և ռեժիմը խուճապի մեջ է։ Կորոնավիրուսի դեմ չհաղթահարելու պատճառով տարբեր երկրներում մի քանի տասնյակ հրաժարականներ են եղել։ Կարծում եմ պարտադիր է օգտագործել այդ միջազգային փորձը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը