17 06 2020

«Կարճ ասած»․ Ադրբեջանցիներն իրենց մարզիկների մուռը հանեցին Նիկոլի միջոցով



Երկու տարի առաջ Հայաստանի իշխանությունն ասում էր, որ իրենց ամբողջ աշխարհում մատով են ցույց տալիս, թե տեսեք՝ ինչ իշխանություն ունի Հայաստանը: Հիմա էլ են մատով ցույց տալիս, պարզապես եթե նայենք տված չնչին աջակցությանը, հակահայ բանաձևերն ու Հայաստանի հանդեպ անտարբերությունը, հասկանալի կլինի, թե կոնկրետ ո՛ր մատն են ցույց տալիս:

Միջազգային լրահոսում հունիսի 17-ին Հայաստանն էր․ նշում էին, որ կալանավորում են խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարին ու շեշտում էին՝ համավարակից ամենաշատը տուժած Հայաստանում: Ինչո՞ւ էին դա շեշտում, որովհետև Հայաստանը աշխարհի մասշտաբով ռեկորդներ է խփում կորոնավիրուսից, ամենատուժած երկրների ցանկում ենք՝ իշխանության անտրամաբանական քայլերի պատճառով, ու այդ ֆոնին պայքարում ենք ոչ թե վարակի դեմ, այլ՝ ընդդիմության՝ վիրուսային վիճակը որպես հնարավորություն օգտագործելով:

Այն, ինչ կատարվում էր երեկ, ամոթալի էր Հայաստանի համար։ Ոստիկանությունը գետնին տապալեց եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին։ Նա ոչ բռնի, խաղաղ ակցիա էր անում, մրցաբեմ դուրս չէր եկել, ռադիոտան դռները չէր ջարդել, ինչպես ոմանք։ Եկել էր կանգնելու մի մարդու կողքին, որը սպորտի զարգացմանը մեծ ներդրում ունի: Ռոման Ամոյանի պահվա՞ծքն է ավելի բարոյական, թե՞, օրինակ, այսօր պատգամավոր մյուս ըմբիշինը, որը քվեարկեց հօգուտ Ծառուկյանին ազատազրկելու, չնայած նրանից բնակարան ու մեքենա էր ստացել:

Հայաստանի կառավարությունը տասնյակ միլիոնավոր դրամներ է հատկացրել սեռափոխ մարզիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելուն: Ժողովուրդը դժգոհ էր, բայց ժողովրդի վարչապետը ասաց՝ «Մելինեն իմ անձնական պաշտպանության ներքո է» ու մի հատ էլ մունաթ եկավ, թե՝ նրա պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացվել է, հիմնը հնչել: Ասաց, թե նա վաստակ ունի մեր պատմության մեջ։ Մեջբերում եմ վարչապետի խոսքերը․ «Երբ չեմպիոն է կնկարվենք, երբ պրոբլեմ ունի, քեզ հետ գործ չունենք: Հայաստանի մասին իմ պատկերացումն էդպիսին չէ, ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ ոտքերի տակ են գցում»: Ռոման Ամոյանի համար Հայաստանի դրոշը բարձրացել է, հիմնը հնչել է բազմիցս, բայց դա չխանգարեց, որ Նիկոլ Փաշինյանի դուխ տալով ու թույլտվությամբ, ոստիկանությունը նրան գետնին տապալի։ Նա սեռափոխ չի եղել, ուրեմն Փաշինյանի աջակցությունը չունի՞։ Հիմա ինչպե՞ս հասկանանք՝ մի դեպքում Հայաստանի դրոշը բաձրացնողի մասին ֆիլմ եք նկարում, մյուս դեպքում փռում եք ասֆալտին։ Մի դեպքում թույլ եք տալիս, որ ոստիկաններին տրանսգենդերները ճանկռեն, թքեն երեսներին, որովհետև Նիկոլի պաշտպանության տակ են, մյուս դեպքում հարյուրներին բերման ու տույժերի ենթարկում, թե՝ ոստիկանների օրինական պահանջը չեն կատարել։

Ընդ որում, ոստիկանության գնդապետը իրեն պահում է չոբանի պես․ մեջբերում եմ նրա խոսքերը․ «Էրկու հոգի վեկալեք ու տարեք», «Մի րոպե, բան եմ ասում,- ասում է չեմպիոնը,- Դու բան չես կարա ասես»,- ոստիկանն է պատասխանում ու շարունակում է․ «Պառկցրեք գետնին»: Ես չգիտեմ ոստիկանության գնդապետի պատվին Հայաստանի դրոշը քանի՞ անգամ է բարձրացել, գուցե նա էլ է չեմպիոն․ միայն թե չեմպիոնին 10 հոգով գետնին փռելով չեմպիոն չեք դառնա: Բայց դուք, հարգելի ոստիկաններ, Նիկոլ Փաշինյանի տված դուխով լուծեցիք էն ադրբեջանցիների վրեժը, որոնց Ռոման Ամոյանը տապալել էր մրցագորգի վրա։ Մուռը հանեցիք, Ալիևը հաջորդ փուլային բանակցությունների ժամանակ վստահ եմ՝ շնորհակալություն կհայտնի Նիկոլին։ Ասում են՝ ոստիկանները պարտավոր չեն չեմպիոններին ճանաչել։ Լո՞ւրջ, բա ո՞ւմ պետք է ճանաչեն՝ տրանսգենդեր մարմնավաճառների՞ն, Վարդգես Գասպարիի՞ն, որ հնազանդվե՞ն։

Նույն հունիսի 16-ին մեկ այլ ահավոր բան տեղի ունեցավ՝ աննախադեպ բան, ինչպես սիրում է ասել Նիկոլ Փաշինյանը․ լրագրողներին ոստիկանները փռեցին ասֆալտին։ Նման բան չէր եղել Հայաստանում։ Այո՛, եղել էին բազմաթիվ դեպքեր, երբ բողոքի ակցիաների ժամանակ տուժել էին լրագրողներ․ օրինակ՝ ես տուժել եմ ընդդեմ պարտադիր կուտակայինի բողոքի ակցիայի քաշքշուկի ժամանակ․ հետո պարզվեց, որ բոլորովին անիմաստ էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը կուտակայինը թողեց ուժի մեջ, չնայած որ քննադատում էր։ Սա՝ ի միջի այլոց։ Բայց այս անգամ ոստիկանները լրագրողներին փռեցին ասֆալտին՝ հստակ իմանալով, որ լրագրող են ու կատարում են իրենց մասնագիտական պարտքը։

Նիկոլ Փաշինյանը 100 անգամ կրկնել է միտքը, թե մամուլը Հայաստանում երբեք այսքան ազատ չի եղել։ Ու մենք ամեն մի ասելուց հետո ունեցել ենք մեկը մեկից ահավոր դեպք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից տուժած առաջին լրատվամիջոցի ներկայացուցիչը ես եմ․ անտեղի մեզ խուզարկեցին ու առգրավեցին տեխնիկան, հետո ոստիկանությունն այցելեց news.am-ի ու Այսօր.am-ի խմբագրություններ, հետո դատախազությունը գործ բացեց «Ժողովուրդ» թերթի վրա, հետո «Հրապարակ»-ին ու այլ լրատվամիջոցների որոշեցին տեղահան անել գրասենյակներից, հետո հարձակվեցին «Հայելի» ակումբի վրա, էլ չեմ ասում, որ բազմիցս ԱԱԾ ու ոստիկանություն են հրավիրվել լրագրողներ ու խմբագիրներ։ Ինքս քննչական կոմիտեում հարցաքննվել եմ ընդամենը 5 օր առաջ։ Լրատվամիջոցների դեմ իշխանության ներկայացուցիչները մի քանի տասնյակ հայց են ներկայացրել։ Մնացել էր մի բան՝ ասֆալտին փռելը, դա էլ արեցին։ Հըն, Նիկոլ, լրատվամիջոցներն էլի՞ ավելի ազատ են, քան երբևէ։

Ու այսքանից հետո մեր նախկին գործընկեր պատգամավորներն ու պաշտոնյաները լուռ են, մի հատ կես-բերան արձագանք է հնչում մեկի կողմից, թե ցավում է։ Լո՞ւրջ, իսկ որ խուզարկում էին ու ձվերով հարվածում, որ ֆեյքերին քսի եք տվել լրատվամիջոցների վրա, էլի՞ ափսոսում եք ու ցավում։ Ո՞վ ասաց, որ ասֆալտին փռելը ավելի վատ է, քան խուզարկելն ու ձվերով խփելը։

Աննա Հակոբյանը 2019թ․ հուլիսին Բեյրութում ասում է՝ ցանկացած խնդիր լրատվական դաշտում իմ անձնականն եմ համարում։ Փաստորեն, ոստիկանները հունիսի 17-ին Աննա Հակոբյանին փռեցին ասֆալտին։

Պատգամավորներ են խոսում, թե՝ ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառել․ ո՞րն էր համաչափ, ո՞րը․ լրագրողները միկրոֆոնները տվել էին ոստիկանների գլխի՞ն, թե՞ Ռոման Ամոյանն էր գետնին տապալել ոստիկանության գնդապետին:

Պատասխանը պարզ է՝ Նիոկոլ Փաշինյանը չի կարողանում ներել լրատվամիջոցներին, որոնք ամենօրյա ռեժիմով բացահայտում են իր ապօրինությունները։ 

Կարճ ասած՝ Ամեն ինչ խառնել եք իրար, ոտնատակ եք տալիս մեր արժեքները: Կարելի էր, իհարկե, պահանջել ընդամենը մի քանի օր առաջ նշանակված ոստիկանապետի հրաժարականը, բայց դրանով հարցը չի լուծվի, որովհետև վարչապետն է այդ հրահանգներն ու դուխը տալիս:

Սա անարժեք իշխանություն է, գրոշի արժեք չունեցող։ Դո՛ւ պետք է հասկանաս սա, սիրելի ժողովուրդ, որովհետև բոլոր սրիկայությունները արվում են հենց քո՛ անունից։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ