Ազգային ժողովը հավանություն տվեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից ու ազատությունից զրկելու միջնորդություններին։ Սպասված էր։ Դատախազը նույն այն երանգով, որով նախկինում էր հանդես գալիս, եկավ ու կարդաց այսպես ասած՝ հիմքերը։ Ի դեպ՝ դատախազի մասին։
Մարդուն հարց են տալիս՝ եթե փետրվար ամսին է ի հայտ եկել ապացույցը, ինչո՞ւ եք հիմա գալիս նման միջնորդությամբ։ Ասում է՝ թերի էին թղթերը։ Այսինքն, հենց Ծառուկյանը քաղաքական գնահատական տվեց, նույն պահին ամբողջացավ։ Համոզիչ չէ, ուրեմն՝ քաղաքական է։ Հարց են տալիս՝ կաշառք տալն էլ է քրեական արարք, վերցնելն էլ։ Եթե Ծառուկյանը, ասենք, 100 հազար հոգու կաշառք է տվել, ուրեմն 100 հազար հոգին էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն վերցնելու համար։ 100 հազարից մեկ հոգի կա՞, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ասում է, որ՝ ոչ։ Ասում են՝ ո՞նց եղավ, որ դատախազության՝ այսպես ասած՝ «ապացույցները» հայտնվում են իշխանական նախարարների, պատգամավորների ու ֆեյքերի էջերին։ Ողջամիտ պատասխան չկա։ Դատախազությունը փետրվարից ունեցել է փաստաթղթերը, և Նիկոլ Փաշինյանը փորձել է 4 ամիս առևտո՞ւր անել Ծառուկյանի հետ։ Կամ այդ ի՞նչ գործ է, որ անգամ «Հայկական ժամանակում» չի հրապարակվել մի կտոր։ Հ1-ով Սասուն Խաչատրյանը հարցազրույց էր տալիս, ու մինչև եթեր գնալը «Հայկական ժամանակը» արդեն գրում էր, թե ինչ է խոսելու, ու ստիպված երկու անգամ վերանկարահանում էին։ Ասում է՝ ինձ հետ զգույշ խոսեք, սպառնում է, ի՞նչ իմանաս, թե էլ ում նկատմամբ միջնորդությամբ հանդես կգա։
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվողը, պնդում եմ, քաղաքական գործընթաց է։ Այստեղ խնդիրը կաշառքը չէ, ընտրությունները չեն։ Չեմ հավատում, թե ինչ-որ մեկը ընտրակաշառք բաժանելուց հետո դա վկայող թղթեր պահի իր սեյֆում։ Չեմ կարծում, որ մարդու նկատմամբ գործ հարուցեն անվճարունակների ուսման վարձը պետության փոխարեն տալու համար, ու դա հասարակությունում ընկալվի որպես հանցագործություն։ Այլապես ստացվում է, որ Ուրթանցուն տուն տալով՝ Նիկոլ Փաշինյանը նրան կաշառել է կամ էլ ապրիլի 24-ին հայտնի դարձած տարեց պապիկի տունը վերանորոգելով, դարձել է կաշառք տվող։ Ի՞սկ կարող է այն գաղտնի հրամանով, օրենքի պահանջներից դուրս, աշխատավարձ բարձրացնելը ավելի նման է կաշառքի, քան Ծառուկյանի կենցաղային խնդիրներ լուծելը։ Ի միջիայլոց, Ծառուկյան բարեգործական հիմնադրամ կա, որը հանգիստ կարող է այդ ամենը անել, օրինական ձևերով, նույն Ծառուկյանի փողով, իսկ պետական բյուջեյի հաշվին քո աշխատողների աշխատավարձերը երկու անգամ բարձրացնելը, ավելի շուտ կաշառք է։
Այստեղ խնդիրն նաև այլ է։ Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը փչացրել է հարաբերությունները բոլորի հետ՝ երկրի ներսում փող չկա, դրսից չեն տալիս, ներդրում չի գալիս, տնտեսությունը փլուզվում է․ ու այս ֆոնին երկրում աճում է բողոքի ձայնը։ Դժգոհության ալիքը մեծանում է։ Իշխանությունը բռնել է ուզում Ծառուկյանին, քանի որ բողոքողների ոչ փոքր մասը կարող է նրա հետևից գնալ, այսպես ասա՝ծ իր էլեկտորատն ունի։ Իշխանությունը գուցե ուզում է ունեզրկել Ծառուկյանին․ ասացի՝ փող չկա, բայց նրանք ուզում են փող աշխատել, պարգևավճար ստանալ, քաղաքացիների դժգոհությունները մանր օգնություններով մեղմել։ Ամեն անգամ, երբ դժգոհության ալիք է եղել մեր երկրում, փորձել են ինչ-որ ձևով շեղել՝ մեկի վրա գործ հարուցել, մյուսին բռնել, երրորդին դավադրության մեջ մեղադրել։ Հիմա էլ դժգոհությունը մեծ է համաճարակից, կառավարությունից, շեղել է պետք, մարդիկ դժգոհում են, ու խնդրեմ՝ սա։
Ի միջի այլոց, սրանով Նիկոլ Փաշինյանը նպաստում է համաճարակի էլ ավելի տարածվելուն․ ի՞նչ է լինելու, եթե Ծառուկյանի բոլոր աշխատողներն ու համակիրները դուրս գան փողոց, մեղավորը ո՞վ է լինելու։ Բայց դե դա հեչ, կարևորը քաղաքական կոնսոլիդացիա չլինի, «կոնսենսուս մինուս մեկը» տապալվի։
Նիկոլ Փաշինյանը եթե իր տված բազմահազար խոստումների մի մասը գոնե կատարեր, տնտեսական հեղափոխություն լիներ, արտաքին պարտքը չաճեր, արտագաղթ չլիներ, մարդկանց մեջ վստահություն կառաջանար իր անձի հանդեպ, էսօր էլ կգար-կասեր ժողովուրդ, Ծառուկյանին եմ բռնում, որովհետև հանցագործ է։ Կասեին՝ բռնի, քո ցավն էլ տանեմ։ Բայց ամեն ինչ տապալել ես, ցույց ես տվել, որ նախկինում ինչ ասել ես սուտ էս ասել, հիմա եկել-ասում ես, ա՛յ Ծառուկյանը հանցագործ է։ Եթե ինչ ասել ես, սուտ է դուրս եկել, այս մեկ հարցում ինչո՞ւ պետք է քեզ հավատանք։ Իսկ ո՞րն է ճիշտը։
Նիկոլ Փաշինյանը 2018թվականի մայիսին եկել է իշխանության, 2018 թվականի հուլիսից զբաղված է իշխանությաունը պահելու համար հող նախապատրաստելով։ Նա չկարողացավ գործով պահել, ու պահում է բռնաճնշումներով։ Ուրիշին բռնեցին, Ծառուկյանը լուռ էր, հիմա բռնում են իրեն։ Այսօր մենակ Ծառուկյանը չէ, շատերի նկատմամբ են գործերև հարուցել, շատերի գլխի վերևից են կացինը կախել, որ լռեցնեն, որպեսզի խոսացողները քիչ լինեն ու էսպես ամայացնելով՝ շարունակի ավերակների վրա թագավորել։
Եթե ամեն ինչ շարունակվի այսպես, ժողովուրդը կմատնի սովի, իսկ սոված ժողովուրդը դառնում է ամբոխ, ամբոխի դեմ չեք կարող։ Ծառուկյանին նստացրեցիք, հետո՞, իսկ ո՞վ է պատասխան տալու մարդկանց սովի մատնելու համար, կորոնավիրուսի զոհերի համար։ Ծառուկյա՞նը։ Ո՛չ, դուք եք պատասխան տալու, այ էդ 87 պատգամավորներով, կառավարության անդամներով ու պարտադիր՝ վարչապետը։
Կարճ ասած՝ իշխանությանը թվում է թե այստեսակ քայլերով կարելի է գոյությունը երկարեցնել։ Սխալվում է, ինչպես միշտ։ Հակառակը, կարճացնում է, արագացնում պրոցեսները։
Ի դեպ, եթե Ծառուկյանը, ասենք, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագրին ավտոմեքենա կամ խոզերի ֆերմա տար, դա կաշառք կարո՞ղ էր դիտվել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը