12 06 2020

«Կարճ ասած»․ Մարդիկ, որ պետք է փոխարինեն Նիկոլ Փաշինյանին



Որ Հայաստանի իշխանությունն ամբողջ կազմով պետք է փոխվի, դա կարծես չի վիճարկվում քաղաքական ուժերի ու հանրության՝ սթափ դատող մասի կողմից: Միայն իշխանությունը, հասկանալիորեն, համաձայն չէ: Ինչո՞ւ պետք է փոխվի, որովհետև նրանք տապալել են պետական կառավարման բոլոր ուղղություններում անխտիր: Ամբողջ աշխարհում երիտասարդությունը համարվում է նոր ուժ, թարմ արյուն: Մեզանում երիտասարդներ եկան իշխանության, դրսերում կրթություն կամ գոնե դասընթաց ստացած, նշանակվեցին նախարար, պատգամավոր, այլ պաշտոնի: Բայց հեռու լինելով պետական կառավարումից, չունենալով թիմային մտածելակերպ, պետականության նշույլ, ձախողեցին ամեն ինչ ու ապացուցեցին անապացուցելին՝ երիտասարդությունը թերություն է պետական կառավարման մեջ: Եվ այսօր հասկանալիորեն ոտքի է կանգնել կառավարող հին սերունդը, մարդիկ, որոնք դերակատար են եղել մեր երկրում պետության կառավարման տարբեր փուլերում:

Այս ամենը հասկանում է նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը ու հայտարարում է՝ չե՞ք  ուզում ինձ, խնդրեմ, կարող եք հակահեղափոխություն անել, բերել Սերժ Սարգսյանին: Նախ, հեղափոխությունից երկու տարի անց արդեն հակահեղափոխություն չի կարող լինել, այլ՝ նոր հեղափոխություն։ Ինչևէ: Բայց հանրությունը այսպես ասած՝ ուտում է հներով վախեցնելու կտերը, հին ու նոր գցելը:

Հայատանում վերջին 25-30 տարիներին ստեղծվել է պետությունը կառավարող օրգանիզմը իր բոլոր օրգաններով: Հիմա նոր իշխանությունը ամեն ինչ քանդում է ու ասում՝ հնին վերադարձ չկա: Ո՞ր հնին վերադարձ չկա, Արցախի հարցում երկու տարի առաջվա ստատուս քվոյի՞ն, որն այժմ հազիվ է պահպանվում, Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերությունների՞ն, արտաքին հավասարակշռված կապերի՞ն: Ո՞ր հնին չկա վերադարձ՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի՞ն, տնտեսության  զարգացմա՞նը:

Հին ու նորը, նախկիններն ու ներկաներն ամբողջությամբ կեղծ օրակարգ են: Այստեղ խոսակցությունը պետք է բոլորովին չգնա այն մասին՝ հաջորդ իշխանությունը հին է, թե նոր, այլ բացառապես մի հարցի շուրջ՝ կարողանո՞ւմ է, թե՝ ոչ, ունի՞ դուխ, հեղինակություն, ուժ՝ երկրի ղեկավարման պատասխանատվություն ստանձնելու, ոչ միայն իշխանության բարիքներից օգտվելու, ինչպես հիմա է, այլև ստեղծելու, տալու: Այո՛, առաջ կար թալան, ինչպես հիմա է, կար կոռուպցիա, ինչպես հիմա է, կար պաշտոնի նշանակման հարցում թայֆայական մոտեցում, ինչպես հիմա է, պաշտոնյաներն արագ հարստանում էին, ինչպես հիմա է, բայց նաև աշխատում էին՝ գիտակցելով, որ իրենց ձեռքբերած բոլոր լավ ու նաև վատը պահելու համար պետք է աշխատել: Այժմ իշխանության բարիքներից օգտվում են լիարժեք, բայց չեն ստեղծում:

Կրկնում եմ՝ հին ու նորը կեղծ օրակարգ է, որը նետվում է դաշտ այսօրվա ապօրինությունները թաքցնելու համար:

Ընդամենը 30 տարվա անկախություն ունեցող երկրում չի կարող լինել նման տարբերակում: Հիմա Նիկոլ Փաշինյանը հի՞ն է, թե՝ նոր: Մարդը 90-ականներից քաղաքականության մեջ է, եղել է լրագրող և քաղաքականությանը ծառայեցրել է լրագրությունը, երկու անգամ եղել է պատգամավոր, իշխանությունը վերցնելու փորձ է արել՝ ոչ մեկ անգամ: Ո՞վ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը նոր է, բայց, ասենք, Վազգեն Մանուկյանը, որ ամենածանր ժամանակ եղել է Հայաստանի վարչապետ, պաշտպանության նախարար, հաղթանակ է տարել պատերազմում, մեկ անգամ ընտրվել է նախագահ, բայց խլել են հաղթանակը, հին է:

Եթե հին ասելով ոչ թե տարիքը նկատի ունեք, այլ նախորդ իշխանությունը լինելը, եկեք նայենք այդ տեսանկյունից. Սերժ Սարգսյանը եղել է ՀՀ նախագահ 10 տարի․ Հայաստանն արձանագրել է բազմաթիվ դրական ցուցանիշներ, ի տարբերություն իրենց: Հաջողե՞լ է, մասամբ՝ այո, բավարա՞ր է եղել՝ ոչ: Նրա իշխանության հետ ակտիվորեն համագործակցել է Նիկոլ Փաշինյանը՝ թե՛ որպես խմբագիր, թե՛ որպես պատգամավոր: Ավելին, նրա թիմի մի մասի վրա հենվեց Նիկոլ Փաշինյանը, և հենց Սերժ Սարգսյանի կադրերի շնորհիվ է, որ պետությունը հիմա լրիվ չի քանդվել: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը Հայաստանում սկսել է 22 տարի առաջ, Արցախում՝ պատերազմի ժամանակ։ Նրա օրոք պատերազմ ենք հաղթել, նրա օրոք բազմապատիկ անգամներով տնտեսությունը զարգացել է, ՀՆԱ-ն երկնիշ է աճել, եղել է ներգաղթ, հզոր կապեր ենք հաստատել դրսի հետ, Արցախի հարցում եղել ենք թելադրող դիրքերում, կազմակերպվել է անկախ Հայաստանի պետական ամբողջ համակարգը, պետական ինստիտուտներ են ստեղծվել ու զարգացել և այլն և այլն: Խնդիր է դրել իր ու իր պաշտոնյաների առաջ ու հասել դրանց կատարմանը, չարածի մեղքը չի գցել սրա-նրա վրա, չի ասել՝ ներդրում չկա, որովհետև ԱԺ-ն խանգարում է, Գագիկ Հարությունյանը խանգարում է, ՀՀՇ-ն է մեղավորը, քաղաքացիներն անգիտակից են: Ո՛չ, քաղաքացին գիտակից էր, ներդրում էլ կար, խանգարողներն էլ վախենում էին ծպտուն հանել, գործն էլ արվում էր:

Նիկոլ Փաշինյանը երկու տարի է իշխանության, ու այդ ամբողջ ստեղծածը քանդում է: Այս իշխանության թիմում կան կադրեր, որ հնից էլ հին են, բայց աշխատում են նորովի, կան կադրեր, որոնք նոր են, բայց ամենավատ հներին տվել-անցել են: Հետ ենք գնում հնից էլ հին ժամանակներ: Հիմա ո՞ր հնին վերադարձ չկա:

Լավ, ընդունենք՝ այս ամենը մերժում ենք և Նիկոլից հետո էլ բերում ենք ավելի նորի։ Շատ լավ, բայց մի հարց ունե՞մ․ արդյո՞ք մենք ունենք այդքան ռեսուրս, ժամանակ ու հնարավորություն կրկին փորձելու, նորերի, անփորձերի: Մեր տեսած նորը, թերևս, անգրագիտությո՞ւն է, պոռոտախոսությո՞ւնը, հասարակությունից կտրված լինե՞լը, պարգևավճարնե՞րը: Մենք ունե՞նք ռեսուրս հայտնի գովազդի պես կրկին փորձելու: Եթե ունենք, եկեք փորձենք ու հիմա էլ Նիկոլին հանենք ու տեղը դնենք աներձագ Հրաչին կամ Ալեն Սիմոնյանին կամ 2018-ին միայն ի հայտ եկած այլ դեմքերի:

Հայաստանում այսօրվա խնդիրների խնդիրը անվտանգության հարցն է: Տնտեսությունը ոտքերին են գցել, աղքատությունը աճում է, գործազրկությունն էլ հետը, դա մենք կվերականգնենք, իմ կարծիքով, միայն լավ ու փորձառու ղեկավար ունենալու պայմաններում, որովհետև անվտանգությունը եթե կորցրեցինք, վերականգնել չի լինի:

Այս համեմատությունները բերեցի՝ ցույց տալու համար, թե որքան կեղծ է հնի ու նորի բաժանումը։ Պետք է նայել, թե ինչ է տալիս նորը, ինչ է տվել հինը, ո՛րը ինչ հետագիծ է թողել, հնից որը մերժելու է՝ մերժել, որն ընդունելի է, պահել ու զարգացնել: Պետք է առաջնորդվել ոչ թե հնով-նորով, այլ կարող-անկարողով։ Քաղաքացին ուզում է ապրել բարեկեցիկ, ապահով ու անվտանգ երկրում դա, իմ կարծիքով, կարող են անել, կարողները, ոչ թե նորերը դա կարող են անել ճգնաժամային կառավարման փորձ ունեցող կամ զարգացման փորձ ունեցող ղեկավարները, կամ էլ՝ այս երկու հատկանիշները համատեղող ղեկավարները:

Կարճ ասած՝ հիմա առավել ևս հին ու նոր գցելը հօգուտ այս իշխանության չի աշխատում, որովհետև Նիկոլ Փաշինյանը երկու բան ապացուցեց՝ «Ժողովուրդը երբեք չի սխալվում» հայկական ասացվածքը սխալ էր։ Ժողովուրդը սխալվում է կամ առնվազն խաբվում։ Եվ երկրորդը՝ «Մինչև չգա նորը, չի հիշվի հինը» ասացվածքը ճիշտ էր։ Ի վերջո, համաշխարհային պատմության փորձն ապացուցել է՝ հաջողում են այն ղեկավարները, ովքեր նաև ռազմական գործիչ են, լավ հրամանատար, հաղթել են պատերազմում: Նրանց հենց հանրությունն է խնդրում ղեկավար դառնալ: Իսկ պատերազմից թռածները, դասալիքների ջոկատը ղեկավար դառնալ չի կարող: Մի անգամ թռել է, հա էլ կթռնի։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ